ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 մայիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 22 | ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 3 մայիսի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ա. Գյուլումյանի
Քննության առնելով Գևորգ Սաֆարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գևորգ Սաֆարյանը 2019 թվականի ապրիլի 17-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթների և/կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 61-րդ (1-ին մաս), 63-րդ (1-ին մաս), 66-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Ըստ դիմողի վիճարկվող դրույթի կարգավորումն ըստ էության նախատեսում է մի հիմք, որն ըստ էության առանձին վերցրած կոնկրետ ենթադրյալ հան-ցագործության տեսանկյունից ենթակա է առանձին քննության և դրա շրջանակ-ներում խափանման միջոցի հարցի լուծման, սակայն վիճարկվող իրավադրույթի միջոցով թույլատրվում է այնպիսի կասկածի շրջանակներում անձին կալանավորել, որը խախտում է նրա անմեղության կանխավարկածը և ըստ էության դուրս է գալիս կալանքի էության և բովանդակության սահմաններից վերաբերելով բոլորովին այլ, նոր հնարավոր հանցագործության, որի վերաբերյալ կասկածն առաջացել է մեկ այլ հանցանքի մեջ մեղադրվելու պատճառով»: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը պետք է ընկալվի և մեկնաբանվի բացառապես մեղսագրվող հանցավոր արարքն ավարտին հասցնելու կամ այդ ենթադրյալ հանցագործության հետ փոխկապակցված հանցավոր արարք կատարելու ռիսկ: Հակառակ դեպքում խախտվում է մեղադրվող անձի անմեղության կանխավարկածի իրավունքը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Վերջիններս միտված են Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող են Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձինք դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Սույն գործի շրջանակներում վերջնական դատական ակտ հանդիսացող Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2018 թվականի հոկտեմբերի 4-ին, իսկ սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի ապրիլի 17-ին, այսինքն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 3-րդ մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գևորգ Սաֆարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
3 մայիսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 մայիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-22
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
