ԱԼԲԵՐՏ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 սեպտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 49 | ԱԼԲԵՐՏ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Վ. Գրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 12 սեպտեմբերի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Ալբերտ Եդիգարյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ալբերտ Եդիգարյանի դիմումը (ներկայացուցիչներ` Կ. Տոնոյան, Ա․ Դաշյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի օգոստոսի 23-ին, որով դիմողը խնդրել է. «7.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի մինչև 08.12.11 ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայի կողմից տրված իմաստը հաղորդած բովանդակությամբ հանդերձ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը բացառապես այն դեպքում, երբ նրա քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ առկա է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիր, բավարար չհամարելով մինչև 14 տարեկան երեխայի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը։ 7.2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61, 63, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածը, այնքանով, որքանով թույլ է տալիս ՀՀ վճռաբեկ դատարանին վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկով վարույթ ընդունելուց հետո մեկ այլ հիմքով քննություն իրականացնել և որոշում կայացնել»:
2. Ըստ դիմողի սահմանադրաիրավական վեճի առարկա «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի մինչև 08.12.2011թ․ խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ մինչև 14 տարեկան երեխայի ծնողի կողմից ՀՀ քաղաքացիությունը կորցնելու դեպքում երեխան ևս կորցնում է ՀՀ քաղաքացիությունը, եթե ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն։ Դիմողի պնդմամբ իրավահարաբերության ծագման պահին սահմանված չէր, որ երեխան կորցնում է ՀՀ քաղաքացիությունը ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա, ինչպես սահմանել է Վճռաբեկ դատարանը։ Դիմողը նշում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի պահանջն այն մասին, որ մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ՀՀ նախագահի հրամանագիր, սահմանվել է միայն 07.05.2015 թ. ընդունված ՀՕ-33-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 13.06.2015 թ., ինչից բխում է, որ մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ՀՀ նախագահի հրամանագիրն անհրաժեշտ էր միայն 13.06.2015 թ. հետո ծագած իրավահարաբերություններում: Սակայն Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող նորմին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի համաձայն ՀՀ նախագահի հրամանագիրն անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ընդունման պահից սկսած։ Միայն այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում կատարված լրացմամբ սահմանվել է, որ երեխան քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիությունը դադարեցնելու հետևանքով, այլ կերպ ՀՀ նախագահի հրամանագրով, ըստ դիմողի, վկայում է այն մասին, որ կամ մինչև 07.05.2015 թ․ ՀՕ-33-Ն օրենքի ընդունումը երեխայի կողմից քաղաքացիությունը կորցնելու համար անհրաժեշտ չէր ՀՀ նախագահի հրամանագիր, կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 17-րդ հոդվածն ուներ իրավական որոշակիության խնդիր և անհրաժեշտ էր այն հստակեցնել։ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի մինչև 08.12.2011թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասը, բավարար չափով որոշակի չէ, հնարավորություն չի տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին, քանզի հստակ չէ արդյո՞ք մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար պարտադիր է, որ ծնողը դիմում ներկայացնի ՀՀ նախագահին, և ՀՀ նախագահն ընդունի հրամանագիր։ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում հաղորդված բովանդակությունը հանգեցրել է իր անձնական կյանքի իրավունքի խախտման, ինչպես նաև իր համար առաջացրել է ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու/Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու պարտականություն: Ըստ դիմողի իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին հակասահմանադրական բովանդակություն հաղորդած չլինելու դեպքում իր համար չէր առաջանա վերը նշված պարտականությունը։ Դիմողը բարձրացնում է նաև Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկով վարույթ ընդունվելուց հետո մեկ այլ հիմքով քննություն իրականացնելու և որոշում կայացնելու սահմանադրականության հարցը: Դա, ըստ դիմողի, հանգեցնում է Վճռաբեկ դատարանի անսահմանափակ ու անվերահսկելի հայեցողության, չի ապահովում կանխատեսելիություն, բավարար չափով որոշակի չէ, ինչի արդյունքում խախտվում է անձի արդար դատաքննության իրավունքը։ Դիմողը նշում է, որ վճռաբեկ բողոքը կոնկրետ հիմքով վարույթ ընդունելը և մեկ այլ հիմքով որոշում կայացնելը, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մի հիմքով, որը չի ներկայացվել վճռաբեկ բողոքում, համատարած բնույթ են կրում և Վճռաբեկ դատարանում առաջացրել են համակարգային խնդիր։ Ըստ դիմողի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդրի պատճառն ըստ էության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի (1-ին մաս) անորոշությունն է, որով հստակ չի սահմանվում, որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը որևէ հիմքով վարույթ ընդունելու դեպքում պարտավոր է բողոքի քննությունն իրականացնել միայն այդ հիմքի շրջանակներում, ինչը հանգեցնում է կանխատեսելիության և որոշակիության սկզբունքների խախտման։ Դիմողը նշում է, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթին իրավակիրառ պրակտիկայում հաղորդված մեկնաբանությունը հանգեցնում է Վճռաբեկ դատարանի կողմից «քողարկված արդարադատության» իրականացման և անաչառ դատարանի կողմից արդարացի և արդյունավետ դատական պաշտպանություն ապահովելու պարտականության խախտման։
3. Ելնելով դիմումի և վերջինիս կից դատական ակտերի, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես
1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2) դիմողն իրավասու է նշված հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է
ա) դիմողը հանդիսացել է մասնագիտացված դատարանում դատավարության մասնակից,
բ) դիմողի նկատմամբ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,
գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները կիրառվել են դատարանի վերջնական ակտով (Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասը վերջնական դատական ակտում ուղղակիորեն վկայակոչված չէ, սակայն փաստացի կիրառվել է դիմողի համար առաջացնելով հետևանք),
դ) դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Ալբերտ Եդիգարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի մինչև 08.12.2011թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության: Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ա. Խաչատրյան
Վ. Գրիգորյան
12 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-49
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-49
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
