Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6728 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-67)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 դեկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 67 | «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 28 դեկտեմբերի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ն (այսուհետ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 22-ին), խնդրել է հետևյալը. «ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին, 10-րդ հոդվածին, 60-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետը, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը»։

2. Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի և 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեկնաբանման համատեքստում հարց է առաջանում, թե ինչպես է լուծվելու տոկոսների և տույժերի հաշվեգրման հարցը, եթե սնանկության գործի նոր քննության արդյունքում մերժվի պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը: Ըստ Դիմողի տվյալ դեպքում դադարեցված տույժերի հաշվարկումը չեղարկվելու կամ մինչև նոր քննությունն իրականացնելը կասեցվելու պարագայում պարտավորության չափը կրկնապատկվելու է, ուստի` Դիմողը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմքով պարտավորության դադարումը պետք է լինի վերջնական և որևէ կերպ ենթակա չլինի վերականգնման, քանի որ նման պայմաններում խախտվում է թե՛ դիմումատու պարտատիրոջ պարտքի դիմաց բավարարում ստանալու ակնկալիքը և թե՛ պարտապանի լեգիտիմ ակնկալիքը, որ չի վերականգնվի այն պարտավորությունը, որը դադարել էր վճռի բեկանման արդյունքում: Ամփոփելով վերոգրյալը Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը և 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը հակասում են Սահմանադրության 10-րդ, 60-րդ և 79-րդ հոդվածներին։ Անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասին Դիմողը նշում է, որ օրենսդրի կողմից նշված դրույթին տրվել է Սահմանադրության 79-րդ հոդվածին չհամապատասխանող ոչ որոշակի ձևակերպում, մասնավորապես չի նշվել մյուս պարտատերերի, այդ թվում դիմող պարտատեր չհանդիսացող, վերջնական ցուցակում ընդգրկված պարտատերերի սնանկ ճանաչելու մասին վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի սահմանափակումը, ինչը հիմք է հանդիսացել նշված դրույթի տարընկալման և սույն դիմումով քննության առարկա գործով դատարանների կողմից հակասող մեկնաբանությամբ կիրառման: Մասնավորապես դատարանների կողմից կայացված դատական ակտերից հետևում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք (այդ թվում նոր հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք) ներկայացնելու իրավունք ունեն, բացի պարտապանից և դիմող պարտատիրոջից (մի քանի դիմողների դեպքում պարտատերերից), նաև վերջնական ցուցակում ընդգրկված պարտատերերը, որպիսի մեկնաբանությունը, հակասության մեջ մտնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավակարգավորումների հետ, առաջացնում է իրավական անորոշություն։ Դիմողի գնահատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը նույն հոդվածի 1-ին մասի կարգավորման համատեքստում մեկնաբանելու արդյունքում ստացվում է, որ տասնհինգօրյա ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող են ներկայացնել միայն վճիռը ստացած դիմող պարտատերը (կամ պարտատերերը), պարտապանը, քանի որ վճռի կայացման պահին վճռի հասցեատեր չլինելու, իրենց կողմից դեռևս պահանջ ներկայացնելու իրավունքը ծագած չլինելու և սնանկության գործով վերջնական ցուցակը հաստատված չլինելու պայմաններում չեն կարող գոյություն ունենալ այլ պարտատերեր: Միաժամանակ Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը կարգավորում է միայն վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը և չի կարգավորում այն հարցը, թե ովքեր կարող են նոր հանգամանքի հիմքով բողոք ներկայացնել, որպիսի պայմաններում ստացվում է մի իրավիճակ, որ մի դեպքում սնանկ ճանաչելու մասին վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեն պարտապանը, պարտատերը, իսկ նոր հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, որոնց թվում ներառվում են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք: Դիմողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասելու մասով նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով առանձին կարգավորված են կողմերի, երրորդ անձանց, այդ թվում ինքնուրույն պահանջ ներկայացնող և ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց դատավարական իրավունքներն ու պարտականությունները, անհրաժեշտ սահմանափակումները, մինչդեռ անորոշ է այն հարցը, թե ովքեր կարող են հանդիսանալ դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք։ Տվյալ դեպքում վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով և բավարարելով վերջնական ցուցակում ընդգրկված և նոր հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք ներկայացրած պարտատիրոջ վերաքննիչ բողոքը, համարել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի ելքով շահագրգռված այլ անձինք կարող են համարվել բոլոր պարտատերերը, և վերջիններս կարող են օգտվել դեռևս պարտատեր հանդիսանալու իրավունքը չծագած փուլի դատավարական իրավունքներից: Մինչդեռ Դիմողը նշում է, որ եթե դիմումատու չհանդիսացող, սակայն վերջնական ցուցակում ընդգրկված պարտատիրոջ դատավարական իրավունքների ծավալը և համապատասխան շահագրգռվածությունը սկսվում են իր պահանջը գրանցելու պահից, ապա տվյալ պարտատերը չի կարող բողոքարկել մինչև իր պահանջի գրանցումը կայացված դատական ակտերը, և նշված դիրքորոշումը վերաբերում է ինչպես սնանկ ճանաչելու մասին վճռին, այնպես էլ հետագայում նոր հանգամանքի հիմքով սնանկ ճանաչելու մասին վճիռը բողոքարկելուն:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է

ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,

բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել են վիճարկվող դրույթները,

գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները (բարձրացված հարցերի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

««ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող Ե. Խունդկարյան

Անդամներ Է. Շաթիրյան

Հ. Հովակիմյան

28 դեկտեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ–67

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-67
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել