«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱՇԽԱՏԱՆ-ՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-125)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 հունիսի 2020թ. ՍԴԱՈ - 125 | «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱՇԽԱՏԱՆ-ՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ .
1. 2020 թվականի հունվարի 22-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումը:
Սույն գործով դիմողը վիճարկել էր նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Սահմանադրական դատարանի 2020 թվականի մայիսի 12-ի ՍԴԱՈ-100 աշխատակարգային որոշմամբ այդ մասով գործի վարույթը կարճվել է:
2. Դիմողը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է Սահմանադրությանը:
Ըստ դիմողի այլ աշխատանք առաջարկելը որպես աշխատանքային պայմանագիրը Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու նախապայման սահմանված լինելը, խախտում է Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքը, քանի որ հիմք չկա պնդելու, թե ինչու՞ այլ աշխատանք առաջարկելը չի կարող դիտվել որպես գործատուի առանձին պարտավորություն, և ինչու՞ այլ աշխատանք առաջարկելու պարտավորության հնարավոր խախտումը, օրենքի այլ դրույթների լույսի ներքո, կարող է կամ պետք է հիմք հանդիսանա բուն խախտմանը և դրա նյութական հետևանքներին չհամապատասխանող վերականգնում հայցելու և ստանալու համար։
Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը «մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը … համապատասխան» բառակապակցության մասով այն առումով, որ սույն նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, ինչի արդյունքում հնարավոր չէ հասկանալ, թե արդյո՞ք սույն նորմը պարտավորեցնում է գործատուին առաջարկել աշխատողին այնպիսի այլ աշխատանք, որը պահանջում է աշխատողի մասնագիտական պատրաստվածությունից տարբերվող (այդ թվում էապես տարբերվող), աշխատողի որակավորումից ավելի ցածր որակավորում (այդ թվում էականորեն ավելի ցածր) համապատասխանաբար նախատեսելով ավելի ցածր վարձատրություն (այդ թվում էականորեն ավելի ցածր)...»:
3. Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
Ըստ պատասխանողի աշխատանքի իրավունքի կարևոր բաղադրիչներից է աշխատատեղի պաշտպանության իրավունքը, և վերջինիս վերաբերող կանոնակարգումների բովանդակությունը մեծապես հիմնված է աշխատանքից կամայականորեն կամ անարդարացիորեն չազատվելու իրավունքի և աշխատանքային հարաբերությունների կայունության և անխախտելիության սկզբունքների վրա:
Գործատուի ազատվող աշխատողներին այլ աշխատանք առաջարկելու պարտականության սահմանումը բխում է աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքից: Եվ որևէ պատճառով նախկին աշխատանքը կատարելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքի բովանդակությունը չպետք է խաթարվի, ուստի օրենսդիրը հետամուտ է եղել, որպեսզի նման դեպքերում գործատուի և աշխատողի միջև ծագած աշխատանքային հարաբերությունները պահպանվեն նույնիսկ այլ պայմաններով, իհարկե, աշխատողի ցանկությամբ:
Պատասխանողը նշում է, որ օրենսդիրը, գործատուի համար նման պարտականություն նախատեսելով, փորձել է արդարացի հավասարակշռություն ապահովել գործատուի շահերի և աշխատանքից ազատված աշխատողի իրավունքների և օրինական շահերի միջև։
4. Դիմումի, դատական ակտերի և լրացուցիչ նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց: Դիմողի, մասնավորապես, 2020 թվականի հունիսի 12-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիրքորոշմամբ ընդգծվում է, որ խնդրո առարկա ԵԿԴ/4969/02/15 դատական գործով «…դատարանը որևէ ձևով չի հիմնավորել և պատճառաբանել աշխատանքի համապատասխանությունն աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը: … Գործը նոր քննության ուղարկելուց հետո որևէ դատական ատյան երբևէ չի պարզել թափուր պաշտոնների համապատախանությունը կրճատված աշխատողների մասնագիտական պատրաստվածությանը, որակավորման և առողջական վիճակին: Դրա փոխարեն բոլոր դատական ատյանները նախադատելի են համարել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գնահատականը, ինքնուրույն չհետազոտելով վերոհիշյալ ակնհայտ անհամապատասխանության հանգամանքը: Դա .… ոչ միայն անթույլատրելի էր օրենքի տեսանկյունից, այլ նաև հանգեցրել էր չպատճառաբանված և չհիմնավորված դատական ակտերի կայացմանը….»:
Բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները Սահմանադրական դատարանը մերժում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1- ին մասի 8-րդ կետը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60- րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
16 հունիսի 2020 թվականի
ՍԴԱՈ-125
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-125
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
