ՄՈՒՇԵՂ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 հոկտեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 28 | ՄՈՒՇԵՂ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
19 հոկտեմբերի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Կ. Բալայանի
Ուսումնասիրելով քաղաքացի Մուշեղ Ղարիբյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Մուշեղ Ղարիբյանը 04.10.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես վերջինիս 3, 14.1 հոդվածների, 18-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։
Դատական կազմը գտնում է, որ դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի հրամայական պահանջն է, որի բացակայությունը դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։ Միաժամանակ, դատական կազմը նշում է, որ վիճարկվող դրույթների սահմանադրականությունը չի կարող գնահատվել համապատասխան իրավական ակտի այլ դրույթներից մեկուսացված, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վիճարկվող դրույթները դիտարկել ինչպես համատեղ, այնպես էլ հատկապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ համակարգային վերլուծության արդյունքում։ Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ նույն հոդվածի 3-րդ կետով /մասով/ նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսված չէ նույն օրենսգրքով։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ, և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է։ Վերոնշյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ ժամկետանց վճռաբեկ բողոքների ընդունման հնարավորությունը չի բացառվում, այսինքն խնդրո առարկա իրավիճակների դեպքում, երբ ինչ-ինչ պատճառներով քաղաքացին ուշ է ստանում, ենթադրենք, վարչական դատարանի համապատասխան դատական ակտը, օրենսդիրը որպես երաշխիք նախատեսել է ժամկետանց վճռաբեկ բողոքների ընդունման հնարավորություն ժամկետների բաց թողնելը հարգելի համարելու համապատասխան միջնորդություն ներկայացնելու միջոցով, այսինքն օրենսդրությունը նախատեսում է դատավարական վերոնշյալ իրավունքի իրացումն ապահովող համապատասխան իրավական երաշխիք։ Ելնելով վերոգրյալից վիճարկվող դրույթներն իրենց բովանդակությամբ սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում։
Դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների համալիր վերլուծությունը վկայում է, որ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի
սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, Դատական կազմը գտնում է, որ այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղաքացի Մուշեղ Ղարիբյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
19 հոկտեմբերի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 հոկտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
