ԳԱՅԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 ապրիլի 2026թ. ՍԴԴԿՈ - 30 | ԳԱՅԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 21 ապրիլի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Ա. Զեյնալյանի
Քննության առնելով Գայանե Գևորգյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գայանե Գևորգյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Գրետա Սիմոնյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մարտի 24-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«(...)
(...) Որոշել ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին, այնքանով, որքանով նորմը զրկում է անձին իր նկատմամբ ապօրինի կերպով հաշվարկվող գույքահարկի իրավահարաբերության դադարեցման համար ճանաչման հայց ներկայացնելու իրավունքից այն դեպքում, երբ առկա է որևէ ժամանակահատվածում հաշվարկված գույքահարկի վերաբերյալ կայացված վարչական ակտ, այդպիսով խախտելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, իրավական որոշակիության սկզբունքը, ինչպես նաև ոչ իրավաչափորեն միջամտելով անձի սեփականության իրավունքին»։
2․ Ներկայացնելով թիվ ՎԴ/1076/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումն անձին զրկում է իր իրավունքների պաշտպանության նպատակով ճանաչման հայց ներկայացնելու հնարավորությունից, քանի որ տվյալ դրույթի համաձայն՝ անձը կարող է ճանաչման հայց ներկայացնել, եթե չի կարող հայց ներկայացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան: Ըստ Դիմողի՝ վերոնշյալ դրույթի նման ձևակերպումը ՀՀ դատարաններին դրդում է մերժել գույքահարկի հաշվարկման իրավահարաբերության բացակայության ճանաչման հայցի քննությունն այն դեպքում, երբ առկա է որևէ ժամանակահատվածի գույքահարկի գանձման մասին կայացված վարչական ակտ այն տրամաբանությամբ, որ փաստացի կարող է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայց, հետևաբար՝ ճանաչման հայց ներկայացվել չի կարող:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմի ձևակերպումը թույլ է տալիս ՀՀ դատարաններին տվյալ դրույթը կիրառել զուտ ձևականորեն և հրաժարվել հայցն ըստ էության քննելուց՝ «ավտոմատ կերպով» մերժելով ճանաչման հայցը միայն այն պատճառով, որ գոյություն ունի վարչական ակտ՝ առանց քննելու, թե արդյոք վիճարկման հայցը կարող է ամբողջությամբ վերականգնել իր իրավունքները կամ առաջացնել նույն իրավական հետևանքները, մասնավորապես՝ կանխել ապագայում գույքահարկի հաշվարկը: Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթի կիրառման արդյունքում ինքը զրկվում է ճանաչման հայցի միջոցով իր իրավունքների պաշտպանության հնարավորությունից՝ զուտ ձևական պահանջից ելնելով, և ստիպված է ներկայացնել վիճարկման հայց, որը փաստացի չի կարող դադարեցնել գույքահարկի հաշվարկը, այլ միայն կարող է վերացնել վարչական ակտը և չեղյալ համարել դրա հիման վրա գանձվելիք հարկը, որի հետևանքով խախտվում են իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության և սեփականության հիմնական իրավունքները, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքը:
Ըստ Դիմողի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի ոչ հստակ ձևակերպման արդյունքում ՀՀ դատարանները բառացի մեկնաբանություն են տալիս «հայց ներկայացնել չկարողանալ» արտահայտությանը՝ համարելով, որ ցանկացած դեպքում, երբ առկա է անձի նկատմամբ կայացված վարչական ակտ, վերջինս պետք է ներկայացնի վիճարկման հայց և չի կարող իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել ճանաչման հայցի շրջանակներում:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթում ամրագրված՝ «հայց ներկայացնել չկարողանալ» արտահայտությունը նշանակում է, որ անձը չի կարող այլ հայցատեսակների միջոցով հասնել իր իրավունքների պաշտպանությանը, իսկ դրույթը բառացիորեն մեկնաբանելու դեպքում նշված պահանջն իմաստազրկվում է, քանի որ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ անձը պարզապես չկարողանա հայց ներկայացնել դատարան: Դիմողի կարծիքով վիճարկվող նորմի՝ Սահմանադրության հետ հակասությունը վերացնելու նպատակով անհրաժեշտ է տվյալ նորմի ձևակերպման մեջ հստակեցնել, որ ճանաչման հայցը չի կարող ներկայացվել, եթե իրավունքի խախտման լրիվ վերացմանը կամ խախտված իրավունքի ամբողջական վերականգնմանը հնարավոր է հասնել այլ հայցատեսակի միջոցով: Դիմողի պնդմամբ՝ հակառակ պարագայում նորմի ներկա ձևակերպումից բխում է, որ ճանաչման հայցը չի կարող ներկայացվել ցանկացած դեպքում, երբ հնարավոր է ներկայացնել այլ հայցատեսակ՝ թեկուզ լրիվ այլ խախտման մասով:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթով սահմանված նման սահմանափակումը չի հետապնդում իրավաչափ նպատակ, և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն՝ ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով:
Ըստ Դիմողի՝ վիճարկվող նորմի նման ձևակերպման արդյունքում անձը ստիպված է լինում երկու անգամ անցնել դատական գործընթացով՝ նախ վիճարկել վարչական ակտը, որը վերաբերում է ընդամենը 2016-2020 թվականներին հաշվարկված գույքահարկին, որից հետո միայն ներկայացնել ճանաչման հայց՝ 2020 թվականից հետո հաշվարկված գույքահարկը ոչ իրավաչափ ճանաչելու և գույքահարկի հետագա հաշվարկը դադարեցնելու համար՝ այդպիսով դատական պաշտպանությունը դարձնելով ոչ արդյունավետ:
Միաժամանակ, Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմի՝ իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքներին հակասությունը հաստատվում է նույնական փաստական հանգամանքներով տարբեր գործերով նորմի տարբեր մեկնաբանմամբ։ Ավելին, Դիմողը գտնում է, որ իրավական որոշակիության բացակայությունն ավելի է սրվել այն փաստով, որ խնդրո առարկա վարչական գործով վարչական դատարանի երկու դատավորներ ճանաչման հայցի ընդունելիության վերաբերյալ արմատապես տարբեր դիրքորոշումներ են ընդունել: Դիմողի պնդմամբ՝ նման հակասական մոտեցումները՝ թե՛ գործերի միջև, թե՛ նույն դատական գործընթացում դատավորների միջև, իրեն դրել են անորոշության մեջ և զրկել են սեփական գործողությունների հետևանքները կանխատեսելու հնարավորությունից, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին:
3․ Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ խնդրո առարկա գործով վերջնական դատական ակտը թիվ ՎԴ/1076/05/22 վարչական գործով Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն է, որը կայացվել և օրինական ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 27-ին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար՝ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը սկսվել է 2025 թվականի օգոստոսի 28-ից և ավարտվել 2026 թվականի մարտի 2-ին, քանի որ 2026 թվականի փետրվարի 28-ը և 29-ը եղել են ոչ աշխատանքային օրեր: Մինչդեռ, սույն անհատական դիմումն էլեկտրոնային փոստի միջոցով Սահմանադրական դատարանում ստացվել է 2026 թվականի մարտի 23-ին (Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մարտի 24-ին): Հետևաբար` Դիմողը բաց է թողել և սույն գործով լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, որն էլ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է:
Ինչ վերաբերում է Դիմողի այն պնդմանը, որ «Վճռաբեկ դատարանի որոշումը (...) ստացվել է 25.09.2025 թվականին, (...), ուստի (...) պահվել է օրենսդրությամբ սահմանված վեցամսյա ժամկետը», ապա այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ, ինչպես արդեն նշվել է, Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն («Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի հաշվառմամբ)՝ Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը սկսվում է ոչ թե վերջնական դատական ակտը Դիմողի կողմից ստանալուն, այլ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից:
Սույն դիմումով չի պահպանվել Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով անհատական դիմումին ներկայացվող՝ այն վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո Սահմանադրական դատարան ներկայացնելու պահանջը: Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գայանե Գևորգյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Ա. Զեյնալյան
21 ապրիլի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-30
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-30
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
