Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, ԴՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, ԴՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-12325 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-123)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հունիսի 2021թ. ՍԴԱՈ - 123 | «ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, ԴՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, ԴՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վճռաբեկ դատարանի նախագահի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

1. 2021 թվականի մայիսի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով Վճռաբեկ դատարանի նախագահը խնդրել է որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի (այսուհետ Օրենսգիրք), «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի (այսուհետ Օրենք), դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 81-րդ հոդվածի 1-ին մասին, 162, 163, 171 և 172-րդ հոդվածներին։

2. Ըստ դիմողի Օրենսգրքի 26-րդ հոդվածով և Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործերի ընդդատության և ենթակայության մասին վեճերի լուծման լիազորությունը չի բխում Վճռաբեկ դատարանի նախագահի որպես Վճռաբեկ դատարանի ներկայացուցչական և կազմակերպչական բնույթի լիազորություններով օժտված սուբյեկտի իրավական կարգավիճակից և վտանգում է բացառապես Սահմանադրությամբ նախատեսված դատարանների կողմից արդարադատության գործառույթ իրականացնելու պահանջը։ Ուստի Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից դատարանների միջև գործերի ընդդատության և ենթակայության մասին վեճերի լուծմամբ այդ գործերով քննությունն իրականացնող «իրավասու դատարանի» և ըստ այդմ նաև շահագրգիռ անձանց արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի որոշումը չի բխի Վճռաբեկ դատարանի նախագահի իրավական կարգավիճակից։ Ավելին տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահը հանդես կգա որպես այդ դատարանների միջև բարձրացված ընդդատության և ենթակայության մասին վեճերը հանգուցալուծող վերադաս դատական ատյան այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի նախագահը ներառված չէ Սահմանադրությամբ նախատեսված դատարանների ցանկում։ Դիմողը գտել է, որ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից կոնկրետ գործով ընդդատության կամ ենթակայության մասին վեճի լուծումից հետո գործի քննությունն իրականացրած դատարանի պատշաճությունը հետագայում վերջնական դատական ակտի հետ միասին վիճարկելու հնարավորությունը ընթացակարգային առումով դառնում է խնդրահարույց, քանի որ prima facie վտանգվում է դատական մարմինների միջև գործառութային կապի ապահովման սկզբունքը։ Մասնավորապես Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից որոշված առաջին ատյանի դատարանի կողմից քաղաքացիական կամ վարչական գործի քննությունն իրականացնելուց հետո, շահագրգիռ անձանց կողմից այդ դատարանի «օրենքի հիման վրա ստեղծված» լինելը վերաքննիչ ատյանում վիճարկելու դեպքում կստացվի այնպես, որ վերաքննիչ դատարանն ըստ էության պետք է վերանայի Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից կայացված որոշման իրավաչափությունը։ Ավելին բարձրացված խնդիրն առավել ակնառու ձևով կարող է արտահայտվել Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից որոշված գործի ընդդատության և ենթակայության իրավաչափությունը Վճռաբեկ դատարանի Սահմանադրության 172-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված գործառույթի շրջանակերում Վճռաբեկ դատարան բողոքարկելու դեպքում։ Հարց է առաջանում, արդյոք այդ դեպքում առկա չի լինի Վճռաբեկ դատարանի նախագահի մասնակցությունն այդ գործի քննությանը բացառող հանգամանք, և նույնիսկ այդ դեպքում անկողմնակալ դիտորդի տեսանկյունից, Վճռաբեկ դատարանում այդ հարցի քննարկումն արդյոք կհամապատասխանի արդար դատաքննության իրավունքի պաշտպանության երաշխիքներին։ Ելնելով վերոնշյալից դիմողը գտել է, որ Օրենսգրքի 26-րդ հոդվածով և Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործերի ընդդատության և ենթակայության մասին վեճերի լուծման Վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված լիազորությունը խախտում է դատական մարմինների միջև գործառութային կապը և վտանգում է անձի Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության, արդար դատաքննության սահմանադրական հիմնարար իրավունքներն ու վերջինիս բաղկացուցիչ մասը կազմող «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից գործը քննության առնելու երաշխիքը։ Դիմողը միաժամանակ նշել է, որ Վճռաբեկ դատարանի նախագահի գործերի ընդդատության և ենթակայության մասին վեճերի լուծման լիազորությունը խախտում է ըստ համապատասխան մասնագիտացման դատավորի կողմից գործի քննությունն ապահովելու սկզբունքը և ըստ այդմ նաև անձի արդար դատաքննության սահմանադրական հիմնարար իրավունքը։ Արդյունքում, դիմողը խնդրել է Օրենսգրքի 26-րդ հոդվածը, Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 81-րդ հոդվածի 1-ին մասին, 162, 163, 171 և 172-րդ հոդվածներին հակասող։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը, ուստի նշված գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Ինչպես ուղղակիորեն բխում է վերոնշյալ դրույթների բովանդակությունից, դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները

1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ, և

2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահը, Սահմանադրական դատարան ներկայացնելով դիմում Օրենսգրքի 26-րդ հոդվածի և Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ, ղեկավարվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասը և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը Սահմանադրական դատարան դիմելու իրավունք են վերապահում դատարաններին, նշված իրավունքի իրացման առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում վեր հանել վերոնշյալ հոդվածների բովանդակությունը։ Այսպես «դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով» եզրույթի համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե արդյոք Վճռաբեկ դատարանի նախագահը գործի ընդդատության և ենթակայության հարցը լուծելիս հանդես է գալիս որպես դատարան (1), արդյոք գործի ընդդատության և ենթակայության հարցի լուծումն ենթադրում է կոնկրետ գործի լուծում (2)։ Սահմանադրության «Արդարադատության իրականացումը» վերտառությամբ 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Սահմանադրության «Դատարանները» վերտառությամբ 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը։ Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ: Օրենսդիրը քաղաքացիական գործերով արդարադատության իրականացմամբ օժտել է բացառապես ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատին, համապատասխանաբար վարչական գործերով արդարադատության իրականացմամբ էլ օժտել է ՀՀ վարչական դատարանին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատին (հիմք «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդված, 15-րդ հոդված, 20-րդ հոդված, 24-րդ հոդված, 27-րդ հոդված, 29-րդ հոդված, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդված, 27-րդ հոդված, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդված, 12-րդ հոդված) (Ընդ որում Սահմանադրական դատարանը սույն որոշմամբ հատուկ անդրադարձ չի կատարում քրեական գործերով արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված մարմիններին դատարաններին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումում նշված հանգամանքների և դիմումին կցված փաստաթղթերի համաձայն դիմումի ներկայացման հիմք են հանդիսացել թիվ ՎԴ/3461/05/20, թիվ ԼԴ/1385/02/19 և թիվ ԱՐԱԴ/0327/02/21 դատական գործերը, որոնք առնչվում են ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների միջև (քաղաքացիական մասնագիտացում), ՀՀ վարչական դատարանի ու ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (քաղաքացիական մասնագիտացում), ՀՀ սնանկության դատարանի ու ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (քաղաքացիական մասնագիտացում) միջև ծագած ենթակայության (ընդդատության) հարցին)։ Այսպիսով, սահմանադիրը Սահմանադրական դատարան դիմելու իրավունք է վերապահել, ի թիվս այլ սուբյեկտների, նաև դատարաններին միաժամանակ հստակ սահմանելով, թե որոնք են Հայաստանի Հանրապետությունում գործող դատարանները։ Վերոնշյալից հետևում է, որ սահմանադիրը Վճռաբեկ դատարանի նախագահին չի դիտարկել որպես դատարան, ավելին վերջինիս չի օժտել նաև Սահմանադրական դատարան դիմելու իրավունքով։ Միաժամանակ սահմանադիրն ամրագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացումը դատարանների բացառիկ իրավասությունն է։ Նշվածի համատեքստում անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից գործերի ընդդատությունը և ենթակայությունը լուծելու լիազորության իրականացման հարցին Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ լիազորության իրականացումը ենթադրում է գործի տարածքային ընդդատության և ենթակայության կապակցությամբ դատարանների միջև առաջացած տարաձայնության հարցի լուծում ըստ էության դատական վարչարարության իրականացում։ Այսինքն գործի տարածքային ընդդատության և ենթակայության կապակցությամբ առաջացած անհամաձայնության առնչությամբ Վճռաբեկ դատարանի նախագահը բացառապես որոշում է գործի ընդդատության և ենթակայության հարցը, որպիսի լիազորության իրականացումը չի համարվում արդարադատության իրականացում, հետևաբար նման գործառույթի իրացման պարագայում վերջինս չի կարող որակվել որպես գործը քննող դատարան։ Սահմանադրական դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՍԴԱՈ-245 աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասին և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասին, արձանագրել է, որ դատարանների նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործի դեպքում, ավելին հիշյալ իրավունքը կարող է իրացվել համապատասխան գործով վարույթն սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը։ Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իմաստով «կոնկրետ գործը» եզրույթն իրենից ներկայացնում է դատավարական ընթացակարգ, որն սկսվում է դատավորի կողմից համապատասխան գործն իր վարույթ ընդունելու հարցը լուծելով, և ներառում է համապատասխան դատավարական օրենսգրքերով նախատեսված գործը քննող դատավորի կողմից դատավարական որոշումների (դատական ակտերի) կայացում և համապատասխան դատավարական գործողությունների իրականացում։ Ընդ որում տվյալ իրավիճակում գործն իր վարույթ ընդունած դատավորը հանդես է գալիս որպես դատարան։ Ելնելով վերոնշյալից Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից չի հաղթահարվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականնության հարցով դիմում են Սահմանադրական դատարան» պայմանը, որպիսի պայմաններում էլ Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, քանի որ Վճռաբեկ դատարանի նախագահն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վճռաբեկ դատարանի նախագահի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

25 հունիսի 2021 թվականի

ՍԴԱՈ-123

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-123
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել