ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 190 — Մեղադրանք ներկայացնելը 1.
Ամփոփում
Հոդված 190. Մեղադրանք ներկայացնելը 1. Քննիչը մեղադրյալին մեղադրանք է ներկայացնում քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ստանալուց հետո՝ 18 ժամվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի: 2. Ձերբակալման ներքո չգտնվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հետ համաձայն չլինելու դեպքում քննիչն իրավասու է առանց մեղադրանք ներկայացնելու առարկություն ներկայացնելու վերադաս դատախազին որոշումն ս
Ամբողջ Տեքստ
Հոդված 190. Մեղադրանք ներկայացնելը 1. Քննիչը մեղադրյալին մեղադրանք է ներկայացնում քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ստանալուց հետո՝ 18 ժամվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի:
2. Ձերբակալման ներքո չգտնվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հետ համաձայն չլինելու դեպքում քննիչն իրավասու է առանց մեղադրանք ներկայացնելու առարկություն ներկայացնելու վերադաս դատախազին որոշումն ստանալուց հետո՝ 18 ժամվա ընթացքում: Առարկությունը մերժվելու դեպքում մեղադրանքը ներկայացվում է մերժման մասին որոշումը ստանալուց հետո՝ 18 ժամվա ընթացքում:
3. Այն դեպքում, երբ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է, կամ այլ պատճառով անհնար է ապահովել նրա հասանելիությունը, մեղադրանք ներկայացնելու՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն ընդհատվում է, իսկ մեղադրանքը ներկայացվում է մեղադրյալի` վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
4. Քննիչը, հավաստիանալով մեղադրյալի ինքնության մեջ, նրան է հանձնում քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը, պարզաբանում մեղադրանքի փաստական հիմքը և իրավական գնահատականը, պարզաբանում է սույն օրենսգրքի 43-րդ հոդվածով նախատեսված մեղադրյալի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև մեղադրյալին հանձնում է դրանց ցանկը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունների կատարումը հաստատվում է քննիչի կողմից կազմված արձանագրությամբ, որն ստորագրում են քննիչը, մեղադրյալը և մասնակցող այլ անձինք: Մեղադրյալի կամ մասնակցող այլ անձանց կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչը տեսաձայնագրման ներքո պարզում և արձանագրության մեջ շարադրում է նման հրաժարման պատճառները, իսկ նրանց կողմից այդպիսիք չհայտնելու դեպքում այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ և դրա պատճենն անհապաղ ուղարկում հսկող դատախազին: Եթե սույն մասով նախատեսված տեսաձայնագրումն օբյեկտիվորեն անհնար է, ապա քննիչը ներգրավում է ընթերակա՝ արձանագրության մեջ նշելով տեսաձայնագրության անհնարինությունը հաստատող հանգամանքները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
