Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԹՈՒՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԹՈՒՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3023 մայիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 մայիսի 2022թ. ՍԴԴԿՈ - 30 | ԱՐԹՈՒՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 մայիսի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Արթուր Քոչարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արթուր Քոչարյանը (ներկայացուցիչ Ռ. Ռևազյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի ապրիլի 25-ին) խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 414.2-րդ և 414.3-րդ հոդվածները կամ բացահայտել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը»:

2. Դիմողը հայտնել է, որ թիվ ԵԴ/0794/11/19 գործով 2022 թվականի փետրվարի 14-ին կայացված «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ բողոքում ներկայացված խախտումները Վճռաբեկ դատարանի կողմից չեն դիտարկվել որպես մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Դիմողը նշել է, որ անձի դատական պաշտպանության, արդար դատական քննության իրավունքները և իրավական որոշակիության պահանջը գտնվում են օրգանական կապի մեջ և փոխպայմանավորված են, քանի որ միայն իրավական որոշակիության չափանիշներին համապատասխանող դատավարական նորմերի առկայության պայմաններում է հնարավոր հասնել անձի հիմնական իրավունքների և ազատությունների իրական երաշխավորվածությանը: Դիմողը նշել է նաև, որ վերոգրյալը դիտարկելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլխի իրավակարգավորումների համատեքստում պարզ է դառնում, որ առկա է իրավական որոշակիության խնդիր «հիմնարար խախտման» բովանդակության հետ: Պարզաբանման կարիք ունի այն հանգամանքը, թե արդյո՞ք մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների խախտումն ինքնին չի հանգեցրել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման: Դիմողը գտնում է, որ այս պայմաններում խախտվել են իր արդար դատական քննության և դատական պաշտպանության իրավունքները, իսկ բարձրացված հարցադրման պարզաբանումը առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի բովանդակության բացահայտման համար արդար դատական քննության, դատական պաշտպանության իրավունքների և իրավական որոշակիության տեսանկյունից: Դիմողը նշել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածը, հղում կատարելով նույն օրենսգրքի 395-րդ հոդվածի իրավակարգավորումներին, սահմանում է, թե վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի կոնտեքստում ո'ր խախտումներն են համարվում մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Դիմողը գտնում է, որ այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների խախտումը նախատեսված չէ որպես դատական սխալի առանձին դրսևորում, հետևաբար նախատեսված չէ որպես հիմնարար խախտման առանձին դրսևորում, առկա է օրենսդրական բաց, որը հակասում է Սահմանադրությանը: Ըստ դիմողի Սահմանադրությամբ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանված են որպես անմիջականորեն գործող իրավունք, հետևաբար` վերջիններիս խախտումները կարիք չունեն և չեն կարող կարիք ունենալ տեղայնացված լինելու քրեական կամ քրեական դատավարության օրենսգրքերում, միջազգային պայմանագրում, որպեսզի անձինք հնարավորություն ունենան դատական կարգով պաշտպանելու իրենց հիմնական իրավունքները և ազատությունները: Բացի դրանից, դիմողը նշել է, որ իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է առանց որևէ պատճառաբանության: «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը պարունակում է զուտ եզրահանգումներ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.1-ին և 414.2-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի բացակայության վերաբերյալ, սակայն չի պահպանվել դատական ակտի պատճառաբանվածության պահանջը: Ըստ դիմողի` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը չպատճառաբանելու պրակտիկան ակնհայտորեն սահմանափակում է անձի արդար դատաքննության իրավունքը:

3. Քննելով սույն դիմումի ընդունելիության հարցը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածը սահմանում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը: Հիշյալ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը արդեն բացահայտում են թվարկված հիմքերից յուրաքանչյուրը: Ինչ վերաբերում է դիմողի դիրքորոշմանն առ այն, որ «հիմնարար խախտում» եզրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական պահանջին, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ չնայած օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջին դրանք օրենքներին ներհատուկ ընդհանրական ձևակերպումների առումով չեն կարող նախատեսել իրավահարաբերության բոլոր մանրամասները, որոնք վերհանվում են դատական մեկնաբանման միջոցով հաշվի առնելով յուրաքանչյուր գործի հանգամանքները: Այս առումով Սահմանադրական դատարանը 2016թ. մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշմամբ նշել է, որ.

«Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: (....) օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Վերոնշյալից բխում է, որ Վճռաբեկ դատարանը յուրաքանչյուր դեպքում գնահատում է վճռաբեկ բողոքում մատնանշված այն վարույթ ընդունելու հիմքի առկայությունը կամ բացակայությունը, և ըստ այդմ կայացնում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու մասին որոշում: Ընդ որում այդ հիմքերից յուրաքանչյուրի առկայությունը կամ բացակայությունը Վճռաբեկ դատարանի կողմից ենթակա է գնահատման յուրաքանչյուր գործով առանձին ելնելով նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումներից, որոնք, ըստ բողոք բերող անձի, հիմք են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար: Ինչ վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի մասով օրենսդրական բացի առկայության և դրա` Սահմանադրության պահանջներին հակասելու վերաբերյալ դիմողի պնդումներին, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դատարանները պարտավոր են դատավարական և նյութական իրավունքի նորմերը մեկնաբանել և կիրառել հիմնական իրավունքների և ազատությունների բովանդակությանը համապատասխան և դրանց պաշտպանության սահմանադրական հրամայականի լույսի ներքո, իսկ անհնարինության դեպքում դիմել Սահմանադրական դատարան կոնկրետ դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցով: Սույն դիմումով դիմողը Սահմանադրական դատարանին է առաջադրել այն խնդիրը, որ, իր պնդմամբ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների խախտումը նախատեսված չէ որպես դատական սխալի առանձին դրսևորում, և այս հանգամանքը դիտարկել որպես օրենսդրական բաց, որը հակասում է Սահմանադրությանը։ Իր այս հիմնավորումներով հանդերձ դիմումը չի պարունակում դիմողի առաջադրած վերացական սահմանադրական խնդրի և իր սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտման միջև եղած կապի մասին հիմնավորումներ։ Այլ խոսքով` առանց դիմողի կողմից իր կոնկրետ սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտման մասին հիմնավորումների` դիմողի կողմից առաջադրված վիճարկվող նորմի սահմանադրականության մասին վերացական հիմնավորումները բավարար չեն անհատական դիմումի ընդունելիության համար, քանի որ բավարարված չէ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված «հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքի և ազատության խախտման» պայմանը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Վերը նշվածի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 395 և 414.2-րդ հոդվածների դիմողի սահմանադրական իրավունքի խախտմանը հանգեցրած Սահմանադրության հակասության վերաբերյալ պնդումներն անհիմն են, հետևաբար սույն անհատական դիմումի ընդունումն այս մասով ենթակա է մերժման այն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3.2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պարտավոր է հիմնավորել վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանվում է, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր է հիմնավորել վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը: Այսինքն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերից յուրաքանչյուրի առկայությունը կամ բացակայությունը Վճռաբեկ դատարանի կողմից յուրաքանչյուր գործով ենթակա է առանձին գնահատման, իսկ վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում Վճռաբեկ դատարանն ունի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը պատճառաբանելու պարտականություն: Այսինքն` նշված օրենսդրական կարգավորումների հրամայականն է Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին պատճառաբանված որոշման կայացումը, ուստի` դիմողի կողմից սույն դրույթի հնարավոր հակասահմանադրականության առնչությամբ ներկայացված դիրքորոշումների կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն մասով դիմողների պնդումների հիմնավորվածությանը, եզրակացնում է, որ վերջինս առաջադրում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի պահանջների կիրառման իմաստով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության հարց, որի լուծումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից։ Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նշել է որ « (...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (....) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արթուր Քոչարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ա. Թունյան

Ե. Խունդկարյան

23 մայիսի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-30

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մայիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-30
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել