Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՊԱՐԳԵՎ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՊԱՐԳԵՎ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-925 փետրվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 փետրվարի 2022թ. ՍԴԴԿՈ - 9 | ՊԱՐԳԵՎ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 փետրվարի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով Պարգև Առաքելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Պարգև Առաքելյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 8-ին) խնդրելով. « (…)

2. ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 75-րդ հոդվածի և 78-րդ հոդվածի դրույթներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի դրույթը այն կայուն պրակտիկա դարձած դատական մեկնաբանությամբ կամ նույն իրավանորմի այն մեկնաբանությունը, ըստ որի ժառանգական գույքը փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունման եղանակը չի վերաբերում այն ըստ կտակի ժառանգներին, որոնք միաժամանակ հանդիսանում են նաև ըստ օրենքի ժառանգներ և վերջիններս ըստ կտակի ժառանգությունը կարող են ընդունել բացառապես նոտարին ժառանգության ընդունման վերաբերյալ դիմում ներկայացնելով»:

2. Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորվել է կայուն պրակտիկա, ըստ որի ժառանգական գույքը փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունման եղանակը չի վերաբերում այն ըստ կտակի ժառանգներին, որոնք միաժամանակ հանդիսանում են նաև ըստ օրենքի ժառանգներ, և վերջիններս ըստ կտակի ժառանգությունը կարող են ընդունել բացառապես նոտարին ժառանգության ընդունման վերաբերյալ դիմում ներկայացնելով: Վկայակոչելով Սահմանադրական դատարանի կողմից սեփականության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները դիմողը պնդում է, որ սեփականության իրավունքի ձեռքբերման լեգիտիմ ակնկալիքը նույնպես օգտվում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 75-րդ, 78-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքներից: Ըստ դիմողի ժառանգության ընդունման գործընթացում ժառանգն ունի սեփականության իրավունքի ձեռքբերման լեգիտիմ ակնկալիք, ինչը նշանակում է, որ ժառանգության ընդունման եղանակները, դրանց գործադրման ընթացակարգերն ու հիմքերը պետք է այնպես կարգավորված լինեն, որ մի կողմից ապահովեն Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներում ամրագրված երաշխիքները, իսկ մյուս կողմից չհակասեն այդ երաշխիքներից բխող պահանջներին, որն էլ իր հերթին նշանակում է, որ ժառանգության ընդունման եղանակների սահմանափակումը պետք է համահունչ լինի Սահմանադրության 75-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին և համապատասխանի սեփականության իրավունքի ձեռքբերման լեգիտիմ ակնկալիքի իրավունքի նշանակությանը: Դիմողը գտնում է, որ վեճի առարկա իրավադրույթը քննարկվող մեկնաբանությամբ, միաժամանակ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգի կողմից ըստ կտակի ժառանգությունն ընդունելու առումով դառնում է ժառանգելու սահմանադրական հիմնական իրավունքի իրացման համար անարդյունավետ ընթացակարգ, որի գործողությունը սահմանափակվում է սահմանադրաիրավական իմաստով անհամաչափ ձևով և չի հետապնդում Սահմանադրությամբ սահմանված նպատակ: Դիմողի կարծիքով նման իրավիճակը արհեստական խոչընդոտ է ստեղծում ժառանգելու կամ այդ ճանապարհով սեփականության իրավունք ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքի սահմանադրորեն երաշխավորված հիմնական իրավունքի իրացման համար դրանով իսկ հակասելով Սահմանադրությամբ ամրագրված համաչափության և արդյունավետության սկզբունքներին: Արդյունքում, ըստ դիմողի, խախտվել է իր սեփականության իրավունք ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքի սահմանադրորեն երաշխավորված հիմնական իրավունքը, քանի որ դիմողը զրկվել է սեփականություն ձեռք բերելու իրավական հնարավորությունից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.

ա) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

բ) դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

- դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

- դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

- դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

գ) դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

դ) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

ե) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

զ) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

է) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Պարգև Առաքելյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող Ա. Վաղարշյան

Անդամներ Է. Շաթիրյան

Ա. Խաչատրյան

25 փետրվարի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-9

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 փետրվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-9
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել