ԼԵՈՆԻԴ ԱՍԼՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-82)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 սեպտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 82 | ԼԵՈՆԻԴ ԱՍԼՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 8 սեպտեմբերի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Վ. Վարդանյանի
Քննության առնելով Լեոնիդ Ասլոյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Լեոնիդ Ասլոյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Մերի Կարապետյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 26-ին, որով Դիմողը խնդրել է.
«1. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության «ժառանգ» ձևակերպումը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5.1-ին մասի՝ «օրենքում նշված անձին» ձևակերպումը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ի մասին հակասող և անվավեր։
2. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության և նույն հոդվածի 5.1-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «Ժառանգությունը նոտարական կարգով չընդունած անձը չի հանդիսանում նոտարական գաղտնիք պարունակող տեղեկություններին հասանելիություն ունեցող սուբյեկտ» ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»։
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԼԴ/0159/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ սույն անհատական դիմումով վիճարկվում է «Նոտարիատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության և նույն հոդվածի 5.1-ին մասի անորոշության, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ հիշյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության սահմանադրականությունը, որի համաձայն՝ ժառանգը, որը նոտարական կարգով ժառանգություն չի ընդունել, իրավունք չունի ստանալու ժառանգատուի ժառանգական զանգվածի, նոտարական գործից փաստաթղթեր, քաղվածքներ: Նշվածը, ըստ Դիմողի, համահունչ չէ Սահմանադրության 79-րդ հոդվածին, ինչպես նաև հանգեցնում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավունքների խախտման:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներով հստակեցված չէ, թե ով է ժառանգը՝ որպես նոտարական գաղտնիք պարունակող տեղեկություններին հասանելիություն ունեցող սուբյեկտ: Մասնավորապես, պարզ չէ՝ «ժառանգ» հասկացության ներքո օրենսդիրը նկատի ունի օրենքի ուժով ժառանգության կոչված անձի՞ն, թե՞ միայն այն անձին, որը նոտարական կարգով ընդունել է ժառանգությունը կամ ստացել է ժառանգության իրավունքի վկայագիր: Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթները չեն սահմանում, թե արդյո՞ք ժառանգության նկատմամբ իրավունք ունեցող, սակայն ժառանգությունը նոտարական կարգով դեռևս չընդունած անձը նոտարական գործից տեղեկություններ, փաստաթղթեր, պատճեններ կամ քաղվածքներ ստանալու իրավունք ունեցող սուբյեկտ է, և արդյո՞ք վերջինիս նկատմամբ տարածվում է նոտարական գաղտնիքի պահպանման սահմանափակումը:
Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթների առնչությամբ իրավակիրառ պրակտիկայում ձևավորվել է մեկնաբանություն առ այն, որ ժառանգությունը նոտարական կարգով չընդունած ժառանգը զրկված է ժառանգատուի ժառանգական զանգվածին վերաբերող նոտարական գործից փաստաթղթեր, պատճեններ և քաղվածքներ ստանալու հնարավորությունից այն պատճառաբանությամբ, որ պահանջվող փաստաթղթերը պարունակում են նոտարական գաղտնիք, իսկ տվյալ անձն այդ տեղեկատվությանը հասանելիություն ունեցող անձանց շրջանակից դուրս է:
Դիմողը նշում է, որ «Նոտարիատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5.1-ին մասը, «օգտագործելով «օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում օրենքում նշված անձին» ձևակերպումը, չի բացահայտում, թե ովքեր են այդ անձինք, և արդյոք դրանց շրջանակում ներառվում են օրենքի ուժով ժառանգ հանդիսացող, սակայն ժառանգությունը դեռևս նոտարական կարգով չընդունած անձինք»:
Ըստ Դիմողի՝ նշված իրավական անորոշության արդյունքում ձևավորվել է հակասական իրավակիրառ պրակտիկա: Մի դեպքում՝ դատարանները գտնում են, որ ժառանգության բացումից հետո օրենքի ուժով ժառանգ հանդիսացող անձը կարող է ստանալ ժառանգության վերաբերյալ տեղեկություններ, քանի որ դրանց տրամադրումը նոտարական գաղտնիքի խախտում չի համարվում (թիվ ՎԴ6/0052/05/23 և թիվ ՎԴ6/0082/05/23 վարչական գործեր), իսկ մյուս դեպքում՝ նույն նորմերը մեկնաբանվում են այնպես, որ նման իրավունք ունի միայն ժառանգությունն ընդունած անձը, իսկ ժառանգությունը դեռևս չընդունած ժառանգը չի համարվում այդ տեղեկություններին հասանելիություն ունեցող սուբյեկտ (թիվ ԼԴ/0159/02/25 քաղաքացիական գործ):
Դիմողը գտնում է, որ այդպիսի հակասական և ոչ կանխատեսելի իրավակարգավորումը չի ապահովում Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված ժառանգելու իրավունքի արդյունավետ իրականացումը, քանի որ օրենքի ուժով ժառանգ հանդիսացող անձը կարող է զրկվել իր ժառանգական իրավունքների իրացման և պաշտպանության համար անհրաժեշտ տեղեկություններին ու փաստաթղթերին հասանելիությունից` բացառապես վիճարկվող նորմերի տարբեր մեկնաբանության հետևանքով։
Դիմողը նշում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվող սահմանադրաիրավական հարցը վերաբերում է այն հանգամանքին, թե վիճարկվող իրավակարգավորումը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, արդյո՞ք սահմանադրական է այնքանով, որքանով այն էապես համադրելի իրավիճակներում թույլ է տալիս ժառանգման իրավունք ունեցող անձանց համար տարբերակված և անկանխատեսելի կարգավորում՝ ժառանգական գործի վերաբերյալ տեղեկատվության և այն հաստատող փաստաթղթերի հասանելիության հարցի առնչությամբ:
Արդյունքում՝ Դիմողի պնդմամբ՝ ժառանգելու սահմանադրական իրավունքը դառնում է ոչ թե իրական և արդյունավետ, այլ կախված իրավակիրառ մարմնի հայեցողական մեկնաբանությունից, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և անհամաչափորեն սահմանափակում է ժառանգելու իրավունքը։ Ավելին, ըստ Դիմողի՝ ժառանգական գործին վերաբերող տեղեկություններին և փաստաթղթերին անհասանելիությունը փաստացի անհնարին է դարձնում կամ էականորեն բարդացնում է ժառանգի կողմից իր իրավունքների պաշտպանությունը, ժառանգական գույքի կազմի պարզումը, նոտարական գործողությունների օրինականության ստուգումը և անհրաժեշտության դեպքում դրանց դատական վիճարկումը։ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները ոչ միայն սահմանափակում են ժառանգելու իրավունքը, այլև ուղղակիորեն ազդում են արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացման վրա:
Միաժամանակ, սույն անհատական դիմումին կից ներկայացվել է Դիմողին պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդություն այն հիմնավորմամբ, որ «պետական տուրքի վճարումը նրա համար առաջացնում է անհամաչափ ֆինանսական բեռ: Դիմողի տարիքը, կենսաթոշակառուի կարգավիճակը, այլ մշտական եկամտի բացակայությունը և ամսական եկամտի չափը [48.000 ՀՀ դրամի չափով կենսաթոշակը] վկայում են այն մասին, որ նա օբյեկտիվորեն չունի բավարար միջոցներ պետական տուրքը վճարելու համար՝ առանց իր նվազագույն կենսական կարիքների ապահովումը վտանգելու»:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը մասամբ՝ «Նոտարիատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, մասով, ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բարձրացրել է «Նոտարիատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, սահմանադրականության հարցը՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաև 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին համապատասխանելիության համատեքստում, սակայն բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության նշված դրույթներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստի, հետևաբար՝ հիշյալ վիճարկվող դրույթի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։
Սույն անհատական դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի, դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ թեև վիճարկվող՝ «Նոտարիատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության համատեքստում Դիմողի կողմից ինչպես ԼԴ/0159/02/25 քաղաքացիական գործի շրջանակներում, այնպես էլ սույն անհատական դիմումով ներկայացվել է պնդում առ այն, որ «(...) ՀՀ «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Թագուհի Մարտիրոսյանը Լեոնիդ Ասլոյանի դիմումին ի պատասխան նաև հայտնել է, որ կարող է տեղեկություններ հայտնել, սակայն գրավոր չի կարող տրամադրել տեղեկատվություն՝ օրենսդրի պահանջից ելնելով», հիշյալ քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ի վճռի՝ «3. Պատասխանողի դիրքորոշումը.» վերտառությամբ հատվածում վկայակոչվել են պատասխանողի՝ ՀՀ արդարադատության նախարարության «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Թագուհի Մարտիրոսյանի դիրքորոշումները: Մասնավորապես,
«26.08.2024 թվականին Լեոնիդ Ասլոյանին տրամադրվել է թիվ 685 գրավոր մերժումը, քանի որ դիմումին կցված 15.11.2019 թվականին տրամադրված թիվ ԲԱ189297 ծննդի մասին պետական վկայականով՝ չէր հաստատվում վերջինիս ժառանգ լինելու փաստը»,
«Անդրադառնալով հայցադիմումի և պատճառաբանություն մասում նշված այն ձևակերպմանը, որ նոտար Թ. Մարտիրոսյանը Լեոնիդ Ասլոյանի դիմումին ի պատասխան հայտնել է, որ կարող է տեղեկություններ հայտնել, սակայն գրավոր չի կարող տրամադրել տեղեկատվություն՝ ելնելով օրենսդրի պահանջից և, որ նոտարը սխալ է մեկնաբանել օրենքը, նշել է, որ այն անհիմն է և աղավաղված:
Նշել է, որ իր կողմից օրենքը մեկնաբանելու խնդիր չի եղել, 26.08.2024 թվականի թիվ 685 պատասխանի մեջ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունում նշված «տեղեկություններ հայտնելը», եզրույթը վկայակոչվել է տառացի: Տեղեկություններ չեն տրամադրվել, քանի որ ժառանգ լինելու վերաբերյալ պատշաճ ապացույց չի կցվել, (...), այնուհետև, երբ ներկայացվել է ուղղված ծննդյան վկայական և հաստատվել է Լեոնիդ Ասլոյանի Մարիամիկ Արամ Ադամյանի ժառանգ լինելու փաստը, ժառանգական գործի վերաբերյալ գրավոր տրամադրվել է մանրամասն տեղեկատվություն»:
Միաժամանակ, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ վճռի՝ «5. Դատարանի իրավական վերլուծությունները.» վերտառությամբ հատվածում արձանագրված նաև. «ՀՀ «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Թագուհի Մարտիրոսյանի կողմից փաստաբան Մ. Կարապետյանին ուղղված 25.12.2024 թվականի թիվ 1011 գրությամբ հայտնվել է, որ հանգուցյալ Մարիամիկ Արամի Ադամյանի մահից հետո /մահացած՝ 03.12.2017 թվականին/ օրենքով սահմանված կարգով վեցամսյա ժամկետում ժառանգություն ընդունելու դիմում է ներկայացրել Լիլյա Սամվելի Ասլոյանը /ծնված՝ 05.01.1952 թվականին/, դիմումը «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Թագուհի Մարտիրոսյանի կողմից 20.05.2021 թվականին վավերացվել է և տրամադրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր՝ (…) հասցեի գույքի նկատմամբ»:
Վերոնշյալ արձանագրումն առկա է նաև նշված քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 2026 թվականի մարտի 13-ի որոշման՝ «3. Դատարանի հաստատած և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.» վերտառությամբ հատվածում:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ չի հաստատվում սույն անհատական դիմումով վիճարկվող՝ «Նոտարիատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության՝ Դիմողի կողմից վկայակոչված համատեքստում վերջինիս նկատմամբ կիրառումը, մասնավորապես, Դիմողի (նրա ներկայացուցչի) դիմումի հիման վրա վերջինիս (նրա ներկայացուցչին), հիշյալ դրույթով սահմանված իրավակարգավորմանը համապատասխան, ժառանգության վերաբերյալ համապատասխան տեղեկությունները (գրավոր) չհայտնելը: Հետևաբար՝ սույն անհատական դիմումով բարձրացված տվյալ հարցի առնչությամբ բացակայում է սահմանադրաիրավական վեճը:
Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածի առնչությամբ հարկ է արձանագրել, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ «Նոտարիատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, մասով, ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա:
4. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով՝ «Նոտարիատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5.1-ին մասի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, մասով, գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝
1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է նշված հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝
ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,
բ) համապատասխան օրինադրույթները Դիմողի նկատմամբ կիրառվել են դատարանի կողմից,
գ) համապատասխան օրինադրույթները Դիմողի նկատմամբ կիրառվել են դատարանի վերջնական ակտով,
դ) Դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Լեոնիդ Ասլոյանի` սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:
2. Լեոնիդ Ասլոյանի անհատական դիմումով գործի քննությունը՝ «Նոտարիատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, մասով, մերժել:
3. «Լեոնիդ Ասլոյանի դիմումի հիման վրա՝ «Նոտարիատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5.1-ին մասի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
4. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Վ. Վարդանյան
8 սեպտեմբերի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-82
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 սեպտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-82
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
