Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6513 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-65)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 65 | ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 օգոստոսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Վ. Վարդանյանի

Քննության առնելով Անդրանիկ Մարգարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Անդրանիկ Մարգարյանը (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Մուշեղ Առաքելյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 27-ին), խնդրել է հետևյալը.

«1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող միայն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը, երբ դրա հետևանքով պահպանվում է անձի հիմնական իրավունքների նկատմամբ կիրառված սահմանափակումը, ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման:

(…)»։

2. Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի ՍԴՈ-1802 որոշումը, նշում է, որ եթե հայցի ապահովման միջոցը ձևափոխելու կամ փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկելի է այն պատճառով, որ այդ գործողությունն իր մեջ ներառում է ապահովման միջոցը վերացնելու տարր, ապա հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը չի կարող ունենալ ավելի թույլ դատական պաշտպանություն: Այն ոչ թե հեռավոր կամ ածանցյալ դեպք է, այլ հենց այն հիմնական իրավիճակը, որտեղ դատարանը հրաժարվում է դադարեցնել անձի իրավունքների նկատմամբ շարունակվող միջամտությունը:

Ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանի այն մոտեցումը, թե Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1802 որոշումը վերաբերելի չէ այս դեպքին, քանի որ այնտեղ խոսքը հայցի ապահովման միջոցը ձևափոխելու կամ փոխարինելու միջնորդության մերժման մասին է, չափազանց նեղացնում է այդ որոշման սահմանադրաիրավական բովանդակությունը: Դիմողի կարծիքով Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման առանցքը ոչ թե «ձևափոխում» բառի ինքնուրույն արժեքն է, այլ այն, որ հայցի ապահովման ինստիտուտի շրջանակներում իրավունքների նկատմամբ միջամտություն պահպանող կամ փոփոխող որոշումները պետք է ունենան արդյունավետ դատական վերահսկողություն: Ըստ Դիմողի՝ հակառակ մեկնաբանությունը հանգեցնում է անհամաչափ և անտրամաբանական արդյունքի. մասնավորապես՝ անձը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել այն դեպքում, երբ դատարանը մերժում է հայցի ապահովման միջոցը ձևափոխել կամ փոխարինել, բայց անձը չի կարող բողոքարկել այն դեպքում, երբ դատարանը մերժում է ապահովման միջոցն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելը: Դիմողի պնդմամբ՝ այսպիսի արդյունքը չի կարող դիտվել որպես օրենսդրի ողջամիտ կամք, քանի որ առավել ինտենսիվ միջամտություն պարունակող դատական ակտը մնում է ավելի թույլ դատական վերահսկողության ներքո։

Ուստի՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սահմանադրականությունը կարող է ապահովվել միայն այն մեկնաբանությամբ, որը երաշխավորում է հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորությունը։

Ըստ Դիմողի՝ գործող մեկնաբանության պայմաններում հայցի ապահովման հարաբերություններում ձևավորվում է միակողմանի դատավարական անհավասարակշռություն։ Մասնավորապես՝ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը բողոքարկելի է այն անձի համար, որի միջնորդությամբ կիրառվել է ապահովման միջոցը, մինչդեռ այն անձը, որի գույքի նկատմամբ ապահովման միջոցը պահպանվում է, զրկվում է հայցի ապահովումը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունից։

Դիմողը գտնում է, որ նման մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին, իսկ սեփականության իրավունքի նկատմամբ շարունակվող միջամտության համատեքստում չի ապահովում նաև Սահմանադրության 60 և 78-րդ հոդվածներով պահանջվող՝ սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության համաչափության դատական վերահսկողությունը։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը (29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)։

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Տվյալ դեպքում Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 19-ի որոշմամբ մերժել է Դիմողի կողմից ներկայացված՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը։ Միաժամանակ Հակակոռուպցիոն դատարանը հիշյալ որոշման եզրափակիչ մասում արձանագրել է նշված որոշման՝ կայացման պահից ուժի մեջ մտնելու և բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

Իսկ նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ «բացակայում են կամ վերացել են սույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը» հիմքով հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը վերաքննիչ դատարան կարող է բողոքարկել միայն այն անձը, որի միջնորդությամբ կիրառվել էր հայցի ապահովման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Նույն օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսվում է, որ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին: Իսկ նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով թվարկվում են վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումները։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, 134-րդ հոդվածի 6-րդ մասի, 188-րդ հոդվածի 1-ին մասի, 199-րդ հոդվածի 3-րդ մասի, 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 361-րդ հոդվածի 1-ին մասի համակարգային վերլուծությունից հետևում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ է և ուժի մեջ է մտնում կայացման պահից։

Ելնելով վերոնշյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը կապում է վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու հետ, ուստի՝ տվյալ դեպքում Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի դատական ակտի կայացման պահը, այն է՝ 2026 թվականի հունվարի 19-ը, որպիսի պայմաններում էլ դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2026 թվականի հուլիսի 20-ին։ Մինչդեռ սույն գործով դիմումը Սահմանադրական դատարան առաքելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 2026 թվականի հուլիսի 24-ին (հիմք՝ դիմումին կցված ծրարի վրա առկա փոստային ծառայության դրոշմակնիքը՝ 2026 թվականի հուլիսի 24-ին առաքանին փոստային ծառայությունում ընդունելու մասին): Նման պայմաններում դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է սույն գործի քննությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերի հիմքով մերժելու համար։

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 19-ին կայացված «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը Դիմողի կողմից վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկելուն, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դատարանի կայացրած բողոքարկման ոչ ենթակա, վերջնական դատական ակտը Դիմողի կողմից վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը վերադաս դատական ատյանի կողմից որոշում կայացնելու հանգամանքով պայմանավորելու համար, քանի որ կողմի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից ուղղակիորեն կանխատեսելի էր նման դատական ակտի բողոքարկման ոչ ենթակա լինելու հանգամանքը։ Ավելին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ Հակակոռուպցիոն դատարանը, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջների, «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշման եզրափակիչ մասում արձանագրել էր նշված որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը։ Բացի դրանից, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 25-ի դատական ակտով ևս արձանագրել էր նշված դատական ակտի՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայությունը։

Վերոգրյալից հետևում է, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերին համապատասխան՝ Դիմողը չի պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը, Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերի համաձայն, անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Անդրանիկ Մարգարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Վ. Վարդանյան

13 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-65

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-65
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել