ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հունվարի 2023թ. ՍԴԴԿՈ - 4 | ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 30 հունվարի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Անդրանիկ Դանիելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Անդրանիկ Դանիելյանը (այսուհետ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հունվարի 18-ին)` խնդրելով. «1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ որպես բողոքը վարույթ ընդունելը մերժելու հիմնավորում հղում է կատարում ստորադաս դատարանների դատական ակտերի պատճառաբանություններին և եզրահանգումներին, թեև ստորադաս դատարանների դատական ակտերում բացակայում են վճռաբեկ բողոք բերող անձի փաստարկները հերքող պատճառաբանություններ, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն Դիմող Անդրանիկ Շավարշի Դանիելյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/0927/05/19 վարչական գործով 20.07.2022թ. կայացրած որոշումը ճանաչել նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա»:
2. Դիմողը գտնում է, որ «(...) այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոք է ներկայացվել այնպիսի հիմնավորումներով, որոնց Վերաքննիչ դատարանը իր որոշմամբ չի անդրադարձել, կամ անդրադարձել է առանց հիմնավորում կամ պատճառաբանություն ներկայացնելու, ապա Վճռաբեկ դատարանը, որպես իր որոշման պատճառաբանվածություն, ակնհայտորեն չի կարող հղում կատարել նույն գործով Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի վրա: Նման պայմաններում ստացվում է, որ վճռաբեկ բողոք բերող անձի հիմնավորումները մերժվում են առանց ցույց տալու նման եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքը: Հետևապես, նման որոշումը նույնպես հանդիսանում է չպատճառաբանված և չի համապատասխանում ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1628 որոշմամբ սահմանված պայմաններին»: Դիմողը նաև նշում է, որ դատական ակտի պատճառաբանվածության սահմանադրական պահանջը միայն ձևականորեն ապահովելը համատեղելի չէ մարդու արդար դատաքննության իրավունքի հետ: Դիմողի կարծիքով նման պայմաններում կլինի նույն իրավիճակը, ինչ առկա էր մինչև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշումը, և եթե անգամ բողոք բերող անձն իրապես հիմնավորի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը, տեսականորեն Վճռաբեկ դատարանը կրկին կարող է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել առանց որոշման պատշաճ պատճառաբանության, ինչն առկա է ներկայումս իրավակիրառ պրակտիկայում արդյունքում խախտելով անձի Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 6-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես Դիմողը, սույն դիմումում բարձրացնելով Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները չպատճառաբանելու պրակտիկայի սահմանադրականության հարցը, նշում է. Վերոնշյալ [ՍԴՈ-1628] որոշումից հետո Վճռաբեկ դատարանը փոխեց իր վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների բովանդակությունը (ձևաթուղթը), սակայն էությունը գրեթե մնաց անփոփոխ դրանց զգալի մասը շարունակում է մնալ չպատճառաբանված», «Նման պայմաններում ստացվում է, որ բովանդակային առումով որևէ փոփոխություն չկա ներկայիս և մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1628 որոշումը եղած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների միջև. դրանք շարունակում են մնալ չպատճառաբանված, եթե Վճռաբեկ դատարանը որպես իր կայացրած դատական ակտի պատճառաբանություն հղում է տալիս ստորադաս դատարանների դատական ակտերի պատճառաբանություններին, որոնք իրականում բացակայում են»։ Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի գործողություններին Դիմողը նշում է. «Ներկայացված վճռաբեկ բողոքում Դիմողը անդրադարձել է վերոնշյալ հանգամանքին: Եվ վերոգրյալի համատեքստում անհասկանալի է հետևյալը եթե չկա Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի մերժման պատճառաբանություն, ինչպե՞ս կարող են Դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքի հիմնավորումները հերքվել Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, ինչպես նշել է Վճռաբեկ դատարանը սույն գործով կայացրած 20.07.2022թ. կայացրած որոշմամբ»: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմի (դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես վերաբերում են դատարանի, մասնավորապես Վճռաբեկ դատարանի, գործողությունների/դատական ակտի իրավաչափությանը: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է նաև, որ սույն գործով Դիմողի նկատմամբ ենթադրյալ անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ՎԴ/0927/05/19 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 20.07.2022թ. որոշմամբ, և խնդրո առարկա դրույթի (դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության) սահմանադրականությունը վիճարկելով Դիմողը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության տեսանկյունից: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Անդրանիկ Դանիելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Հ. Հովակիմյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
30 հունվարի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-4
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-4
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
