ՍՈՒՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 փետրվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 12 | ՍՈՒՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 փետրվարի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով Սուրեն Թորոսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Սուրեն Թորոսյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի փետրվարի 18-ին) խնդրելով. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածներին հակասող և անվավեր, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլուխը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների և այդ մարմինների հետ համագործակցող անձանց կողմից կատարած հանրորեն վտանգավոր արարքների հանցավորությունը բացառող հանգամանքի նախատեսված չլինելու մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ, 72-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը գտնում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի վիճարկվող դրույթը, հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից ազատվելու երաշխիք նախատեսելով միայն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձանց համար և ոչ այդ մարմինների աշխատակիցների համար, վերջինների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորում է և խախտում է օրենքի առջև ընդհանուր հավասարության սահմանադրական իրավունք-սկզբունքը: Դիմողի համոզմամբ օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական պահանջը ենթադրում է օրենքի կիրառման արդյունքում բոլորի համար իրավական նույնակարգ հետևանքների առաջացում և ձևականորեն հավասար սուբյեկտների նկատմամբ օրենքի միատեսակ կիրառում: Ըստ դիմողի ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլուխը սահմանում է հանցավորությունը բացառող հանգամանքների, իսկ 11-րդ գլուխը նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերի սպառիչ ցանկը, որոնցից ոչ մեկում առկա չէ որևէ դեպք կամ հանգամանք, որը կարտացոլեր վիճարկվող օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքը, ինչն անհրաժեշտ է դիտարկել որպես Սահմանադրությանը հակասող քրեական օրենքի բաց: Մասնավորապես, դիմողը նշում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենքը պարունակում է քրեաիրավական հարաբերություններ կարգավորող իրավադրույթ, որը, սակայն, իր ընդունման պահից առ այսօր չի ընդգրկվել ՀՀ քրեական օրենսգրքում, ինչը պարտադիր է նկատի ունենալով քրեաիրավական և սահմանադրական օրինականության սկզբունքը: Դիմողի կարծիքով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցներն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս ողջամտորեն կարող են հայտնվել այնպիսի իրավիճակում, որի պայմաններում հանրորեն վտանգավոր որոշակի արարքների կատարումը վերջիններիս կողմից անխուսափելի է: Ըստ դիմողի օրենսդիրն ընտրել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների և այդ մարմինների հետ համագործակցող անձանց համար քրեական պատասխանատվությունից ազատող իրավադրույթ սահմանելու ճանապարհը, սակայն դրա հստակ իրավական մեխանիզմը չի նախատեսել: Դիմողը գտնում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեությամբ զբաղվող անձի համար քրեական պատասխանատվությունից ազատվելու և իր կարգավիճակում գործելու ընթացքում համապատասխան նորմատիվային պատվիրանների ամբողջական բացակայությունը հաստատում է օրենսդրական բացի առկայությունը, որը սակայն իրավակիրառ պրակտիկայում հաղթահարման ենթակա չէ: Ըստ դիմողի վիճարկվող օրենքի 13-րդ հոդվածով երաշխավորվող և նկարագրված արարքում հանցավորությունը բացառող հանգամանքի ամրագրված չլինելը ՀՀ քրեական օրենսգրքում հանդիսանում է իրավակարգավորման թերություն, այլ ոչ օրենսդրի կամք:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել (անհատական դիմում ներկայացնել) յուրաքանչյուր ոք (ֆիզիկական կամ իրավաբանական անձ) կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը մերժվում է նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողը համարում է, որ իր նկատմամբ անհրաժեշտ էր կիրառել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի վիճարկվող դրույթը, մինչդեռ նման հարց նրա կողմից չի բարձրացվել ո´չ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, ո´չ էլ վերաքննիչ քրեական դատարանում և, հետևաբար, չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Դիմումին կից ներկայացված դատական ակտերից հետևում է, որ դիմողն ընդհանուր իրավասության առաջին ատյանի և քրեական վերաքննիչ դատարանում ոչ թե բարձրացրել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հիմքով իր քրեական հետապնդման ենթակա չլինելու հարցը, այլ հերքել է իրեն մեղսագրվող արարքի կատարման փաստը: Օրենսդրական բացի առումով վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլխի սահմանադրականությունը դիմողը փաստացի կատարել է վերացական սահմանադրական վերահսկողությանը բնորոշ հարցադրումներ չհանդիսանալով վերացական սահմանադրական վերահսկողության սուբյեկտ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սուրեն Թորոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
28 փետրվարի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 փետրվարի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
