«ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8 ԵՎ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-50)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 ապրիլի 2026թ. ՍԴԱՈ - 50 | «ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8 ԵՎ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8 ԵՎ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8 և 9-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի մարտի 18-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արթուր Ստեփանյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Սիրանուշ Սահակյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 և 63, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել
(...) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով, որ այն իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանվում է որպես Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական որոշումը նոր հանգամանքով վերանայման վարույթը կարգավորող դատավարական նորմերի ենթադրյալ բացը լրացնելու իրավահիմք` «նոր հանգամանքներով վերանայման» հարաբերությունների` «կարգապահական հարցերով որոշումների բողոքարկման» հարաբերություններին համանման լինելու ուժով:
(...) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասը, քանի որ այն սպառիչ կերպով չի սահմանում նոր հանգամանքներով վերանայման արդյունքում կայացվող «նոր որոշման» տեսակը, բովանդակությունը, ընդունման ընթացակարգը և դրանք ընտրելու Բարձրագույն դատական խորհրդի հայեցողության սահմանները՝ վերջինիս վերապահելով դատավարական ընթացակարգի ընտրության, «նոր որոշման» տեսակի և բովանդակության կանխորոշման և դրա հետևանքով անձի իրավունքների ծավալի որոշման բացարձակ հայեցողություն՝ առանց ընտրության կամայականությունից պաշտպանող բավարար երաշխիքների:
(...) «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասը՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ այն մեկնաբանությունը, ըստ որի՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավասու է «նոր հանգամանքով վերանայման» վարույթում դատավորի կարգապահական հարցին առնչվող նոր որոշումը կայացնել ոչ թե վերանայման վարույթի շրջանակում՝ իր նախկին որոշումը վերացնելու հետ միաժամանակ, այլ կարգապահական վարույթի շրջանակում՝ կարգապահական միջնորդության հետաձգված նոր քննության արդյունքում:
(...) «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասը, նույն հոդվածի 9-րդ մասի հետ համակարգային կապի մեջ դիտարկված՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկային այն մեկնաբանությունը, որ Բարձրագույն դատական խորհուրդը, նոր հանգամանքի հիմքով վերացնելով դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին իր որոշումը, չի լուծում դատավորի կարգավիճակի վերականգնման հարցը (նախկին պաշտոն կամ դատավորների ռեզերվ) մինչև նույն կարգապահական միջնորդության նոր քննությունը»:
2. Անդրադառնալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասին՝ Դիմողը նշում է, որ «(...) Խորհուրդը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությամբ նոր հանգամանքներով վերանայման (ՀՀ դատական օրենսգիրք, հոդված 157) իրավական մեխանիզմի դատավարական կանոնների ենթադրյալ «բացը» լրացրել է մեկ այլ իրավական մեխանիզմի՝ բողոքարկման (հոդված 156.1) դատավարական կանոնների կիրառմամբ, որի հետևանքով կիրառվել են 156.1-րդ հոդվածով նախատեսված կանոններ, այդ թվում՝ գրավոր ընթացակարգ, որն ազդել է Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների, այդ թվում՝ լսված լինելու, հրապարակայնության, հավասար զենքերի, արդյունավետ պաշտպանության կազմակերպման իրական հնարավորությունների վրա»:
Դիմողի պնդմամբ՝ բողոքարկման և նոր հանգամանքներով վերանայման իրավական պաշտպանության միջոցների էական տարբերությունները բացառում են դրանց միաձուլումը՝ դրանք համանման իրավահարաբերություններ ճանաչելու միջոցով, և, հետևաբար, բացառում են իրավական մեխանիզմների ընթացակարգերի նկատմամբ օրենքի անալոգիայի կիրառումը: Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը ստեղծում է ընթացակարգային ռեժիմի անորոշություն, թույլ է տալիս իրավակիրառող մարմնին հայեցողաբար վերափոխել իրավական պաշտպանության մեխանիզմներ և, այդպիսով, խաթարում է Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքը: Միաժամանակ, ըստ Դիմողի՝ այն կարող է հանգեցնել նաև սահմանադրորեն անթույլատրելի քվեարկության շեմերի կիրառման և արդար դատաքննության երաշխիքների սահմանափակման, ինչը վտանգում է կարգապահական վարույթի լեգիտիմությունը և չի ապահովում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացումը:
Անդրադառնալով վիճարկվող՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասին՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթի բովանդակությունից երևում է, որ այն չի սահմանում որևէ նորմատիվ չափանիշ, որի հիման վրա հնարավոր լինի տարբերակել, թե որ դեպքերում պետք է կիրառվի դատավորի կարգավիճակի անմիջական վերականգնման, և որ դեպքերում՝ հարցը նոր քննության թողնելու մոդելը: Ըստ Դիմողի՝ խնդրո առարկա նորմը չի հստակեցնում, թե ինչ պայմանների առկայությամբ է Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր նախկին որոշման վերացման հետ միաժամանակ վերականգնել դատավորի կարգավիճակը և ինչ պայմաններում կարող է այդ հարցը թողնել հետագա քննությանը: Դիմողը գտնում է, որ այն նաև չի պատասխանում այն հարցին, թե նախկին որոշման վերացումից հետո դատավորի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ex lege նույն ակտով, թե այդ հարցը թողնված է Բարձրագույն դատական խորհրդի գնահատողական հայեցողությանը: Ավելին, Դիմողը գտնում է նաև, որ նորմը չի նախատեսում որևէ ընթացակարգային երաշխիք, որը կբացառեր կամայական ընտրությունը նշված երկու մոդելների միջև: Այս պայմաններում Բարձրագույն դատական խորհրդին վերապահված հայեցողությունը դադարում է լինել օրենքով սահմանափակված հայեցողություն ու գործնականում վերածվում է բացարձակ հայեցողության, քանի որ չի սահմանափակում պետական մարմնի ընտրության շրջանակը և անձին չի ապահովում նույն իրավական իրավիճակում կիրառվելիք լուծումը կանխատեսելու հնարավորությամբ: Ուստի, Դիմողի պնդմամբ, վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական արատն առավելապես այն է, որ դրանում առկա կարգավորման անորոշությունը փաստացի հանգեցնում է պետական մարմնի բացարձակ հայեցողության ձևավորմանը, ինչն անհամատեղելի է իրավական որոշակիության սկզբունքի հետ:
Դիմողը գտնում է, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասը չի համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածին, քանի որ այն սպառիչ չի սահմանում նոր հանգամանքներով վերանայման արդյունքում կայացվող «նոր որոշման» տեսակը, բովանդակությունը, ընդունման ընթացակարգը և դրանք ընտրելու՝ Բարձրագույն դատական խորհրդի հայեցողության սահմանները՝ վերջինիս վերապահելով դատավարական ընթացակարգի ընտրության, «նոր որոշման» տեսակի և բովանդակության կանխորոշման և դրա հետևանքով անձի իրավունքների ծավալի որոշման բացարձակ հայեցողություն՝ առանց ընտրության կամայականությունից պաշտպանող բավարար երաշխիքների:
Ըստ Դիմողի՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասը՝ նույն հոդվածի 9-րդ մասի հետ համակարգային կապի մեջ դիտարկված, չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերին, ինչպես նաև 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայի այն մեկնաբանությունը, որ Բարձրագույն դատական խորհուրդը, նոր հանգամանքի հիմքով վերացնելով դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին իր որոշումը, չի լուծում դատավորի կարգավիճակի վերականգնման հարցը (նախկին պաշտոն կամ դատավորների ռեզերվ) մինչև նույն կարգապահական միջնորդության նոր քննությունը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության), «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ սույն անհատական դիմումով Դիմողը, անդրադառնալով վիճարկվող՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասին (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությանը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացին) և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 9-րդ մասին (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությանը), վկայակոչել է իրավական դիրքորոշում առ այն, որ «(...) 2025 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ որոշման կայացման պահին բողոքարկման ինստիտուտը կարգավորող կարևորագույն դրույթները դեռևս ամբողջությամբ ուժի մեջ մտած չեն եղել: Այլ կերպ ասած՝ օրենքի անալոգիայի միջոցով կիրառվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156.1-րդ հոդվածը, այն դեպքում, երբ դրա լիարժեք կիրառումն ապահովող և համապարփակ կարգավորում նախատեսող անհրաժեշտ նորմերը դեռևս իրավական ուժ չեն ստացել, որի պայմաններում Խորհրդի կարգապահական որոշումների բողոքարկման ինստիտուտը փաստացի համարվում է չգործող: Այսպիսով, Խորհուրդը, գործի քննության պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով, անալոգիայի կարգով կիրառել է համանման հարաբերություններ կարգավորող այնպիսի նորմեր, որոնք իրենց հերթին իրավական ուժ ունեցող նորմերով ամբողջական և մանրամասն կարգավորված չեն եղել և չէին կարող ապահովել տվյալ վարույթի կանխատեսելի, հստակ և իրավական որոշակիության պահանջներին համապատասխան ընթացքը: (...)»:
Դիմողը նաև նշել է հետևյալը. «Խորհրդի նման մոտեցումը, ըստ էության, հիմնված է Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված այն դիրքորոշման վրա, համաձայն որի՝ նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայումը՝ վերանայվող դատական ակտի բեկանումից հետո տեղի ունեցող ընթացակարգ է, որի ընթացքում միայն կարող է գնահատվել նոր հանգամանքի ազդեցությունը գործի ելքի վրա ինչով էլ պայմանավորված է վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը փոփոխելու կամ չփոփոխելու անհրաժեշտությունը»:
Միաժամանակ Դիմողը ներկայացրել է պնդում, համաձայն որի՝ «(...) վերանայման վարույթում Խորհուրդը չի կարող իր իսկ որոշումը վերացնել և նույն գործը «ուղարկել» կրկնակի քննության հենց իր մոտ, քանի որ նման կառուցվածքը հակասում է վերանայման ինստիտուտի էությանը և օրենքով նախատեսված կարգավորմանը»:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում Բարձրագույն դատական խորհրդի՝ «Նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումը վերանայելու դիմումը քննարկելու վերաբերյալ» թիվ ԲԴԽ-52-Ո-Կ-12 որոշման բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների (կայացրած որոշման) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշման իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8 և 9-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 ապրիլի 2026 թվականի
ՍԴԱՈ-50
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-50
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
