Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄՈՒՇԵՂ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄՈՒՇԵՂ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-3325 նոյեմբերի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 նոյեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 33 | ՄՈՒՇԵՂ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

25 նոյեմբերի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Ֆ.Թոխյանի

Ա. Թունյանի

Ուսումնասիրելով Մուշեղ Ղարիբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Մուշեղ Ղարիբյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի նոյեմբերի 8-ին)` խնդրելով. «Դ.Ա.Հ.Կ մասին Հ.Հ. օրենքի 45-րդ հոդվածի, Հ.Հ. ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածը Հ.Հ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ 2-րդ կետը, Հ.Հ. քաղաքացիական դատավարության օրենսգրքով 233.2-րդ հոդվածի 1-ին կետը ճանաչել Հ.Հ. Սահմանադրության (2015թ. փոփոխություններով), 60-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 78-րդ հոդվածի, 79-րդ հոդվածի և 81-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր, իսկ Հ.Հ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի` կիրառված այլ մեկնաբանությամբ»:

Դիմողը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի իրավական նորմերն իրենց բնույթով հակասության մեջ են գտնվում բուն օրենքի իմաստի հետ` հանգեցնելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի երաշխիքների խախտումներին:

Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները հակադրվում են ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածի դրույթի հետ` առաջացնելով իրավակիրառ պրակտիկայում խառնաշփոթ, անորոշություն, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1- ին մասի երաշխիքներին:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 2-րդ կետը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների պահանջներին: Ըստ դիմողի` «...ինչպես ցույց է տալիս իրավական պրակտիկան, ոչ միայն դատարանի իրավական ակտով կարող է հաստատել հանցավոր արարքը, որը հանգեցրել է սխալ դատական ակտի կայացնելուն, այլ նաև այլ իրավասու մարմինների իրավական ակտով», որը հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին:

Ըստ դիմողի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1- ին մասն անհամաչափ նվազեցնում է վճռաբեկ բողոքի քննության հնարավորությունը դատարանում, ինչն էլ հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 79-րդ հոդվածի երաշխիքներին:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից Սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` դիմումը պետք է պարունակի նաև Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձևակերպված հիմնավորումներ, ինչպես նաև դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Մուշեղ Ղարիբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

25 նոյեմբերի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-33

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 նոյեմբերի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-33
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել