Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-714 փետրվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 փետրվարի 2022թ. ՍԴԴԿՈ - 7 | «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 փետրվարի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով «Առգո Ֆարմ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Առգո Ֆարմ» ՍՊԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հունվարի 20-ին) խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը այնքանով, որքանով հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետում նշված «/…/ խաթարել է արդարադատության բուն էությունը /…/» եզրույթը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը այնքանով, որքանով չի բացահայտում բառակապակցության բնույթը և հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությամբ խախտվել են իր Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվող անձի արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքներն այնքանով, որ թեև վճռաբեկ բողոքում ներկայացվել է այն վարույթ ընդունելու համար օրենսդրի սահմանած անհրաժեշտ և բավարար պայմանի առկայությունը, սակայն Վճռաբեկ դատարանն այդ պայմանը մեկնաբանել է Սահմանադրական դատարանի իրավական որոշակիությանը ներկայացվող պահանջներին հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև Վճռաբեկ դատարանը, օգտվելով քննարկվող իրավադրույթներում օգտագործված «էական նշանակություն» բառակապակցության անորոշությունից, կամայականորեն է մեկնաբանել այն և ըստ էության խափանել է անձի իր իրավունքների պաշտպանության համար ձեռնարկված միջոցները: Ըստ դիմողի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ևս որոշակիության տեսանկյունից հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին այնքանով, որ «արդարադատության բուն էության խաթարում» ձևակերպման գնահատողական հասկացություն լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավորություն է ստանում սեփական հայեցողությամբ յուրաքանչյուր դեպքում լուծել կոնկրետ գործով բողոքը վարույթ ընդունելու հարցը: Այսպիսով, դիմողը կարծում է, որ դատական պրակտիկայում ստացվում է այնպիսի իրավիճակ, որ Վճռաբեկ դատարանը հնարավորություն ունի կամայականորեն, սեփական նախաձեռնությամբ և առանց տվյալ բողոքը մերժելու համար իրավական նշանակություն ունեցող փաստարկների մատնանշման մերժել կոնկրետ գործով բերված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը, քանի որ, ըստ դիմողի, օրենսդիրը չի բացահայտել, թե որոնք են «արդարադատության բուն էություն» եզրույթի սահմանները, և հատկապես ինչ իրավական և փաստական հանգամանքների առկայությամբ կամ բացակայությամբ է Վճռաբեկ դատարանը եզրահանգել, որ կոնկրետ գործով վճռաբեկ բողոքի վարույթը ենթակա է մերժման:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը, ըստ որի Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի իր հայեցողությամբ ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը, սահմանված լինելով օրենքներով, իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ։ Վերահաստատելով նշված աշխատակարգային որոշմամբ արտահայտված դիրքորոշումները Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձը կենսագործում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով վերապահված իր իրավունքի շրջանակներում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով, ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Նշված աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների քննության մերժման հիմքերին, մասնավորապես ակնհայտ անհիմն դիմումներին, արձանագրել է հետևյալը. «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել կամ արդեն իսկ ընդունվել է քննության սահմանադրական դատարանի կողմից»։ Վերոգրյալից բխում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը չի ենթադրում միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» նույն դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ բազմաթիվ դիմումների ներկայացման հնարավորություն այն պարագայում, երբ դրա քննության վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի կամ աշխատակարգային որոշում։ «Առգո Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ անհատական դիմում է ներկայացվել նաև 2021 թվականի հոկտեմբերի 18-ին, որի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի 2021 թ. նոյեմբերի 24-ի գործի քննությունը մերժելու մասին ՍԴԴԿՈ-79 որոշումը։ Նույն ընկերության անունից 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ևս մեկ նույնաբովանդակ դիմում, որի քննության ընդունումը ևս ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժվել է Սահմանադրական դատարանի դատական կազմի 2022 թ. հունվարի 27-ի ՍԴԴԿՈ-2 որոշմամբ: «Առգո Ֆարմ» ՍՊԸ-ի Սահմանադրական դատարան մուտքագրված 2022 թվականի հունվարի 20-ի անհատական դիմումով գործի քննությունը վերոնշյալ պատճառաբանություններով ենթակա է մերժման դիմումը ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Առգո Ֆարմ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Վաղարշյան

Անդամներ Է. Շաթիրյան

Ա. Խաչատրյան

14 փետրվարի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 փետրվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել