ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 78-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Դատական դպրոցում» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիայում» բառերով։ Հոդված 2. Օրենսգրքի 102-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները դադարելու դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում դիմում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Ազգային ժողով՝ Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար:»։ Հոդված 3. Օրենսգրքի 103-րդ հոդվածում՝ 1) 2-րդ և 3-րդ մասերը «դեպքում» բառից հետո լրացնել «նոր անդամի նշանակմամբ» բառերով։ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-7-րդ մասերով. «4. Վճռաբեկ դատարանի նախագահը, համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան կամ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկշաբաթյա ժամկետում դիմում է նշանակող մարմնին` Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար։
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամը նշանակվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող հնգամսյա ժամկետում։
6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետում։
7. Մինչև համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամների նշանակումը նախկին անդամները շարունակում են պաշտոնավարել։»: Հոդված 4. Օրենսգրքի 115-րդ հոդվածում` 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Դատարանների նախագահների խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 2-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1-ով:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով. «1.1. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը 2 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1 թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով: 1.2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 10-ը առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածությունների ցուցակի մասնագիտացման բաժինների: 1.3. Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը ակնհայտ է դառնում, որ դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, ապա Դատարանների նախագահների խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված քանակով: Եթե դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապատասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում: Արտահերթ համալրում չի կարող իրականացվել, եթե մինչև հերթական համալրման համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը մնացել է ոչ ավելի, քան 6 ամիս: 1.4. Դատավորների թեկնածությունների ցուցակը սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կարգով համալրելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը կատարվում է արտահերթ համալրմանը հաջորդող տարվանից: 1.5. Դատավորների թեկնածությունների ցուցակի արտահերթ կարգով համալրումը կատարվում է հերթական համալրման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ արտահերթ համալրման մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում պահպանելով սույն օրենսգրքով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Արդարադատության խորհուրդը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 30-ը սահմանում և հրապարակում է որակավորման ստուգման գրավոր քննությունների ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննությունների և Արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման և միավորների հաշվարկման կարգը, որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը:». 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով. «3.1. Քննական հարցերի մշակման համար Արդարադատության խորհուրդը ընտրում է համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն: Քննական հարցերը մշակողը պատասխանատվություն է կրում մինչև որակավորման ստուգման անցկացումը հարցերի գաղտնիության պահպանման համար: Որակավորման ստուգման քննական հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Արդարադատության խորհրդի անդամներին: Համապատասխան որակավորման ստուգման քննական հարցերը մշակած անձինք չեն կարող ընդգրկվել այդ հարցերի հիման վրա որակավորման ստուգման գնահատման հանձնաժողովներում: 3.2. Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Արդարադատության խորհրդի աշխատակազմը:».
5) 4-րդ մասի «սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի հիման վրա» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով.
6) 5-րդ մասի «Դատական դպրոցի տնօրենին» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմ» բառերով.
7) 8-րդ մասի «Դատական դպրոցի կառավարման խորհրդի» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի» բառերով.
8) 9-12-րդ մասերի «Դատական դպրոցի տնօրեն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։ Հոդված 5. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասությունների «Դատական դպրոցի կառավարման խորհուրդը» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմը» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 15-րդ և 16-րդ գլուխներում, բացառությամբ 115-րդ և 116-րդ հոդվածների, «Դատական դպրոց» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արդարադատության ակադեմիա» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։ Հոդված 7. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունը «137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ» բառերից հետո լրացնել «և 4-րդ» բառերով, իսկ նույն նախադասության «138-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «138-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 120-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 120. Դատավորների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը 1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝ 1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում. 2) նա դիմում է այդ մասին. 3) լրացել է նրա 65 տարին. 4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ. 5) նա առանց հարգելի պատճառի չի անցել տարեկան վերապատրաստման ծրագիրը. 6) սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում չի համաձայնվում նշանակվել իրեն առաջարկված դատավորի պաշտոնում. 7) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած. 8) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով. 9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը. 10) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 11) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն. 12) արդարադատության ակադեմիայում ուսումն ավարտելուց հետո ավելի քան 4 ամիս անընդմեջ չի զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով և չի դիմել Դատական դեպարտամենտում աշխատանքի անցնելու համար. 13) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից. 14) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի. 15) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի ուղղ. սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով նախատեսված դեպքերում` արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում են Արդարադատության խորհուրդ:
3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վճռաբեկ դատարանի նախագահի կամ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի միջնորդությունը: Եթե բաց քվեարկության արդյունքներով Արդարադատության խորհուրդը համարում է, որ միջնորդությունը համապատասխանում է սույն հոդվածի պահանջներին, ապա դիմում է Հանրապետության Նախագահին անձին ցուցակից հանելու առաջարկությամբ:
4. Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում համապատասխան անձին հանում է դատավորների թեկնածությունների ցուցակից:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությունը ներկայացվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգին համապատասխան:»: Հոդված 9. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 3 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր, վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կամ վճռաբեկ դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը:»: Հոդված 10. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ աշխատած նախկին դատավորը:»: Հոդված 11. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունից հանել «, ինչպես նաև Դատական դպրոցում ուսուցման ծրագիրը ավարտած դատախազները, փաստաբանները և քննիչները» բառերը: Հոդված 12. Օրենսգրքի 145-րդ հոդվածում «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով: Հոդված 13. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «191-րդ հոդվածով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 193-րդ հոդվածով» բառերը փոխարինել «167-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու և փորձաշրջանի ղեկավարի» բառերով։ Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 166.1-ին հոդվածով. « Հոդված 166.1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը 1. Էթիկայի հանձնաժողովը դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի կողմից սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով խախտում կատարած անձին:
2. Եթե քննարկումից հետո էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն և չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին:
3. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Արդարադատության խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը. 1) նախազգուշացում. 2) նկատողություն. 3) խիստ նկատողություն. 4) դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:
4. Եթե Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի՝ անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անձին չի հանում ցուցակից, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված համապատասխան կարգապահական տույժի ենթարկված:
5. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ:»: Հոդված 15. Օրենսգրքի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։ Հոդված 16. Օրենսգրքի 209-րդ հոդվածում` 1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը ճանաչել ուժը կորցրած.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և ժամաքանակը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ: Վերապատրաստումն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 17. Եզրափակիչ և անցումային դրույթներ 1. Սույն օրենքը, բացառությամբ 1-ին, 6-րդ, 8-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածների, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին, 6-րդ, 8-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
3. 2014 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 122-րդ և 123-րդ հոդվածների՝ արդարադատության ակադեմիային և արդարադատության ակադեմիան ավարտած անձանց վերաբերող դրույթները տարածվում են նաև Դատական դպրոցի և Դատական դպրոցն ավարտած անձանց նկատմամբ:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետում նշանակում է Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամներ, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Հանրապետության նորընտիր Նախագահը չի նշանակել Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամներ: Ազգային ժողովը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգամսյա ժամկետում նշանակում է Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամներ, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ համապատասխան գումարման Ազգային ժողովը չի նշանակել Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամներ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. հունիսի 3 Երևան ՀՕ-51-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-51-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (17.06.2013-09.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.06.07/30(970) Հոդ.552 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.05.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.06.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 17.06.2013 Ուժը կորցրել է 09.04.2018 Հիմնական ակտ 02.05.2013, ՀՕ-51-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 21.02.2007, ՀՕ-135-Ն 21.02.2007, ՀՕ-135-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մայիսի, 2013 թ.
- Գործի #:
- ՀՕ-51-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
