«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-140)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 140 | «ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռուբեն Վարդազարյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2024 թվականի հուլիսի 15-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռուբեն Վարդազարյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«1. Սույն անհատական դիմումն ընդունել վարույթ,
2. Հայաստանի Հանրապետության «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածին (ի համակցում 61-րդ, 63-րդ և 164-րդ հոդվածին) հակասող ու անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0310/11/21 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ Սահմանադրության 49, 61, 63-րդ հոդվածների և 164-րդ հոդվածի 4-րդ մասի համակարգային վերլուծությունից բխում է, որ եթե Բարձրագույն դատական խորհուրդը քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ չի տվել իր համաձայնությունը, ապա դրա հարուցումն ինքնին հակասահմանադրական է և ոչ իրավաչափ, որի պարագայում անհապաղ պետք է վերացվի քրեական հետապնդում հարուցելու համապատասխան որոշումը:
Դիմողը գտնում է, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասում, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում տեղ գտած «իր լիազորությունների իրականացման կապակցությամբ» արտահայտությունը թիվ ԵԴ/0310/11/21 գործի շրջանակնե-րում ՀՀ դատարանների կողմից մեկնաբանվել է նեղ իմաստով, որով վիճարկվող իրավակարգավորմանը հաղորդվել է հակասահմանադրական բովանդակություն: Ընդ որում, Դիմողի պնդմամբ, «նեղ իմաստով» ասելիս ինքը նկատի ունի զուտ տառացի մեկնաբանությունը, որի պարագայում իմաստազրկվում է դատավորի գործառութային անձեռնմխելիությունը: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ վերոգրյալ գործի շրջանակներում ՀՀ դատարանները, մեկնաբանելով վիճարկվող դրույթը և կիրառելով այն իր նկատմամբ, եզրահանգել են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա քրեական հետապնդում հարուցելու պարագայում դատավորը չի օգտվում Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված գործառութային անձեռնմխելիությունից, քանի որ դատավորի լիազորությունների մեջ չի մտնում պաշտոնեական դիրքի օգտա-գործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը:
Դիմողը պնդում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում հաղորդվել է հակասահմանադրական բովանդակություն, և տվյալ նորմի՝ ՀՀ դատարանների կողմից իր նկատմամբ հակասահմանադրական բովանդակությամբ կիրառվելու արդյունքում խախտվել է իր՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված հանրային ծառայության անցնելու իրավունքը (որն իր մեջ ներառում է իր ստանձնած պաշտոնում առանց խոչընդոտների պաշտոնավարելու իրավունքը)՝ ի համակցումն Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների:
Եզրափակելով՝ Դիմողն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ քրեական հետապնդում հարուցելու պարագայում չի հաղթահարվել դատավորի՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասով երաշխավորված գործառութային անձեռնմխելիությունը, քրեական հետապնդում հարուցելն ինքնին խախտում է իր՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով, ինչպես նաև ի համակցումն այդ իրավունքի՝ 61 և 63-րդ հոդվածներով և 164-րդ հոդվածի 4-րդ մասով երաշխավորված՝ դատավորի գործառութային անձեռնմխելիության իրավունքները:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 49, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար հանրային ծառայության անցնելու, դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 49, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար նաև՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 164-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ինչպես պաշտոնաթող, այնպես էլ ներկայում պաշտոնավարող դատավորները Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի շրջանակում հանդես են գալիս որպես ֆիզիկական անձ, հետևաբար՝ կաշկանդված են Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված՝ իրենց որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման հարց բարձրացնելու պահանջով: Ուստի՝ անհատական դիմումի շրջանակում չի կարող բարձրացվել և քննարկման առարկա դառնալ Սահմանադրության 164-րդ հոդվածով սահմանված՝ դատավորի կարգավիճակին, այդ թվում՝ անձեռնմխելիությանը վերաբերող հարց:
Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից չի բարձրացվել այնպիսի հարց, որն առնչվում է վերջինիս՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին:
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է: Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ռուբեն Վարդազարյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 սեպտեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-140
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-140
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
