Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՉԱԳԱՆ ԱԶԻԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՉԱԳԱՆ ԱԶԻԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2426 հուլիսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հուլիսի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 24 | ՎԱՉԱԳԱՆ ԱԶԻԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

26 հուլիսի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Վ. Հովհաննիսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Վաչագան Ազիզյանի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Վաչագան Ազիզյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390, 392, 407, 414.1, 414.2 հոդվածները և ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի սանկցիան ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»։

1. Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթներում առկա չէ որոշակիություն, որն էլ դատարաններին ընձեռում է հնարավորություն զրկելու անձին ազատությունից առանց հիմնավորման, որի արդյունքում ստեղծվում է հակաիրավական իրավակիրառ պրակտիկա։

Դիմողը գտնում է նաև, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ չընդունելը և բողոքը վերադարձնելը չի նշանակում արդարադատության իրականացում։ Ըստ ՀՀ ՔԴՕ-ի 407-րդ հոդվածի 2.1-րդ մասի բողոքի պատճենը գործը քննած դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերի բացակայությունը բավարար հիմք է առանց ժամկետ տրամադրելու բողոքը վերադարձնելու համար, առանց հաշվի առնելու, որ վերաքննիչ դատարանում մեկ անգամ արդեն վճռաբեկության կարգով գործը քննվել է, և հիմա անհրաժեշտ է ըստ էության լուծել հարցը, և ոչ թե վերադարձնել բողոքը։

Ըստ դիմողի ՀՀ ՔԴՕ-ի 390-րդ հոդվածի համաձայն վերաքննիչ դատարանի կողմից գործերը վճռաբեկության կարգով քննելը նույնպես չի համապատասխանում իրավական պետության, դատարանների կողմից արդարադատություն իրականացնելու և վերադաս դատարան բողոքարկելու սահմանադրական սկզբունքներին ու նորմերին։ Այսինքն վերոնշյալ հոդվածներով ՀՀ վճռաբեկ և վերաքննիչ դատարաններին տրվել է կամայական գործելակերպի լայն հնարավորություն, ինչպես նաև արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու իրավունք։

Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ դատական օրենսգիրքը հենց դատարանին են պարտադրում արդարադատություն իրականացնել։

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ա/ նախ վիճարկվող 407-րդ, 414.1-րդ, 414.2-րդ հոդվածների վերաբերյալ առկա են սահմանադրական դատարանի կողմից կայացված ՍԴՈ-674, ՍԴՈ-691, ՍԴՈ-709 և ՍԴՈ-818 որոշումները, ուստի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ Սահմանադրական դատարանի կանոնակարգի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դիմումն այդ մասով ենթակա է մերժման,

բ/ վիճարկելով վերոհիշյալ նորմերի սահմանադրականությունը դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրանց հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը, որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։

Բացի դրանից, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է,

գ/ դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել վերոհիշյալ նորմերի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Այսինքն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Վաչագան Ազիզյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

26 հուլիսի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/1-24

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հուլիսի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-24
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել