ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 փետրվարի 2023թ. ՍԴԱՈ - 12 | ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց. Հաստատել և, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակել ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ համաձայն հավելվածի:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
14 փետրվարի 2023 թվականի
ՍԴԱՈ-12
Հավելված
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
2023 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ՍԴԱՈ-12
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՄԲ
ՀԱՂՈՐԴՈՒՄ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականին Սահմանադրական դատարան է մուտքագրվել 168 դիմում: Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների փաստացի պատկերը ըստ դիմող սուբյեկտների, հետևյալն է.
1. պատգամավորների ընդհանուր թվի
առնվազն մեկ հինգերորդ 5
դիմում,
2. Կառավարություն 28 դիմում,
3. ֆիզիկական և իրավաբանական
անձինք – 121 դիմում,
4. Մարդու իրավունքների պաշտպան –
4 դիմում,
5. դատարաններ – 10 դիմում:
2022 թվականին Սահմանադրական դատարանը կայացրել է 344 որոշում, որից 54 ըստ էության որոշում, 219 աշխատակարգային որոշում, 71 դատական կազմի որոշում:
ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարան է ներկայացվել 5 դիմում, որից 1-ի քննությունը մերժվել է, 1-ով գործի վարույթը կարճվել է, 2-ով կայացվել է համապատասխան որոշում, իսկ 1 գործի վարույթը կասեցվել է:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2022 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանի կողմից 6 գործով կայացվել են հետևյալ ըստ էության որոշումները.
1. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի, 4-րդ մասի և 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով (դիմումը մուտքագրվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին) Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1627 որոշմամբ 2022 թվականի փետրվարի 1-ին որոշել է. «1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 2- րդ մասը, 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 4-րդ մասը և 7-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը։
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն դրանցով սահմանված ժամկետներում պատգամավորին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից զրկելը չի կարող արգելք հանդիսանալ այդ պատգամավորի կողմից Ազգային ժողովի նիստերում քվեարկություններին մասնակցության համար»:
Վերոհիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. «(…) թեև պատգամավորական էթիկայի, այդ հարցերով ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ սահմանադրական և օրենսդրական կարգավորումները/կառուցակարգերը միտված են պատգամավորի էթիկական վարքագիծն ապահովելուն, նրա առերևույթ ոչ էթիկական վարքագիծը քննության առնելուն և վերջինիս գնահատական տալուն, սակայն դրանք չեն կարող ապահովել Ազգային ժողովի նիստի ընթացքում կարգուկանոնի պահպանումը երաշխավորելով օրենսդիր մարմնի բնականոն գործունեությունը։ Թեև քննարկվող իրավիճակներում խոսքը վերաբերում է պատգամավորի կողմից այնպիսի վարքագիծ դրսևորելուն, որը կարող է դիտարկվել/գնահատվել որպես ոչ էթիկական, հարկ է նկատի ունենալ, որ Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքի ապահովումը ենթադրում է նաև արագ և համարժեք արձագանք նիստի բնականոն ընթացքը խաթարող գործողություններին, և այդ հարցում հապաղումը (գործուն միջոցներ չձեռնարկելը) կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ (ՄԻԵԴ-ը նշել է, որ պատգամավորի կողմից նիստի բնականոն ընթացքը խախտելու դեպքում, նրա նկատմամբ անմիջապես կիրառվում է կարգապահական միջոց (Immediate sanctions) (…), այս համատեքստում պատգամավորի ակնհայտ վիրավորական արտահայտությունները կամ վարքագիծը իմաստազրկում են նրա խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունը կամ դրսևորվում են որպես այդ իրավունքի չարաշահում (Cаse of Karácsony and others v. Hungary, գանգատ թիվ 42461/13 և 44357/13, 17.05.2016թ. վճիռ, կետ 155) ընդհուպ մինչև Ազգային ժողովի աշխատանքների կազմալուծումը: Հենց նշված հանգամանքով է պայմանավորված Օրենքում պատգամավորական էթիկային առնչվող և Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքն ապահովելուն միտված տարբեր իրավակարգավորումների/կառուցակարգերի ամրագրումը»:
2. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով (դիմումը մուտքագրվել է 2021 թվականի օգոստոսի 10-ին) Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1647 որոշմամբ 2022 թվականի ապրիլի 29-ին որոշել է.
«1. ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը»:
Հիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ թեև Ազգային ժողովի մարմինների ձևավորման հարցում փոքրամասնության իրավունքները հստակորեն երաշխավորված են նաև Սահմանադրության մակարդակում (օրինակ Սահմանադրության մեջ ուղիղ ամրագրվել է Ազգային ժողովի մարմիններից Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից ընտրությունը (Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մաս), սակայն չի բացառվում նաև, որ Ազգային ժողովի մեծամասնությունը, ելնելով հանրային բարձր շահից, օրինակ, բևեռացված հասարակության համերաշխության ապահովման, հասարակության պառակտվածության վերացման, հասարակական հանդուրժողականության ապահովման անհրաժեշտությունից, որոշի Ազգային ժողովի փոքրամասնության ներկայացուցչին ընտրել Ազգային ժողովի նախագահ, որպիսի պայմաններում մեծամասնության կայացրած այդպիսի որոշումը կունենա հստակ հասարակական-քաղաքական և ոչ թե պահի ազդեցությամբ ձևավորված հիմնավորումներ: Սահմանադրական դատարանը հարկ է համարել շեշտել, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ընտրության ընթացակարգային մանրամասները կանոնակարգող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135 և 136-րդ հոդվածներում տեղ գտած կարգավորումներից (մասնավորապես, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուները հանդես են գալիս ելույթներով, իսկ ելույթներից հետո կարող են թեկնածուին հարցեր տրվել) թեև ենթադրելի է ներկայացված թեկնածուների, Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացին, որպես կանոն, ֆիզիկական մասնակցությունը, սակայն միևնույն ժամանակ հիշատակված կարգավորումներից չի բխում և չի կարող բխեցվել, որ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը հնարավոր է միայն Ազգային ժողովի նախագահի բոլոր թեկնածուների ներկայության պայմաններում:
«Սահմանադրական դատարանի գնահատմամբ նշված պայմաններում փաստացի անազատության մեջ գտնվող պատգամավորներին որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ առաջադրելն Ազգային ժողովի խմբակցությունների քաղաքական որոշումն էր/որոշումներն էին Ազգային ժողովի նախագահի ընտրություններին մասնակցել թեկնածուների իրավունքների փաստացի սահմանափակվածության պայմաններում այդպիսով իսկ ընդունելով նման մոտեցմամբ իրենց առաջադրած թեկնածուների Ազգային ժողովի նախագահի ընտրություններում հնարավոր բացասական արդյունքներ գրանցելու (Ազգային ժողովի նախագահ չընտրվելու) ռիսկերը»:
3. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով (դիմումը մուտքագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին) Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1650 որոշմամբ 2022 թվականի մայիսի 6-ին որոշել է. «1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»: Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ԲԴԽ-ի որպես դատարան հանդես գալու օրենսդրական պահանջը չի ենթադրում դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամների կարգավիճակների նույնացում ամբողջ ծավալով, քանի որ նախ դա չի բխում ԲԴԽ-ի սահմանադրաիրավական կարգավիճակից, բացի դրանից, արդարադատության իրականացման կարևոր նշանակություն ունեցող ԲԴԽ անդամի անփոփոխելիության սկզբունքը հստակ արտացոլված է սահմանադրական մակարդակում որպես ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետ: Իսկ դատավորի պաշտոնավարման 65 տարին լրանալը դատավորի կարգավիճակ ունեցող ԲԴԽ անդամի լիազորությունների դադարման հիմք է այն պատճառով, որ Սահմանադրությամբ նախատեսվել է ԲԴԽ կազմում 5 դատավոր անդամի առկայության անհրաժեշտությունը:
Ավելին, Բարձրագույն դատական խորհուրդը որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող պետական մարմին, իրականացնում է բազմաթիվ լիազորություններ, որոնք չեն առնչվում արդարադատության իրականացման հետ: Որպես դատարան ԲԴԽ-ն հանդես է գալիս միայն Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով նախատեսված դեպքերում:
ՍԴՈ-1650 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է նաև. «Ինչ վերաբերում է ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետին, ապա այս առումով սահմանադիրն առաջնորդվել է լիազորությունների ժամկետը հինգ տարի սահմանելու սկզբունքով, որից հետևում է, որ սահմանադիրը ԲԴԽ անդամի գործունեության անկախությունը երաշխավորել է հստակ ժամկետի ամրագրմամբ, ինչպես նաև հետագայում վերընտրվելու արգելքով, որպիսի հանգամանքները ևս կոչված են երաշխավորելու ԲԴԽ անդամի անկախությունն ու գործունեություն իրականացնելիս կողմնակի հանգամանքներով կաշկանդված չլինելու կարևոր երաշխիքների ապահովումը:
Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ԲԴԽ դատավոր և իրավաբան գիտնական անդամների նկատմամբ կիրառվող տարիքային շեմի և այդ հիմքով լիազորությունների դադարման վերաբերյալ կարգավորումները չեն կարող նույնանալ, քանի որ դատավոր անդամի նկատմամբ շարունակվում են կիրառելի լինել Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով ամրագրված կարգավորումները, մասնավորապես մինչև 65 տարին պաշտոնավարելու հնարավորությունը: Ուստի ԲԴԽ դատավոր անդամի 65 տարին լրանալու պարագայում վերջինս չի կարող շարունակել պաշտոնավարել որպես ԲԴԽ անդամ ոչ թե այն հիմքով, որ ԲԴԽ անդամի համար առկա է պաշտոնավարման նման տարիքային սահմանափակում, այլ բացառապես այն պատճառով, որ ԲԴԽ դատավոր անդամը դարձել է ԲԴԽ անդամ հենց դատավոր լինելու հիմքով, ուստի երբ վերանում է այդ հիմքը, ուղղակիորեն վերանում է նաև որպես ԲԴԽ անդամ պաշտոնավարելու հնարավորությունը: Սակայն նույն մոտեցումը հնարավոր չէ տարածել Ազգային ժողովի կողմից ընտրված անդամի նկատմամբ, քանի որ սահմանադիրը ԲԴԽ այդ անդամի նկատմամբ չի տարածել դատավորի համար սահմանված պաշտոնավարման տարիքային շեմը, ուստի սահմանադրի կամքի բացահայտումը հստակ ցույց է տալիս, որ պաշտոնավարման 65 տարվա շեմը վերաբերում է բացառապես դատավորներին և կոչված է երաշխավորելու վերջիններիս գործունեության անկախությունը: Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադիրը դատավորի համար նախատեսել է մինչև 65 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն, իսկ ԲԴԽ անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանափակել է հինգ տարով, որպիսի կարգավորումներից հետևում է, որ սահմանադիրը հստակ տարանջատել է այս երկու սուբյեկտները և նրանց պաշտոնավարման ժամկետները մի դեպքում դա պայմանավորելով կոնկրետ տարիքով, մյուս դեպքում հստակ ժամկետով, ուստի այս երկու կարգավորումների նույնացումն ու այդ ձևով մեկնաբանումն անթույլատրելի է և չի բխում սահմանադրի կամքից: Վերոգրյալից ելնելով Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կարգավորումներին համապատասխանության տեսանկյունից Ազգային ժողովի ընտրած ԲԴԽ անդամի 65 տարին լրանալը հիմք չէ լիազորությունների դադարման համար և չի խոչընդոտում Բարձրագույն դատական խորհրդին սահմանված դեպքերում հանդես գալու որպես դատարան»:
4. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի, 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով (դիմումը մուտքագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ին) Սահմանադրական դատարանը 2022 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1654 որոշմամբ որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասը և 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»։ Խնդրո առարկա գործի շրջանակներում ընդհանրացնելով արտադատական կարգով պարտադիր բողոքարկման ինստիտուտի կիրառման միջազգային իրավական փորձը` Սահմանադրական դատարանը կարևորել է իրավակարգային այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են
«- վարչական կարգով բողոքարկումը և դրանով պայմանավորված վեճերի այլընտրանքային լուծումը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիքներից է,
արտադատական կարգով բողոքարկման պարտադիր պահանջի սահմանումը կարող է անհրաժեշտ համարվել, եթե բողոքարկման ընթացակարգերն իրապես արդյունավետ են, հակառակ պարագայում այն կխաթարի անձի դատարանի մատչելիության իրավունքի էությունն ու կհանդիսանա անհամաչափ խիստ ներգործություն,
վարչաիրավական պաշտպանության բոլոր միջոցները, այդ թվում արտադատական կարգով բողոքարկման միջոցով սպառելու պահանջը, չպետք է խախտեն վարչական արդարադատության իրավունքի էությունը»:
Սույն որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ արտադատական կարգով իրավունքների պաշտպանության միջոցների սպառման պահանջի որպես դատարան դիմելու նախապայմանի օրենսդրորեն սահմանելու նպատակն իրավաչափ է, քանի որ դրա հիմնական խնդիրը, մի կողմից, իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ օրենսդրական նախադրյալների ստեղծումն է, հատկապես արտադատական կարգով այդ իրավունքն առավել սեղմ ժամկետում և նվազ ռեսուրսներով իրականացնելու համար, մյուս կողմից ոչ դատական կարգով հանրային ու մասնավոր շահերի հաշտեցումն է, ինչպես նաև արդարադատության պատշաճ իրականացումն ապահովելու համար դատարանների անհարկի ծանրաբեռնվածության կանխարգելումը:
Բացի դրանից, Սահմանադրական դատարանի գնահատմամբ արտադատական կարգով իրավունքի պաշտպանության կառուցակարգի սահմանումը բխում է նաև հանրային շահից այն հաշվառմամբ, որ անհատի ու պետության միջև առաջացած վեճը հնարավոր կլինի լուծել ոչ դատական ձևաչափով խուսափելով չափազանց բարդ ընթացակարգերից, նպաստելով անհատի և պետական մարմինների փոխգործակցությանը, ինչպես նաև հնարավորություն տալով վարչական մարմիններին ինքնուրույն վերացնել «իրենց սխալները»։ Ավելին, այն հնարավորություն է ընձեռում զերծ մնալ պետական ռեսուրսների անտեղի վատնումից: Ընդ որում վարչական կարգով բողոքարկման համար անձի կողմից ևս ենթադրվում է ռեսուրսների նվազ վատնում ի տարբերություն դատական պաշտպանության իրավունքի իրացման դեպքերի։
Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ օրենսդիրը ողջամտորեն «սահմանափակել է» անձանց դատական պաշտպանության իրավունքը` որոշ վարչական գործերով արտադատական կարգով պաշտպանության միջոցներն սպառելու պայմանի տեսքով` հետապնդելով վկայակոչված խնդիրները լուծելու նպատակ, մասնավորապես` ոչ միայն դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը, որի արդյունքում երաշխավորվում է նաև արդար դատաքննության տարր հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, այլ նաև նվազ ռեսուրսների կիրառմամբ վեճի լուծումը, ինչը նպաստում է նաև հանրության մոտ պետական մարմինների նկատմամբ վստահության բարձրացմանը:
5. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով (դիմումը մուտքագրվել է 2022 թվականի հունվարի 19-ին) Սահմանադրական դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 27-ի իր ՍԴՈ-1661 որոշմամբ որոշել է. «1. «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:
Սույն գործով Սահմանադրական դատարանը նշել է. «(...)տեղեկություններ ստանալու իրավունքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն երաշխիք է պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության համար: Տեղեկություններ ստանալու իրավունքը սերտորեն կապված է կարծիքի արտահայտման ազատության հետ, քանի որ հասարակությունը նախ պետք է հնարավորություն ունենա ստանալ տեղեկություններ պետական մարմինների գործունեության վերաբերյալ, ապա վերլուծելով առկա տեղեկատվությունը և ձևավորելով որոշակի համոզմունք արտահայտել իր կարծիքը: Վերոգրյալից բխում է, որ հանրության համար տեղեկությունը, որպես կանոն, պետք է մատչելի լինի, ինչի միջոցով էլ հնարավոր է արդյունավետ իրականացնել ժողովրդավարական պետություններին բնորոշ հասարակական վերահսկողությունը»:
Սահմանադրական դատարանը փաստել է նաև, որ պետական գնումների ոլորտում թափանցիկությունը կենսական անհրաժեշտություն է յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական գնումների ոլորտն ուղղակիորեն փոխկապակցված է պետական ֆինանսների կառավարման արդյունավետության հետ, պետության քաղաքականությունը պետք է միտված լինի ձևավորելու այնպիսի կառուցակարգեր, որոնց միջոցով կձևավորվի հաշվետվողականություն և հրապարակայնություն: Բացի դրանից, պետական գնումների վերաբերյալ օրենսդրության որակը կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի այդ ոլորտում հակակոռուպցիոն պայքարի տեսանկյունից։ Ըստ այդմ պետությունը պետք է հետևողականորեն, պարբերաբար հրապարակի գնումների ոլորտում ֆինանսական հաշվետվություններ, և հանրությունը պետք է իրական հասանելիություն ունենա դրանց, ինչն էլ թույլ կտա մի կողմից զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին արդյունավետ իրականացնել իրենց վերահսկողությունը, մյուս կողմից ձգտել բացառել կոռուպցիոն բնույթի գործարքների իրականացումը:
Ավելին, Սահմանադրական դատարանի գնահատմամբ ժողովրդավարական պետություններին բնորոշ և արդյունավետ կառավարման բաղադրատարր հանդիսացող թափանցիկության և բաց կառավարման նպատակներից ելնելով օրենսդրի խնդիրն է ապահովել այնպիսի քաղաքականություն, համաձայն որի պետական մարմինները հնարավորինս մատչելի ձևով և համակարգված ըստ ոլորտների (մասնավորապես կեցության ծախսեր, արարողակարգային ծախսեր) հրապարակեն (հասանելի դարձնեն) Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծախսերի վերաբերյալ տեղեկությունները:
6. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով (դիմումը մուտքագրվել է 2022 թվականի հունվարի 25- ին) Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1666 որոշմամբ 2022 թվականի հոկտեմբերի 11- ին որոշել է.
«1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 2- րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:
Սույն որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ խորհրդարանական վերահսկողության իրականացման և գործադիր մարմինների բնականոն ու անխաթար գործելու կարողության ապահովման միջև ողջամիտ հավասարակշռության ապահովումը տարաբնույթ միջոցների, ներառյալ` խնդրո առարկա սահմանափակումների կիրառմամբ, սահմանադրական անհրաժեշտություն է:
«Սահմանադրական դատարանը գտնում է, որ անկախ Սահմանադրական օրենքով խմբակցության` հարցապնդումներ ներկայացնելու իրավունքի քանակական սահմանափակման առկայությունից դրա կիրառման արդյունքում վրա հասնող հետևանքներից, խորհրդարանական վերահսկողության իրականացման և գործադիր մարմինների բնականոն գործելու կարողության ապահովման միջև ողջամիտ հավասարակշռության ապահովման պահանջը կենսագործված է վարչապետին անվստահություն հայտնելու, հարցապնդումների իրավունքը սահմանող սահմանադրական նորմերում այն իմաստով, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնելու հնարավորությունը սահմանափակված է հենց սահմանադրի կողմից: Մասնավորապես անկախ հարցապնդումների գործադրման քանակից դրա քննարկման արդյունքում չի կարող բարձրացվել վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ, ինչպես նաև անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չընդունվելու դեպքում ոչ շուտ, քան վեց ամիս հետո: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցի բարձրացման սահմանադրական արգելքների դեպքում, փաստորեն, այն խնդիրը, որ կարող էր հիմք հանդիսանալ հարցապնդման համար, ըստ էության, կարող է բարձրացվել խորհրդարանական վերահսկողության այլ ձևերի կիրառմամբ: Մյուս կողմից` չկա որևէ իրավական արգելք, որ հարցապնդման իրավունքից օգտվի մեկ այլ խմբակցություն, որը նստաշրջանի ընթացքում չի սպառել իր այդ իրավունքը: Հետևաբար այս առումով ևս Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող կարգավորմամբ խմբակցության` հարցապնդումներ ներկայացնելու իրավունքի քանակական սահմանափակումը չի կարող խաթարել խորհրդարանական վերահսկողության գործիքի էությունը պայմանավորված վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը բարձրացնելու սահմանադրական կարգավորումների բովանդակությամբ»:
Սահմանադրական դատարանը գտել է, որ «(...) հաշվի առնելով գործող իրավակարգավորումներով հարցապնդման ինստիտուտի էությունը և ընթացակարգային ու այլ առանձնահատկությունները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական օրենքով խմբակցությունների` հարցապնդման իրավունքի իրացման քանակական սահմանափակումները սահմանադրորեն ինքնին արգելելի չեն և, մի կողմից ապահովում են այս գործիքի կիրառման արդյունավետությունը` պահպանելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, մյուս կողմից երաշխավորում են օրենսդիր ու գործադիր մարմինների բնականոն գործունեության և սահմանադրական առաքելության անխափան իրականացումը»: Կառավարության դիմումների հիման վրա ընդունված սահմանադրական դատարանի որոշումները
Կառավարության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականության հարցով դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանը 2022 թվականին կայացրել է 36 որոշում: Նշված գործերով 12 դիմումները Սահմանադրական դատարան են մուտքագրվել 2021 թվականին:
2022 թվականին Կառավարության կողմից Սահմանադրական դատարան է ներկայացվել 28 դիմում, որոնցից 4-ի դատաքննությունները նշանակվել են 2023 թվականի հունվարի 17-ին:
Նշված 28 միջազգային պայմանագրերից 14-ը բազմակողմ են, 14-ը` երկկողմ, որոնցից 5-ը` վարկային: Սահմանադրական դատարանի կողմից 2022 թվականին քննության առնված 36 միջազգային պայմանագրերից 33-ը վավերացվել են Ազգային ժողովի կողմից 2022 թվականի ընթացքում:
Քննության առնված «1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով (մուտքագրվել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին) Սահմանադրական դատարանն իր` 18.01.2022թ. ՍԴՈ-1625 որոշմամբ անդրադարձել է վերոհիշյալ պայմանագրի Սահմանադրական դատարանում գտնվելու նախապատմությանը, պայմանագրում առկա թարգմանչական թերություններին և պայմանագրի վավերացման նպատակահարմարությանը մասնավորապես նշելով. «6. (…) Կառավարության դիմումի հիման վրա նույն Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմում էր ներկայացվել նաև 24.01.2020թ., որը քննության էր ընդունվել Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 7-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ: Այդ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում ի հայտ էին եկել Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության և դրա բնօրինակ տեքստերի միջև թարգմանչական էական, բովանդակային անհամապատասխանություններ: Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 14-ի ՍԴԱՈ-85 աշխատակարգային որոշմամբ նշված գործի վարույթը կասեցվել էր մինչև Կառավարության կողմից Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստը ստանալը: 2020 թվականի ապրիլի 2-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տարբերակը, որի ուսումնասիրության արդյունքներով պարզվել էր, որ բովանդակային անհամապատասխանություններն ամբողջությամբ վերացված չեն եղել: Այլ կերպ խնդրո առարկա գործով չէին վերացվել գործի վարույթը կասեցնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները, ուստի այդ գործի վարույթը Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴԱՈ-87 աշխատակարգային որոշմամբ կարճվել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով»:
Քննության առնված «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև «Հանձնման մասին» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելուն ուղղված» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով (մուտքագրվել է 2021 թվականի հոկտեմբերի 5-ին) Սահմանադրական դատարանն իր 15.03.2022 թ. ՍԴՈ-1637 որոշմամբ որոշել է, որ վերոհիշյալ համաձայնագրի 13-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված պարտավորությունը հակասում է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին` արձանագրելով հետևյալը.
«4. Համաձայնագրի դրույթների սահմանադրականության գնահատման համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վեր հանել կարգավորման նույն կամ հարակից առարկային վերաբերող և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի հետ քննարկման առարկա Համաձայնագրի հարաբերակցությունը:
4.1. «Հանձնման մասին» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիայի, դրա երկու արձանագրությունների և Համաձայնագրի կարգավորման առարկաների համեմատությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ`
ա) Կոնվենցիայի կարգավորման առարկան միայն հանձնման իրավական ինստիտուտն է: Այն պետությունների միջև իրավական օգնության ոլորտում համագործակցության այլ կողմերի վերաբերյալ կարգավորող դրույթներ չի պարունակում: «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հայցվող կողմը չի հանձնում իր քաղաքացուն, նա պետք է հայցող կողմի պահանջով գործը ներկայացնի ներպետական իրավասու մարմիններին քրեական գործ հարուցելու համար, այդ նպատակով փոխանցելով հանցագործությանը վերաբերող փաստաթղթերը, տեղեկատվությունը և իրեղեն ապացույցները,
բ) Համաձայնագրի 1-ին հոդվածում նախանշված` Համաձայնագրի գործողության շրջանակը և համապատասխանաբար այլ հոդվածներում ամրագրված դրույթները վերաբերում են պետությունների միջև իրավական համագործակցության այլ, «հանձնումից» բովանդակությամբ տարբերվող «դատավճիռների ճանաչման և կատարման» ինստիտուտին: Այդ ինստիտուտի գործողության դեպքում պայմանավորվող կողմ պետությունը պարտավորվում է ճանաչել և կատարել իր քաղաքացիների վերաբերյալ մյուս պայմանավորվող պետության դատարանների կողմից կայացված վերջնական դատավճիռները: Այդ ինստիտուտը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից կնքված և վավերացված մի շարք միջազգային պայմանագրերում,
գ) Կոնվենցիայի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պայմանավորվող կողմերը կարող են միմյանց միջև կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր միայն ի լրումն սույն Կոնվենցիայի դրույթների կամ հեշտացնելու համար դրանում պարունակվող սկզբունքների կիրառումը»:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստում է, որ թեև Համաձայնագիրը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև «Հանձնման մասին» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելուն ուղղված» վերտառությամբ, այն չունի ո՛չ լրացնող, ո՛չ էլ դյուրացնող իրավական բովանդակություն «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի բովանդակության հետ հարաբերակցության տեսանկյունից: Համաձայնագրի իրավակարգավորումները վերաբերում են միայն «դատավճիռների ճանաչման և կատարման» ինստիտուտին: Երկու միջազգային պայմանագրերի իրավակարգավորումները համակարգային փոխկապակցության տեսանկյունից ունեն հետևյալ պատկերը Չեխիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համար գործում է «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիան, որը վերաբերում է հանձնման իրավական ինստիտուտին: Համաձայնագիրը, վկայակոչելով և վերահաստատելով «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները, վավերացվելուց հետո կողմերի միջև արտոնելու է «դատավճիռների ճանաչման և կատարման» իրավական ինստիտուտի գործողությունը:
4.2. 1972 թվականին ընդունված Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2004 թվականի հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովի Ն-147-3 որոշմամբ, (ՍԴՈ-510), Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2005 թվականի մարտի 18-ին)) համաձայն` այն դեպքում, երբ, Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն, անձը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, ապա տվյալ Պետությունը կարող է վարույթ իրականացնելու համար դիմել մեկ այլ Պայմանավորվող պետության նշված կոնվենցիայով նախատեսված դեպքերում և կարգով (6-րդ հոդվածի 1-ին կետ): Նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Պայմանավորվող պետությունը կարող է դիմել մեկ այլ Պայմանավորվող պետության, որպեսզի վերջինս վարույթ իրականացնի, ի թիվս այլնի, հետևյալ մեկ կամ մի քանի դեպքերում. (...)
բ. եթե կասկածվող անձը հայցվող Պետության քաղաքացի է կամ ծագումով հայցվող Պետությունից է,
(...)
է. եթե գտնում է, որ չի կարող ապահովվել կասկածվող անձի ներկայությունը հայցող Պետությունում իրականացվող դատաքննությանը, և որ կարող է ապահովվել նրա ներկայությունը դատաքննությանը հայցվող Պետությունում,
ը. եթե գտնում է, որ հնարավոր դատավճիռը կայացնելու դեպքում այն ի կատար չի ածվի նույնիսկ հանձնման մասին խնդրանք ներկայացնելու դեպքում, բայց գտնում է, որ հայցվող Պետությունը կարող է դա անել»:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Եթե Պայմանավորվող պետությունում կասկածվող անձը վերջնականորեն դատապարտվել է, ապա տվյալ Պետությունը կարող է դիմել` սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված մեկ կամ մի քանի դեպքերում վարույթը փոխանցելու համար, եթե միայն ինքը չի կարող ի կատար ածել դատավճիռը, նույնիսկ հանձնման մասին խնդրանք ներկայացնելու դեպքում, և եթե մյուս Պայմանավորվող պետությունը չի ընդունում օտարերկրյա պետության դատավճռի կատարման սկզբունքը կամ հրաժարվում է տվյալ դատավճիռն ի կատար ածելուց»: Նշված կոնվենցիայի 10-րդ, 12-րդ հոդվածներով սահմանվում են նաև դիմումին ընթացք չտալու հիմքերը, իսկ 11-րդ հոդվածով այն դեպքերը, երբ կարող է հայցվող պետությունը մասամբ կամ ամբողջությամբ մերժել խնդրանքի ընդունումը:
5. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված վերոգրյալ միջազգային իրավական ակտերի և քննության առարկա Համաձայնագրի համադրված վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ`
ա) 1972 թվականին ընդունված Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայի ուժով այն բոլոր դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հանցանք կատարի Չեխիայի Հանրապետության տարածքում և հետագայում հայտնվի Հայաստանի Հանրապետությունում, ապա հայցող երկիրը Չեխիայի Հանրապետությունը, կարող է դիմել Հայաստանի Հանրապետությանը` քրեական վարույթ իրականացնելու խնդրանքով` կից (կամ որոշ դեպքերում նաև դրանից հետո) ներկայացնելով քրեական գործի և անհրաժեշտ բոլոր մյուս փաստաթղթերի բնօրինակները կամ հաստատված պատճենները (Կոնվենցիայի 15-րդ հոդվածի առաջին կետ): Ընդ որում խնդրանք ներկայացնելու պահից հայցող Պետությունն այլևս իրավունք չունի կասկածվող անձի նկատմամբ հետապնդում իրականացնել խնդրանքի առարկա հանցագործության համար կամ ի կատար ածել որոշում, որը Չեխիայի Հանրապետության տարածքում նախկինում կայացվել է տվյալ անձի նկատմամբ տվյալ հանցագործության համար: Մինչև հայցվող Պետության, կոնկրետ դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից վարույթ իրականացնելու մասին խնդրանքի առնչությամբ կայացված որոշումն ստանալը հայցող Պետությունը, այսուհանդերձ, իրավունք ունի հետապնդման համար ձեռնարկել բոլոր քայլերը` բացառությամբ գործը դատարան ներկայացնելու կամ թույլատրելու, որ իրավասու վարչական մարմինը գործի վերաբերյալ որոշում կայացնի (Կոնվենցիայի 21-րդ հոդվածի առաջին կետ):
բ) նույնիսկ Չեխիայի Հանրապետությունում վերջնական դատավճռով դատապարտվելու պարագայում Հայաստանի Հանրապետությունում հայտնվելու դեպքում «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով Հայաստանի Հանրապետության քաղաքացին չէր հանձնվի այլ պետությանը, միևնույն ժամանակ, սակայն, այդ պարագայում Չեխիայի Հանրապետության պահանջով Հայաստանի Հանրապետությունում գործը կարող էր ներկայացվել իրավասու մարմիններին անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար:
Ընդ որում այս պարագայում Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը Չեխիայի Հանրապետությունում չէր հրաժարվել իր դատական քննությանը (նիստին) մասնակցելու իրավունքից, սակայն, օրինակ, օբյեկտիվ, իր կամքից անկախ պատճառներով չէր կարողացել ներկա գտնվել այդ երկրում իր գործի դատական քննությանը, իր բացակայությամբ դատավճռի կայացումից հետո Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ունենում էր, այդ թվում նաև վերը նշված միջազգային իրավական փաստաթղթերից բխող Հայաստանի Հանրապետությունում գործի` իր մասնակցությամբ քննության, այդ թվում դատական քննության (նիստին) մասնակցության իրավունք:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ դատական քննության (նիստին) մասնակցելու իրավունքից հրաժարված չլինելու (գործի քննությանը չի մասնակցել օբյեկտիվ, իր կամքից անկախ պատճառներով, գործի քննության չմասնակցությունը չի հետապնդել դատական քննությունից խուսափելու նպատակ և այլն) և իր բացակայությամբ Չեխիայի Հանրապետությունում վերջնական դատավճռի կայացման դեպքում Հայաստանի Հանրապետությունում հայտնվելու պարագայում քննության առարկա Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների, ինչպես նաև 13-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումների ուժով արդեն սահմանափակվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու արդար դատական քննության իրավունքի տարր գործի դատական քննությանը (նիստին) մասնակցության իրավունքը, քանի որ այդ դեպքերում Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո այլևս բացառվելու է Հայաստանի Հանրապետությունում գործի քննության հնարավորությունը, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ դեպքում զրկվելու է դատական քննությանը (նիստին) մասնակցելու իրավունքից:
Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Համաձայնագրի 13-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված` մինչ դրա ուժի մեջ մտնելը կայացված վերջնական դատավճիռների ճանաչման և կատարման մասին հարցումների վրա տարածելու վերաբերյալ իրավակարգավորումների կիրարկումը կարող է ստեղծել իրավիճակ, երբ անձի իրավունքները սահմանափակող իրավական ակտին կտրվի հետադարձ ուժ, ինչն էլ իր հերթին հակասության մեջ կմտնի Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումների հետ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը բազմիցս ընդգծել է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժն արգելող սահմանադրական դրույթի նշանակությունը` նշելով, որ այդ իմպերատիվ արգելքը «... հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա։ Նման պարտավորություն է նաև ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով» (2008 թվականի հունվարի 15-ի ՍԴՈ-723)։ Այդ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքից պետության համար ծագում է պարտականություն երաշխավորելու հիմնական իրավունքների առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը։
Մեկ այլ գործով Սահմանադրական դատարանը, վերլուծելով վիճարկվող դրույթի` Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը, արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «Հասարակական հարաբերությունների այդպիսի ընդհանուր սկզբունքով կարգավորումը կանխատեսելի է և իրավաչափ, քանի որ իրավահարաբերությունների սուբյեկտները օժտված լինելով փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով և ժամանակի մեջ դրանք գործադրելու իրավազորությամբ, ունակ են ձևավորել նորմատիվ պահանջներին համարժեք լեգիտիմ ակնկալիքներ և դրսևորել համապատասխան վարքագիծ, որը, որպես կանոն, հաջորդում է նախապես կանխորոշված այս կամ այն փաստի ծագմանը (առաջացմանը): Այլ է իրավահարաբերությունների բովանդակությունն այն դեպքերում, երբ օբյեկտիվ պատճառներով առաջացած փաստերի հիմքով այնպես է փոխվում դրանք կարգավորող նորմերի բովանդակությունը, որ անձը, գործելով արդեն իսկ օրենքով կարգավորված հարաբերությունների շրջանակներում, ունենալով որոշակի իրավունքներ և պարտականություններ, օրենքի (նորմի) փոփոխման պատճառով հայտնվում է համեմատաբար ավելի վատթար իրավական վիճակում ...:
(...)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում, ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից, անհրաժեշտ է իրավական ակտի փոփոխության կամ լրացման արդյունքում նոր իրավակարգավորումները ժամանակի մեջ և անձանց նկատմամբ գործողության մեջ դնելու այնպիսի կանոնների պահպանումը, որոնց գործադրմամբ երաշխավորվեն նրանց իրավունքների իրացման իրավաչափ պայմաններ: Դա Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում առավել կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ խնդիրն առնչվում է հնարավոր փոփոխությունների արդյունքում անձի իրավունքների իրացման պայմանների վատթարացմանը (խստացմանը)» (2018 թվականի դեկտեմբերի 18-ի ՍԴՈ-1437)։
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Վիեննայի 1969 թվականի Միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիայի 28-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի կողմերը կարող են դրա գործողությանը տալ հետադարձ ուժ։ Սակայն նման պայմանագրերի ներպետական վավերացման ընթացակարգը պետք է հիմնվի Սահմանադրությամբ ամրագրված և միջազգային ճանաչում ունեցող համընդհանուր սկզբունքների վրա, որոնք բխում են յուրաքանչյուր անհատին բնութագրական մարդկային արժանապատվությունից, իրավական որոշակիության սկզբունքից, ինչպես նաև պետք է ապահովի այդ սկզբունքների ու ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի պահանջների ներդաշնակ համաձայնեցվածությունը։
6. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքին, որ տարբեր միջազգային կառույցների կողմից տարբեր ժամանակներում մշակվել են խնդրո առարկա իրավահարաբերությունները կարգավորող ուղենիշային սկզբունքներ պարունակող ուղենիշային փաստաթղթեր: Մասնավորապես. Ա. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հաստատել է իրավական օգնության ոլորտում պետությունների համագործակցության մի շարք մոդելային պայմանագրեր: Դրանցից է, օրինակ, 1990 թվականի դեկտեմբերի 14-ի 45/116 բանաձևով հաստատված «Հանձնման մասին մոդելային պայմանագիրը», որի 3-րդ հոդվածի f) կետով հանձնման մերժման իմպերատիվ հիմք է սահմանվել այն դեպքը, երբ «դատական որոշումը Հայցող պետությունում կայացվել է is absentia, դատապարտյալ անձը չի ունեցել բավարար հնարավորություն իր պաշտպանությունն ապահովելու համար, և նա չուներ կամ չի կարող ունենալ իր ներկայությամբ գործի կրկնակի լսումներ անցկացնելու հնարավորություն»:
Բ. Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 1973 թվականի «Մեղադրյալի բացակայությամբ անցկացվող դատաքննությունը կանոնակարգող չափորոշիչները» թիվ (75)11 բանաձևում[1] ամրագրված սկզբունքների համաձայն`
«4. Առանց մեղադրյալի մասնակցության դատաքննության անցկացումն անթույլատրելի է, եթե հնարավոր է և ցանկալի է գործը փոխանցել այլ պետություն կամ դիմել այլ պետության էքստրադիցիայի պահանջով:
(...)
7) յուրաքանչյուր ոք, ում գործը քննվել է իր բացակայությամբ, պետք է հնարավորություն ունենա բողոքարկել դատավճիռը` օգտագործելով այն բոլոր հնարավոր միջոցները, որը նա կունենար, եթե դատաքննությունն անցկացվեր իր մասնակցությամբ,
(...)
9) անձը դատական ակտի վերանայման իրավունք ունի այն դեպքում, երբ նա սահմանված կարգով ծանուցված է եղել, և գործը քննվել է իր բացակայությամբ, սակայն եթե նա կարող է ապացուցել, որ չներկայանալու և դատավորին այդ մասին տեղյակ չպահելու պատճառները եղել են իր հնարավորության սահմաններից դուրս»:
7. Բացի դրանից, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ, եթե այլ պետության տարածքում հանցանք կատարած այլ պետության քաղաքացին (քաղաքացիություն չունեցող անձը) հայտնվի Հայաստանի Հանրապետությունում և Հայցող պետությունում նրա բացակայությամբ կայացվի վերջնական դատավճիռ, ապա այդ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրության երրորդ գլխի երրորդ հոդվածի 1-ին կետի դրույթները, համաձայն որոնց` «Եթե մի Պայմանավորվող կողմը դիմում է մյուս Պայմանավորվող կողմին` խնդրելով իրեն հանձնել անձին` վերջինիս նկատմամբ ի կատար ածելու համար պատիժ կամ կալանք, որը նշանակվել է նրա բացակայության պայմաններում կայացված դատավճռով, ապա Հայցվող կողմը կարող է հրաժարվել այդ նպատակով անձին հանձնելուց, եթե համարում է, որ վճռին հանգեցնող վարույթում չեն ապահովվել պաշտպանական նվազագույն իրավունքները, որոնք ճանաչվում են պատշաճ կերպով, յուրաքանչյուրի համար, ում նկատմամբ հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել»: Ըստ նույն դրույթի` «Այսուհանդերձ, հանձնումը թույլատրվում է, եթե Հայցող կողմը տալիս է երաշխիք, որը բավարար է` երաշխավորելու պահանջվող անձի գործով կրկնակի դատավարության իրականացումը` ապահովելով նրա պաշտպանության իրավունքը»: Ըստ վկայակոչված Արձանագրության այդ որոշումը «...Հայցող կողմին լիազորում է կամ ի կատար ածել կայացված դատավճիռը, եթե դատապարտված անձը չի առարկում, կամ, եթե առարկում է, վարույթ իրականացնել հանձնված անձի նկատմամբ»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ ի տարբերություն այլ պետության քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հանձնելու պահանջը նրա քաղաքացիության հիմքով կմերժվի և/կամ չի կարող բավարարվել` ի թիվս այլնի, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիային միանալիս Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ չի հանձնի իր քաղաքացուն:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերը նկարագրված իրավիճակում Չեխիայի Հանրապետությունում հանցանք կատարած ՀՀ քաղաքացին դատական քննության (նիստին) մասնակցելու իրավունքից հրաժարված չլինելու և Հայաստանի Հանրապետությունում հայտնվելու պարագայում, քննության առարկա Համաձայնագրի գործողության պարագայում, ընդհանրապես զրկված կլինի դատական քննության (նիստին) մասնակցելու իրավունքից (ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հանձնելու, ինչպես նաև Չեխիայի Հանրապետությունում կայացված վերջնական դատավճիռը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից վերանայելու հնարավորությունների բացակայությամբ (Համաձայնագրի 9-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 49914-րդ հոդվածի 5-րդ մաս)) ի տարբերություն այլ երկրների քաղաքացիների (քաղաքացիություն չունեցող անձանց), որոնք չեն զրկվում այդ իրավունքից. դրա իրացումը հնարավոր է լինում ապահովել հայցող պետությանը Հայաստանի Հանրապետության կողմից նրան հանձնելով և հայցող պետությունում կրկնակի դատավարություն իրականացնելու միջոցով («Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրության երրորդ գլխի երրորդ հոդվածի 1- ին կետ):
Այսպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավակարգավորումների կիրարկման դեպքում նույն կարգավիճակում գտնվող Չեխիայի Հանրապետությունում դատապարտված և Հայաստանի Հանրապետությունում հայտնված անձինք, կախված քաղաքացիությունից և դրանով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության կողմից այլ երկրին հանձնվելու հնարավորության առկայությունից/բացակայությունից, դատական քննությանը (նիստին) մասնակցելու իրավունքից հրաժարված չլինելու և իրենց բացակայությամբ Չեխիայի Հանրապետությունում կայացված դատավճիռների դեպքում դատական քննությանը (նիստին) մասնակցելու իրավունքից մի դեպքում զրկված են լինելու, մյուս դեպքում ոչ:
Սահմանադրական դատարանի գնահատմամբ վերոգրյալ իրավիճակում նույն կարգավիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ երկրների քաղաքացիների (քաղաքացիություն չունեցող անձանց) իրավունքների այդպիսի տարբերակումը որևէ կերպ արդարացված համարվել չի կարող:
8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննության առարկա Համաձայնագրով նախատեսված հետադարձ ուժի դրույթն իր վատթարացնող բովանդակությամբ վտանգում է հիմնական իրավունքների առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների կենսագործումը և դրանով իսկ հակասում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքին։ Բացի դրանից, Համաձայնագրի կիրարկման հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլ երկրների քաղաքացիների (քաղաքացիություն չունեցող անձանց) համեմատ հայտնվելու են անհավասար իրավավիճակում, դատական քննության (նիստին) մասնակցելու իրավունքից հրաժարված չլինելու և Հայաստանի Հանրապետությունում հայտնվելու պարագայում իրենց բացակայությամբ Չեխիայի Հանրապետությունում վերջնական դատավճռի կայացման դեպքում զրկված են լինելու դատական քննությանը (նիստին) մասնակցելու իրավունքից ի տարբերություն այլ երկրների քաղաքացիների (քաղաքացիություն չունեցող անձանց)»:
Անհատական (ֆիզիկական և իրավաբանական անձանց) դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
2022 թվականին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 121 դիմում, որոնցից 94-ը ֆիզիկական անձանցից, 27-ը իրավաբանական անձանցից։ Անհատական դիմումներից 19-ը չեն համապատասխանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով դիմումին ներկայացվող պահանջներին և Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից վերադարձվել են դիմողներին: Նշված 19 դիմումներից 14-ը համապատասխանեցվել են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով դիմումին ներկայացվող պահանջներին և վերստին ներկայացվել են Սահմանադրական դատարան, իսկ 5-ը կրկին ներկայացվել են Սահմանադրական դատարան, սակայն համապատասխանեցված չեն եղել դիմումին ներկայացվող պահանջներին, որի հետևանքով Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից վերադարձվել են դիմողներին։
Դատական կազմերն ստացել են 116 անհատական դիմումներ (քաղաքացիների և իրավաբանական անձանց): Դատական կազմերի որոշումներով քննության են ընդունվել 5 անհատական դիմումներ, մերժվել 62-ը։
2022 թվականին դատական կազմերի կողմից քննվել և որոշումներ են կայացվել նաև 2021 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված 2 անհատական դիմումների ընդունելիության հարցի վերաբերյալ 18.01.2022թ․ ՍԴԴԿՈ-1, 27.01.2022թ․ ՍԴԴԿՈ- 2:
3 անհատական դիմումների ընդունելիության հարցի քննությունը փոխանցվել է 2023 թվական:
46 դիմումների ընդունելիության հարցի քննարկումը փոխադրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ: Նշված 46 դիմումներից 8-ն ընդունվել են քննության, 35-ը մերժվել, իսկ 3-ը մասամբ ընդունվել, մասամբ մերժվել:
Այսպիսով 2022 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանի կողմից քննության են ընդունվել 16 անհատական դիմումներ:
Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված 16 անհատական դիմումների հիման վրա 4 գործերի վարույթներ Սահմանադրական դատարանի 07.06.2022թ․ ՍԴԱՈ-97, 13.12.2022թ․ ՍԴԱՈ-206, 20.12.2022թ․ ՍԴԱՈ-209, 26.12.2022թ․ ՍԴԱՈ-217 աշխատակարգային որոշումներով կարճվել են։ 2022 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված և աշխատակարգային որոշումներով քննության ընդունված 3 անհատական դիմումներ մերժվել են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքով:
Անհատական դիմումների հիման վրա քննության ընդունված 4 գործի դատաքննություն նշանակվել է 2023 թվականին:
2022 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված և քննության ընդունված 1 անհատական դիմումով գործի վարույթը կասեցվել է 14.06.2022թ. ՍԴԱՈ-107 աշխատակարգային որոշմամբ:
2022 թվականին կասեցվել են նաև 2020 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված և քննության ընդունված 1 անհատական դիմումով, ինչպես նաև 2021 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված և քննության ընդունված 2 անհատական դիմումներով գործերի վարույթները 14.01.2022թ. ՍԴԱՈ-8, 26.04.2022թ. ՍԴԱՈ-77, 02.12.2022թ. ՍԴԱՈ-201 աշխատակարգային որոշումներով: 2021 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումներից 7-ի վերաբերյալ որոշումներ, այդ թվում աշխատակարգային որոշումներ, կայացվել են 2022 թվականին 29.03.2022թ. ՍԴՈ-1645, 26.12.2022թ. ՍԴՈ-1675, 26.12.2022թ. ՍԴԱՈ-211, 20.01.2022թ. ՍԴԱՈ-14, 01.02.2022թ. ՍԴԱՈ-18, 15.02.2022թ. ՍԴԱՈ-28, 22.03.2022թ. ՍԴԱՈ-59, 14.06.2022թ. ՍԴԱՈ-106: Անհատական դիմումների հիման վրա 2022 թվականի ընթացքում Սահմա- նադրական դատարանում քննության առնված 4 գործերով Սահմանադրական դատարանն ընդունել է հետևյալ որոշումները.
1. «Պարգև Առաքելյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1660 որոշմամբ 2022 թվականի հուլիսի 12-ին որոշել է․
«1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի փաստացի տիրապետման կամ կառավարման, այդ թվում իր հաշվին գույքը պահպանելու ծախսեր կատարելու միջոցով, ժառանգության ընդունման եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության դեպքում»:
Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ժառանգության իրավունքի երաշխավորման սահմանադրաիրավական պահանջը պոզիտիվ պարտականություն է ստեղծում պետության համար նախատեսելու պատշաճ համակարգ, որը կապահովի ժառանգատուի գույքը ժառանգաբար փոխանցելու հնարավորություն: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությունը երաշխավորում է նաև անձի իրավունքը իր հայեցողությամբ տնօրինելու իր սեփականությունը, ապա առաջնային պետք է ապահովվի ժառանգատուի կամահայտնության իրականացումն իրեն պատկանող գույքի ճակատագրի որոշման առումով: Դա ուղղակիորեն բխում է Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված պահանջներից:
Սահմանադրական դատարանը փաստել է, որ ժառանգության իրավունքը, այդ թվում ժառանգների օրինական ակնկալիքի իրավունքն անմիջական կախվածության մեջ է գտնվում ժառանգատուի կամքից: Կտակի առկայության դեպքում ժառանգությունը բաշխվում է կտակարարի կամահայտնությանը համապատասխան, կտակի բացակայության պայմաններում գույքն անցնում է ժառանգներին օրենքով նախատեսված կարգով, ընդ որում ենթադրվում է, որ օրենքով սահմանված կարգը համապատասխանում է ժառանգատուի կամքին, որը չի ցանկացել կամ չի կարողացել արտահայտել իր կամքը կտակի միջոցով: Այսինքն Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի բովանդակությունից բխում է, որ բոլոր դեպքերում ժառանգության բաշխումն իրականացվում է ժառանգատուի կամքին համահունչ մի դեպքում ուղղակի կամահայտնության (կտակի) արդյունքում, մյուս դեպքում կամահայտնության կանխավարկածը հաշվի առնելով:
Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ փաստացի տիրապետման կամ կառավարման միջոցով ժառանգությունն ընդունելու եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքերի համար: Ընդ որում եթե ժառանգը միաժամանակ և´ ըստ կտակի, և´ ըստ օրենքի ժառանգ է, ապա փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով, մասնավորապես գույքի պահմանման ծախսերն իր հաշվին կատարելու միջոցով ժառանգության ընդունման դեպքում սահմանադրաիրավական պահանջներին համահունչ պետք է գործի այն կանխավարկածը, որ ժառանգությունն ընդունվել է ըստ կտակի:
Սահմանադրական դատարանը գտել է, որ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման համար ըստ կտակի ժառանգների իրավունքներին միջամտությունը, նախ, սահմանված չէ օրենքով, երկրորդ այն չի բխում Սահմանադրությամբ ամրագրված հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից: Սահմանադրական դատարանը նշել է, որ ըստ օրենքի ժառանգների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը չի կարող իրավաչափ նպատակ հանդիսանալ ըստ կտակի ժառանգների իրավունքների սահմանափակման համար, քանի որ ըստ օրենքի ժառանգների ժառանգական գույքի նկատմամբ օրինական ակնկալիքը կարող է ի հայտ գալ ըստ կտակի ժառանգների բացակայության պարագայում (այդ թվում երբ ըստ կտակի ժառանգները հրաժարվել են ժառանգությունից, ճանաչվել են անարժան ժառանգներ և այլն):
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ
նախ, ինչպես վիճարկվող, այնպես էլ Օրենսգրքի որևէ դրույթով չի սահմանափակվում ըստ կտակի ժառանգի իրավունքը փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ընդունելու ժառանգությունը,
երկրորդ, Օրենսգրքի տրամաբանությանը համապատասխան ժառանգության ընդունման եղանակներն ընդհանուր են ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության ընդունման համար: Վճռաբեկ դատարանը, իր սահմանադրական առաքելությունից ելնելով, իրավազոր է ձևավորել վիճարկվող դրույթի վերաբերյալ համապատասխան իրավակիրառ պրակտիկա հաշվի առնելով վիճարկվող դրույթի կիրառման առանձնահատկությունները, կապված ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքերի հետ, սակայն ոչ արգելափակել ընդհանրապես վիճարկվող նորմի կիրառման հնարավորությունն ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքերի համար, երրորդ, իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը, միջամտելով ըստ կտակի ժառանգների իրավունքներին, չի հետապնդել սեփականության իրավունքի սահմանափակման համար Սահմանադրությամբ նախատեսված որևէ նպատակ,
չորրորդ, սահմանափակելով փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ըստ կտակի ժառանգների իրավունքները ըստ էության սահմանափակվում են նաև կտակային հանձնարարություններից բխող շահառուների իրավունքները, քանի որ, ըստ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի, սահմանված ժամկետում ըստ կտակի ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու հարցով նոտարին չդիմելու պարագայում չի իրագործվի կտակով նախատեսված պահանջները, այդ թվում կտակային հանձնարարությունները, հինգերորդ, փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակը միայն ըստ օրենքի ժառանգների համար նախատեսելու պարագայում կարող է անտեսվել ժառանգատուի կամահայտնությունը, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ, օրինակ, կտակով ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգները, առավելություն ունենալով ըստ կտակի ժառանգների համեմատ, ժառանգատուի կամքին հակառակ դառնան վերջինիս գույքի սեփականատերեր:
2. «Ռուզաննա Ղազարյանի դիմումի հիման վրա «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2- րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1667 որոշմամբ 2022 թվականի նոյեմբերի 1-ին որոշել է․
«1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ նշված դրույթի իմաստով ծանուցման փոստային առաքման անդորրագիրը փոստային առաքման գործընթացում կազմվող այն փաստաթուղթն է կամ փաստաթղթերի համակցությունը (անկախ փոստային առաքման շրջանակում տվյալ փաստաթղթին տրված անվանումից), որը հնարավորություն է տալիս հաստատել բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը և այն հանձնելու օրը»:
Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման մասին գրավատուի ծանուցման վերաբերյալ իրավակարգավորումները չպետք է կրեն ձևական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն գրավատուի Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի ապահովմանը և պաշտպանությանը:
Սահմանադրական դատարանը փաստել է, որ գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման գործընթացում սեփականության իրավունքի արդյունավետ իրականացման համար գրավատուին պետք է հասանելի լինի նախատեսվող բռնագանձման գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Հետևաբար` օրենսդրությամբ պետք է նախատեսված լինեն այդ տեղեկատվության գրավատուին հասանելիությունն ապահովող համապատասխան երաշխիքներ վերջինիս պատշաճ ծանուցման կառուցակարգի միջոցով։ Ընդ որում` պայմանականորեն կարելի է առանձնացնել բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցմանը վերաբերող երկու տեսակ, այն է 1) բովանդակային և 2) ծանուցման կարգին վերաբերող պահանջներ։ Մի կողմից գրավատուին հասցեագրված բռնագանձման ծանուցումը պետք է լինի բավականաչափ որոշակի, արտահայտի գրավառուի հստակ կամահայտնությունը գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ, չունենա վերացական ձևակերպում, կառուցված չլինի ենթադրությունների հիման վրա, իսկ մյուս կողմից բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավոր լինի հավաստել, որ վերջինս որոշակի պահի հաստատապես կարող էր ծանոթանալ նախատեսվող բռնագանձման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությանը։ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ իրավակիրառ պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որով ծանուցման փոստային առաքման անդորրագիրն ըստ էության նույնացվել է փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրի հետ։
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ այդ դրույթում նշված ծանուցման փոստային առաքման անդորրագիրը չի նույնանում այն անդորրագրի հետ, որը տրվում է ուղարկողին փոստային առաքանու ընդունման ժամանակ, թեև երկու դեպքում էլ օգտագործվում է «անդորրագիր» բառը։ Քննարկվող դրույթի նման մեկնաբանությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագիրը չի պարունակում և չի կարող պարունակել տեղեկություններ ծանուցումը գրավատուին հանձնված լինելու վերաբերյալ, քանի որ հասցեատիրոջը փոստային առաքանու հանձնումը կատարվում է ուղարկողից այդ առաքանու ընդունման համեմատությամբ ավելի ուշ։ Սահմանադրական դատարանը փաստել է, որ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասին պետք է տրվի այնպիսի մեկնաբանություն, որ դրանով նախատեսված բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելը հաստատող, տրամաբանորեն և բովանդակային առումով միմյանց փոխկապակցված այլընտրանքային փաստաթղթերը լինեն իրավական առումով համարժեք: Այսինքն Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասից պետք է բխի, որ դրանով սահմանված բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերն են 1) ծանուցման փոստային առաքման անդորրագիրը. նշված փաստաթուղթը բռնագանձման ծանուցումը փոստային առաքման միջոցով գրավատուին հանձնված լինելը, ծանուցումը վերջինիս կողմից ստացված լինելը հաստատող փաստաթուղթ է կամ փաստաթղթերի համակցություն, որի ներկայացումն իրավասու մարմին հնարավոր է ապահովել, օրինակ, այն դեպքում, երբ բռնագանձման ծանուցումը գրավատուին է ուղարկվել պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ. 2) ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը (այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը). նշված փաստաթուղթը կարող է առկա լինել և իրավասու մարմին ներկայացվել այն դեպքում, երբ բռնագանձման ծանուցումը գրավատուին է հանձնվել այլ ոչ փոստային առաքման եղանակով, այդ թվում գրավառուի կողմից առձեռն հանձնելու միջոցով, և հաստատում է բռնագանձման ծանուցումը գրավատուի կողմից ստացված լինելու հանգամանքը։ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ օրենսդրի կողմից գրավառուի` գրավատուին պատշաճ կարգով ծանուցելու պարտականության ամրագրումը նպատակ է հետապնդում երաշխավորելու գրավատուի իրավունքները, իսկ բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի իրազեկված լինելը հաստատող փաստաթղթի ներկայացումն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին վերջինիս գործնականում հնարավորություն է տալիս ստուգելու, թե արդյոք գրավատուն հնարավորություն ունեցե՞լ է օգտվել իր իրավունքների պաշտպանության մեխանիզմներից։ Հետևաբար` վիճարկվող դրույթին տրված այն մեկնաբանությունը, որով, ըստ էության, հնարավոր է դառնում հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցումը բռնագանձման ծանուցումը գրավատուի կողմից ստացված լինելը հաստատող փաստաթղթի բացակայության պայմաններում, համահունչ չէ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի բովանդակությանը։ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Օրենքի վիճարկվող նորմն իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ կիրառելու հետևանքով գրավատուն զրկվում է ինչպես գրավադրված գույքի բռնագանձումը և դրա իրացումը դադարեցնելու, այնպես էլ բռնագանձման օրինականությունը դատական կարգով վիճարկելու իրավունքներն իրականացնելու հնարավորությունից: Գրավատուի այդ իրավունքների պատշաճ իրականացումը հնարավոր կլինի ապահովել միայն այն պարագայում, եթե Օրենքի վիճարկվող նորմն իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանվի իր սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում, որի համաձայն բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ համարվող ծանուցման փոստային առաքման անդորրագիրը ոչ թե այն անդորրագիրն է, որը տրվում է ուղարկողին փոստային առաքանու ընդունման ժամանակ, այլ փոստային առաքման գործընթացում կազմվող այն փաստաթուղթն է կամ փաստաթղթերի համակցությունը (անկախ փոստային առաքման շրջանակում տվյալ փաստաթղթին տրված անվանումից), որը պարունակում է բավարար տեղեկություններ ծանուցումը գրավատուի կողմից ստացված լինելու վերաբերյալ:
Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացը համակարգային առումով սկսվում է բռնագանձման վերաբերյալ գրավատուի պատշաճ իրազեկման, այն է բռնագանձման ծանուցումը վերջինիս կողմից ստանալու պահից: Այս առումով բռնագանձման ծանուցումը գրավատուի կողմից ստանալու պահն ուղենշային է, քանի որ իրավաչափորեն դրանով է պայմանավորված գրավատուի հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական երաշխիքների իրացման հնարավորությունը, ինչպես նաև այդ համատեքստում բռնագանձման օրինականությունը դատական կարգով վիճարկելու (դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու) համար նախատեսված երկամսյա ժամկետի (բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու օրվան հաջորդող երկամսյա ժամկետի) հաշվարկը: Մինչդեռ Օրենքի վիճարկվող նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ այս հանգամանքն անտեսվել է:
3. ««Լարվար» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1668 որոշմամբ 2022 թվականի նոյեմբերի 15-ին որոշել է․
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2- րդ մասի առաջին պարբերությունը համապատասխանում է Սահմանադրությանը։
2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ գրավ դրված գույքի` արտադատական կարգով բռնագանձման արդյունքում գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին պետք է ներկայացվի նաև գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ գրավառուի հստակ կամահայտնությունն արտահայտող բռնագանձման ծանուցումը հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը»։
Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, գրավառուի համար սահմանելով գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնությամբ նախատեսված լինելու դեպքում գրավադրված գույքն արտադատական կարգով բռնագանձելու հնարավորություն, միաժամանակ նախատեսել է բռնագանձման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության գրավատուին հասանելիության որոշակի երաշխիքներ ելնելով անձի սեփականության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման հնարավորություն ապահովելու անհրաժեշտությունից։
Սահմանադրական դատարանը գրավատուի գրավադրված գույքն արտադատական կարգով բռնագանձելու գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և դրանով պայմանավորված նշված գործընթացի դեմ իր իրավունքների իրավական պաշտպանության մեխանիզմներից օգտվելու համար երաշխիք է համարում Օրենսգրքի 249-րդ հոդվածի 2- րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգավորումը, որով օրենսդիրը հստակորեն ամրագրել է գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավոր պատշաճ ձևով ծանուցելու գրավառուի պարտականությունը։ Նշված իրավակարգավորումից ուղղակիորեն բխում է, որ գրավատուին հասցեագրված բռնագանձման ծանուցումը պետք է լինի բավականաչափ որոշակի, արտահայտի գրավառուի հստակ կամահայտնությունը գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ, չունենա վերացական ձևակերպում, կառուցված չլինի ենթադրությունների հիման վրա։ Նշված եզրահանգման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ բռնագանձման ծանուցումն այն փաստաթուղթն է, որն ստանալով անձը հնարավորություն է ունենում գործնականում իրացնելու իր իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրությամբ նախատեսված իրավական երաշխիքները։ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ բռնագանձման ծանուցումը պետք է ունենա այնպիսի բովանդակություն, որը գրավատուի մոտ կձևավորի համոզմունք, որ բռնագանձման ծանուցումն ստանալուն հաջորդող ժամանակահատվածում իր պասիվ վարքագծի, այն է գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման իրավական երաշխիքներից չօգտվելու անխուսափելի հետևանքը լինելու է գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձումը։ Հակառակ պարագայում, եթե բռնագանձման ծանուցումն ստանալով` գրավատուն չկարողանա հստակ պատկերացում կազմել իր անգործության հետևանքների մասին (օրինակ, արդյո՞ք գրավառուն հաստատակամ է գրավադրված գույքը բռնագանձելու հարցում, արդյոք բռնագանձումն իրականացվելու է դատակա՞ն, թե՞ արտադատական կարգով և այլն), ապա այդ ծանուցումը չի ստեղծի անհրաժեշտ պայմաններ գրավատուի իրավունքների ապահովման իրավական երաշխիքների կենսագործման համար, ուստի չի ծառայի իր նպատակին։ Սահմանադրական դատարանը փաստել է, որ օրենսդրի կողմից Օրենսգրքում գրավատուի համար նախատեսվել են գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը և դրանով պայմանավորված սեփականության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովող անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։ Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը որոշակիության առումով սահմանադրականության խնդիր չի հարուցում և միաժամանակ ապահովում է գրավատուի սեփականության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգ։
Միաժամանակ, հաշվի առնելով անշարժ գույքի նկատմամբ գրավառուի սեփականության իրավունքի գրանցման վարույթում բռնագանձման ծանուցման և այդ ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթի նշանակությունը Սահմանադրական դատարանը փաստել է, որ Օրենքի 40-րդ հոդվածի 1- ին մասին պետք է տրվի այնպիսի մեկնաբանություն, որի համաձայն այդ դրույթով սահմանված փաստաթղթերը, այդ թվում գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը և բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, պետք է ներկայացվեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում իրականացնող մարմին անկախ այն հանգամանքից, թե գրավադրված անշարժ գույքի արտադատական կարգով բռնագանձման հատկապես ի՛նչ ընթացակարգի արդյունքում է այդ գույքը գրավառուն ընդունում ի սեփականություն, և ի՛նչ իրավահաստատող փաստաթղթեր են ներկայացվում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում իրականացնող մարմին։
Ըստ Սահմանադրական դատարանի Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի նման մեկնաբանությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման վարույթին գրավատուն որևէ կարգավիճակով չի ներգրավվում և այդ վարույթի ընթացքում իր դիրքորոշումը հայտնելու հնարավորություն չի ունենում։
Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ գրավադրված անշարժ գույքի արտադատական կարգով բռնագանձման արդյունքում գրավառուի սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ գրավառուի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին են ներկայացվել Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը, այդ թվում գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը և բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, քանի որ տվյալ գործընթացում օրենսդիրը սահմանել է գրավատուի իրավունքների պաշտպանության երաշխիքներ, որոնց իրացումը հնարավոր է միայն բռնագանձման գործընթացի վերաբերյալ վերջինիս ծանուցման դեպքում։ Ընդ որում գրավատուին հասցեագրված, գրավի առարկային կամ գրավով ապահովված պարտավորությանը վերաբերող ցանկացած գրություն (փաստաթուղթ) չի կարող համարվել քննարկվող դրույթի իմաստով բռնագանձման ծանուցում, այլ դրա բովանդակությունը պետք է ուղղակիորեն արտահայտի գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու գրավառուի կամքը, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմինն իրեն վերապահված լիազորություններն իրականացնելու շրջանակում պետք է յուրաքանչյուր դեպքում գնահատի, թե արդյոք կոնկրետ դեպքում ներկայացված փաստաթուղթը գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցում է հաշվի առնելով դրա բովանդակությունը։ Սահմանադրական դատարանը փաստել է, որ Օրենքի վիճարկվող նորմին իրավակիրառ պրակտիկայում տրվել է վերը նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն, որի արդյունքում քննարկվող վարույթի շրջանակում Օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը գրավառուի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը հերքվել է։ Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ կարող է դադարել գրավադրված անշարժ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այն պայմաններում, երբ վերջինս պատշաճ ձևով չի ծանուցվել բռնագանձման գործընթացի վերաբերյալ, ինչի հետևանքով զրկված է եղել այդ գործընթացի դեմ իրավական պաշտպանության մեխանիզմների գործադրման հնարավորությունից։ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Օրենքի վիճարկվող նորմն իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ կիրառելու պայմաններում գրավատուի սեփականության և դատական պաշտպանության իրավունքների իրականացման կարգը չի կարող համարվել արդյունավետ, քանի որ արդյունքում գրավատուն կարող է զրկվել ինչպես գրավադրված գույքի բռնագանձումը և դրա իրացումը դադարեցնելու, այնպես էլ բռնագանձման օրինականությունը դատական կարգով վիճարկելու իրավունքներն իրականացնելու հնարավորությունից: Հետևաբար վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում չեն ապահովվում անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սեփականության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման համար։
4. «Ալբերտ Եդիգարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի մինչև 08.12.2011թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1669 որոշմամբ 2022 թվականի նոյեմբերի 22-ին որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի մինչև 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը»։
Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ քաղաքացիությունը փոխելը քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերից մեկն է, որով անձի և պետության միջև իրավական կապը դադարում է բնորոշ իրավունքներով և պարտականություններով հանդերձ, և որի կենսագործման համար էական նշանակություն ունի անձի այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ձեռք բերելու հանգամանքը: Սահմանադրական դատարանը փաստել է, որ մինչև 14 տարեկան երեխայի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու պահանջն ինքնանպատակ չէ. միտված է երեխայի ապաքաղաքացիությունը բացառելուն:
Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ քաղաքացիությունը երեխայի ինքնության կարևոր կողմն է և կարևորագույն իրավունք է պայմանավորելով երեխայի կողմից այլ իրավունքներից ազատորեն օգտվելու հնարավորությունը: Միաժամանակ, երեխաներն իրենց իրավունքների և ազատությունների խախտումների առնչությամբ ամենախոցելի խումբն են և խիստ սահմանափակ հնարավորություն ունեն ինքնուրույն պաշտպանելու դրանք։ «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի կոնվենցիայում արտացոլված երեխայի լավագույն շահի սկզբունքի ուժով ցանկացած մարմին ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր ոլորտում պարտավոր է գնահատել և հաշվի առնել երեխայի լավագույն շահը որպես առաջնային նկատառում երեխայի քաղաքացիությանը վերաբերող բոլոր գործողություններում կամ որոշումներում, ինչը բազմիցս շեշտվել է նաև կոնվենցիայով նախատեսված Երեխայի իրավունքների կոմիտեի քաղաքացիությանն առնչվող զեկույցներում: Այս սկզբունքի իրացման նպատակով անհրաժեշտ է բավարար երաշխիքներ սահմանել նորմատիվ իրավական ակտերում, հատկապես երեխաների ապաքաղաքացիության վտանգը չեզոքացնելու նպատակով: Սահմանադրական դատարանը փաստել է, որ անձը կարող է իրացնել իր քաղաքացիությունը փոխելու իրավունքը հստակ արտահայտված կամահայտնության և օրենքով սահմանված ընթացակարգի հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչը բխում է համապատասխան սահմանադրաիրավական կարգավորումներից: Օրենքի վիճարկվող իրավակարգավորման բովանդակային վերլուծությունից բխում է, որ այն հատուկ կարգավորում է, քանզի վերաբերում է երեխայի քաղաքացիությանը պայմանավորված ծնողների քաղաքացիությամբ: Նշված իրավակարգավորման առանձնահատկությունն այն է, որ նախատեսում է նյութաիրավական պայմաններ, որոնց առկայության դեպքում երեխան կարող է կորցնել քաղաքացիությունը, այսինքն մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու առնչությամբ օրենսդիրը, հաշվի առնելով երեխայի տարիքը գիտակցական մակարդակով պայմանավորված, նախատեսել է երկու հիմնական պայման երեխայի ծնողների Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորուստ և երեխայի այլ պետության քաղաքացիության ձեռքբերում, ինչով պայմանավորված վիճարկվող իրավակարգավորումը տարբերվում է չափահաս տարիքի հասած անձի քաղաքացիությունը դադարեցնելու պայմաններից (Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է միայն այլ պետության քաղաքացիության ձեռքբերումը): Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վիճարկվող իրավակարգավորման առնչությամբ նյութաիրավական պայմանները հստակ ամրագրված են Օրենքի նորմում, իսկ մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու (փոխելու) ընթացակարգն իրավակիրառ պրակտիկայում բխեցվել է Օրենքի վիճարկվող իրավակարգավորման վերաբերելի այլ իրավակարգավորումների հետ փոխկապակցվածության մեջ դիտարկելու/գնահատելու, համակարգային մեկնաբանության արդյունքում հաշվի առնելով քաղաքացիության ինստիտուտի էությունն ու բովանդակությունը: Հետևաբար Օրենքի վիճարկվող դրույթը սահմանադրականության առումով խնդրահարույց չէ: Նշյալի հաշվառմամբ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասին մինչև 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործողության պայմաններում, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգել է նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխայի (եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը չի դադարում ինքնաշխատ եղանակով, որպիսի մոտեցումը ևս Օրենքի վիճարկվող իրավակարգավորման վերաբերելի այլ իրավակարգավորումների հետ համակարգային մեկնաբանության պայմաններում սահմանադրականության առումով խնդրահարույց չէ:
2021 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված և քննության ընդունված անհատական դիմումների հիման վրա 2022 թվականին Սահմանադրական դատարանում քննության առնված 2 գործերով Սահմանադրական դատարանն ընդունել է հետևյալ որոշումները.
1. ««ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության դիմումների հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1645 որոշմամբ 2022 թվականի մարտի 29- ին որոշել է․
«1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վերջնական դատական ակտը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերանայելու կարգավորումը, բացի անհատական դիմում ներկայացրած անձից, որի դիմումի հիման վրա քննության ընդունված գործի քննության արդյունքում ընդունվել է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, նաև տարածվում է այն անձանց վրա, որոնք թեև չեն դիմել Սահմանադրական դատարան, սակայն իրենց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ ունեցել են նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք։ Այսինքն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված կարգավորումից օգտվելու հնարավորությունը գնահատելու համար բավարար է պարզել, թե արդյոք համապատասխան դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձն ունեցել է նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք, թե ոչ։
Սահմանադրական դատարանը փաստել է, որ օրենսդիրը վիճարկվող դրույթը սահմանել է բավարար հստակությամբ, ուստի անձը ողջամիտ սահմաններում ի վիճակի է կանխատեսել իր վարքագծի հետևանքները և հնարավորություն ունի իր վարքագիծը ներդաշնակեցնել սահմանված կարգավորումներին: Նման պայմաններում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի քննարկվող դրույթը որոշակիության առումով սահմանադրականության խնդիր չի հարուցում։
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ անհատական սահմանադրական դիմում (գանգատ) ներկայացնելու վերջնական նպատակը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` անձի խախտված հիմնական իրավունքների և ազատությունների վերականգնումն է, որն էլ կարող է երաշխավորվել Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա նոր հանգամանքի հիմքով վերջնական դատական ակտերի վերանայման միջոցով:
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով կայացված որոշումների հիման վրա անհրաժեշտ օրենսդրական ընթացակարգերով դատական ակտերի վերանայումը Սահմանադրության գերակայությունը երաշխավորող արդյունավետ միջոց է, հետևաբար նաև սահմանադրաիրավական պահանջ, որն ուղղված է անձանց իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովմանը։ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայության պայմաններում դատական ակտի վերանայման անհրաժեշտությունը բխում է նաև կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության ինստիտուտի էությունից և նշանակությունից։ Ուստի այն դեպքում, երբ անձի նկատմամբ վերջնական դատական ակտը կայացվել է Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթի (ինչպես նաև Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ սահմանադրական ճանաչված, սակայն ըստ Սահմանադրական դատարանի դիմողի նկատմամբ այլ մեկնաբանությամբ կիրառված դրույթի) կիրառմամբ, ապա նշված դեպքի հետևանքը պետք է լինի նոր հանգամանքի հիմքով այդ դատական ակտի վերանայումը օրենքով սահմանված կարգով։ Ուստի Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրի կողմից պետք է նախատեսվեն դրա իրացման համապատասխան կառուցակարգեր։
Սահմանադրական դատարանը փաստել է, որ հնարավոր են իրավիճակներ, երբ անձը, ունենալով կոնկրետ գործով դատարանի վերջնական ակտ և սպառելով դատական պաշտպանության բոլոր միջոցները, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետում (դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի) հնարավորություն չի ունենում Սահմանադրական դատարանում վիճարկել վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման։ Այսպես օրենսդիրը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերի թվին է դասել նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առկայությունը, ինչպես նաև դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննության իրականացումը («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետեր)։
Փաստորեն վերը նշված օրենսդրական արգելքի հետևանքով անձինք կարող են որոշ դեպքերում հնարավորություն չունենալ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնել իրենց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի
սահմանադրականությունը միայն այն պատճառով, որ մեկ այլ սուբյեկտի դիմումի հիման վրա տվյալ հարցի վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի որոշում, կամ մեկ այլ սուբյեկտի դիմումի հիման վրա տվյալ առարկայի վերաբերյալ Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն։ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ որևէ սուբյեկտի կողմից Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքի իրականացումը չպետք է խոչընդոտի Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող անձի իրավունքների պաշտպանությունը։ Հետևաբար, եթե օրենսդիրը կոնկրետ գործով դատարանի վերջնական ակտ ունեցող և դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառած անձին հնարավորություն չի տալիս վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցով դիմել Սահմանադրական դատարան տվյալ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առկայության, ինչպես նաև դիմումի առարկայի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննության իրականացման հիմքերով, ապա այդ անձինք չպետք է կրեն այդ արգելքի բացասական հետևանքները։ Մասնավորապես նրանց համար պետք է ապահովվի Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքի հիմքով վերջնական դատական ակտի վերանայման այն հնարավորությունը, որը կապահովվեր, եթե Սահմանադրական դատարանի որոշումն ընդունվեր նրանց դիմումի հիման վրա քննության ընդունված գործի քննության արդյունքում։
Սահմանադրական դատարանը փաստել է, որ վիճարկվող դրույթից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասից հետևում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն այլ անձի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիման վրա հարուցված գործի քննության արդյունքում ընդունված որոշման հիմքով վերանայելու համար, ի թիվս այլնի, անհրաժեշտ է, որ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանած լինի նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքը։ Փաստորեն Սահմանադրական դատարանում տվյալ գործով դիմող չհանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքի հիմքով վերանայումը հնարավոր չէ, եթե այդ անձը համապատասխան դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ չի ունեցել նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք։ Նշվածից հետևում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում ամրագրված կարգավորումից չեն կարող օգտվել ոչ միայն այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու (դատական պաշտպանության միջոցներն սպառվելու) և Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելու օրվա միջև առկա է վեց ամիսը գերազանցող ժամանակահատված (հաշվի առնելով Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը), այլև այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն մինչև այդ գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումը։
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում ամրագրված կարգավորումների պայմաններում չեն ապահովվում այն ֆիզիկական և իրավաբանական անձանց արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացման անհրաժեշտ կառուցակարգերը, որոնք Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն չեն ունեցել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված կարգավորումների հետևանքով։ Նշվածը հանգեցնում է Սահմանադրության 61-րդ և 63- րդ հոդվածներում ամրագրված պահանջների խախտման։
Միաժամանակ Սահմանադրական դատարանը փաստել է, որ օրենսդիրը սույն գործով վիճարկվող կարգավորումները սահմանելիս մինչև 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշման ընդունումը գործող իրավակարգավորումների համեմատ ընդլայնել է այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը ենթակա են նոր հանգամանքի հիմքով վերանայման դրանում ներառելով նաև այն անձանց, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը։ Այդուհանդերձ, վիճարկվող կարգավորումները նախատեսելիս օրենսդիրը չի իրացրել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտված դիրքորոշումները ամրագրելով այնպիսի դրույթ, որն ըստ էության բացառում է այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի վերանայումը, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ժամկետը։
2. «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19- ին) 40-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1675 որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 26-ին որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ամուսնու կարգավիճակը վարչական դատավարությունում հայցվորի համար ինքնին «շահագրգիռ անձի» անփոփոխ կարգավիճակ չի երաշխավորում, եթե գործի փաստական հանգամանքները կամ կիրառելի իրավունքը բացառում է այն»։
Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձի սեփականության իրավունքին միջամտությունը այն սահմանափակելու ձևով, Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի հետ կարող է համատեղելի լինել, ի թիվս սեփականության սահմանափակման այլ պայմանների առկայության, բացառապես նույն դրույթով նախատեսված երկու սահմանադրական նպատակներից առնվազն մեկը հետապնդելու շրջանակներում հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։
Սահմանադրական դատարանը փաստել է, որ Դիմողի նկատմամբ հարուցված վարչական գործը, ի սկզբանե հարուցված լինելով վիճարկվող նորմի մեկնաբանության և կիրառման արդյունքում հայցվորի «շահագրգիռ անձ» լինելու կանխավարկածի հիման վրա, նպատակ է հետապնդել ապահովելու վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքի վերականգնումը վարչական արդարադատության միջոցով։
Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ վիճարկվող նորմի Դիմողի գործով ստացված մեկնաբանությամբ ձևավորված կանխավարկածի բերումով «շահագրգիռ անձի» ենթադրաբար խախտված իրավունքի վերականգնմանն ուղղված վարույթի հետևանքային ազդեցությունը եղել է (1) Դիմողին իր սեփականության իրավունքից զրկելու միջոցով դրա սահմանափակումը և (2) վիճարկվող գույքի նկատմամբ որևէ այլ անձի սեփականության իրավունքը ծագելու համար Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշմամբ նշված հասցեատիրոջ, այդ թվում հայցվորի հետ, նույնականացման անհնարինությունը։ Նկարագրված իրավական հետևանքին հանգեցրած վարչական դատավարությունը չի հետապնդել Դիմողի գործով հայցվորից բացի որևէ այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակ ևս, քանի որ Դիմողի գործով ներգրավված մյուս երկու համասեփականատերերը Արտյոմ Սարգսյանը և Հասմիկ Աբրահամյանը նման դատավարական պահանջներ առհասարակ չէին ներկայացրել։ Այսինքն սեփականությունից զրկելու եղանակով անձի սեփականության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի համարվել Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանադրական նպատակներից «այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության» հետ, եթե այն չի հետապնդում որևէ անձի իրավունքի կամ ազատության պաշտպանության նպատակ, ինչը և Դիմողի գործով ձևավորված իրավիճակն է ենթադրաբար խախտված իրավունքը կրողի նույնականացման անհնարինության պատճառով։
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը չի տեսել սույն գործում նաև որևէ հանգամանք, որը նրան հիմք կտար եզրահանգելու, որ Դիմողի սեփականության իրավունքի սահմանափակումը հետապնդել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով «հանրության շահերի պաշտպանության» սահմանադրական նպատակին ուղղված իրավական գործընթաց։ Այսինքն Դիմողի գործով վիճարկվող նորմի կիրառումը հանգեցրել է նույն գործով հայցվորի որպես Դիմողի բնակարանի մասնավորեցման պահին Արտյոմ Սարգսյանի գրանցված ամուսնու, «շահագրգիռ անձ» լինելու անվիճարկելի կանխավարկածին, որն անփոփոխ շարունակել էր գործել նույնիսկ այն պայմաններում, երբ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր Դիմողի սեփականության իրավունքի սահմանափակմանը հանգեցրած վարույթի շրջանակներում իրավական շահագրգռվածություն ունեցող անձի նույնականացման օբյեկտիվ անհնարինությունը։
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Դիմողի գործով վիճարկվող նորմի կիրառմամբ դրան տրված մեկնաբանությունը հնարավորություն է ընձեռում սեփականության իրավունքի այնպիսի սահմանափակման, որը համատեղելի չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որևէ սահմանադրական նպատակի հետ, քանի որ այն հավասարապես չի հետապնդել ո΄չ որևէ անձի հիմնական իրավունքի կամ ազատության, ո΄չ էլ հանրության շահերի պաշտպանության նպատակ, քանզի Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի ուժը կորցրած օրենսգրքի 40-րդ հոդվածը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները և դրանց կատարումը
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2022 թվականին Սահմանադրական դատարան է ներկայացվել 4 դիմում, որից 1-ի քննությունը մերժվել է, 1-ով գործի վարույթը կարճվել է, իսկ 2-ի դատաքննությունները նշանակվել են 2023 թվականին: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2022 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 5 գործով Սահմանադրական դատարանը կայացրել է ներքոգրյալ որոշումները, իսկ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դիմողը հետ է վերցրել Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը:
Այսպես.
1. «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ- 1629 որոշմամբ Սահմանադրական դատարանը 2022 թվականի փետրվարի 22-ին որոշել է.
«1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին, 2-րդ պարբերությունները, 3-րդ պարբերության 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը:
2. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 2-րդ կետը և 4-րդ պարբերությունը պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լուծարման համար դատարան դիմելու լիազորության մասով, ճանաչել Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին, 78-րդ հոդվածին հակասող և անվավեր»։
Խնդրո առարկա որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է.«(…) Օրենքի հիմնադրամների լուծարմանը վերաբերող դրույթները հիմնադրամի կարգավիճակով պետական բուհերի համար ոչ միայն չեն ապահովում Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 78-րդ և 80-րդ հոդվածների օրենսդրական երաշխավորումը, այլև օրենքում տեղ են գտել նորմեր, որոնք շեղվում են սահմանադրական կարգավորման տրամաբանությունից։ Մասնավորապես հիմնադրամի լուծարման վերաբերյալ այդ հատուկ իրավադրույթներով առավել պարզեցված է տվյալ կարգավիճակով իրավաբանական անձանց լուծարման ընթացակարգը: Մինչդեռ կոնկրետ դեպքում խնդիրը վերաբերում է Սահմանադրությամբ ինքնակառավարման իրավունքով, ինչպես նաև ակադեմիական և հետազոտությունների ազատությամբ օժտված կառույցին: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ հիմնադրամի կարգավիճակով պետական բուհի կառավարման մարմիններից մեկի հոգաբարձուների խորհրդի գործունեության ընթացքում ծագած «ճգնաժամի» դեպքում օրենքով այնպիսի բացասական հետևանքների նախատեսումը, ինչպիսին է բուհի լուծարումը, կարող է ամրագրվել միայն բացառիկ դեպքերում, ի թիվս այլնի, նաև սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ»:
2. «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1639 որոշմամբ 2022 թվականի մարտի 15-ին որոշել է. «1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:
ՍԴՈ-1639 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործող օրենսդրական կարգավորումները միտված են սահմանադրաիրավական վեճի քննության ընթացքում դատավորների ձայների հավասարության դեպքում Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելու անհնարինության իրավիճակի լուծմանն այն հաշվառմամբ, որ առկա իրավական կառուցակարգերի պայմաններում երաշխավորվում է Սահմանադրությամբ նախատեսված իրավասու սուբյեկտների նույն սահմանադրաիրավական վեճի կապակցությամբ կրկին սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքը: Ավելին, Սահմանադրական դատարանը հարկ է համարել նկատել, որ նորմի սահմանադրականության որոշման խնդրանքով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող որոշ սուբյեկտների համար (օրինակ` ֆիզիկական և իրավաբանական անձանց) Օրենքով հատկորոշված են հստակ ժամկետներ, հետևաբար` ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունվելու պարագայում նույն հարցի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելիս նշված խումբ սուբյեկտները սահմանափակվելու են հիշյալ ժամկետների իմպերատիվ պահանջով, որպիսի պարագայում սահմանադրական արդարադատության իրավունքը, այնուամենայնիվ, պետք է գերակայի երաշխավորելով դրա անխոչընդոտ իրացումը: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ խնդրի լուծումն առավելապես ենթադրում է օրենսդրական կանոնակարգումներ, որպիսի հարցն օրենսդիր մարմնի տիրույթում է և չի առնչվում սույն գործով խնդրո առարկա դրույթի սահմանադրականությանը:
«Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական հավասարակշռություն ապահովելու նպատակով վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունվելու դեպքում դիմումը մերժված համարելու իրավակարգավորումը չի խաթարում Սահմանադրությամբ երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքը, քանի որ Սահմանադրությամբ նախատեսված իրավասու սուբյեկտները զրկված չեն նույն ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան կրկին դիմելու և դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կայացված վերջնական ակտ ստանալու իրավունքից, ինչի հիմքում ընկած է նորմերի սահմանադրականության կանխավարկածն ու սահմանադրաիրավական պատվիրանն առ այն, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ որոշումները Սահմանադրական դատարանի կողմից ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, որպիսի կերպով ընդունված որոշումն է միայն արտահայտում քննարկվող հարցի առնչությամբ կոլեգիալ մարմնի իրական կամքն ու ապահովում Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության բարձր մակարդակը»:
3. «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը 2022 թվականի մարտի 22-ին կայացրած ՍԴՈ-1644 որոշմամբ որոշել է.
«1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը Սահմանադրական դատարանի հետևյալ մեկնաբանությամբ, որ
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի մինչև պատգամավորի
լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համաձայնություն տալու հարցի քննության և լուծման գործընթացում այդ անձանց ընտրվելու իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման առումով անհրաժեշտ է, որ
ա) երաշխավորվի տվյալ գործընթացին անձի մասնակցությունը,
բ) ապահովվի անձի լսված լինելու իրավունքը,
գ) անձին ընձեռվի ընտրվելու իր իրավունքի սահմանափակումը հիմնավորող փաստաթղթերին և նյութերին ծանոթանալու, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու հնարավորություն»:
Վերոհիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լուծվող հարցերի բնույթից էլ ինքնին բխում է, որ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում տեղ չեն գտնում և չեն կարող տեղ գտնել քրեական մեղադրանքի, (հետևաբար նաև) պաշտպանության գործառույթները: «Սահմանադրական դատարանը, միաժամանակ գնահատելով իրավակիրառական պրակտիկան, արձանագրում է, որ ընդհանուր առմամբ, այն զարգացել է սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին համահունչ տրամաբանությամբ, այն է պատգամավորի թեկնածուներն ունեցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգին մասնակցելու հնարավորություն, նրանց տրվել է նյութերին ծանոթանալու իրավունք և նշված ընթացակարգի շրջանակներում ապահովվել է լսվելու իրավունքը։
Բացի դրանից, անգամ անձեռնմխելիությունից զրկվելու պարագայում պատգամավորի թեկնածուները չեն զրկվել պասիվ ընտրական իրավունքից, հետևաբար քրեական հետապնդման հարուցմամբ և/կամ պատգամավորի թեկնածուների ազատությունից զրկմամբ (կալանավորմամբ) պատգամավորի թեկնածուների պասիվ ընտրական իրավունքի հնարավոր փաստացի սահմանափակումները չեն կարող համարվել իբրև ընտրական իրավունքի բուն էությունը խաթարող»:
4. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով իր ՍԴՈ-1646 որոշմամբ Սահմանադրական դատարանը 2022 թվականի ապրիլի 29-ին որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը»:
Սույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պետությունը պարտավոր է մշակել և իրականացնել միասնական իրավական քաղաքականություն ուղղված պետական անվտանգությանն ու հասարակական կարգին, առողջությանը և բարոյականությանը կամ այլոց պատվին ու բարի համբավին, այլ հիմնական իրավունքներին և ազատություններին սպառնացող արատավոր երևույթների վերացմանը կամ առնվազն էական նվազեցմանը: Այս ուղղությամբ պետությունը պետք է օգտագործի իր ողջ ներուժը խելամտորեն զուգորդելով համոզման և հարկադրանքի մեթոդները, կիրառի օրինական և պիտանի միջոցներ վերականգնելու խախտված ներդաշնակությունը: Այս առումով առավել խրախուսելի և կայուն է պետության կողմից իրականացվող գաղափարական-դաստիարակչական միջոցների գործադրումը, ուստի պետությունը պետք է համոզման մեթոդի ողջ հնարավորություններն օգտագործի երկարաժամկետ առումով խնդիրը կարգավորելու համար: Հաշվի առնելով խնդրո առարկա հարցի կարևորությունն ու հրատապությունը օրենսդիրը նախընտրել է ծանր վիրավորանքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմը:
Ավելին, «Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ցանկացած իրավադրույթի, հատկապես գնահատողական հասկացություններ պարունակող, նորմատիվ բովանդակության սահմանադրականությունն ինքնին չի բացառում նորմի իրավակիրառ պրակտիկայում հակասահմանադրական մեկնաբանությունն ու կիրառումը: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ հայհոյանքի կամ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանքի առկայության կամ բացակայության, ինչպես նաև արարքը որակյալ հանցակազմով որակելու հարցը, ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից, իրավակիրառ պրակտիկայի, այսինքն վարույթն իրականացնող մարմնի, այդ թվում եռաստիճան դատական համակարգի գնահատման տիրույթում է: Իրավակիրառ և դատական մարմինները պետք է առաջնորդվեն վիճարկվող դրույթի որակման միասնական պրակտիկա ձևավորելու հրամայականով, ինչը կնպաստի իրավական կանխատեսելիության բարձրացմանը և վերացական հասկացությունների գնահատման հայեցողության սահմանների հստակեցմանը»։
5. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 9.1-ին հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1655 որոշմամբ 2022 թվականի հուլիսի 1-ին որոշել է.
«1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 9.1-ին հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը»:
Սույն գործով Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է համարել նշել. «(...) չնայած պետական տուրքի դրույքաչափերի սահմանման` օրենսդրի լայն հայեցողությանը, այնուամենայնիվ, այդպիսիք իրավական պետությանը և վերջինիս հատկանիշ իրավունքի գերակայությանը հարիր կարող են համարվել, եթե դրանք լինեն համաչափ, արդարացի ու հիմնավորված, հաշվի առնեն և ապահովեն, որ` արդարադատության իրականացումը չպայմանավորվի և կանխորոշվի զուտ անձի գույքային հնարավորություններով կամ դրությամբ,
դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար պետական տուրք վճարելու պայմանի սահմանումը չհետապնդի սոսկ ֆինանսական կայուն միջոցներ կամ եկամուտ ստանալու նպատակ, և որ արդարադատության իրականացման պայման չդիտարկվի առաջացած ծախսերն ամբողջապես և բացառապես անձանցից գանձելը (ստանալը), պետական տուրքի դրույքաչափը սահմանելիս պահպանվեն պետության կողմից ծառայության համար կատարված ծախսի և դրա դիմաց գանձման ենթակա եկամտի միջև ողջամիտ հարաբերակցությունը և համարժեքությունը»:
Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ պետական տուրքի առնչությամբ կարգավորումները, ներառյալ ներկայիս գործող դրույքաչափերը, պարբերաբար պետք է Ազգային ժողովի և իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում լինեն ապահովելու անձանց դատական պաշտպանության իրավունքի անխոչընդոտ իրացումը հաշվի առնելով վերջիններիս սոցիալական ու գույքային դրությունն ու այն պայմանավորող գործոններն և իրողությունները։ Ավելին, պետական տուրքի դրույքաչափերի շարունակական աճի միտումը խրախուսելի չէ. հնարավորության դեպքում դրանք պետք է նաև նվազեն որպես իրավական պետությանը բնորոշ անքակտելի գործելակերպ։
ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Ա. ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ.
Դատարանների կողմից ներկայացված դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանում քննության առնված 2 գործի վարույթ 2022 թվականի ընթացքում կարճվել է, որոնց շրջանակներում Սահմանադրական դատարանն արտահայտել է ներքոգրյալ իրավական դիրքորոշումները.
1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2022 թվականի փետրվարի 15-ին ընդունված ՍԴԱՈ-33 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Կառավարության «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» 2014 թվականի օգոստոսի 28-ի թիվ 895-Ն որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածով սահմանված կարգի կիրառմամբ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները բավարարող հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձի, հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի և մյուս կողմից «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանները բավարարող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնից ազատված ծառայողի կենսաթոշակի հաշվարկման կարգերի միջև տարբերության բացակայությունը հերքում է Դիմողի իր վարույթում գտնվող վարչական գործով հայցվորի նկատմամբ տարբերակված մոտեցման մասին պնդումը։
Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դիմողի կողմից դիմումում ներկայացված իր վարույթում գտնվող վարչական գործով հայցվորի նկատմամբ վիճարկվող իրավադրույթների կիրառման դեպքում տարբերակված վերաբերմունքի վերաբերյալ մտահոգությունները փարատված են, ապա բացակայում է սույն գործով սահմանադրաիրավական վեճը, որի առկայությունը Սահմանադրական դատարանում գործի քննության ենթակա լինելու անհրաժեշտ պայման է»:
2. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ- դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման`
Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2022 թվականի ապրիլի 15-ին ընդունված ՍԴԱՈ-74 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ «(…) դիմողի ներկայացրած հիմնավորումները, որոնք անփոփոխ են մնացել նաև սույն գործով ստացված տեղեկությունների և այլ նյութերի առկայության պարագայում, չեն բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները»:
Բ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ.
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2022 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 4 գործի վարույթ կարճվել է, որոնց շրջանակներում Սահմանադրական դատարանն արտահայտել է ներքոգրյալ իրավական դիրքորոշումները.
1. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին Սահմանադրական դատարանի կողմից 2022 թվականի մարտի 29-ին ընդունված ՍԴԱՈ-62 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների շարքում իր ուրույն կարգավիճակն ունի Մարդու իրավունքների պաշտպանը որպես մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևելու, խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու բարձր առաքելություն ունեցող պաշտոնատար անձ: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին սահմանադիրը Սահմանադրական դատարան դիմելու բացարձակ հայեցողություն չի վերապահել, այլ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով ամրագրել է վերջինիս Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը այդպիսով կանխորոշելով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող սահմանադրաիրավական վեճի առարկան և շրջանակը, որոնք հանգում են օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին ենթադրյալ անհամապատասխանության վերաբերյալ հարցերին:
Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը փաստում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում իրավասու է Սահմանադրական դատարանում բարձրացնել բացառապես վերը հիշատակված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության ստուգման հարց դրանց ենթադրյալ հակասահմանադրականության հիմքում դնելով Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին ուղղակիորեն հակասելու պատճառահետևանքային կապի հստակ հիմնավորումը»:
2. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2022 թվականի հունիսի 7-ին ընդունված ՍԴԱՈ-103 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «Որպես իր վերոնշյալ առաքելության իրականացման կարևորագույն երաշխիք Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է Սահմանադրական դատարան դիմելու իրավասությամբ, որի իրացման շրջանակներում կարող է բարձրացնել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանության հարցը Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին։ Սահմանադրական դատարանի գնահատմամբ վերոնշյալ կարգավորումն առանցքային կարևորություն է ներկայացնում ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը հետևելու գործառույթի արդյունավետ իրացման, այլև Սահմանադրական դատարան դիմելու իրավասության սահմանները հստակեցնելու առումով:
(…)
(…) Սահմանադրական դատարանը փաստում է, որ յուրաքանչյուր դեպքում սահմանադրական համապատասխան լիազորությունն իրացնելիս Մարդու իրավունքների պաշտպանը կաշկանդված է սահմանադրի կողմից նախանշված սահմանադրական արդարադատություն հայցելու համապատասխան պահանջներով, որպիսիք պահպանելու հարցում հետևողական մոտեցում ցուցաբերելը բարձրացված սահմանադրաիրավական խնդրի Սահմանադրական դատարանում քննության առարկա դառնալու և այդպիսով սահմանադրական արդարադատության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման գրավականն է»:
Հետազոտության առարկա դարձնելով դիմողի ներկայացրած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ նախ դիմողը չի ներկայացրել բավարար հիմնավորումներ առ այն, որ վիճարկվող կարգավորումներն անմիջականորեն հանգեցնում են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 52-րդ հոդվածով երաշխավորված Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի խախտման կամ սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմողի կողմից վկայակոչված փաստարկներն առավելապես վերաբերելի են Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող լիազորությունների և վերջինիս գործունեության երաշխիքների վիճարկվող կարգավորումների համատեքստում ենթադրյալ հակասությանը, որպիսիք դուրս են Սահմանադրության 2-րդ գլխի կարգավորման տիրույթից և գլխավորապես ամրագրված են Սահմանադրության 10-րդ գլխով (191 և 193-րդ հոդվածներ), ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով, մինչդեռ սահմանադիրը դիմողին իրավասություն է վերապահել դիմել Սահմանադրական դատարան համապատասխան նորմատիվ իրավական ակտերի բացառապես Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված դրույթներին համապատասխանության հարցով:
3. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի և դրա Հավելված 1-ի 19-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2022 թվականի սեպտեմբերի 6-ի ՍԴԱՈ-143 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է. «Դիմումի ինչպես մեջբերված հատվածի, այնպես էլ դրա ընդհանուր ուսումնասիրությունից ելնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը, ձևականորեն բարձրացնելով վիճարկվող դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարց, առաջ է քաշում վիճարկվող դրույթ(ներ)ի իրավակիրառ պրակտիկայում կիրառման իրավաչափության, ինչպես նաև դատարանների նախագահների կողմից այդ դրույթ(ներ)ի կիրառման արդյունքում ենթադրյալ իրավախախտումների, այդ թվում նաև ենթադրյալ հանցագործությունների կատարման հարց, որոնցով քրեական վարույթ հարուցելու հարցի լուծումը վերապահված է համապատասխան իրավասու մարմիններին»:
4. «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (դիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ) 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 145-րդ հոդվածի 1-ին մասի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2022 թվականի նոյեմբերի 8-ի ՍԴԱՈ-176 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Դիմողի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավորում առ այն, թե վիճարկվող նորմում կարգապահական պատասխանատվության ենթարկելու և կարգապահական տույժի ընտրության վերաբերյալ որոշումների տարանջատվածության բացակայությունն ինչ պատճառահետևանքային կապի մեջ է անհատի Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության անհատական իրավունքի խախտման հետ։ Ավելին, Դիմողը որևէ հիմնավորում չի ներկայացրել և չի որոշակիացրել, թե Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անհատական իրավունքի ո՞ր բաղադրիչն է իր վկայակոչած հիմնավորումների շրջանակում խախտվել։
Գ. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2022 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 2 գործի վարույթ կարճվել է: Այսպես.
1. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 24.09.2021թ. ընդունված ՀՀ օրենքների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-84 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ իրավասու չէ գնահատման առարկա դարձնելու այն փաստական հանգամանքը, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու առումով գործ ունենք մեծաթի՞վ, թե՞ փոքրաքանակ բնակչությամբ համայնքի հետ, ըստ այդմ որոշելու կոնկրետ դեպքում համայնքների կարծիքը հանրային լսումների, թե հանրաքվեի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը, իսկ այնուհետև դրանց արդյունավետությունը: Ավելին, սույն գործով ներկայացված դիմումի ուսումնասիրման արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ դիմողի կողմից բարձրացվում է ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության, այլ դրանց կիրառման, Ազգային ժողովի գործողությունների իրավաչափության գնահատման, ինչպես նաև վիճարկվող օրենքների նախագծերը Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներով տրված մեկնաբանությամբ մշակելու և ընդունելու պահպանվածության հարցերը, որպիսի հարցադրումները դուրս են Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթից:
2. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3.1-ին մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2022 թվականի հոկտեմբերի 18-ի ՍԴԱՈ-163 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. «(…) դիմողի պնդումն առ այն, որ Օրենքի 27-րդ հոդվածի վերոնշյալ դրույթներով նախատեսվում է վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հնարավորություն առանց տարբերակելու, թե համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակիորե՞ն, թե՞ անուղղակիորեն, իսկ նման տարբերակման բացակայությունը խնդրահարույց է այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարն ընտրվում է համայնքի ավագանու կողմից, անհիմն է, չի բխում գործող իրավակարգավորումներից:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքով սահմանված են համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, այդ թվում տեղական ինքնակառավարման անընդհատությունը երաշխավորող իրավակարգավորումները: Սահմանադրական դատարանի գնահատմամբ` նման պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության և սեփական պատասխանատվությամբ գործելու, այդ թվում համայնքային նշանակության հանրային հարցերը լուծելու սկզբունքների իրացումը խոչընդոտող` Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3.1-ին մասերով ամրագրված վկայակոչված ենթադրյալ հակասահմանադրական կարգավորումների առկայությունը դիմողի կողմից հիմնավորված չէ»:
Սույն գործով Սահմանադրական դատարանի դիտարկմամբ դիմողի ներկայացրած ընդհանուր դատողությունները վիճարկվող դրույթների իրավակարգավորման էության վերաբերյալ վկայում են, որ դիմողը բարձրացնում է խնդրահարույց իրավահարաբերությունների կանոնակարգվածության և հստակության հարցեր դրանց ձևի և բովանդակության առումով, առանց ներկայացնելու խնդրո առարկա հարցերի սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունենալու վերաբերյալ փաստարկված հիմնավորումներ:
Դ. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՈՐՈՇ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ
1. «Աղասի Նիկոյանի դիմումի հիման վրա «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի (մինչև 01.07.2021թ. գործող խմբագրությամբ) 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժ» կետի և նույն հոդվածի 9-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2022 թվականի հունիսի 7-ի ՍԴԱՈ-97 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) թիվ ՎԴ/0189/05/19 վարչական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Դիմողի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Տերյան փողոցի 8-րդ շենքի բնակարանի և նույն շենքի ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ ծագել է 2017 թվականի հուլիսի 7-ին դրա պետական գրանցմամբ։ Մինչդեռ Դիմողը դատական կարգով վիճարկել է 2016 թվականի հուլիսի 15- ին կայացված շինարարության թույլտվության վերաբերյալ վարչական ակտի իրավաչափությունը։ Այսինքն` Դիմողի կողմից իր բնակարանի և Երևան քաղաքի Տերյան փողոցի 8-րդ շենքի ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման պահից ի վեր վիճարկվող վարչական ակտի միջոցով դրանց նկատմամբ որևէ դիմողի սեփականության իրավունքին միջամտություն տեղ չի գտել: Նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքներին միակ հնարավոր միջամտությունը, որը վարչական դատավարությամբ քննության առարկա է հանդիսացել, եղել է 2016 թվականի հուլիսի 15-ին տրամադրված մանսարդային հարկի շինարարության իրականացման, հասարակական տարածքը բնակելիի վերակառուցման թիվ 01/18-Ջ-164-657 շինարարության թույլտվությամբ (և դրա հետագա երկարաձգումներով) հնարավոր միջամտությունը, որը տեղ էր գտել մինչև Դիմողի կողմից նշված գույքի ձեռքբերումը, հետևաբար` հիշյալ վարչական ակտով հնարավոր միջամտությունը կարող էր տեղի ունենալ միայն գույքի նախորդ` միջամտության պահին գույքի սեփականատիրոջ գույքային իրավունքներին։
Սահմանադրական դատարանն այսպիսով գտնում է, որ սույն գործի շրջանակներում Դիմողի նկատմամբ սույն դիմումով վիճարկվող դրույթների կիրառման և նրա հիմնական իրավունքների հայտարարված խախտման միջև պատճառահետևանքային կապը բացակայում է»։
2. «Անահիտ Զաքարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի, 238-րդ հոդվածի 1- ին մասի, 428-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության ու 438-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2022 թվականի փետրվարի 15-ի ՍԴԱՈ- 28 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է. «(...) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ի դեմս քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորի, թիվ ԵԴ/0073/15/21 դատական գործի շրջանակներում Անահիտ Զաքարյանի սնանկության գործով կառավարչի համապատասխան դիմումի ընդունումը մերժել է պատճառաբանելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հատուկ վարույթի կարգով գույքը կալանքից հանելու գործերի քննության կարգ նախատեսված չէ, հետևաբար Անահիտ Զաքարյանի սնանկության գործով կառավարչի կողմից իրավունքների պաշտպանությունը հատուկ վարույթի կարգով իրացվել չի կարող: Այլ կերպ դիմումի ընդունումը մերժվել է ոչ թե առհասարակ քաղաքացիական դատավարության կարգով դատարանում այն քննության ենթակա չլինելու, այլ սխալ դատավարական ընթացակարգի միջոցով համապատասխան իրավունքի պաշտպանությունն իրականացնելու արգելքի հիմքով, որպիսի պարագայում բացակայում է ընդհանուր իրավասության դատարանի միջոցով իրավունքի պաշտպանության հնարավորությունն սպառելու փաստը, ըստ այդմ էլ Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա կոնկրետ սահմանադրաիրավական վեճը»: Սույն գործով Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Դիմողի սեփականության իրավունքի սահմանափակումը նախատեսված է եղել օրենքով և նպատակ է հետապնդել պաշտպանել այլոց իրավունքներն ու ազատությունները: Այլ հարց է, որ մինչ օրս Դիմողին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ կիրառված կալանքը մնացել է անփոփոխ, որպիսի խնդիրն առավելապես պայմանավորված է Դիմողի գործողություններով, քանզի վերջինս, ըստ էության, չի սպառել օրենսդրությամբ նախատեսված հնարավոր ընթացակարգերը։
«(…) Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի համար առաջացած անբարենպաստ իրավական հետևանքները պայմանավորված չեն վիճարկվող նորմերի կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ հակասահմանադրական մեկնաբանությամբ, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը չի ներկայացրել համապատասխան հիմնավորումներ իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթների կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ»:
3. «Մարինա Մացակյանի դիմումի հիման վրա ՀՀ կառավարության 10.06.1999թ. թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի, 15, 16 և 17-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2022 թվականի հունվարի 20-ի ՍԴԱՈ-14 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել շեշտել. «(...) դիմումը հիմնավորված համարելու համար անհրաժեշտ է, որ այն միաժամանակ համապատասխանի, ի թիվս այլնի, հետևյալ պահանջներին.
հստակ պարունակի իրավակիրառ պրակտիկայի կողմից նորմին տրված մեկնաբանությունը, այսինքն իրավակիրառի դատողության, վերլուծության, եզրահանգման այն հատվածը, որը, Դիմողի կարծիքով, հանդիսանում է վիճարկվող նորմի մեկնաբանություն,
հիմնավոր փաստարկներ նախատեսի, որոնցով կմատնանշվի պատճառահետևանքային կապը` խախտված հիմնարար իրավունքի կամ ազատության և իրավակիրառ մեկնաբանության միջև, այսինքն պարունակի հիմնավորումներ, թե իրավակիրառի մեկնաբանությունն ինչպես է ազդել հիմնարար իրավունքի կամ ազատության վրա և ինչպես է հանգեցրել դրա ոչ իրավաչափ սահմանափակման, խաթարման կամ այլ կերպ խախտման: Այդ առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը չի հիմնավորել իր ենթադրյալ խախտված իրավունքների և իրավակիրառ պրակտիկայի կողմից վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապը»:
ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Ա. ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ.
Դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումներով 2022 թվականի ընթացքում մերժվել է 15 գործի քննություն (որոնցից 5-ը նախորդ տարվա ընթացքում մուտքագրված):
Ընդունված աշխատակարգային առանձին որոշումների շրջանակներում Սահմանադրական դատարանն արտահայտել է ներքոգրյալ իրավական դիրքորոշումները, մասնավորապես
1. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասի և 165-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2022 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴԱՈ-185 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «Սահմանադրական դատարանը կարևորում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «տվյալ գործի լուծումը» ձևակերպման սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման անհրաժեշտությունը: Իբրև ուղենիշ ունենալով հակասահմանադրական իրավադրույթների կիրառմամբ արդարադատություն իրականացնելը բացառելու նպատակը սահմանադիրը խնդրո առարկա ձևակերպման ներքո դիտարկել է բացառապես այն իրավանորմերը, որոնք կանխորոշում են տվյալ գործի քննության ընթացքը և կայացվելիք դատական ակտի ելքը: Այլ խոսքով բոլոր դեպքերում, երբ դատարանների կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացվում է կոնկրետ իրավանորմի սահմանադրականության գնահատման հարց, որն ինքնին չի անդրադառնալու տվյալ գործի քննության ընթացքում իրականացվող դատավարական ընթացակարգերի և վերջնարդյունքում գործով կայացվելիք դատական ակտի բովանդակության և ելքի վրա, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավակարգավորման տրամաբանությամբ դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան:
2. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ մասի, 223.2-րդ հոդվածի 3-րդ մասի, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 223.3-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի, 223.4-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2022 թվականի հունվարի 14-ի ՍԴԱՈ-11 աշխատակարգային որոշմամբ «(…) Սահմանադրական դատարանը հիշեցնում է, որ իրավական նորմերում ընդհանրական ձևակերպումների պատճառով հստակության բացարձակության անհնարինության դեպքերում իրավական որոշակիության սահմանադրական հրամայականն իրագործելու արդյունավետ միջոցը դատարանների կողմից իրենց լիազորությունների շրջանակում իրավական նորմերի դատական մեկնաբանման միջոցով նորմի անհրաժեշտ որոշակիության ապահովումն է։ Ըստ այդմ իրավական անորոշության հիմքով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելիս Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» առկայությունը դատարանի կողմից հիմնավորված է, եթե դատարանի կողմից, ի թիվս դիմումին ներկայացվող այլ պայմանների, բավարար հիմնավորումներ են ներկայացվել առ այն, որ Սահմանադրական դատարանի ստուգմանն առաջադրվող նորմերի անորոշությունն անհնար է հաղթահարել դատարանի կողմից իր լիազորությունների գործադրմամբ իրավական նորմի բավարար հստակությունն ապահովող սպառիչ դատական մեկնաբանություն տալով։ Այսինքն Սահմանադրական դատարան դիմող դատարանը պարտավոր է հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ ինչպե՞ս է փորձել մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերը, և վիճարկվող նորմերի իր կողմից մեկնաբանման մեթոդաբանական ողջ գործիքակազմի կիրառմամբ դրանք ի՞նչ վերջնական իրավական բովանդակություն են ստացել հիմնավորելով այդ բովանդակության անհամապատասխանությունը Սահմանադրությանը։ Միայն նման հիմնավորումների առկայությամբ է դատարանն իրավասու դիմել Սահմանադրական դատարան իրավական անորոշությամբ պայմանավորված «հիմնավոր կասկածի» հիմքով:
(...) Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգի դատարանների իրավասությունների կրկնօրինակման բացառման, եռաստիճան դատական համակարգի դատարանների կողմից դատական մեկնաբանություններով իրավունքի զարգացումը խթանելու, սահմանադրական իրավունքների և ազատությունների կրողների և հասցեատերերի իրավունքների պաշտպանության արդյունավետության ապահովման նպատակով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը դատարանի մոտ ծագում է միայն իր բարձրացրած խնդրի իր լիազորությունների սահմաններում դատական մեկնաբանությամբ լուծման անհնարինության դեպքում։ Այլապես դատարանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան»:
3. «Վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «Դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այդ առումով առանցքային կարևորություն ունի դատարանի կողմից ներկայացված դիմումի շրջանակում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն պատշաճ պատճառաբանության ներկայացումը, որը կբացահայտի դատարանի Սահմանադրության 169- րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմի
սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար:
(...) Սահմանադրական դատարանը շեշտում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտները վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիտարկում են վերոհիշյալ սահմանադրաիրավական սկզբունքների համատեքստում, նախ պետք է հստակ նշեն խտրականության դրսևորման հիմքը, ապա նաև համապատասխան պատճառաբանությամբ հիմնավորեն, թե Սահմանադրությամբ երաշխավորված ո՞ր հիմնական իրավունքի կամ ազատության իրացման շրջանակներում է դրսևորվել իրավաչափ նպատակ չհետապնդող և նույն իրավական կարգավիճակն ունեցող անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում»:
Բ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ
ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ.
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումներով 2022 թվականի ընթացքում 1 դիմումով գործի քննությունը մերժվել է, մասնավորապես Սահմանադրական դատարանը 2022 թվականի փետրվարի 25-ի ՍԴԱՈ-46 աշխատակարգային որոշմամբ մերժել է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը:
Սույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ իր 03.12.2021 թվականի ՍԴԱՈ-248 որոշմամբ Սահմանադրական դատարան դիմող առանձին սուբյեկտներին առավել բարձր մակարդակի փութաջանություն ցուցաբերելու հորդորն ինքնանպատակ չէ: Սահմանադրական արդարադատության շարունակական զարգացման գործում անժխտելի է օրենսդրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում ենթադրյալ հակասահմանադրական իրավակարգավորումները բացահայտելու և դրանց սահմանադրականության ստուգումը Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնելու գործիքակազմի առանցքային նշանակությունը: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հատուկ ընդգծում է բարձր կարգավիճակ և դրանով պայմանավորված նաև համապատասխան ձեռնահասություն ունեցող սուբյեկտների կողմից Սահմանադրական դատարան փաստարկված դիմումներ ներկայացնելու կարևորությունը, ի թիվս այլնի հաշվի առնելով նաև այն առաքելությունը, որ սահմանադիրը պատգամել է հիշյալ սուբյեկտներին, այն է Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6- րդ կետերով սահմանված դեպքերում սահմանադրական արդարադատություն հայցելու եղանակով իրենց ներդրումն ունենալ Սահմանադրության գերակայության ապահովման գործում: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն ընդգծում է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների կազմման գործընթացում բարձր կարգավիճակ ունեցող սուբյեկտների կողմից աչալրջություն ցուցաբերելու անհրաժեշտությունը շեշտադրելով, որ դիմումներն իրենց բովանդակությամբ պետք է բարձրացնեն հասարակական կյանքի տարաբնույթ ոլորտների վիճելի իրավակարգավորումների սահմանադրականության խնդիրներ, և յուրաքանչյուր դեպքում հիշյալ սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում ձգտել առավելագույնս փաստարկել վիճարկվող օրինադրույթների հակասահմանադրականությունը պայմանավորված նաև այն իրողությամբ, որ սահմանադրաիրավական վեճ պարունակող դիմումի ընդունելիությունը բխում է, նախևառաջ, դիմողների շահերից, որոնք սույն պարագայում, ելնելով իրենց սահմանադրաիրավական կարգավիճակից, առաջնորդվում են բացառապես հանրային շահով:
Գ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ.
2022 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված 1 դիմումով գործի քննությունը մերժվել է, մասնավորապես 2022 թվականի մարտի 22-ի ՍԴԱՈ-58 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը մերժել է «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերի, ՀՀ վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1493-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 3-րդ կետի և ՀՀ առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 3- Ն որոշման, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1- ին մասի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12- րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» թիվ 706-Ա որոշմամբ սահմանված 6-րդ հավելվածի 6-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը: Սույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ բոլոր այն դեպքերում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող հարցերն աղերս չեն ունենում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնարար իրավունքի կամ ազատության խախտման հետ, ապա նշված դիմումները չեն բավարարում Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված պահանջները, ուստի չեն բխում Մարդու իրավունքների պաշտպանի Սահմանադրական դատարան դիմելու իրավասության սահմանների վերաբերյալ հստակ ամրագրած կարգավորումներից և ենթակա են մերժման:
Ավելին, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև աշխատակազմի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումները տարածելն ուղղակիորեն կապված չեն Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության իրացման, դրա խախտման կամ սահմանափակման հետ: Ավելին, Դիմողը չի ներկայացրել որևէ դիրքորոշում վիճարկվող կարգավորումները Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված ո՞ր իրավունքի արդյունավետ իրացման վտանգներ են ստեղծում, կամ ո՞ր իրավունքն ու ազատությունն է խախտվում կամ սահմանափակվում դրանց կիրառման արդյունքում: Այս առումով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սոսկ առանձին հոդվածների վկայակոչումը առանց դրանց վերաբերյալ համարժեք մեկնաբանությունների և վերլուծությունների, չի կարող դիտարկվել որպես հիմնավորում:
Դ. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՈՐՈՇ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ
1. ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի և 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2022 թվականի ապրիլի 1-ի ՍԴԱՈ-64 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «Սույն գործի դատավարական նախապատմությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշատակված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանն առանց քննության է թողել ներկայացված վճռաբեկ բողոքը, որպիսի պայմաններում դիմողն իր գործողությունների հետևանքով, ըստ էության, չի իրացրել վճռաբեկ ատյանում դատական պաշտպանության օրենսդրությամբ երաշխավորված իր իրավունքը: Սահմանադրական դատարանը շեշտում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ վերջիններս մինչև Սահմանադրական դատարան դիմելն օրենսդրական պարտականություն են կրում պահպանելու այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով»:
2. Ռուբեն Վարդազարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասի և 51-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. «Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերլուծությունից կարելի է մակաբերել, որ անձը, ի թիվս այլնի, սահմանադրական արդարադատության կարող է դիմել բացառապես այն պարագայում, երբ վերջինիս կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի/դրույթների հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման: Վերոգրյալից բխում է սահմանադրաիրավական պահանջն առ այն, որ անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: (...)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերելի են վիճարկվող նորմերի Սահմանադրության 164-րդ և 79-րդ հոդվածներին ենթադրյալ հակասությանը, որպիսիք վերոշարադրյալ սահմանադրաիրավական կարգավորումների ուժով անհատական սահմանադրական գանգատարկման առարկա չեն կարող հանդիսանալ: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողը նշում է, որ վիճարկվող նորմերի Սահմանադրության 164-րդ և 79-րդ հոդվածներին հակասությունը հանգեցնում է իր Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտման, մինչդեռ սահմանադրաիրավական հիշատակված կարգավորումները պահանջում են, որ յուրաքանչյուր դեպքում Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտը հիմնավորի վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված իր իրավունքների խախտման/սահմանափակման անմիջական պատճառահետևանքային կապը, այլ ոչ թե Սահմանադրության այլ գլուխներում ամրագրված նորմերի ենթադրյալ հակասության արդյունքում դրանց ենթադրյալ խախտումը, ինչը ձևախեղում է կոնկրետ սահմանադրական վերահսկողության բուն էությունը»:
-----------------------
[1] https://rm.coe.int/09000016804f7581
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
