Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ «ՅՈՒԷՍԷՅ ԻՆՏԵՐԿԱՐԳՈ ԲՍԵ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ «ՅՈՒԷՍԷՅ ԻՆՏԵՐԿԱՐԳՈ ԲՍԵ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-130 հունվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հունվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 1 | ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ «ՅՈՒԷՍԷՅ ԻՆՏԵՐԿԱՐԳՈ ԲՍԵ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 30 հունվարի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Ա. Դիլանյանի

Քննության առնելով Լուսինե Հարությունյանի և «ՅուԷսԷյ Ինտերկարգո ԲՍԵ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Լուսինե Հարությունյանը և «ՅուԷսԷյ Ինտերկարգո ԲՍԵ» ՍՊԸ-ն 2020 թվականի հունվարի 14-ին դիմել են Սահմանադրական դատարան խնդրելով. «1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը, 134-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին ու 3-րդ մասերին և 78-րդ հոդվածին հակասող և անվավեր:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

4. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողները բարձրացնում են իրավական անորոշության և օրենսդրական բացի խնդիր: Ըստ դիմողների ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը, 134-րդ հոդվածի 2-րդ մասը չեն նախատեսում հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությամբ իրավունքի հնարավոր չարաշահումը կանխարգելելու իրավական երաշխիքներ, իսկ 128-րդ հոդվածի 1-ին մասը նաև հայցապահանջով ակնկալվող դատական ակտի կայացման prima facie հավանականությունը ստուգելու պահանջ: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասում «դժվարացնել կատարումը», «հանգեցնել փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության», «էական վնաս հասցնել» բառակապակցությունները, ըստ դիմողների, որևէ կերպ չեն բացատրվում, ինչն առաջացնում է իրավական անորոշություն, նորմի կամայական կիրառման վտանգ: Իրենց դիրքորոշումը փաստարկելու համար դիմողներն արձանագրում են, որ նույն դատարանի կողմից նմանատիպ գործերով մի դեպքում դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, մյուս դեպքում ոչ: Դիմողները գտնում են նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի առկայության պայմաններում խախտվում է արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող կողմերի իրավահավասարության սկզբունքը, քանի որ, ի տարբերություն հայցի ապահովում կիրառելու միջնորդություն ներկայացրած անձի, մյուս կողմը, որի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովումը, չի ստանում արդյունավետ դատական պաշտպանություն, անպաշտպան է մնում ոչ միայն դատավարության մյուս կողմի ցուցաբերած իրավունքի չարաշահումից, այլև իր գույքի նկատմամբ ապացույցներով չհիմնավորված, ուռճացված հայցագնի չափով արգելանքի կիրառումից: Որպես ապացույց իրենց փաստարկի դիմողներն արձանագրում են, որ հայցվորն այդպես էլ դատարան չի ներկայացրել դրամական պահանջի մյուս մասը հիմնավորող ապացույցը, սակայն, դատարանը հայցի ապահովման միջոցը կիրառել է ամբողջ հայցագնի չափով: Ըստ դիմողների պատճառն այն է, որ հայցի ապահովման միջոց կիրառելիս դատարանը չի անդրադառնում հայցագնի չափի հիմնավորվածությանը և ապացույցներին: Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականության խնդրին դիմողները գտնում են, որ տվյալ դեպքում խախտվում է դատական պաշտպանության բաղադրատարր հանդիսացող դատական բողոքարկման իրավունքը: Ըստ դիմողների հայցվորն իրավունք ունի բողոքարկելու հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը, ինչպես նաև հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատական ակտը մերժման մասով, իսկ այն անձը, որի դեմ կայացվել է հայցի ապահովում կիրառելու մասին դատական ակտ զրկված է դատական բողոքարկման իրավունքից: Եվ դա այն դեպքում, երբ տվյալ անձը մասնակից չի դառնում հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը: Դիմողները փաստարկում են նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով նախատեսված հայցի ապահովման միջոցի վերացման և 135-րդ հոդվածով նախատեսված հայցի ապահովման արդյունքում հնարավոր վնասների հատուցման ինստիտուտները բավարար չեն խնդիրը կարգավորելու համար:

3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործը կարող է ընդունվել քննության մասամբ` հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը կրկնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նորմը, ի թիվս այլնի, ընդգծելով վիճարկվող նորմի դիմողի նկատմամբ կիրառված լինելու անհրաժեշտությունը: Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դրան կից ներկայացվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին» և նույն դատարանի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումները: Թեև նշված դատական ակտերը պարունակում են որոշումները բողոքարկման ենթակա չլինելու մասին նշումներ, սակայն դա չի կարող գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառում, քանի որ նշված մասը կարգավորում է, ի թիվս այլ հարցերի, բողոքարկման իրավունքի իրականացման հետ կապված հարաբերություններ, հետևաբար վիճարկվող նշված մասը կարող է կոնկրետ անձի նկատմամբ կիրառվել բացառապես այն դեպքում, երբ անձը փորձել է իրականացնել դատական ակտը բողոքարկելու ենթադրյալ իրավունքը, սակայն վիճարկվող նորմի կիրառման արդյունքում զրկվել է այդ իրավունքի իրականացման հնարավորությունից: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասը ներկայացված դատական ակտերով չի կիրառվել, ինչը նշանակում է, որ դիմողները տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն չունեն: Մասնավորապես կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմողները հարցը բարձրացնում են վերացական սահմանադրական վերահսկողության կանոններով չունենալով նման իրավասություն: Դիմողների կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի և 134-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու օրենսդրական խոչընդոտներ առկա չեն, այն է.

1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2. դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,

3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,

5. առկա է դատարանի վերջնական ակտը,

6. դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

7. վիճարկվող նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է,

8. դիմումը հիմնավորված է,

9. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Լուսինե Հարությունյանի և «ՅուԷսԷյ Ինտերկարգո ԲՍԵ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասի մասով, մերժել: «Լուսինե Հարությունյանի և «ՅուԷսԷյ Ինտերկարգո ԲՍԵ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի և 134-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության: Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

30 հունվարի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հունվարի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-1
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել