Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-12425 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-124)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հունիսի 2021թ. ՍԴԱՈ - 124 | «ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2021 թվականի ապրիլի 23-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դատարան) 2021 թվականի ապրիլի 22-ի «Պատիժը փոխարինելու միջնորդության քննության վերաբերյալ վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱՐԴ1/0007/13/20 գործով որոշումը: Վերոնշյալ որոշմամբ Դատարանը, դիմելով Սահմանադրական դատարան, խնդրել է որոշել ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 54-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 71 և 72-րդ հոդվածներին։

2. Դիմողը նշել է, որ այն հանցագործությունը, որի կատարման համար անձը դատապարտվել է (Օրենսգրքի 188.1-րդ հոդվածի 1-ին մաս), որպես առավելագույն պատիժ նախատեսում է կալանք 3 ամիս ժամկետով, սակայն անձի նկատմամբ նշանակվել է տուգանք, որը չվճարելու հետևանքով այն փոխարինվել է հանրային աշխատանքներով։ Տվյալ դեպքում հանրային աշխատանքները չարամտորեն չկատարելու հետևանքով Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով հանրային աշխատանքները փոխարինվել են ազատազրկմամբ կազմելով մեկ տարի երեք ամիս երեք օր։ Այսինքն Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ փաստացի նշանակվել է պատիժ, որը մի քանի անգամ խիստ է օրենսդրի կողմից տվյալ հանցագործության համար հոդվածի սանկցիայով սահմանված առավելագույն պատժից։ Ըստ դիմողի տվյալ կառուցակարգի էությունը, լինելով պատժի անխուսափելիության ապահովումը, ըստ էության պատասխանատվություն է սահմանում հանրային աշխատանքները չարամտորեն չկատարելու համար, քանի որ ոչ միայն ապահովում է դատապարտյալի կողմից կոնկրետ հոդվածի սանկցիայով նախատեսված որևէ պատժի կրում, այլև անձն առավել խիստ պատասխանատվության է ենթարկվում, որը դուրս է այդ հոդվածի սանկցիայի շրջանակից, ինչն էլ հակասում է Սահմանադրության 71 և 72-րդ հոդվածներով սահմանված պատժի համաչափության սկզբունքին և հանցանք կատարելու պահին տվյալ հանցանքի համար սահմանված պատժից առավել խիստ պատիժ նշանակելու արգելքին։ Բացի դրանից, հատկանշական է, որ համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է, որ պատասխանատվության չափը լինի տարբերակված ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից։ Միաժամանակ դիմողը նշել է, որ քննարկվող դեպքում անազատության հետ չկապված պատիժը փոխարինելով ազատազրկման հետ կապված պատժով դատարանը ժամկետը որոշելիս կատարում է միայն թվաբանական հաշվարկ և հայեցողության դրսևորման որևէ հնարավորություն չունի։ Դիմողը գտել է, որ եթե տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու կարգավորումներում կարող է սահմանվել մեխանիկական հաշվարկ պատժաչափը որոշելու համար հաշի առնելով, որ այդ պատիժներն անձի անազատության հետ կապված չեն և աշխատանքն ուղղակի չափվում է դրամային արժեքով, ապա ազատազրկման հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու կառուցակարգում նման մոտեցումն անթույլատրելի է:

3. Պատասխանողը նշել է, որ անձի նկատմամբ չի կարող ընտրվել այնպիսի պատժատեսակ, որը նախատեսված չէ տվյալ հոդվածի սանկցիայով։ Պատժի նշանակման նշված սկզբունքից բխում է նաև, որ հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ չի կարող նշանակվել տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված պատժատեսակի առավելագույն չափը գերազանցող պատիժ։ Միաժամանակ ընդգծել է, որ տվյալ կանոնը տարածվում է նաև Օրենսգրքի 9-րդ գլխով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում դատավճռով ընտրված պատժատեսակը մեկ այլ պատժատեսակով փոխարինելու բոլոր, այդ թվում Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով «հանրային աշխատանքներ» պատժատեսակը «կալանք» կամ «ազատազրկում որոշակի ժամկետով» պատժատեսակներով փոխարինելու դեպքերում: Նկատելով, որ օրենսդիրը պահպանել է նույն այդ մոտեցումը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական նոր օրենսգրքում պատասխանողն անհիմն է համարել դիմողի դիրքորոշումն առ այն, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթի կիրառման արդյունքում անձի նկատմամբ կարող է նշանակվել Օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժից ավելի խիստ պատիժ: Անդրադառնալով դիմողի այն փաստարկին, որ ազատության հետ կապված պատիժը փոխարինելով ազատազրկման հետ կապված պատժով դատարանը ժամկետը որոշելիս կատարում է միայն թվաբանական հաշվարկ և հայեցողության դրսևորման որևէ հնարավորություն չունի, պատասխանողը նշել է, որ պատժատեսակի փոփոխությունն իրականացվում է դատական որոշումներն ի կատար ածելու քրեադատավարական ընթացակարգի շրջանակներում, և արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխի ընդհանուր տրամաբանությունից չի բխում այնպիսի հարցեր քննարկման առարկա դարձնելը, ինչպիսիք են հանցագործություն կատարելու մեջ անձի մեղավորությունը, մեղքի աստիճանը, կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը և բնույթը: Նշված հարցերը քննարկման առարկա են դարձվում գործի ըստ էության քննության փուլում, և դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ դատարանի հիմնավորված և պատճառաբանված եզրահանգմամբ նշանակվում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է պատժի նպատակներն իրացնելու համար: Այսինքն օրենսդիրն օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժատեսակը մեկ այլ պատժատեսակով փոխարինելու դատավարական ընթացակարգի շրջանակներում դատարանին արդարացիորեն չի վերապահել օրինական ուժի մեջ մտած դատավճռով արդեն իսկ գնահատման ենթարկված հարցերը կրկին քննարկման առարկա դարձնելու լիազորություն: Ելնելով վերոնշյալից պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

4. Ուսումնասիրելով դիմումը, թիվ ԱՐԴ1/0007/13/20 գործի նյութերը և պատասխանողի գրավոր բացատրությունը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ հիմնավորմամբ. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր, որոնցից է, ի թիվս այլնի Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առկայությունը (29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ): Նշվածից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործի վարույթը ենթակա է կարճման, եթե գործի քննության ցանկացած փուլում պարզվում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերի շրջանակներում դիմողի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի որոշում։

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմողի կողմից վիճարկվող դրույթն Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասն է։ Մինչդեռ, Սահմանադրական դատարանը 2013 թվականի ապրիլի 23-ի ՍԴՈ-1082 որոշմամբ, գնահատելով Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը պատժի անխուսափելիության, պատասխանատվության և պատժի անհատականացման սկզբունքների իրավաչափ կիրառման, ինչպես նաև պատիժը փոխարինելու ինստիտուտի արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու և իրավունքի գերակայության ապահովվածության տեսանկյուններից, եզրահանգել է, որ Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը հետևյալ պատճառաբանությամբ. «(…) օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ, երբ դատապարտյալը հանրային աշխատանքների կատարումից չարամտորեն խուսափում է: Այսինքն, չարամտությունը` որպես քրեորեն դատապարտելի սուբյեկտիվ գործոն և հասարակական առավել վտանգավոր երևույթ, օբյեկտիվորեն հանգեցնում է փոխարինվող պատժի խստացմանը (ազատազրկման հետ կապված պատժի փոխարինմանն ու կիրառմանը), հետևաբար` նաև իրավակարգավորման արդյունավետ միջոցի գործադրմանը: Դրանով նպատակ է հետապնդվում վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, կանխել հանցագործությունները, այսինքն երաշխավորել սահմանադրական կարգի հիմունքների պահպանումը: Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական հետևանքի առումով օրենսդիրը վերոհիշյալ դեպքում պահպանել է հետապնդվող նպատակի և դրան հասնելու իրավական միջոցների համարժեքության սկզբունքը»: Ավելին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ գործի վարույթը կասեցրել է և Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրության 71, 72 և 75-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու նույնաբովանդակ խնդրանքով դիմել Սահմանադրական դատարան նշելով, որ հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու արդյունքում ստացվող պատժաչափը գերազանցում է ազատազրկման այն առավելագույն չափը, որը նախատեսված է եղել անձի կատարած հանցանքի սանկցիայում։ Նշված դիմումի կապակցությամբ Սահմանադրական դատարանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ի ՍԴԱՈ-61 աշխատակարգային որոշմամբ գործի քննության ընդունումն ամբողջությամբ մերժել է նշելով, որ Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2013 թվականի ապրիլի 23-ի ՍԴՈ-1082 որոշումը։ Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի կապակցությամբ առաջադրված հարցի առնչությամբ առկա է Սահմանադրական դատարանի որոշում, ուստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով սույն գործի վարույթը ենթակա է կարճման։ Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

25 հունիսի 2021 թվականի

ՍԴԱՈ-124

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-124
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել