Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1722 փետրվարի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 փետրվարի 2019թ. ՍԴԱՈ - 17 | «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու վերաբերյալ հարցը, ՊԱՐԶԵՑ.

1. Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ Ա. Վարդևանյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի հունվարի 22-ին) խնդրելով. «որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի (այն մասով, որ նախատեսում է դատարանի կողմից խափանման միջոց, ներառյալ կալանավորում, կիրառելու հնարավորություն), 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»։

2. Վերլուծելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի ինչպես վիճարկվող, այնպես էլ այլ իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանի իրավակիրառ պրակտիկան դիմողը գտնում է, որ կալանավորման հարցի քննարկմանը պետք է նախորդի անձի ազատության սահմանափակման բավարար հիմքերի ամբողջականությունը, որի հիման վրա փաստացի պետք է ազատությունը սահմանափակված լինի, իսկ դատարանը, ելնելով իր կարգավիճակից և լիազորություններից, պետք է գնահատի և՛ անձի արդեն իսկ ազատության սահմանափակման վիճակի իրավաչափությունը, և՛ դրա հետագա թույլատրելիության հարցը։ Ըստ դիմողի իրավակիրառ պրակտիկայում «միանշանակ ձևավորված մոտեցմամբ» դատարանը նախաքննության օրինականության վերահսկման գործառույթից անցնում է քրեական հետապնդման գործառույթի իրականացմանը, ինչն անընդունելի է քրեական դատավարության ընդհանուր տրամաբանության լույսի ներքո, մասնավորապես, քրեական դատավարության փուլային կառուցվածքի, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքի և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև «գործառույթ-ինստիտուտ-իրավասություն եռամիասնական սահմանադրական ներդաշնակության ապահովման տեսանկյունից»։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 135-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի իր կողմից փաստարկված սահմանադրականության խնդրին և իրավակիրառ պրակտիկայում դրա վերաբերյալ առկա մեկնաբանություններին դիմողը գտնում է, որ օրենսդրությամբ առհասարակ բացահայտված չեն «հիմնավոր կասկած» եզրույթի կիրառման շրջանակը և իրավական բովանդակությունը, ինչն առաջացնում է իրավական բաց։ Ու թեև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներով պարզաբանել և զարգացրել է հիշյալ եզրույթի իմաստը, այնուհանդերձ, այդ դատարանը չպետք է հանդես գա «օրենսդրի կարգավիճակում», իսկ անձը փաստացի զրկվի օրենքներում առկա եզրույթների կիրառման, մեկնաբանման շրջանակներում համապատասխան վարքագիծ դրսևորելու օբյեկտիվ հնարավորությունից։ Արդյունքում, ինչպես գտնում է դիմողը, անձի անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքի իրացումը կարգավորվում և սահմանափակվում է բացառապես Վճռաբեկ դատարանի իրավակիրառ պրակտիկայում տեղ գտած մեկնաբանություններով և դիրքորոշումներով, այլ ոչ թե օրենքի ուժով։ Դիմողի կարծիքով, չնայած Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, մեկնաբանելով «հիմնավոր կասկած» եզրույթը, իր որոշումներում մշտապես հղումներ է կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, սակայն ամբողջությամբ չի իրացնում դրանում հաստատագրված մոտեցումները։

Ըստ դիմողի իրավակիրառ պրակտիկայում առհասարակ անդրադարձ չի կատարվել վեճի առարկա նորմի շրջանակներում դատավարության մասնակիցների կողմից ապացույցների ներկայացման, դրանց կարգավիճակի, դատարանի կողմից դրանց գնահատման ընթացակարգային ու կառուցակարգային հիմնահարցերին, և արդյունքում խաթարվել է կողմերի մրցակցությունը։ Ըստ դիմողի դատարանները որևէ կերպ չեն անդրադարձել Սահմանադրության 27-րդ հոդվածում տեղ գտած կարգավորումներին վեճի առարկա հանդիսացող նորմերի անհամապատասխանության հիմնախնդրին։ Վերոշարադրյալ հիմնավորումներից ելնելով դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի «հիմնավոր կասկածի» պայմանին վերաբերող նորմերը, ինչպես նաև նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում են Սահմանադրության 27-րդ հոդվածի իրավակարգավորումներին։

3. Դիմումի և կից փաստաթղթերի, ինչպես նաև գործում առկա այլ նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Անհատական դիմումներով գործերը քննության ընդունելու վերաբերյալ կայացրած իր որոշումներով (գործով ըստ էության, աշխատակարգային, դատական կազմերի որոշումներ) Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է հիշյալ դիմումների ընդունելիության ընդհանուր չափանիշներին[1]։

Քննվող դիմումում շարադրված վերոհիշյալ հիմնավորումների

ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն, ըստ էության, բարձրացրել է.

ա) տվյալ գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման օրինականության, այդ որոշմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթների իրավաչափության հարց,

բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի առանձին դրույթների իրավական բովանդակության բացահայտման, դրանց միակերպ և ամբողջական ընկալման և մեկնաբանության հարցեր։

Սահմանադրական դատարանը նշում է նաև, որ դիմումով բարձրացվում են իրավունքի ենթադրյալ բացի հարցեր, որոնց հիմքում առավելապես դրվել են ընդհանուր-վերացական հիմնավորումներ, որոնք կարող են քննության առարկա լինել ոչ թե անհատական դիմումների հիման վրա իրականացվող, այլ վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդված)։ Այլ կերպ` դիմումում բերված իրավական հիմնավորումներով բարձրացվում են դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթների մեկնաբանման և կիրառման իրավաչափության հարցեր ըստ էության հանգեցնելով տվյալ գործով հենց Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման սահմանադրականության խնդրին, ինչը Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից դուրս է։

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դիմումում բարձրացված հարցերի և դրանց հիմքում դրված հիմնավորումների շրջանակներում առաջնային խնդիրը վիճարկվող դրույթների միատեսակ կիրառության ապահովումն է, որը, Սահմանադրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի գործառույթն է։ Սահմանադրական դատարանն իրավասու չէ գնահատել դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթների կիրառման իրավաչափությունը։

3.2. Անդրադառնալով վիճարկվող դրույթների իրավական բովանդակության բացահայտման, դրանց միակերպ և ամբողջական ընկալման հարցերին և փաստարկելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում «հիմնավոր կասկած» եզրույթի սահմանման, դրա էության, կիրառման շրջանակի, բովանդակային բաղադրիչների բացակայության վերաբերյալ դիմողի փաստարկներին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, իր մեկնաբանություններով ու հետևություններով առաջադրելով «իրավունքի բացի» խնդիր, դիմողն շրջանցում է իր կոնկրետ գործի հանգամանքներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման, այդ դատարանի պրակտիկայի վերլուծության և դրանց արդյունքում իր կոնկրետ հիմնական իրավունքների և ազատությունների խախտման պատճառահետևանքային կապի հիմնավորման պարտականությունը, ինչը Սահմանադրական դատարանում անհատական դիմումներով դատական պաշտպանության իրավունքն իրացնելու թե՛ սահմանադրական (Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ) և թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված առաջնահերթ պահանջ է։

Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումում նաև ընդհանուր- վերացական հիմնավորումներով առաջադրվում են հարցեր, որոնք իրենց իրավական բովանդակությամբ և տվյալ գործի կոնկրետ հանգամանքների հետ ունեցած փաստացի առնչությամբ ոչ թե անհատական, այլ վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդված) քննության ենթակա ենթադրյալ հարցեր են։

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ անհատական դիմումների հիման վրա իրականացվող վերահսկողության նպատակը թեև Սահմանադրության դրույթների անմիջական գործողության երաշխավորումն ու վերջինիս միջոցով անձի հիմնական իրավունքների պաշտպանությունն է, այնուհանդերձ, այդ գործառույթի իրականացումը հնարավոր է բացառապես Սահմանադրության 168 և 169-րդ հոդվածների և վերջիններիս հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում նախատեսված իրավակարգավորումների շրջանակներում և պայմանով, որ դիմողը բավարար չափով հիմնավորի տվյալ կոնկրետ գործով իր սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, այլ ոչ օբյեկտիվ իրավունքի որևէ հիմնահարցի առկայությունն ընդհանրապես, ինչը տվյալ դեպքում շրջանցվել է դիմողի կողմից։

3.3. Անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված «իրավական բացի» խնդրին և վերահաստատելով վերը հիշատակված որոշումներով արտահայտած իր իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ իրավական բացը (իրավակարգավորման բացը), երբ այն պայմանավորված է ոչ թե այս կամ այն գործով վիճարկվող նորմատիվ դրույթներով, այլ ինքնին իրավական տվյալ կառուցակարգի ամբողջական իրավակարգավորմամբ և դրա հաղթահարմամբ, ինչը և փորձել է հիմնավորել դիմողը, պետք է դիտարկել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի (Սահմանադրության 4-րդ հոդված) համատեքստում, և բոլոր այն դեպքերում, երբ այն պայմանավորված է իրավակարգավորման բնագավառում կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանների ենթադրյալ բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասությունն է։ Սակայն Սահմանադրական դատարանն անհատական դիմումներով գործերի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականության խնդրին, եթե վիճարկվող նորմի (նորմերի) բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որի արդյունքում խախտվում է կամ կարող է խախտվել կոնկրետ հիմնական իրավունք։ Մինչդեռ քննության առարկա դիմումում առկա չեն կոնկրետ հիմնական իրավունքին ուղղակի առնչվող իրավական այնպիսի հիմնավորումներ, որոնք հիմք կհանդիսանային դրանք Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված այս կամ այն իրավունքի խախտման համատեքստում դիտարկելու համար, հետևաբար, նաև Սահմանադրական դատարանում անհատական դիմումի շրջանակներում, գնահատման ենթակա լինել չեն կարող։ Դա է անհատական դիմումների ընդունելիության առանցքային չափանիշներից մեկը։

4. Այսպիսով, Սահմանադրական դատարանը դիմումի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ դիմողի հիմնավորումներն իրենց բովանդակությամբ, ըստ էության, կապված են ոչ թե նորմատիվ դրույթների սահմանադրականությունն անհատական դիմումին ներկայացվող պահանջներին համապատասխան վիճարկելու, այլ սոսկ այդ դրույթների մեկնաբանության և կիրառման իրավաչափության հարցերի հետ։ Դիմողը, Սահմանադրական դատարանին ըստ ձևի ներկայացնելով վիճարկվող դրույթները իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու խնդրանք, ըստ էության բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց, ինչը, Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված և բազմիցս վերահաստատված իրավական դիրքորոշման, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 69-րդ հոդվածի 5- րդ մասը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

22 փետրվարի 2019 թվականի

ՍԴԱՈ-17

-----------------------

[1] ՍԴՈ-1361, 11 ապրիլի 2017թ. (կիրառման իրավաչափություն), ՍԴՈ-1205, 19 մայիսի 2015թ. (կիրառման իրավաչափություն), ՍԴՈ-1135, 14 հունվարի 2014թ. (ՍԴ քննությանը ոչ ենթակա հարց), ՍԴՈ-1371, 25 մայիսի 2017թ. (կիրառման իրավաչափություն, ակնհայտ անհիմն դիմում), ՍԴՈ-998, 22 նոյեմբերի 2011թ. (կիրառման իրավաչափություն), ՍԴՈ-1238, 1 դեկտեմբերի 2015թ. (վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել), ՍԴՈ-1251, 19 հունվարի 2016թ. (կիրառման իրավաչափություն), ՍԴՈ-1144, 15 ապրիլի 2014թ. (վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել), ՍԴՈ-1202, 14 ապրիլի 2015թ. (կիրառման իրավաչափություն), ՍԴԱՈ-37, 31 մայիսի 2016թ. (կիրառման իրավաչափություն), ՍԴԱՈ-42, 13 հունիսի 2017թ. (առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին), ՍԴԱՈ-44, 31 մայիսի 2016թ. (կիրառման իրավաչափություն), ՍԴԱՈ-56, 27 սեպտեմբերի 2017թ. (բավարար չափով հիմնավորված չէ), ՍԴԱՈ-56, 23 հուլիսի 2018թ. (առաջադրված հարցի վերաբերյալ առկա է ՍԴ որոշում), ՍԴԱՈ-18, 7 մարտի 2017թ. (օրենքի բացի հաղթա-հարումն օրենսդրի իրավասությունն է. ՍԴ ոչ ենթակա հարց) ՍԴԱՈ-40, 22 մայիսի 2018թ. (առաջադրված հարցի վերաբերյալ առկա է ՍԴ որոշում), ՍԴԱՈ-43, 8 հունիսի 2018թ. (վիճարկվող դրույթը դիմողի նկատ-մամբ չի կիրառվել), ՍԴԱՈ-81, 9 նոյեմբերի 2018թ. (բաց է թողնվել վեցամսյա ժամկետը), ՍԴԴԿՈ/2-21, 19 սեպտեմբերի 2017թ. (կիրառման իրավաչափություն), ՍԴԴԿՈ/1-1, 12 հունվարի 2018թ. (կիրառման իրավա-չափություն), ՍԴԴԿՈ/1-18, 28 օգոստոսի 2017թ. (կիրառման իրավաչափություն, վիճարկվող նորմը դիմողի նկատմամբ չի կիրառվել), ՍԴԴԿՈ/2-6, 28 փետրվարի 2018թ. (կիրառման իրավաչափություն), ՍԴԴԿՈ/2-2, 22 հունվարի 2018թ. (կիրառման իրավաչափություն), ՍԴԴԿՈ/1-9, 25 ապրիլի 2017թ. (բաց է թողնվել վեցամսյա ժամկետը), ՍԴԴԿՈ/1-19, 18 հունիսի 2015թ. (չեն սպառվել դատական պաշտպանության միջոցները)։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 փետրվարի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել