ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 մարտի 2026թ. ՍԴԴԿՈ - 18 | ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 5 մարտի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Ա. Զեյնալյանի
Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Արմենուհի Հովհաննիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արմենուհի Հովհաննիսյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Գենյա Պետրոսյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի փետրվարի 18-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի, 140-րդ հոդվածի, 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, դրանց դատական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/28089/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վիճարկվող դրույթների հակասահմանադրական մեկնաբանությամբ կայացված որոշումների արդյունքում ինքն ուղղակիորեն զրկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով իր սեփականության հարկադիր օտարման պահանջի մասին քննվող գործի շրջանակում հակընդդեմ հայց ներկայացնելու և դրանով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական հետևանքների կիրառմամբ, իր իրավունքների պաշտպանության պահանջ ներկայացնելու հնարավորությունից:
Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, վիճարկվող դրույթներին տրված հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում, իր հակընդդեմ հայցի պահանջները որակել է որպես հանրային իրավահարաբերությունից բխող վեճին առնչվող պահանջներ՝ դրանք բացառելով ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա պահանջների շրջանակից:
Ըստ Դիմողի՝ ՀՀ Կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը, որը գույքի օտարման հայց ներկայացնելու հիմք է, ամենևին չի ենթադրում, որ հայցադիմումը ենթակա է ներկայացման ՀՀ վարչական դատավարության կարգով։
Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության ընթացակարգով քննվող գործի շրջանակներում ձեռք բերողի կողմից սեփականության օտարման հայց ներկայացնելու, դատարան դիմելու իրավունքի հիմքերի ստուգման, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հետևանքների կիրառման լիազորությունից դատարանին զրկելը նույն քաղաքացիական գործի շրջանակներում ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին՝ համապատասխան վարույթը վերածելով ձևական և ոչ արդյունավետ ընթացակարգի, իսկ վիճարկվող տվյալ դրույթը՝ առարկայազուրկ իրավակարգավորման:
Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հակասում են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, ինչպես նաև 78 և 80-րդ հոդվածներին, քանի որ համապատասխան իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցները պիտանի և անհրաժեշտ չեն Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու համար և խախտում են նշված դրույթների էությունը։
Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումով ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու կամ վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն՝ այն հանգամանքների հաշվառմամբ, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով իր մի շարք իրավունքներ ոտնահարվել են, որի հետևանքով ինքը ստիպված է իր խախտված իրավունքների պաշտպանությունը հայցել ՀՀ դատարաններից՝ տարբեր դատական գործերի շրջանակում, որն անհամաչափ ֆինանսական բեռ է առաջացրել իր համար:
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է հետևյալ եզրակացության.
Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի, 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 140-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 61, 63, 78 և 80-րդ հոդվածներին համապատասխանությունը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Դատարանը) ըստ հայցի «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ընդդեմ Արմենուհի Անգլոյի Հովհաննիսյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Երևան քաղաքի Խանջյան փողոցի 1-ին նրբանցքի 5/18 բնակելի տունը ձեռքբերողին օտարելու, որպես հետևանք Արմենուհի Անգլոյի Հովհաննիսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու, հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու, անշարժ գույքն ազատելու և հայցվորին հանձնել պարտավորեցնելու պահանջների մասին թիվ ԵԴ2/28089/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում Դիմողը ներկայացրել է հակընդդեմ հայց, որով խնդրել է ճանաչել «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին՝ Արմենուհի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Երևան, Խանջյան փողոց 1-ին նրբանցք, թիվ 5/18 տունը ձեռք բերելուց հրաժարված, ՀՀ կառավարության 22.03.2018 թվականի թիվ 332-Ն որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում չընդգրկված, արգելել վիճելի հասցեի տան օտարմանն ուղղված ցանկացած գործողության կատարում:
2025 թվականի ապրիլի 23-ի Դատարանի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժվել է պատճառաբանությամբ, որ հակընդդեմ հայցադիմումում չի ներկայացվել կոնկրետ նյութաիրավական, ինքնուրույն հայցի առարկա ուղղված հակընդդեմ պատասխանողին, և այդ պահանջները չեն կարող քննվել քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ բացակայում է վիճարկվող իրավունքից ծագող պահանջը, և ներկայացվածները նախատեսված չեն որևէ օրենքով և այլ իրավական ակտով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ի թիվս այլ պատճառաբանությունների, մերժման հիմքում հայտնել է նաև, թե (...) կառավարությունը՝ որպես հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունների շրջանակներում ընդունում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում, իսկ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը կարող է օտարվել միայն կառավարության կողմից օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչվելու դեպքում, ինչն էլ բավարար է փաստելու, որ այդ թվում՝ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստական հիմքերից բխող վեճերը, բխում են հանրային իրավահարաբերություններից և ենթակա չեն քննության քաղաքացիական դատավարության կարգով այնքանով, որքանով հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում ընդունելը հանդիսանում է հանրային իշխանության լիազորությամբ օժտված սուբյեկտի` կառավարության, կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունները, հանրության գերակա շահ ճանաչելու հետ կապված իրավահարաբերությունները ծագում են հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է հանրային շահի՝ սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը) իրավահարաբերության կողմերից մեկը հանդիսանում է իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ՝ կառավարությունը:
«(...) հայցի փաստական և իրավական հիմքերի հաշվառմամբ (ընդ որում անկախ պահանջի ձևակերպումից) վերը նշված հիմնավորումներով ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, ինչն էլ հանդիսանում է հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք»:
Դիմողի պնդումը, թե նշված մեկնաբանությունները և նորմերն ունեն հակասահմանադրական բովանադակություն և իր համար առաջացրել են դատական պաշտպանության և դատարանի մատչելիության սկզբունքի խախտում՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը դիտարկում է այն հարցադրումների ներքո, թե արդյոք հայցը ներկայացվել է քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների՞ պահպանմամբ, և հակընդդեմ հայցի կանոններն ինքնին ունե՞ն այնպիսի ձևակերպումներ, որոնք խաթարում են սահմանադրորեն ամրագրված՝ իրավական որոշակիության, հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը, կամ առկա՞ է համաչափության սկզբունքի խախտում: Անհրաժեշտ է տարբերակել, թե Դիմումում բարձրացված հարցը վերաբերում է օրենսդրական պահանջների կանոնների պահպանմա՞նը, որոնց միասնական կիրառումը համապարտադիր բնույթ ունի, ինչպես նաև հանդիսանո՞ւմ է իրավական անվտագության և իրավական պետության ամրապնդման բաղկացուցիչը, թե՞ առկա է վիճարկվող օրենքների հակադրում Սահմանադրության ոգուն:
Դիմողը չի նշել դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ, որը խոչընդոտում կամ կանխում է դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը՝ իմաստազրկելով Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք է հանդիսանում, այլ կերպ՝ Սահմանադրությանը հակասող համոզիչ հիմնավորումներ Դիմողը չի ներկայացրել, իսկ ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում:
Դիմողը, վկայակոչելով վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 78 և 80-րդ հոդվածներին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի բարձրացրած մի շարք հարցեր վերացական վերահսկողության բնույթ են կրում, ուստի՝ դրանք քննության առարկա կարող են դառնալ Սահմանադրությամբ նախանշված սուբյեկտների կողմից՝ դրանց բարձրացնելու արդյունքում:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի, 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 140-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար և՝ Սահմանադրության 78 և 80-րդ հոդվածներին:
Հետևապես՝ սույն անհատական դիմումով գործի քննությունն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով ենթակա է մերժման՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Արմենուհի Հովհաննիսյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:
2. Արմենուհի Հովհաննիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Զեյնալյան
Անդամներ՝ Ա. Վաղարշյան
Հ. Հովակիմյան
5 մարտի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
