«ԱՆԱՀԻՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-72)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 ապրիլի 2024թ. ՍԴԱՈ - 72 | «ԱՆԱՀԻՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՆԱՀԻՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Անահիտ Սաղաթելյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
1. 2024 թվականի մարտի 26-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անահիտ Սաղաթելյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(…) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 6, 61 և 63, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 184-րդ հոդվածը, այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի դատական ակտի պատճառաբանական մասում իրավական դիրքորոշումը, Հայաստանի ներպետական իրավական ակտերին, ընթացակարգերին, ներպետական դատական գործերով հաստատված փաստերին տրված իրավական գնահատականներն ու որակումները չի դիտարկում որպես դատական ակտի վերանայման նոր հանգամանք»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/7707/05/17 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի դրույթները (իրավական բացը) թույլ չեն տվել, որ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերջնական դատական ակտը վերանայի, ըստ որի` Եվրոպական դատարանի դատական ակտի պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները և ՀՀ ներպետական իրավական ակտերին տրված իրավական գնահատականները և որակումները «նոր հանգամանք» չեն՝ ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման վարույթ հարուցելու համար:
Դիմողի պնդմամբ՝ արդարության սահմանադրական սկզբունքի արդյունավետ իրացումը պահանջում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) վճռի, դրա՝ պատճառաբանական մասում ներպետական իրավունքի աղբյուրներին կամ իրավակիրառ պրակտիկային տրված որակումների և իրավական գնահատականների հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիայի խախտում արձանագրելու հետևանքով իր կոնվենցիոն, հետևաբար՝ սահմանադրական իրավունքները:
Դիմողը գտնում է, որ վերոնշյալ գործով սահմանադրաիրավական վեճի առարկա օրենսդրական բացը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել վարչական իրավունքի ոլորտում Եվրոպական դատարանի վճիռների կատարման համար այն առումով, որ Եվրոպական դատարանի պրակտիկայում հետևողականորեն զարգանում է, այսպես կոչված` «ուղենիշ (ղեկավար) վճիռների» ինստիտուտը:
Ըստ Դիմողի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածը իրավական, դատական պաշտպանության միջոց չի նախատեսել նոր հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման համար, որպես գործի՝ դատական ակտի վերաբացման պայման չի նախատեսել Հայաստանի մասնակցությամբ միջազգային դատարանի դատական ակտի պատճառաբանական մասում արտահայտած իրավական դիրքորոշումները և գնահատականները:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:
Սույն գործի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ տվյալ անհատական դիմումի շրջանակներում թիվ ՎԴ/7707/05/17 վարչական գործով վերջնական դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2023 թվականի սեպտեմբերի 6-ին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն անհատական դիմումի շրջանակներում թիվ ՎԴ/7707/05/17 վարչական գործով վերջնական դատական ակտը կայացվել է 2023 թվականի սեպտեմբերի 6-ին, Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ից:
Սույն գործով Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվել է 2024 մարտի 7-ին: Մինչդեռ Դիմողի կողմից սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան է ստացվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի («MulberryGroupware 2.0» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի) միջոցով 2024 թվականի մարտի 26-ին: Հետևաբար` Դիմողը բաց է թողել և սույն գործով լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, որն էլ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է:
Ինչ վերաբերում է Դիմողի այն պնդմանը, համաձայն որի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետն սկսում է հոսել Դիմողի կողմից վերջնական դատական ակտը, այն է՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումը ստանալու օրվանից՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ից, ապա Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերոնշյալ հոդվածով հստակ սահմանվում է Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետի հաշվարկման սկիզբը, այն է՝ վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Ընդ որում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանի որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, ուստի` սույն գործի շրջանակներում Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի սկիզբը սկսել է հոսել Վճռաբեկ դատարանի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման կայացման պահից, այլ ոչ թե Դիմողի կողմից այն ստանալու պահից:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով անհատական դիմումին ներկայացվող՝ այն վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո Սահմանադրական դատարան ներկայացնելու պահանջը:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
Անահիտ Սաղաթելյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
26 ապրիլի 2024 թվականի
ՍԴԱՈ-72
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-72
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
