«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 դեկտեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 29 | «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
16 դեկտեմբերի 2015 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Ա. Խաչատրյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն 2015թ. նոյեմբերի 26-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.
«ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի, 8- րդ հոդվածի և 31-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին հակասող ճանաչել ՔԴՕ 102-րդ հոդվածի 2-րդ մասի` Վերաքննիչ դատարանի կողմից թիվ ԵՄԴ/1613/02/13 քաղաքացիական գործով մեկնաբանությամբ կիրառումը (դատական պրակտիկան), կամ ՔԴՕ 102-րդ հոդվածի 2-րդ մասում և/կամ ՔԴՕ 35-րդ հոդվածի 2-րդ մասում առկա օրենքի բացը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի և 31-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին հակասող` այնքանով, որքանով, որ դրանք իրավակիրառ պրակտիկայում հստակ հնարավորություն չեն տալիս երրորդ անձին դատական կարգով պահանջել հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասի հատուցում»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.
1. Դիմողը գտնում է, որ իրավակիրառական պրակտիկան հանգեցրել է նրան, որ օրենսդրորեն ստեղծվել է ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հայցի ապահովման միջոց կիրառելու հետևանքնով վնաս պատճառելու հնարավորություն, որի հատուցման իրավական հնարավորություն ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը չի ունենա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող` 102-րդ հոդվածի 2-րդ մասի հակասահմանադրականությունը հիմնավորելիս դիմողը նշում է, որ օրենսդրի և իրավակիրառողի կողմից վիճարկվող դրույթին տրված բովանդակության պայմաններում, երբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը զրկվում է դատական կարգով հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասի հատուցում պահանջելու հնարավորությունից, առկա է օրենսդրական բաց:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը,
որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,
որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Հետևաբար, նշյալ դրույթի մասով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմք:
3. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վիճարկվող դրույթներից` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ այդ առնչությամբ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
* դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
* դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
* դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1- ին մասի 6-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 2-րդ կետով, 69-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի մասով` մերժել:
2. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ¦ գործն ընդունել քննության:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
16 դեկտեմբերի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/1-29
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-29
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
