Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 180-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 180-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-19629 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-196)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 196 | «ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 180-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ 180-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Լևոն Բարսեղյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ .

1. 2022 թվականի հոկտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Լևոն Բարսեղյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, այնքանով որքանով սահմանափակում է անձի արդար դատաքննության, դատարանի ու արդարադատության հասանելիության, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/23801/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ իր համար (…) բացասական հետևանք է առաջացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի դրույթը (…)»:

Դիմողը, վկայակոչելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Սահմանադրության 61- րդ հոդվածի 1-ին մասը և 63-րդ հոդվածի 1-ին մասը, փաստում է, որ (…) սույն դիմումի փաստական հանգամանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործով դիմողի կողմից դատարան ներկայացված հայցը թողնվել է առանց քննության այն հիմքով, որ հայցվորը կամ վերջինիս ներկայացուցիչը չեն ներկայացել միմյանց հաջորդող երկու դատական նիստերի և չեն միջնորդել հետաձգել դատական նիստը կամ չեն խնդրել նիստն անցկացնել իրենց բացակայությամբ»:

Դիմողն ընդգծում է, որ թեև ներպետական բարձրագույն ատյանի Վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվել է անձի խախտված իրավունքը, և դատական գործը վերսկսվել է, սակայն ա/ վճռաբեկ բողոքը բավարարվել է այլ հիմքով և դատարանի կողմից չի տրվել քննարկվող հոդվածի կիրառելիության մասով մեկնաբանություն Դիմողի նշած հիմնավորումների շրջանակում, ինչը Դիմողը կարևորում է հաշվի առնելով քննարկվող հոդվածի կիրառման պրակտիկան, բ/ ինքնին նշված հոդվածի մեխանիկական կիրառումը ստորադաս ատյանների կողմից խոչընդոտներ է ստեղծել գործի քննության համար, ինչը տեղիք է տվել բողոքարկումների և ազդել, ի թիվս այլնի, գործի արդյունավետ քննության, գործի ողջամիտ ժամկետներում քննության սկզբունքների վրա, ինչով պայմանավորված Դիմողը ներկայացնում է սույն դիմումը իր նկատմամբ ներպետական դատարանների կողմից կիրառված իրավական նորմի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի սահմանադրականության, դրա անձի արդար դատաքննության իրավունքին միջամտելու հարցի քննարկման և այդ առնչությամբ մեկնաբանություններ ստանալու նպատակով»: Ըստ Դիմողի (…) թիվ ԵԴ/23801/02/18 քաղաքացիական գործով հայցն առանց քննության թողնելու մասին որոշմամբ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի բողոքը մերժելու մասին որոշումներով խախտվել են Լևոն Բարսեղյանի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես դատարանի հասանելիության իրավունքը, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից գործը քննելու իրավունքը»: Դիմողը նշում է, որ ինքը (…) Առաջին ատյանի դատարանում նշանակված դատական նիստերին առնվազն ցույց է տվել իր շահագրգռվածությունը և հետաքրքրվածությունը գործի քննության մեջ նիստերից առաջ դիրքորոշում ներկայացնելու միջոցով, և հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքն առկա չէ»:

Դիմողն ընդգծում է, որ (…) կարևոր է, որ յուրաքանչյուր անգամ քաղաքացիական գործով վարույթն առանց քննության թողնելիս Դատավորը քննարկի արդյոք իրապես կողմը գործով չի ցուցաբերում հետաքրքրվածություն և շահագրգռվածություն, ինչով է դա արտահայտվել: Սակայն դրա հնարավորությունը Դատարանները պրակտիկայում չունեն հաշվի առնելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1- ին մասի 11-րդ կետի իմպերատիվ բնույթը (…)»:

Վկայակոչելով մի շարք դատական գործերով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11- րդ կետին տրված մեկնաբանությունները Դիմողը փաստում է, որ նշված դատարանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթը մեկնաբանել են տարակերպ և, ըստ այդմ կայացրել են միմյանց հակասող դատական ակտեր: Դիմողը նշում է, որ այս առումով առկա է օրենքի միատեսակ կիրառման և մեկնաբանման անհրաժեշտություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը վկայակոչելով Դիմողն ընդգծում է, որ (…) հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը չի բացառում հետագայում հայցվորի կողմից կրկին նույն առարկայի մասին նույն փաստական հիմքերով նույն անձանց դեմ հայցադիմում ներկայացնել: Հետևաբար այն բոլոր դեպքերում, երբ հայցվորի բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ վերջինս շահագրգռված է գործի ելքով, սակայն չի ներկայանում հերթական երկու նիստերին և այդ հիմքով դատարանը հայցը թողնում է առանց քննության, ապա հայցվորը միևնույն է հնարավորություն է ունենալու նույն հարցը կրկին ներկայացնելու, ինչը լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանի գործունեությունը (…)»:

Ամփոփելով դիմումով նշվածը դիմողը եզրահանգում է, որ (…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը այնքանով, որքանով սահմանափակում են անձի դատարանին և արդարադատությանը հասանելիության իրավունքը, դատարանի մատչելիության և դատական պաշտպանության միջոցները և եղանակները ազատորեն ընտրելու և տնօրինելու իրավունքները, արդյունքում անձը զրկվել է արդարադատությունից, հակասում են ՀՀ Սահմանադրության 31-րդ, 34-րդ, 42-րդ և 51-րդ հոդվածներին»: Դիմողը նշում է, որ Սահմանադրական դատարանից հայցում է (…) սույն դիմումով առաջադրված թեզերի հաստատում, որի արդյունքում լուծում կստանա Դիմողի և ՀՀ այլ քաղաքացիների համար բարձր կարևորություն ունեցող իրավական խնդիր»:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի

ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սույն դիմումի, ինչպես նաև դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/23801/02/18 քաղաքացիական գործով 2022 թվականի ապրիլի 15-ին կայացրած որոշմամբ բավարարել է Լևոն Բարսեղյանի վճռաբեկ բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը, բավարարելով Դիմողի վճռաբեկ բողոքը, կայացրել է Դիմողի համար բարենպաստ իրավական հետևանքներ առաջացնող դատական ակտ և, ըստ էության, վերականգնել է վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքները: Ավելին, սույն գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության և ներկայում դեռևս քննվում է դատական կարգով, հետևաբար Դիմողը սույն գործով չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Այս առումով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ վերոնշյալ հանգամանքն արձանագրվել է հենց Դիմողի կողմից: Մասնավորապես դիմումում նշված է, որ թեև ներպետական բարձրագույն ատյանի Վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվել է անձի խախտված իրավունքը, և դատական գործը վերսկսվել է, սակայն (…)»:

Այսպիսով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով:

3.2. Չնայած այն հանգամանքին, որ վերոշարադրյալն ինքնին բավարար հիմք է սույն գործի քննությունը մերժելու համար, Սահմանադրական դատարանը կարևորում է նաև Դիմողի կողմից անհատական դիմումով բարձրացված հարցի բնույթին անդրադառնալը:

Քննարկվող համատեքստում հարկ է ընդգծել, որ Սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ Նկատի ունենալով վերոշարադրյալը, այդ թվում սույն գործով դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառված չլինելու հանգամանքը, ինչպես նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված դիրքորոշումները Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողն, ըստ էության, բարձրացրել է ոչ թե կոնկրետ, այլ վերացական վերահսկողության շրջանակներում գնահատման ենթակա հարց, մինչդեռ վերջինս իրավասու չէ նման հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Մասնավորապես Դիմողը դիմումում փաստել է, որ թեև ներպետական բարձրագույն ատյանի Վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվել է անձի խախտված իրավունքը, և դատական գործը վերսկսվել է, սակայն ա/ վճռաբեկ բողոքը բավարարվել է այլ հիմքով և դատարանի կողմից չի տրվել քննարկվող հոդվածի կիրառելիության մասով մեկնաբանություն Դիմողի նշած հիմնավորումների շրջանակում, ինչը Դիմողը կարևորում է հաշվի առնելով քննարկվող հոդվածի կիրառման պրակտիկան (…)»: Միևնույն ժամանակ, Դիմողն ընդգծել է, որ (…) կարևոր է, որ յուրաքանչյուր անգամ քաղաքացիական գործով վարույթն առանց քննության թողնելիս Դատավորը քննարկի արդյոք իրապես կողմը գործով չի ցուցաբերում հետաքրքրվածություն և շահագրգռվածություն, ինչով է դա արտահայտվել: Սակայն դրա հնարավորությունը Դատարանները պրակտիկայում չունեն հաշվի առնելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իմպերատիվ բնույթը (…)»: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը կրկին հանգում է այն եզրակացության, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Լևոն Բարսեղյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 նոյեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-196

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-196
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել