Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵՎ ԷՐԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵՎ ԷՐԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-302 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 հուլիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 30 | ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵՎ ԷՐԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 2 հուլիսի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Է․ Շաթիրյանի

Քննության առնելով Արա Զոհրաբյանի և Էրիկ Բեգլարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արա Զոհրաբյանի և Էրիկ Բեգլարյանի (այսուհետ՝ Դիմողներ) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունիսի 4-ին: Դիմողները Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումով խնդրել են.

«1. Սույն դիմումն ընդունել վարույթ:

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը (Ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 28-ին, ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ին), իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

3. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (Ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի փետրվարի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2004 թվականի մարտի 16-ին, ուժի մեջ է մտել 2004 թվականի դեկտեմբերի 31-ին), իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/6065/05/23 վարչական գործի ընթացքը` Դիմողները գտնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի մեկնաբանությունն ուղղակիորեն հակասում է դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքին:

Մասնավորեցնելով՝ Դիմողները նշում են, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածում սահմանված «յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ» եզրույթը չի կարող մեկնաբանվել միայն այն համատեքստում, երբ պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել միայն հասցեական ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքները:

Դիմողները նաև գտնում են, որ դատարաններն ուղղակի հրաժարվել են իրականացնել արդարադատություն, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործողությունն անմիջականորեն վերաբերում է ոչ միայն Էրիկ Բեգլարյանին, այլ երբեմնի Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին:

Դիմողների պնդմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի նման կիրառելիությունը հակասում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին:

Դիմողներն ընդգծում են, որ պետությունը պարտավոր էր Սահմանադրության 75-րդ հոդվածի կանոնակարգման համաձայն այնպիսի օրենքներ սահմանել, որ վարչապետի գործողությունները, որոնք կարող են խախտել ֆիզիկական անձի կյանքի և արժանապատվության իրավունքները, համարվեին վարչարարություն և ենթարկվեին դատական վերահսկողության:

3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը նույն աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մեջբերված դիրքորոշումը վերաբերում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքին։

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ ներկայացնելու:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Անհատական դիմումի ընդունելիությանը վերաբերող վերը նշված սկզբունքները սույն անհատական դիմումի նկատմամբ կիրառելիս Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողները սույն անհատական դիմումի շրջանակում վիճարկում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներին համապատասխանությունը։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ վիճարկվող դրույթների բովանդակության և թիվ ՎԴ/6065/05/23 վարչական գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ Դիմողները հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն կատարելն արգելելու պահանջների մասին: Ներկայացված հայցադիմումի ընդունելիության մասով վարչական և վերաքննիչ վարչական դատարանների կողմից (Վճռաբեկ դատարանը մերժել է Դիմողների վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը), ի թիվս այլնի, ստուգման է ենթարկվել ներկայացված հայցադիմումում և վերաքննիչ բողոքում վկայակոչված գործողության կամ անգործության դատական վերահսկողության ենթակա վարչարարության անհրաժեշտ պայմանի առկայությունը՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողությամբ կամ անգործությամբ անձանց համար փաստական հետևանքների առաջացումը, որի առնչությամբ Դիմողների գործով նրանք եզրակացրել են, որ վիճարկվող գործողությունը կամ անգործությունը նրանց համար չի առաջացրել նրանց իրավունքների խախտմանը հանգեցրած հետևանքներ:

Միաժամանակ, Դիմողների կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում վիճարկվող իրավական դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության արդյունքում իրենց իրավունքի խախտման միակ փաստարկը եղել է այն, որ «[փ]աստական հետևանքի առաջացման փաստն արդեն իսկ հանրահայտ փաստ է՝ ճանաչելով Ադրբեջանն Արցախի տարածքային ամբողջականության, վարչապետը լեգիտիմ հիմք ստեղծեց Արցախի ցեղասպանության և արցախահայության հայրենազրկման համար», առանց նման պնդման որևէ այնպիսի մոտավոր փաստարկի ներկայացման, որը Սահմանադրական դատարանի դատական կազմի համար կարող էր հիմք ծառայել Դիմողների գործով դատարանների կողմից կատարված եզրահանգումը կասկածի տակ դնելու համար։ Այսինքն՝ Դիմողների կողմից չի հիմնավորել իրենց՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման հանգամանքը։

Անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով Դիմողների կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում արձանագրել, որ այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման պարտադիր պայման:

Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին, հետևաբար և՝ Սահմանադրության 75-րդ հոդվածին։

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արա Զոհրաբյանի և Էրիկ Բեգլարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Է. Շաթիրյան

2 հուլիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-30

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-30
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել