Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2713 նոյեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 նոյեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 27 | ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

13 նոյեմբերի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Սվետա Հարությունյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Սվետա Հարությունյանը 2012թ. հոկտեմբերի 17-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «... 1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի ուժով հետաձգելուց հետո, իրավակիրառական պրակտիկայում դրան տրված այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի ՀՀ սահմանադրական դատարանի 15.07.2011թ. ՍԴՈ-984 որոշումը հետաձգման պատճառով դադարում է նոր հանգամանք լինելուց, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 18, 19 և 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը, որում առկա է օրենսդրական բաց, իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 101-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»։

Դիմողի կարծիքով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, համաձայն որի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշման մեջ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքի իրավաբանական ուժը կորցնելը հետաձգելը, այդ որոշմանը զրկում է նոր հանգամանք լինելուց և հնարավորություն է տալիս Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենք պարունակող դատական ակտի ուժի մեջ մնալու համար, հակասում է Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածներին, քանի որ անձի իրավունքների դատական պաշտպանությունը, այդ թվում սահմանադրական դատարանում, դարձնում է անարդյունավետ։ Դիմողը նաև գտնում է, որ վիճարկվող դրույթներում առկա է օրենսդրական բաց, և իրավակիրառական պրակտիկայի կողմից դրանց տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին և 101-րդ հոդվածների պահանջներին։

Դատական կազմը գտնում է, որ դիմումի և կից փաստաթղթերի

ուսումնասիրությունը վկայում է, որ անհատական դիմումով գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի 2- րդ պարբերության վերաբերյալ առկա է 11.05.2007թ. ՍԴՈ-701 որոշումը։ Նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն «...վիճարկվող դրույթի իրավական բովանդակությունն անհրաժեշտաբար բխում է Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի առաջին պարբերության դրույթներից։ Ինչ վերաբերում է նոր հանգամանքներով քաղաքացու իրավունքների դատական պաշտպանության հնարավորությանը, ապա այն առաջ է գալիս սահմանադրական դատարանի որոշմամբ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի իրավական ուժը կորցնելու, այսինքն հետաձգման ժամկետը լրանալու պահից օրենքով սահմանված կարգով»։

Դատական կազմն արձանագրում է նաև, որ նշված որոշման կայացումից հետո իրավակիրառական պրակտիկան զարգացավ Սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշումներին հակառակ տրամաբանությամբ։

Ստեղծված իրավիճակին ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է 2011թ. հուլիսի 15-ի ՍԴՈ-984 որոշման մեջ մատնանշելով, մասնավորապես, որ «... իրավակիրառական պրակտիկայում առկա են դեպքեր, երբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի կիրառմամբ ընդունված դատական ակտի վերանայման պահանջի առնչությամբ մերժվում է անգամ վերանայման վարույթ հարուցելու պահանջը, ի թիվս այլնի, նաև այն պատճառաբանությամբ, որ սահմանադրական դատարանը, դատարանների կողմից կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող ճանաչելով, տարաժամկետել է հակասահմանադրական նորմի ուժը կորցնելը, և բողոք բերող անձը նման պայմաններում չի ապացուցել և հիմնավորել նոր հանգամանքի առկայությունը։ Ավելին, այն դեպքում, երբ բողոք ներկայացվում է տարաժամկետման ավարտից հետո, բողոքը վերադարձվում է այն պատճառաբանությամբ, որ բաց է թողնված բողոք բերելու համար սահմանված եռամսյա ժամկետը» և այս կապակցությամբ մեկ անգամ ևս վերահաստատել է ՍԴՈ-701 որոշման մեջ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի 2-րդ պարբերության վերաբերյալ արտահայտած իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ «...նոր հանգամանքներով քաղաքացու իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունն առաջ է գալիս սահմանադրական դատարանի որոշմամբ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի իրավական ուժը կորցնելու, այսինքն հետաձգման ժամկետը լրանալու պահից օրենքով սահմանված կարգով»։ Քաղաքացի Սվետա Հարությունյանի դիմումում նշված փաստական հանգամանքների ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում այն պատճառաբանությամբ, որ «...«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի ուժով և ՀՀ սահմանադրական դատարանի 15.07.2011թ. թիվ ՍԴՈ-984 որոշման եզրափակիչ մասի 5-րդ կետի հիմքով մինչև 01.11.2011 թվականը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանել է ՀՀ Սահմանադրությանը»։ Իրավակիրառական պրակտիկայում խնդիրն առկա է, սակայն այն պայմանավորված չէ դիմողի կողմից վիճարկվող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի 2-րդ պարբերությամբ, քանի որ վերջինիս վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի հստակ ձևակերպված իրավական դիրքորոշում։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասին, ապա դրա վերաբերյալ ևս առկա է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-984 որոշումը։ Հետևաբար, այս դրույթի մասով ևս առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Սվետա Հարությունյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

13 նոյեմբերի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/1-27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 նոյեմբերի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-27
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել