Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-612 մարտի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 մարտի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 6 | ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

12 մարտի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Գայանե Աշուղյանի

անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Գայանե Աշուղյանը 23.02.2012թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «հրապարակվելու պահից» դրույթը և/կամ ՀՀ դատական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները։

Դիմողի կարծիքով, երկու տարբեր իրավական ակտերով օրենսդրի կողմից տրված իրավակարգավորումների արդյունքում իրավահարաբերությունը բոլորովին այլ բնույթ է ստանում, երբ դատարանը օրենքի պահանջի կատարմամբ հրապարակում է միայն դատական ակտի եզրափակիչ մասը, սակայն բողոքարկման ժամկետի սկիզբը օրենքի պահանջի կատարմամբ շարունակվում է հաշվառվել հրապարակման պահից։ Այս դեպքում չի պահպանվում այն պայմանը, ըստ որի բողոքարկման ընթացակարգը և բողոքարկվող դատական ակտն իր բովանդակությամբ պետք է միաժամանակ հասու լինեն բողոքարկողին։ Մինչդեռ տվյալ դեպքում, մի կողմից, սկսում է հոսել բողոքարկման ժամկետը, իսկ, մյուս կողմից բողոքարկումը դեռ չունի դատական ակտի բովանդակային մասը, այսինքն չունի բողոքարկման իրական հնարավորություն, իր տրամադրության տակ չկան բողոքի արդյունավետության համար անհրաժեշտ կարևոր տվյալներ։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ հիշյալ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է քննության ընդունման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

1. Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ դատական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ կարծում ենք, որ դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են։ Այսինքն ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը ըստ էության բարձրացվում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես ՀՀ սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Բացի դրանից, գտնում ենք, որ խնդրո առարկա դիմումը ՀՀ դատական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ ակնհայտ անհիմն է։

2. Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «հրապարակվելու պահից» դրույթի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթների մասով գտնում ենք, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է

• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, և 69-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Գայանե Աշուղյանի անհատական դիմումով գործի ՀՀ դատական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, քննության ընդունումը մերժել։

2. Քաղաքացի Գայանե Աշուղյանի անհատական դիմումով գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «հրապարակվելու պահից» դրույթի մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1- ին և 2-րդ մասերի մասով ընդունել քննության։

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

4. Բավարարել քաղաքացի Գայանե Աշուղյանի անհատական դիմումով ներկայացված պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։

Նախագահող

Անդամներ

12 մարտի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/1-6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 մարտի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-6
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել