ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 օգոստոսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 23 | ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
17 օգոստոսի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Կ. Բալայանի
Ուսումնասիրելով քաղաքացի Արմեն Ավագյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Արմեն Ավագյանը 02.08.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 4-րդ մասի, 224-րդ հոդվածի 3-րդ մասի և 241.2-րդ հոդվածով սահմանված դրույթների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես, վերջինիս 6, 18, 19, 42, 20-րդ հոդվածների պահանջներին։ Դիմողի կողմից վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ ներկայացրած փաստարկները, ըստ էության, շոշափում են ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության հիմնախնդիրը, այլ վերաբերում են ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված դատական ակտերի հակասահմանադրականության հիմնավորմանը։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը։ Անհրաժեշտ է արձանագրել, որ վիճարկվող դրույթների վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի ՍԴՈ-754 որոշումը։ ՀՀ սահմանադրական դատարանի սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ /1-ին մաս/ և 19-րդ / 1-ին մաս/ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր էին ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 4-րդ մասը և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ մասը։
Բացի վերոշարադրյալը, ինչպես վկայում է սույն գործով վերջնական դատական ակտ հանդիսացող ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման ուսումնասիրությունը, այդ որոշմամբ դիմողի նկատմամբ նշված իրավադրույթները չեն կիրառվել։ Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի և 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, վերոնշյալ դրույթների մասով դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման ՀՀ սահմանադրական դատարանի կողմից, քանի որ, ա/ վիճարկվող դրույթները չեն կիրառվել դիմողի նկատմամբ, բ/ վերոնշյալ դրույթների վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-754 որոշումը։
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.2-րդ հոդվածին, ապա այս դրույթի առումով, դիմումն ակնհայտ անհիմն է, և հետևաբար, այս հոդվածի մասով ևս դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով։ Այսպես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներում նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող միասնական ընդհանուր ձևական պահանջներ, իսկ որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Մինչդեռ դիմողը, ընդհանրապես որևէ հիմնավորում չի ներկայացրել վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ։
Անհրաժեշտ է նաև նշել, որ դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների համալիր վերլուծությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հետևաբար, այս առումով առկա է նշված դրույթի մասով դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 69-րդ հոդվածի 7-րդ կետերի պահանջներով, գտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.2-րդ հոդվածի մասով ևս ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման, քանի որ ա/ դիմումն ակնհայտ անհիմն է, բ/ դիմողը բարձրացրել է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղաքացի Արմեն Ավագյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։ Նախագահող
Անդամներ
17 օգոստոսի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 օգոստոսի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
