Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ԷԴԳԱՐ ԱՄԻՐՅԱՆԻ, ՄԱՐՏԻՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ՀԱՅԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ՆԱՐԵԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ՌԱՖԱՅԵԼ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ԷԴԳԱՐ ԱՄԻՐՅԱՆԻ, ՄԱՐՏԻՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ՀԱՅԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ՆԱՐԵԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ՌԱՖԱՅԵԼ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4429 օգոստոսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-44)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 օգոստոսի 2022թ. ՍԴԴԿՈ - 44 | ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ԷԴԳԱՐ ԱՄԻՐՅԱՆԻ, ՄԱՐՏԻՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ՀԱՅԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ՆԱՐԵԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ՌԱՖԱՅԵԼ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 29 օգոստոսի 2022թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Հրաչյա Ներսիսյանի, Էդգար Ամիրյանի, Մարտին Ներսիսյանի, Հայկ Ներսիսյանի, Նարեկ ՆԵրսիսյանի, Ռաֆայել Ներսիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հրաչյա Ներսիսյանի, Էդգար Ամիրյանի, Մարտին Ներսիսյանի, Հայկ Ներսիսյանի, Նարեկ Ներսիսյանի, Ռաֆայել Ներսիսյանի դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի օգոստոսի 2-ին, որը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի օգոստոսի 5-ին: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 9-ի թիվ Ա/0795-2022 գրությունը, որով դիմողները տեղեկացվել են, որ դիմումում չեն պահպանվել Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները, վերջիններս ստացել են սույն թվականի օգոստոսի 11-ին: Մատնանշված թերությունները շտկելուց հետո դիմողները կրկին դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի օգոստոսի 13-ին: Այն Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի օգոստոսի 16-ին: Դիմողները Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել են.

«1. Սույն դիմումն ընդունել վարույթ:

2. Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետի հոսքի հաշվարկի ժամանակ արդարացման դատավճիռ կայացրած դատարանի կողմից արդարացվածին վնասի հատուցման կարգի և ժամկետների մասով պարզաբանում չտալու հանգամանքը հաշվի չառնելու մասով» ՀՀ սահմանադրության 1-ին, 3-րդ, 62-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներին համապատասխանության հարցը բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը»:

2. Դիմողները գտնում են, որ իրավադրույթի սահմանադրականությունը պարզելու համար նախևառաջ պետք է բացահայտել արդյո՞ք ապահովվում են վիճարկվող դրույթի պաշտպանությունն ու հարգումը հանրային իշխանության կողմից, ինչպես նաև արդար դատաքննության սահմանադրական իրավունքի և դրա կարևոր տարր հանդիսացող դատարանի մատչելիության սկզբունքի լիարժեք իրացումը: Դիմողների պնդմամբ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկի համար նախ օրենսդիրը, իսկ հետո նաև նորմի տառացի մեկնաբանման արդյունքում դատարանները, ընդհանրապես չեն կարևորում այն հանգամանքը, թե արդյո՞ք արդարացման դատավճիռ կայացրած դատարանը պարզաբանել է վնասի հատուցման կարգն ու ժամկետները: Ստացվում է, որ իրավակիրառ պրակտիկան ձևավորվում է այն ուղղությամբ, որ եթե արդարացման դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է մեկ տարի, ապա անձը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը, ու անկախ նրանից արդարացման դատավճիռ կայացրած դատարանն իրականացրել է արդարացվածի իրավունքների վերականգնմանն ուղղված բոլոր միջոցառումները, թե՞ ոչ, միևնույն է արդարացվածը բաց է թողել դատարան դիմելու իրավունքը: Ըստ դիմողների այլ կերպ անկախ պաշտպանի կամ այլ օրինական ներկայացուցչի առկայությունից, միևնույն է դատարանը պարտավոր է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պահանջը, այն է արդարացվածներին պարզաբանել, թե օրենքին համապատասխան ինչպիսի՞ վնաս կարող է հատուցվել, ի՞նչ ժամկետում, ո՞ր մարմնին պետք է դիմեն վնասը հատուցելու պահանջով: Դիմողները նման պայմաններում գտնում են, որ վաղեմության ժամկետի հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնել արդարացվածին իր իրավունքները, և հատկապես վնասի հատուցման իրավունքը պարզաբանված լինելու հանգամանքը և առաջնորդվել այն սկզբունքով, որ եթե արդարացվածին չի պարզաբանվել իր իրավունքներն ու պարտականությունները, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության դեպքում իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Ըստ դիմողների եթե արդարացվածին վնասի հատուցման կարգը պարզաբանելու անհրաժեշտությունը ձևական բնույթ է կրում, ապա ինչու՞ է օրենսդրությամբ արդարացվածի համար նման իրավունք նախատեսված, իսկ եթե ձևական բնույթ չի կրում, և արդարացման դատավճիռ կայացրած դատարանը կրում է ուղղակի պարտավորություն արդարացվածին իր իրավունքները և պարտականությունները պարզաբանելու համար, ապա նման դեպքում էլ հարց է առաջանում եթե դատարանը չի կատարում իր պարտականությունը, ապա ինչպե՞ս կարող է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետի բացթողման բացասական հետևանքները կրել արդարացվածը: Ըստ դիմողների Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներով կարևորել է ժամկետի բացթողումն իրավունքի ուժով վերականգնելու հնարավորությունը, և դիմողների պնդմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության դեպքում պետք է իրավունքի ուժով ճանաչել հարգելի բոլոր այն դեպքերում, երբ արդարացման դատավճիռ կայացրած դատարանը չի պարզաբանել արդարացվածի իրավունքները, քանի որ միայն իրավունքի պարզաբանման դեպքում կարելի է խոսել արդարացվածի անգործության, վնասի հատուցման իրավունքից չօգտվելու մասին, հակառակ պարագայում վիճարկվող նորմը հակասում է Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 62-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Ա. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողների համար ենթադրյալ անբարենպաստ հետևանքներն առաջացել են թիվ ԵԴ/22290/02/19 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունիսի 14-ի վճռով և վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ, և խնդրո առարկա իրավական դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողները բարձրացնում են նշված դատական մարմինների կողմից ընդունված ակտերի/գործողությունների իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթի հակասահմանադրականության տեսանկյունից: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողների կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ արդարացման դատավճռով վնասի հատուցման կարգի և պայմանների մասին պարզաբանում չստանալու արդյունքում բաց են թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված իրավունքից օգտվելու օրենսդրական ժամկետը, իսկ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները հաշվի չեն առել այդ փաստը բաց թողնված ժամկետի հարգելի լինելու հարցը քննելիս: Մասնավորապես դիմողները նշել են, որ Տվյալ դեպքում Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման համար նախ օրենսդիրը, իսկ հետո նաև նորմի տառացի մեկնաբանման արդյունքում դատարանները, ընդհանրապես չեն կարևորում այն հանգամանքը, թե արդյո՞ք արդարացման դատավճիռ կայացրած Դատարանը պարզաբանել է վնասի հատուցման կարգն ու ժամկետները: Ստացվում է, որ իրավակիրառ պրակտիկան ձևավորվում է այն ուղղությամբ, որ եթե արդարացման դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է մեկ տարի, ապա անձը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը ու անկախ նրանից արդարացման դատավճիռ կայացրած դատարանն իրականացրել է արդարացվածի իրավունքների վերականգնմանն ուղղված բոլոր միջոցառումները, թե ոչ, միևնույն է արդարացվածը բաց է թողել դատարան դիմելու իրավունքը»: (…)

Այլ կերպ անկախ պաշտպանի կամ այլ օրինական ներկայացուցչի առկայությունից, միևնույն է դատարանը պարտավոր է չսահմանափակել արդարացվածների իրավունքները և կատարել ՀՀ քրեական դատավարության 67-րդ հոդվածով նախատեսված պահանջը այն է արդարացվածներին պարզաբանել թե օրենքին համապատասխան ինչպիսի վնաս կարող է հատուցվել, ինչ ժամկետում, որ մարմնին պետք է դիմեն վնասը հատուցելու պահանջով»: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողները բարձրացնում են համապատասխան մարմինների կողմից ընդունված դատական ակտերի իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Բ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար այդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողները չեն ներկայացրել վիճարկվող դրույթի կամ դրան տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավոր փաստարկներ: Դիմողների կողմից հայցվող վնասի հատուցումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է հայցային վաղեմություն կիրառելու հիմքով. բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը ևս մերժվել է: Ի դեպ, դիմողների կողմից սույն դիմումով ներկայացվող հիմնական փաստարկը, այն է արդարացման դատավճռով վնասի հատուցման կարգի և պայմանների մասին պարզաբանում չստանալը չի ներկայացվել որպես բաց թողնված ժամկետի պատճառ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում, բարձրացվել է վերաքննիչ դատարանում և այդ իսկ պատճառով չի էլ քննարկվել վերաքննիչ դատարանի կողմից: Ուստիև, սույն գործով դիմողների կողմից ներկայացվող հիմնական փաստարկը, այն է դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասին տրված հակասահմանադրական մեկնաբանությունը, առհասարակ տեղ չի գտել դատական ակտերում, ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ներկայացված դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հրաչյա Ներսիսյանի, Էդգար Ամիրյանի, Մարտին Ներսիսյանի, Հայկ Ներսիսյանի, Նարեկ Ներսիսյանի, Ռաֆայել Ներսիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Ա. Վաղարշյան

Անդամներ Ե. Խունդկարյան

Վ. Գրիգորյան

29 օգոստոսի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-44

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 օգոստոսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-44
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել