ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 հունիսի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 9 | ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
9 հունիսի 2014թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ` Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ` Ա. Պետրոսյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Լուսինե Թումանյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` քաղաքացի Լուսինե Թումանյանը 27.05.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 8-րդ, 21-րդ, 22-րդ, 31-րդ, 42-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»:
1. Դիմողի կարծիքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3- րդ, 6-րդ, 8-րդ, 21-րդ, 22-րդ, 31-րդ, 42-րդ հոդվածների պահանջներին: Հիմնվելով ՀՀ սահմանադրական դատարանի` 12.10.2010թ. ՍԴՈ-920 որոշմամբ արտահայտած դիրքորոշումներին, դիմումի հեղինակը կարծում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 32-րդ և 279-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը վկայում է, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը /պատասխանատվությունը/ կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Հետևաբար` մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը: Դիմողի կարծիքով, նշված սկզբունքը սերտորեն առնչվում է նաև վարչական պատասխանատվության մեկ այլ սկզբունքի` անձնական պատասխանատվության սկզբունքին, որի համաձայն անձը ենթակա է պատասխանատվության միայն անձամբ կատարած իրավախախտման համար:
Դիմողը նաև պնդում է, որ վիճարկվող դրույթը պատասխանատվություն է նախատեսում ոչ թե իրավախախտում կատարած անձի, այլ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար, այսինքն` վիճարկվող նորմը վարչական պատասխանատվության հիմքում դնում է ոչ թե մեղքը` որպես վարչական իրավախախտման սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, այլ անձի` սեփականատեր լինելու հանգամանքը: Ըստ դիմողի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը շեղվել է վարչական պատասխանատվության հիմնարար սկզբունքներից և այդ նորմի հիմքում դրվել է անձի մեղավորության կանխավարկածը:
2. Սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը, ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` գտնում է, որ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ պարբերության առնչությամբ
ա/ դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ այս դրույթների մասով դիմումն ակնհայտ անհիմն է: Դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման է սահմանում այն, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում, միաժամանակ, դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է,
բ/ դատական կազմի կարծիքով, դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողը փորձում է բարձրացնել դրանց կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանած իրավական դիրքորոշման, բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Լուսինե Թումանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
9 հունիսի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/1-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
