Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-48 փետրվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 փետրվարի 2021թ. ՍԴԴԿՈ - 4 | «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 8 փետրվարի 2021թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով «Նոր Զովք» ՍՊԸ-ի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Նոր Զովք» ՍՊԸ-ն (ներկայացուցիչ փաստաբան Ա. Կիվիրյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունվարի 18-ին) խնդրելով. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում առկա է իրավական անորոշությամբ պայմանավորված օրենսդրական բաց, ինչի արդյունքում իր վրա դրվել է անհիմն ֆինանսական զգալի բեռ: Ըստ դիմողի «Սնանկության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով չպետք է նախատեսվի ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունք այն դեպքում, երբ սնանկության գործի վարույթը կարճվում է: Դիմողը գտնում է, որ կառավարչի համար վարձատրություն ստանալու իրավունքը պետք է ծագի ոչ թե զուտ ժամանակավոր կառավարիչ նշանակվելու, այլ իր լիազորություններն իրացնելու և համապատասխան աշխատանք կատարելու փաստով: Ընդ որում, ըստ դիմողի, պետք է հստակ սահմանվեն ժամանակավոր կառավարչի վարձատրության չափի հաշվարկման ելակետային պայմանները, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ժամանակավոր կառավարիչը պետք է հիմնավորի և ապացուցի, թե իր կողմից ի´նչ ծավալի աշխատանքներ են կատարվել, որոնցով էլ պայմանավորվել է վարձատրություն ստանալու իրավունքը: Մինչդեռ, ըստ դիմողի, վիճարկվող իրավակարգավորման պայմաններում ստացվում է, որ սնանկության գործով ժամանակավոր կառավարչի կողմից սնանկության վարույթի շրջանակներում որևէ գործողություն չձեռնարկելու և որևէ աշխատանք չկատարելու դեպքում անգամ սնանկության ժամանակավոր կառավարիչն իրավունք ունի ստանալու վարձատրություն պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով, որը մի շարք դեպքերում կարող է կազմել զգալի գումար:

3. Ելնելով դիմումի և գործում առկա դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում … սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: «Սահմանադրական դատարան մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ … դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները …»: Դիմողի վերաբերյալ գործով դատական ակտերի ուսումնասիրությունից երևում է, որ Վճռաբեկ դատարանն իր 2019 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ բեկանել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2018թ. որոշումը և գործն ուղարկել Սնանկության դատարան նոր քննության: Մինչդեռ, Սնանկության դատարանի կողմից գործով ըստ էության նոր վճիռ կայացվելուց հետո դեռևս պահպանվում է վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկման ձևով դատական պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորությունը: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Նոր Զովք» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Խաչատրյանի

Անդամներ Ա. Թունյանի

Ա. Վաղարշյանի

8 փետրվարի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 փետրվարի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել