Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԻԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԻԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3721 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-37)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հունիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 37 | ԼԻԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 հունիսի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Լիանա Կարապետյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Լիանա Կարապետյանը (ներկայացուցիչ Վ. Հակոբյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մայիսի 19-ին) խնդրելով. «(...) վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը այնքանով, որ անձին զրկում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում իր զբաղեցրած հաստիքի կրճատման մասին որոշման իրավաչափությունը վարչադատավարական կարգով վիճարկելու հնարավորությունից, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 57-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող»: Սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը, Սահմանադրական դատարանի աշխատակարգի 29-րդ կետի պահանջներին համապատասխան, Սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ երկարաձգվել է մինչև 2021 թվականի հունիսի 25-ը ներառյալ:

2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ դիմողին զրկում է պետական մարմնի կողմից ընդունված իր իրավական վիճակի վրա արտաքին ազդեցություն ունեցող ակտի իրավաչափությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու հնարավորությունից: Մասնավորապես, դիմողը նշում է, որ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/0452/05/19 վարչական գործով 2020 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ մեկնա-բանել և կիրառել է Վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը արձանագրելով, որ դիմողի հիմնական հայցապահանջը ենթակա չէ վարչական դատարանին, այլ ենթակա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին: Դիմողն առաջին ատյանի դատարան չդիմելը հիմնավորում է նրանով, որ ինքը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվում, հետևաբար, ըստ նրա, գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու դեպքում հայցն անխուսափելիորեն մերժվելու է: Դիմողն իր այս դիրքորոշումը հիմնավորում է այն հանգամանքով, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի «46-Լ» որոշմամբ կրճատվել է իր կողմից զբաղեցվող մեկ հեռուստալրագրող-համակարգողի հաստիքը, որպիսի պայմաններում «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենը չունի այլընտրանք, քան արդեն իսկ կրճատված հաստիքները զբաղեցնողներին աշխատանքից ազատելը: Այսինքն աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի թիվ «88-Ա» հրամանի վիճարկումը չի կարող փոխարինել դրա աղբյուրի «46-Լ» որոշման վիճարկմանը, քանի որ, ըստ դիմողի «(...) առաջինի իրավաչափությունը հենվում է վերջինի իրավաչափության կանխավարկածի վրա. (...) իրավաչափության այն վավերապայմանները, որ տարածվում են «46-Լ» որոշման վրա որպես արտաքին ազդեցություն ունեցող ակտի, չեն տարածվում աշխատանքային օրենսդրության կարգավորման ոլորտում գտնվող «88-Ա» ակտի վրա»:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այսպես. վերաքննիչ վարչական դատարանի կողմից Վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի մեկնաբանությունը որևէ կերպ չի զրկել դիմողին դատական պաշտպանության իրավունքից: Ըստ վերաքննիչ վարչական դատարանի հայցը ենթակա է քննության քաղաքացիադատավարական կարգով, մինչդեռ դիմողը գտնում է, որ իր հայցը ենթակա է քննության վարչադատավարական կարգով: Ընդ որում, որպես միակ հիմնավորում դիմողը ենթադրում է, որ ինքը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվում, հետևաբար, ըստ նրա, գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու դեպքում հայցն անխուսափելիորեն մերժվելու է: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ, նախ իրավահարաբերության հանրային կամ մասնավոր բնույթի գնահատումը գտնվում է դատական մարմինների, և հատկապես Վճռաբեկ դատարանի իրավասությունների տիրույթում, երկրորդ հանրային իրավահարաբերության բնույթի վերաբերյալ առկա են Վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք վկայակոչվել են վերաքննիչ վարչական դատարանի կողմից, երրորդ դիմողի այն պնդումը, որ ինքը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվում, հետևաբար գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու դեպքում հայցն անխուսափելիորեն մերժվելու է, հիմնված է դիմողի ենթադրության վրա, որն ինքնին չի կարող բավարար համարվել սույն դիմումը քննության ընդունելու համար: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Լիանա Կարապետյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Խաչատրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

21 հունիսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-37

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-37
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել