Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3415 հունիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-34)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 հունիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 34 | «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

_________________________________________________________________________

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 15 հունիսի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի անհատական

դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի մայիսի 27-ին) խնդրելով. «Սահմանադրության 39-րդ հոդվածին հակասող ճանաչել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի մինչև 19.06.2019թ. ՀՕ-93-Ն օրենքի խմբագրությամբ 20-րդ հոդվածի 1-ին մասը»:

2. Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի մինչև 19.06.2019թ. ՀՕ-93-Ն օրենքի խմբագրությամբ (այսուհետ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին: Ըստ դիմողի քաղաքացիական իրավունքի տեսանկյունից Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը կարելի է դիտարկել որպես կրեդիտ ստացողի կողմից (Օրենքի իմաստով սպառող) բանկի նկատմամբ պահանջ հիմնավորող նորմ, այն է եթե հաստատվել է կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի իրավունքների խախտման փաստ, ապա կրեդիտավորողը պարտավոր է սպառողին վճարել երեք հարյուր հազար դրամ: Նման պարագայում սպառողը կարող է պահանջ ներկայացնել կրեդիտավորողին (տվյալ դեպքում բանկին) առ այն, որ վերջինս իրեն վճարի երեք հարյուր հազար դրամ: Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը պահանջի իրավունք սահմանող նորմ է: Դիմողը գտնում է, որ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության կարգավորումն իր բնույթով միանշանակ չէ: Այն չի կարող համարվել տուժանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 370-րդ հոդվածի իմաստով, քանի որ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը չի ենթադրում, որ կողմերը պետք է համաձայնության գան համապատասխան պարտավորության ծագման վերաբերյալ (դիսպոզիտիվ նորմ): Նման պայմաններում, երբ բացակայում է կողմերի համաձայնությունը, բացառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 370-րդ հոդվածի կիրառումը համապատասխան իրավահարաբերությունների վրա: Ըստ դիմողի Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության կարգավորումը պետք է դիտարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի լույսի ներքո, ըստ որի պարտատերն իրավունք ունի պահանջել վիճարկելու օրենքով սահմանված տուժանքը (օրինական տուժանքը), անկախ այն բանից կողմերի համաձայնությամբ նախատեսվա՞ծ է այն վճարելու պարտականություն, թե՞ ոչ: Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի համադրումը բերում է այն եզրահանգման, որ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունն օրինական տուժանք է սահմանում այն դեպքի համար, երբ հաստատվել է բանկի կողմից սպառողի որևէ իրավունքի խախտում: Այսինքն, Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը կարգավորում է օրինական տուժանքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 371-րդ հոդվածի իմաստով: Դիմողը գտնում է, որ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը վերաբերում է բանկի կողմից իր կամքի համաձայն իր քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորելու ազատությանը: Հետևաբար, այդ հոդվածը շոշափում է Սահմանադրության 39-րդ հոդվածի պաշտպանության առարկա: Դիմողը մատնանշում է, որ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը պարտավորեցնում է բանկին վճարելու որոշակի գումար, եթե թույլ է տվել սպառողի «սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունքի» խախտում: Այս առումով, պետությունը միջամտում է բանկի կողմից իր կամքի համաձայն իր քաղաքացիաիրավական հարաբերությունները ձևավորելու ազատությանը, քանի որ սահմանվում է օրենսդրական իմպերատիվ կանոն, ըստ որի բանկը պետք է պայմանագրի մյուս կողմին վճարի ֆիքսված չափով գումար: Դիմողը գտնում է, որ բանկի որպես Սահմանադրության 39-րդ հոդվածով սահմանված հիմնական իրավունքի կողմի նկատմամբ սահմանված միջամտությունը պետք է սահմանադրաիրավական տեսակյունից արդարացված լինի: Միջամտությունն արդարացված է, եթե միջամտող օրենքը համապատասխանում է հիմնական իրավունքների սահմանափակման համար Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին: Դիմողը մատնանշում է, որ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը խնդրահարույց է որոշակիության տեսանկյունից (Սահմանադրության 79-րդ հոդված) և համաչափության տեսանկյունից (Սահմանադրության 78-րդ հոդված): Դիմողի կարծիքով որպես պատասխանատվություն սահմանող նորմ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը պետք է հստակեցնի, թե կոնկրետ ո՛ր իրավունքների պաշտպանության նպատակով ընդունված այլ իրավական ակտերի մասին է խոսքը:

3. Ելնելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. վիճարկվող դրույթը չի կիրառվել դիմողի նկատմամբ: Գործի դատավարական նախապատմության շրջանակներում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան) խնդրելով չեղյալ ճանաչել Ֆինանսական համակարգի հաշտարարի 01.10.2018 թ. կայացրած թիվ 07-202/18 պահանջը բավարարելու մասին որոշումը: 2019 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Դատարանն արձանագրել է, որ « .... Հաշտարարի որոշման դատական կարգով չեղյալ ճանաչման համար օրենսդիրը սահմանել է սպառիչ հիմքեր, այն է 1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, 2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ, 3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ: .... Դիմողը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքում դրել է Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով սահմանված պայմանը մասնավորապես. Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ: Դիմողը օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտման հիմքում որպես փաստական հանգամանքներ նշել է, որ Ռուբեն Դավթյանը որպես Բանկի կողմից տեղեկատվության ստացման եղանակ ընտրել է «առձեռն» եղանակը: Սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկում «առձեռն» եղանակի ընտրությունը հանդիսանում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալուց հրաժարում: Նման հանգամանքներում Բանկը չի ունեցել Ռուբեն Դավթյանի հետ կնքված կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը փոստային կապի միջոցով տրամադրելու պարտականություն, ինչը նշանակում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն անօրինական է և ենթակա է չեղյալ ճանաչման: Դատարանն արձանագրում է, որ Հաճախորդը անհատական թերթիկը ստորագրելիս, ընտրելով փաստաթղթերի ստացման «առձեռն» եղանակը, դրանով չի հրաժարվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու պայմանով, հետևաբար ֆինանսական համակարգի հաշտարարը դիմում-բողոքը քննելիս հանգել է ճիշտ հետևությունների, ընթացակարգային խախտումներ թույլ չի տվել»: Այսինքն, Դատարանը, գործի քննության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ առկա չեն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու օրենսդրորեն նախատեսված ընթացակարգային հիմքեր: Եվ քանի որ այդ հիմքերը նախատեսված են «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով, դրանց առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրահանգումներ կարելի է կատարել բացառապես նշյալ օրենքի համատեքստում: Ավելին, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ « .... «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման չեղյալ ճանաչման հիմքերը, այդ թվում չեղյալ ճանաչման հիմք հանդիսացող ընթացակարգային կանոնները կարող են գնահատման առարկա դառնալ բացառապես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համատեքստում, նույն օրենքով սահմանված իրավակարգավորումները պահպանված լինել-չլինելու վերաբերյալ դիմողի ներկայացրած իրավական և փաստական հիմնավորումների շրջանակներում եզրակացության հանգելու արդյունքում: Իսկ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կիրառված նյութաիրավական նորմերը Դատարանի կողմից գնահատման ենթակա չեն, .…», ինչը ևս վկայում է, որ գործի դատական քննության ընթացքում դիմողի նկատմամբ չեն կիրառվել և չէին էլ կարող կիրառվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթները: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես, դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

15 հունիսի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-34

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հունիսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-34
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել