ԱՍՅԱ ՃԱՂԱՐՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 սեպտեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 26 | ԱՍՅԱ ՃԱՂԱՐՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
18 սեպտեմբերի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Կ. Բալայանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Ասյա Ճաղարյանի և Վարդան Անդրիասյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Ասյա Ճաղարյանը և Վարդան Անդրիասյանը 06.09.2010թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես վերջինիս 8-րդ և 31- րդ հոդվածների պահանջներին։
Դատական կազմը գտնում է, որ դիմողների ներկայացրած փաստարկները վերաբերում են ոչ թե վիճարկվող դրույթի հակասահմանադրականության հիմնավորմանը, այլ ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերի օրինականությանն ու սահմանադրականությանը։ Մասնավորապես, դիմողների կարծիքով. ա/ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2010թ. որոշումն ապօրինի է, քանի որ այն կայացվել է իրենց Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված նյութական և դատավարական իրավունքների ակնհայտ խախտումներով, բ/ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել հենվելով կիրառման ոչ ենթակա, առոչինչ իրավական ակտի վրա սխալ մեկնաբանելով նաև կիրառման ենթակա, այդ թվում նաև վիճարկվող հոդվածի դրույթները, որի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ, վտանգի տակ է դրվել սեփականության իրավունքի պաշտպանությունը, բացի այդ առաջացել է չափազանց վտանգավոր դատական նախադեպ և այլն։
Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողները ոչ միայն չեն հիմնավորել վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի իմպերատիվ պահանջն է, այլ նաև չեն հիմնավորել, թե վիճարկվող նորմի
«հակասահմանադրականության» արդյունքում իրենց որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չեն հիմնավորել իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։ Կոնկրետ տվյալ դեպքում դիմողների համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողներն ընդամենը բարձրացնում են դրա կիրառման իրավաչափության հարց։ Նման եզրահանգման համար հիմք են ծառայում դիմումի տարբեր էջերում շարադրված փաստարկները, որոնք ուղղված են ՀՀ վերաքննիչ դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտերի անօրինականության հիմնավորմանը։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, դատական կազմը գտնում է, որ այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղաքացիներ Ասյա Ճաղարյանի և Վարդան Անդրիասյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
18 սեպտեմբերի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-26
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 սեպտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-26
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
