Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1681 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-168)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 նոյեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 168 | «ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գեղամ Սարգսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գեղամ Սարգսյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 2-րդ , 5-րդ, 26-րդ, 28-րդ, 29-րդ, 61-րդ, 70-րդ, 72-րդ, 78-րդ, 81-րդ, 168-րդ, 169-րդ հոդվածներով (...) Սահմանադրությանը հակասող և անվավեր (հակասահմանադրական) ճանաչել ՀՀ Ազգային ժողովի կողմից 05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ.-ին ուժի մեջ մտած գործող Քրեական օրենսգրքի (ՀՕ-199-Ն) 9-րդ հոդվածի 4-րդ մասը՝ ներառյալ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը»:

2. Ներկայացնելով թիվ ԱՐԴ/0048/12/23 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ գործով Վճռաբեկ դատարանի եզրահանգումները և դրա հիման վրա ձևավորված իրավակիրառ պրակտիկան անհիմն են, խախտում են Սահմանադրության նորմերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային դիրքորոշումները, օրենքի առջև բոլորի հավասարության, մարդասիրության, խտրականության արգելքի սկզբունքները:

Դիմողը գտնում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատումը պատիժը մեղմացնող իրավադրույթ է, հետևաբար՝ Սահմանադրության 72-րդ հոդվածի ուժով՝ ենթակա է անվերապահ կիրառման, որը չի կատարվել՝ հանգեցնելով Սահմանադրության 2-րդ գլխում նախատեսված համապատասխան իրավունքների խախտման:

Դիմողը պնդում է նաև, որ վիճարկվող դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է նաև Սահմանադրության 73-րդ հոդվածին:

Դիմողը գտնում է, որ սույն պարագայում Վճռաբեկ դատարանը, հիմնավոր չհամարելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման կիրառումն իր նկատմամբ, խախտում է օրենքի առջև բոլորի հավասարության, ինչպես նաև խտրականության արգելքի սկզբունքները, քանի որ բացակայում է խտրականության կիրառման օբյեկտիվ չափանիշը: Ըստ Դիմողի՝ նույն արարքը կատարած երկու անձանց նկատմամբ, որոնցից մեկը հանցանքը կատարել է նախկին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի գործողության ժամանակահատվածում, իսկ մյուսը՝ գործող Քրեական օրենսգրքի, դրսևորվում է տարբերակված մոտեցում ոչ թե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որևէ գործոնով, այլ ընդամենը հանցանքի կատարման ժամանակով պայմանավորված, ինչը չի կարող օբյեկտիվ, արդարացի և ընդունելի լինել և պետք է կանխվի Սահմանադրական դատարանի կողմից՝ վիճարկվող իրավադրույթը և իրավակիրառ պրակտիկան հակասահմանադրական ճանաչելու եղանակով:

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասահմանադրական է նաև այն առումով, որ անտեսվել է օրենսդրի տրամաբանությունը, և Վճռաբեկ դատարանը ստեղծել է այնպիսի իրավակիրառ պրակտիկա, որը հակասում է ինչպես գործող օրենսդրությանը, այնպես էլ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին:

Դիմողը գտնում է, որ տվյալ պարագայում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գործող Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասն առնվազն այնքանով, որքանով նեղացնում է դրա կիրառման շրջանակը և հնարավորություն չի տալիս կիրառելու ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, ինչպես նաև վիճարկվող դրույթի վերաբերյալ թիվ ԱՐԴ/0048/12/23 գործի շրջանակներում ձևավորված իրավակիրառ պրակտիկան հակասահմանադրական են, քանի որ արգելվում է պատիժը մեղմացնող դրույթի կիրառումը դատապարտյալի նկատմամբ միայն ժամանակագրական հանգամանքով պայմանավորված, ինչն օբյեկտիվ չափանիշ չէ և չհիմնավորված խտրականություն է դատապարտյալների նկատմամբ: Նման մոտեցումը, ըստ Դիմողի, շեղում է նաև օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքից:

Միաժամանակ Դիմողն իր անհատական դիմումի շրջանակներում ներկայացրել է «Վիճարկվող օրենքի դրույթի գործողությունը կասեցնելու վերաբերյալ» միջնորդություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթի գործողության չկասեցումը կհանգեցնի ծանր հետևանքների, այն է՝ իրեն կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ, որի պարագայում կզրկվի իր գործի քննությանը մասնակցելու հնարավորությունից և հետագայում՝ օրենքի դրույթը հակասահմանադրական ճանաչվելու պարագայում, հնարավոր չի լինի վերականգնել քրեակատարողական հիմնարկում գտնվելու հետևանքով իր խախտված իրավունքները:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի (տվյալ պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 3, 5, 26, 28, 29, 61, 70, 72, 73, 78 և 81-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 26-րդ հոդվածի 3-րդ մասով, 61 և 70-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ ազատությունից զրկված անձանց՝ մարդասիրական վերաբերմունքի, արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև ներման, ներառյալ՝ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 26-րդ հոդվածի 3-րդ մասին, 61 և 70-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ:

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 28, 29, 72, 73, 78 և 81-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 3 և 5-րդ հոդվածներին, ապա Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դրանք ամրագրված են Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 26-րդ հոդվածի 3-րդ մասով, 61 և 70-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար նաև՝ Սահմանադրության 28, 29, 72, 73, 78 և 81-րդ հոդվածներին:

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Գեղամ Սարգսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

1 նոյեմբերի 2024 թվականի

ՍԴԱՈ-168

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-168
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել