Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԵՐ ՇԵՆՔԸ» ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԵՐ ՇԵՆՔԸ» ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-21523 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-215)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 215 | «ՄԵՐ ՇԵՆՔԸ» ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԵՐ ՇԵՆՔԸ» ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մեր Շենքը» բնակարանաշինարարական ոչ առևտրային կոոպերատիվի դիմումի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. «Մեր Շենքը» բնակարանաշինարարական ոչ առևտրային կոոպերատիվը (ներկայացուցիչ Սևակ Գևորգյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի սեպտեմբերի 28-ին) խնդրելով. «1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր, այն մասով, որ վեցամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ոչ թե դատական ակտը հասցեատիրոջը հանձնելու /հասցեատիրոջ կողմից ստանալու/ պահից, այլ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու /կայացման/ պահից, ինչպես նաև այն մասով, որով անհատական դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով դիմումի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդություն ներկայացնելու հնարավորություն»:

2. Դիմողը նշում է, որ 04.05.2020թ. դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան խնդրելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում թիվ ՎԴ/1358/05/12 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր այնքանով, որքանով դատական ակտի անհերքելիությունը, բացառիկությունը, նախադատելիությունը և պարտադիրությունը կապվում են դատական ակտի կատարելիության հետ, ինչպես նաև Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել դատարանների այն մեկնաբանությունը, որ սեփականության իրավունքից ածանցյալ մյուս իրավունքի դադարը մեխանիկորեն հանգեցնում է բուն իրավունքի դադարին: Դիմումին կից ներկայացված է եղել նաև բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդություն, որով դիմողը խնդրել է հարգելի համարել Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը հիմք ընդունելով միջնորդության մեջ ներկայացված հիմնավորումները: Սահմանադրական դատարանի դատական կազմի 27.05.2020 թվականի ՍԴԴԿՈ-30 որոշմամբ իր անհատական դիմումով գործի քննությունը մերժվել է: Դիմողի կարծիքով վիճարկվող նորմով նախատեսված 6-ամսյա ժամկետի սկիզբը «օրինական ուժի մեջ մտնելու պահից» հաշվարկելու դրույթը, ինչպես նաև 6-ամսյա ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասով միջնորդություն ներկայացնելու հնարավորություն նախատեսված չլինելու հանգամանքը հակասում է Սահմանադրության 61, 63 և 78-րդ հոդվածների պահանջներին: Վկայակոչելով Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներով, մասնավորապես, Սահմանադրական դատարանի 28.11.2007 թ. ՍԴՈ-719 և 16.10.2012 թ. ՍԴՈ-1052 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները դիմողը մատնանշում է, որ Սահմանադրական դատարանը միշտ կարևորել է այն հանգամանքը, որ, մի կողմից հոսում են բողոքարկման, վիճարկման ժամկետները, իսկ մյուս կողմից դիմողը դեռևս չունի դատական ակտի բովանդակային մասը, իր տրամադրության տակ չկան դիմումի, բողոքի արդյունավետության համար անհրաժեշտ կարևոր տվյալներ: Ըստ դիմողի վիճարկվող իրավակարգավորմամբ օրենսդիրը Սահմանադրական դատարան դիմելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը կախվածության մեջ է դրել դատարանի գործողությունից: Վճռաբեկ դատարանի կողմից որոշումը հրապարակվելուց, այն հասցեատիրոջն ուղարկվելուց մինչև հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, որը կարող է ավելի երկարաձգվել պայմանավորված նաև սուբյեկտիվ գործոններով: Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթը չի ապահովում անհատական դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով դիմումի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումն իրավունքի ուժով հարգելի ճանաչելու ընթացակարգ, ինչի արդյունքում չի երաշխավորվում անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, ինչպես նաև չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու հնարավորություն:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով անհատական գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով և պարտականություններով։ Հետևաբար դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես.

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը.

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները.

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած յուրաքանչյուր ոք Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Սահմանադրական դատարանն իր 17.03.2009 թվականի ՍԴԱՈ-21 որոշմամբ արձանագրել է, որ «... ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: Այն երկրներում, որտեղ առկա է անհատական դիմումների ինստիտուտը, անձի սահմանադրական դատարան դիմելու իրավունքի նման բովանդակությունն ու շրջանակները պայմանավորված են կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությամբ, նպատակով և առանձնահատկություններով: Սահմանադրական կոնկրետ վերահսկողության նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում: Ըստ այդմ, այդ դատարաններում դատավարության հիմնական սուբյեկտներին դատարաններին և դատավարության կողմերին է հնարավորություն ընձեռնվում սահմանադրական դատարան դիմելու միջոցով ապահովել այդ նպատակի իրացումը: Նման կերպ ապահովվում է նաև արդարադատության ողջ համակարգի գործառնական դինամիկ հավասարակշռությունը: Բացի այդ, կոնկրետ սահմանադրական վերահսկողության բնորոշ գծերին համահունչ ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների որպես անմիջականորեն գործող իրավունքների, պաշտպանությանը: Մինչդեռ սահմանադրական դատարանի ակտերը, այդ թվում դատական կազմերի որոշումները, վերանայման ենթակա չեն: … Ելնելով վերոշարադրյալից սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական դատարանի ակտերով, այդ թվում նաև դատական կազմի որոշումներով կիրառված օրենքը չի կարող լինել կոնկրետ սահմանադրական վերահսկողության օբյեկտ, հետևաբար, ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից անհատական դիմումի հիման վրա վիճարկման ենթակա չէ սահմանադրական դատարանի կողմից կիրառված օրենքի սահմանադրականությունը։ Այս հանգամանքը բացատրվում է ինչպես սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթով, այնպես էլ սահմանադրական դատավարության առանձնահատկություններով, մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածում ամրագրված գործի հանգամանքների ի պաշտոնե քննության սկզբունքով։ Ըստ այդ սկզբունքի սահմանադրական դատարանը գործի բոլոր հանգամանքները պարզում է ի պաշտոնե չսահմանափակվելով սահմանադրական դատավարության մասնակիցների միջնորդություններով, առաջարկություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով։ Սահմանադրական դատարանը որպես սահմանադրական արդարադատության բացառիկ գործառույթով օժտված մարմին, ղեկավարվելով նշված դատավարական սկզբունքով, կոնկրետ գործի քննության ընթացքում կարող է խուսափել Սահմանադրությանը հակասող նորմի կիրառումից կամ տվյալ նորմը Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանությամբ կիրառելու միջոցով, կամ սահմանադրական դրույթների անմիջական կիրառման միջոցով»: Սույն գործի շրջանակում դիմողի կողմից վիճարկվող դրույթը նրա նկատմամբ կիրառվել է Սահմանադրական դատարանի դատական կազմի որոշմամբ, որը, ինչպես արձանագրվել է Սահմանադրական դատարանի վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ, վերանայման ենթակա չէ: Ընդ որում Սահմանադրական դատարանի դատական կազմի որոշման վերանայման ենթակա չլինելու պահանջը բխում է նաև Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ընդհանուր տրամաբանությունից: Կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կարևորվում են սահմանադրական, օրենսդրական այն պահանջները, որոնք որոշակիացնում են անհատական դիմումի թույլատրելի շրջանակները: Դրանց նախատեսումը, ինչպես արդեն նշվել է, ինքնանպատակ չէ, և միտված է ապահովել կոնկրետ վերահսկողության առաջ ծառացած խնդիրների լուծումը: Սույն անհատական դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթը չի կիրառվել նրա նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանների կողմից, վիճարկվող դրույթի հետ կապված դիմողը չի հանդիսացել ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, վիճարկվող դրույթի կիրառման հետ կապված ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում կոնկրետ գործ առկա չէ: Այլ կերպ ասած դիմողը չի պահպանել անհատական դիմում ներկայացնելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Մեր Շենքը» բնակարանաշինարարական ոչ առևտրային կոոպերատիվի դիմումի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

23 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-215

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-215
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել