«ԼԱՐՎԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 252-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ Վ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-179)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 179 | «ԼԱՐՎԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 252-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, 252-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
Ամբողջ Տեքստ
«ԼԱՐՎԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 252-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, 252-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍԵՐՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Լարվար» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի, 252-րդ հոդվածի 1-ին մասի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունների, 252-րդ հոդվածի 1-ին մասի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. «Լարվար» արտադրական կոոպերատիվի այսուհետ նաև դիմող դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հուլիսի 15-ին։ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «(...) Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի «Բռնագանձման ծանուցման վավերապայմանների, պահանջների բացակայության», «Բռնագանձման ծանուցումը հանձնելուց անմիջապես հետո գրավադրված շարժական գույքը գրավառուի տիրապետմանը անցնելու», ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի «Միայն վաճառքի դեպքում գրավատուի բռնագանձման գործընթացը կամ գույքի իրացումը դադարեցնելու հնարավորություն նախատեսելու», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի «Նոտարական կարգով վավերացված պայմանագրի առկայության դեպքում պատշաճ վարչարարություն չիրականացնելու, անձի լսված լինելու իրավունքը չապահովելու» և «որպես բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը համարելու» մասերով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 50-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը»:
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության կապակցությամբ դիմողը նշում է, որ այդ դրույթի բովանդակությունից հնարավոր չէ հասկանալ, թե ո՞ր պահից է ծագում գույքը գրավառուի տիրապետմանն անցնելու իրավունքը, արդյո՞ք բռնագանձման ծանուցումը հանձնելուց անմիջապես հետո գրավառուն իրավունք ունի գույքը տիրապետելու, թե՞ անհրաժեշտ է սպասել բռնագանձման ծանուցման վիճարկման համար սահմանված ժամկետը լրանալուն։ Ավելին, «(…) քանի որ բռնագանձման ծանուցագիրը հանձնելու պահով գրավատուի սեփականության իրավունքը չի դադարում, գրավատուն իրավունք ունի երկամսյա ժամկետում վիճարկելու բռնագանձման օրինականությունն ու այդ ժամանակահատվածում տիրապետելու և օգտագործելու իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը, այնինչ նորմի տրամաբանությունից հետևում է, որ գրավատուի սեփականության իրավունքի գոյության պայմաններում գույքն անցնում է գրավառուի տիրապետմանը, ինչով միանշանակ չի ապահովվում գրավառուի Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը»։ Դիմողի պնդմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության անորոշության հետևանքով պարզ չէ, թե ո՞ր պահից է սկսվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկը, մասնավորապես գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելու՞ց, թե՞ բռնագանձման ծանուցումը պարտապանին և գրավատուին հանձնելուց հետո: Վերոնշյալի հետևանքով հնարավոր չէ ապահովել գրավատուի գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ դիմողը նշում է, որ նշված նորմով չեն կարգավորվում այն դեպքերը, երբ գրավ դրված գույքի օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում աճուրդը չկայացած է համարվում աճուրդի ընթացքում որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով, որի դեպքում գրավառուն յոթ օրվա ընթացքում պահանջում է գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն: Ըստ դիմողի այս դեպքում գրավատուն զրկվում է գույքի բռնագանձումը և դրա իրացումը դադարեցնելու իրավունքից կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է, քանի որ այդ դեպքում գրավի առարկան չի վաճառվում, այլ հանձնվում է գրավառուին: Դիմողի պնդմամբ գրավատուին գույքի բռնագանձումը և դրա իրացումը դադարեցնելու իրավունքից զրկելը միայն այն հիմքով, որ գրավի առարկա գույքի իրացում տեղի չի ունեցել, այլ աճուրդի չկայացման հիմքով հանձնվել է գրավառուին, ակնհայտ ոտնահարում է գրավատուի սեփականության իրավունքը, քանի որ վերջինս զրկվում է պարտապանի փոխարեն պարտավորությունը մարելու հիմքով իր գույքը պաշտպանելու իրավունքից։ Անդրադառնալով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասին դիմողը պնդում է, որ գրավատուին փոստային առաքանու միջոցով բռնագանձման ծանուցումն ուղարկված լինելու հանգամանքն օրենսդիրը դիտարկել է բավարար սեփականության իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելու համար, որով ըստ էության հնարավոր չէ երաշխավորել սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը, և չի նախատեսել այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն կտար հավաստիանալու նշված ծանուցումը գրավատուի կողմից ստացված լինելու մասին, ինչպես նաև նախատեսված չեն ծանուցումը գրավատուի կողմից չստանալու պարագայում ծանուցման այլ ընթացակարգեր, որպիսի պարագայում գրավատուն հնարավորություն կունենար իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը:
3. Պատասխանողը, անդրադառնալով դիմողի այն պնդմանը, որ օրենսդրի կողմից սահմանված չեն ծանուցման հատուկ վավերապայմաններ, նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հստակ է բռնագանձման դատական և արտադատական կարգով իրականացման հարցում նախատեսելով գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու համաձայնության բացակայության դեպքում միայն գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջների բավարարում դատարանի վճռով։ Հետևաբար անկախ այն հանգամանքից, որ որոշ դեպքերում բռնագանձման ծանուցումն իր բովանդակությամբ կարող է լինել ոչ որոշակի, դա չի կարող հանգեցնել ծանուցման վիճարկվող դրույթի հակասահմանադրականության, քանի որ դրույթն ինքնին հստակ է և կանխատեսելի տալով նախնական համաձայնություն արտադատական կարգով գույքի նկատմամբ բռնագանձում տարածելուն, գրավատուն հստակորեն գիտակցել է, որ նույնիսկ բռնագանձման երկու ընթացակարգեր նախատեսելու պարագայում բռնագանձման ծանուցումը վերաբերում է գույքի արտադատական կարգով բռնագանձմանը, քանի որ գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջների բավարարում դատարանի վճռով նախատեսվում է միայն գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ գրավի պայմանագրով նախատեսված չլինելու դեպքում։ Պատասխանողի պնդմամբ գրավի առարկան արտադատական կարգով իրացնելու դեպքում անհրաժեշտ է, որ անձն իր համաձայնությունը հայտնի կա՛մ անմիջականորեն գրավի պայմանագրով, կա՛մ գրավի պայմանագրից առանձին գրավոր համաձայնությամբ։ Նման իրավակարգավորմամբ օրենսդիրն անձի կամքի հստակ արտահայտման երաշխիք է սահմանել. կամքի արտահայտումը պետք է իրականացվի բացառապես գրավոր, այն է օբյեկտիվ նյութական կրիչի վրա։ Հետևաբար անձը նախապես համաձայնում է իր պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում հնարավոր իրավական հետևանքներին, և այս մասով այդ հետևանքները կանխատեսելի են վերջինիս համար։ Ըստ պատասխանողի օրենսդրի կողմից գրավառուի գրավատուին պատշաճ կարգով ծանուցելու պարտականության ամրագրումը նպատակ է հետապնդում երաշխավորելու գրավատուի դատական պաշտպանության իրավունքը։ Միևնույն ժամանակ օրենսդրի նպատակն է եղել կանխել անբարեխիղճ գրավատուի կողմից իր իրավունքների հնարավոր չարաշահումները, նվազեցնել գրավառուի նկատմամբ ունեցած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ռիսկերը, պահպանել գրավառուի պահանջի բավարարման ապահովումը, ինչպես նաև խուսափել այն բոլոր հնարավոր իրավիճակներից, երբ գրավառուի հանդեպ ունեցած գրավատուի պարտավորության կատարումը կարող է դառնալ անհնարին։
4. Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ՀՀ դատական դեպարտամենտից պահանջված և ստացված վարչական գործի նյութերը, ինչպես նաև սույն գործում առկա մյուս փաստաթղթերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը մասամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունների, 252-րդ հոդվածի 1-ին մասի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. 4.1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և 252-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Համանման կարգավորում է նախատեսում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ անհատական դիմումով անձը կարող է վիճարկել միայն իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը։ Այսպես, 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում»: Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է. «Հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, (…), երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը»: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Այնուհետև, նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում նաև գրանցում իրականացնող մարմնին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար: Այսինքն վերոնշյալ դիմողի կողմից վիճարկվող իրավակարգավորումը վերաբերում է շարժական գույքի գրավառուի տիրապետման տակ անցնելուն, հետևաբար կիրառելի է միայն այն պարագայում, երբ գրավի առարկան շարժական գույք է: Մինչդեռ սույն գործում գրավի առարկան անշարժ գույք է, հետևաբար նշված դրույթը չի կիրառվել և չէր էլ կարող կիրառվել դիմողի նկատմամբ։ Ընդ որում ՀՀ վճռաբեկ դատարանը և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/7078/05/18 վարչական գործով չեն վկայակոչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը, իսկ ՀՀ վարչական դատարանի դատական ակտում տվյալ դրույթի լոկ վկայակոչումը չի կարող վերոնշյալ իմաստով դիտարկվել որպես նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում։ Ավելին, դիմողի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավորում այն մասին, որ դատարաններն իր գործով փաստացի կիրառել են վիճարկվող դրույթը իրավական հետևանքներ առաջացնելով վերջինիս համար։ Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածի վիճարկվող 1-ին մասի վերաբերյալ սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմելու հարցին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի նկատմամբ թիվ ՎԴ/7078/05/18 վարչական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նշված հոդվածի վիճարկվող մասը դիմողի նկատմամբ, ըստ էության, չի կիրառվել: Ընդ որում հիշատակված գործով ՀՀ վճռաբեկ դատարանը քննարկվող դրույթը չի վկայակոչել, իսկ ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերում նշված դրույթը վկայակոչվել է թիվ ԵԱՔԴ/0370/04/16 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2017 թվականի մարտի 1-ին կայացված որոշմանը հղում կատարելիս, որով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին թույլատրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-252 հոդվածներով սահմանված պայմանների պահպանմամբ, արտադատական կարգով իրացնել գրավի առարկաները, այդ թվում նաև ք. Երևան, Պուշկինի փողոց 39 շենք, 17 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը և 252-րդ հոդվածի 1-ին մասը չեն կիրառվել, ուստի դիմողն իրավասու չէ սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումով բարձրացված վերը նշված դրույթների սահմանադրականության հարցով դիմելու Սահմանադրական դատարան, հետևաբար` սույն գործի վարույթը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և 252-րդ հոդվածի 1-ին մասի մասով, ենթակա է կարճման։ 4.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե անձի սահմանադրական որ իրավունքներն են խախտվել, և ինչ է ակնկալվում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: Մասնավորապես նշված որոշման համաձայն «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…): (…)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության բովանդակությունը հանգում է նրան, որ բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում նաև գրանցում իրականացնող մարմնին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել։ (…)»: Վերոգրյալ իրավակարգավորման կապակցությամբ դիմողը պնդում է, որ տվյալ դրույթի անորոշության հետևանքով պարզ չէ, թե ո՞ր պահից է սկսվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկը, մասնավորապես գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելուց, թե՞ բռնագանձման ծանուցումը պարտապանին և գրավատուին հանձնելուց հետո: Քննարկվող համատեքստում դիմողը եզրակացնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունում առկա անորոշությունը հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքի խախտման: Սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ հստակ ամրագրված է, որ գրավառուն իրավունք ունի գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով (եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել) միայն բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում նաև գրանցում իրականացնող մարմնին հանձնելուց երկու ամիս հետո: Այս առումով դիմողի ներկայացրած դիրքորոշումների հաշվառմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողը դիմումում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել։ Դիմողը սահմանափակվել է միայն Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի և իրավական որոշակիության սկզբունքի խախտման վերաբերյալ պնդում ներկայացնելով, սակայն չի հիմնավորել, թե ինչպե՞ս, ի՞նչ եղանակով են դրանք խախտվել։ Դիմումում այս առումով համապատասխան հիմնավորումները բացակայում են, ուստի դիմումն այս մասով չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը: Ամփոփելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության մասով դիմումն ակնհայտ անհիմն է, և սույն գործի վարույթն այդ մասով ենթակա է կարճման։ 4.3. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը: Նշված դրույթի կապակցությամբ դիմողը նշում է, որ գրավատուին փոստային առաքանու միջոցով բռնագանձման ծանուցումն ուղարկված լինելու հանգամանքն օրենսդիրը դիտարկել է բավարար սեփականության իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելու համար, որով ըստ էության հնարավոր չէ երաշխավորել սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը, և չի նախատեսել այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն կտար հավաստիանալու նշված ծանուցումը գրավատուի կողմից ստացված լինելու մասին, ինչպես նաև նախատեսված չեն ծանուցումը գրավատուի կողմից չստանալու պարագայում ծանուցման այլ ընթացակարգեր, որի պարագայում գրավատուն հնարավորություն կունենար իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Սահմանադրական դատարանը, քննելով Ռուզաննա Ղազարյանի դիմումի հիման վրա «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2022 թվականի նոյեմբերի 1-ի ՍԴՈ-1667 որոշմամբ անդրադարձել է հետևյալ հարցադրումներին.
1. արդյո՞ք «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի բռնագանձման ծանուցումը գրավատուին միայն ուղարկված լինելը հաստատող փաստաթուղթը բավարար է բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար, համահունչ է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքին.
2. արդյո՞ք «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված վերոնշյալ մեկնաբանությունը, համահունչ է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքին: Նշված որոշման մեջ Սահմանադրական դատարանը, փաստելով, որ իրավակիրառ պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որով ծանուցման փոստային առաքման անդորրագիրն ըստ էության նույնացվել է փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրի հետ, արտահայտել է, ի թիվս այլնի, հետևյալ դիրքորոշումները. ա «(…) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում իրականացնող մարմին ներկայացվող բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը պետք է հնարավորություն տա հաստատել բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը և այն հանձնելու օրը, այսինքն այն պետք է տեղեկություններ պարունակի, ի թիվս այլնի` հասցեատիրոջը փոստային առաքանու հանձնման ամսաթվի վերաբերյալ». բ «(…) [«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի] 40-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ այդ դրույթում նշված ծանուցման փոստային առաքման անդորրագիրը չի նույնանում այն անդորրագրի հետ, որը տրվում է ուղարկողին փոստային առաքանու ընդունման ժամանակ, թեև երկու դեպքում էլ օգտագործվում է «անդորրագիր» բառը։ Քննարկվող դրույթի նման մեկնաբանությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագիրը չի պարունակում և չի կարող պարունակել տեղեկություններ ծանուցումը գրավատուին հանձնված լինելու վերաբերյալ, քանի որ հասցեատիրոջը փոստային առաքանու հանձնումը կատարվում է ուղարկողից այդ առաքանու ընդունման համեմատությամբ ավելի ուշ։ [«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի] 40-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «ծանուցման փոստային առաքման անդորրագիր» հասկացությունը ներառում է փոստային առաքման գործընթացում կազմվող այն փաստաթուղթը կամ փաստաթղթերի համակցությունը, որը բավարար տեղեկություններ է պարունակում գրավատուի կողմից այդ ծանուցման ստացման վերաբերյալ։ Ընդ որում` այս համատեքստում նշանակություն չպետք է ունենա այն հանգամանքը, թե արդյոք կոնկրետ փաստաթուղթը փոստային առաքման շրջանակում կոչվում է անդորրագիր, թե ոչ, կարևորություն պետք է տրվի այդ փաստաթղթի բովանդակությանը». գ «[«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի] վիճարկվող նորմին իրավակիրառ պրակտիկայում տրվել է վերը նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն, որի արդյունքում բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերի շրջանակում է ներառվել այնպիսի փաստաթուղթ, որով առաքանու հանձնման փաստը ողջամտորեն չի կարող հաստատվել։ Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ գրավատուի սեփականության իրավունքի պետական գրանցումը կարող է համարվել ուժը կորցրած ճանաչված բռնագանձման այնպիսի գործընթացի արդյունքում, որի վերաբերյալ նա ողջամտորեն տեղեկացված չի եղել, հետևաբար` հնարավորություն չի ունեցել օգտվելու այդ գործընթացի դեմ իրավական պաշտպանության հնարավորություններից։ Այսինքն վիճարկվող դրույթի նման մեկնաբանությունը հանգեցնում է անձի (գրավատուի) սեփականության իրավունքի նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության առանց վերջինիս կողմից օրենսդրությամբ նախատեսված սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված իրավական երաշխիքներից օգտվելու հնարավորության ապահովման»։ Վերոնշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ նշված դրույթի իմաստով ծանուցման փոստային առաքման անդորրագիրը փոստային առաքման գործընթացում կազմվող այն փաստաթուղթն է կամ փաստաթղթերի համակցությունը (անկախ փոստային առաքման շրջանակում տվյալ փաստաթղթին տրված անվանումից), որը հնարավորություն է տալիս հաստատել բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը և այն հանձնելու օրը: Փաստորեն, սույն գործով «Լարվար» արտադրական կոոպերատիվի կողմից ներկայացված դիմումում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 1-ի ՍԴՈ-1667 որոշումը, ուստի սույն գործի վարույթը նշված դրույթի մասով, ենթակա է կարճման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Լարվար» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի, 252-րդ հոդվածի 1-ին մասի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունների, 252-րդ հոդվածի 1-ին մասի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
15 նոյեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-179
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-179
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
