ՎԻԼԵՆ ԳԱՅՖԵՋՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ` 05.11.2015Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-436 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-77)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 դեկտեմբերի 2015թ. ՍԴԱՈ - 77 | ՎԻԼԵՆ ԳԱՅՖԵՋՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ` 05.11.2015Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-436 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՎԻԼԵՆ ԳԱՅՖԵՋՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ` 05.11.2015Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-436 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Վիլեն Գայֆեջյանը և Արտակ Զեյնալյանը (ներկայացուցիչներ` Արտակ Զեյնալյան և Հայկուհի Հարությունյան) ՀՀ սահմանադրական դատարան են դիմել 2015 թվականի նոյեմբերի 5-ին: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/2551/02/15 քաղաքացիական գործով արձանագրային որոշումը կայացվել է 2015 թվականի հուլիսի 28-ին: Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19, 20, 14.1. և 1-ին, 23, 27.1., 8, 31, 3-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածի 1-ին մասի` «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19, 20, 14.1. և 1-ին, 23, 27.1., 8, 31, 3-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը»: Նկատի ունենալով, որ սույն անհատական դիմումով գործը քննության ընդունելու հարցով ՍԴ դատական կազմը միաձայնությամբ որոշում չի ընդունել, ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ մասի աշխատակարգային նիստում քննելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Վիլեն Գայֆեջյանի և Արտակ Զեյնալյանի դիմումի ընդունելիության հարցը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների դրույթների պահանջներով, գտնում է, որ գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Ըստ դիմողների` թիվ ԵԱՔԴ/2551/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասը կայացրել է արձանագրային որոշում, որ Արտակ Զեյնալյանը չի կարող ներկայացնել պատասխանող Վիլեն Գայֆեջյանի շահերը և չի կարող լինել վերջինիս ներկայացուցիչը դատարանում: Դիմողները գտնում են, որ իրենց համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/2551/02/15 գործով արձանագրային որոշմամբ կիրառված և դրանում անմիջականորեն վկայակոչված, inter alia, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասը և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը: Դիմողները գտնում են, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա. տվյալ պարագայում նախատեսված իրավակարգավորումները ողջամիտ չեն և տարբերակված վերաբերմունքի դրսևորում են:
2. Դիմող Արտակ Զեյնալյանի մասով. դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ Արտակ Զեյնալյանը դատարաններում չի հանդիսացել որպես դատավարության կողմ, չունի իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ, հետևաբար օժտված չէ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով սահմանադրական դատարան դիմելու իրավունքով: ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
3. Դիմող Վիլեն Գայֆեջյանի մասով. դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա չէ Վիլեն Գայֆեջյանի նկատմամբ կոնկրետ գործով կայացված որևէ դատական ակտ: Ըստ դիմողի դատավարության ընթացքում դատարանի կողմից կայացված յուրաքանչյուր որոշում, որը ենթակա չէ բողոքարկման, հանդիսանում է կոնկրետ գործով դատարանի կողմից կայացված վերջնական ակտ: Այդ իսկ պատճառով, դիմողի կարծիքով ինքն իրավունք ունի ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով դիմել ՀՀ սահմանադրական դատարան իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը որոշելու համար: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն ՀՀ սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»: Սահմանադրական այս դրույթում հստակ նշվել են այն պայմանները, որոնց համաձայն կոնկրետ անձն իրավասու է դիմել ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելու իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթը: Դրանք են
ա) կոնկրետ գործի առկայությունը,
բ) դատարանի վերջնական ակտի առկայությունը,
գ) դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառվելը:
Ինչ վերաբերում է առաջին պայմանին, ապա հարկ է նշել, որ քաղաքացիական դատավարությունում «կոնկրետ գործ» հասկացության բովանդակությունը ներառում է այն վեճը կամ հարցը, որը լուծվում է քաղաքացիական դատավարության շրջանակներում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական գործը հարուցվում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Օրենսգրքի մի շարք այլ հոդվածներում ևս «քաղաքացիական գործ» հասկացության ներքո հասկացվում է միայն սահմանված կարգով հարուցված վեճի կամ այլ հարցի լուծմանն ուղղված գործընթացը: Դիմողի պարագայում կոնկրետ գործը հանդիսանում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդդեմ Վիլեն Գայֆեջյանի ՀՀ ոստիկանության հայցի հիման վրա հարուցված «Հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի համար անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին» գործը: Ինչ վերաբերում է «դատարանի վերջնական ակտ» հասկացությանը, ապա դա կարող է լինել այն ակտը, որով ավարտվում է գործի դատաքննությունը, և որը ենթակա չէ բողոքարկման: Դատավարության ընթացքում ընդունված կամ կայացված արձանագրային այն որոշումները, որոնց հիման վրա չի ավարտվում դատաքննությունը, չեն կարող համարվել կոնկրետ գործով կայացված վերջնական դատական ակտեր: Այս կապակցությամբ անհրաժեշտ է անդրադարձ կատարել ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշմանը, որի 5-րդ կետում դատարանը նշում է, որ «հարուցված, չկասեցված և շարունակվող վարույթի տրամաբանական ավարտը գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն է, հետևաբար` նման վարույթի շրջանակներում կայացված միջանկյալ ակտերը, անձի իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում, կարող են վիճարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում»: Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.11 հոդվածի 2-րդ մասի համաձայն օրենսգրքի իմաստով վերջնական դատական ակտ է համարվում օրենսգրքով սահմանված կարգով առաջին ատյանի դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, բողոքարկման ոչ ենթակա, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, գործի քննությունն սկսելը և շարունակելը բացառող, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտը: Ելնելով վերոշարադրյալից ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողներն իրավասու չեն դիմել սահմանադրական դատարան: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Վիլեն Գայֆեջյանի և Արտակ Զեյնալյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
04 դեկտեմբերի 2015 թվականի
ՍԴԱՈ-77
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 դեկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-77
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
