«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-175)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 օգոստոսի 2021թ. ՍԴԱՈ - 175 | «ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2021 թվականի հուլիսի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (սույն որոշման մեջ Վճռաբեկ դատարան) խնդրել է որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրության 1-ին և 28-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։
2. Ըստ դիմողի Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վարչական վարույթի մասնակիցներ չեն կարող հանդիսանալ, ուստի վարչական ակտի ուժի մեջ մտնելու կանոնը, հետևաբար և Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետը նրանց համար կիրառելի չէ։ Միաժամանակ, դիմողը նշել է, որ օրենսդիրը, Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով պետության իրավունքները խախտող վարչական ակտը վիճարկելու իրավունք վերապահելով այն պետական մարմիններին կամ պաշտոնատար անձանց, որոնց վրա դրված է այդ իրավունքների պաշտպանության լիազորությունը, միաժամանակ Օրենսգրքի 72-րդ հոդվածով չի սահմանել այն ժամկետները, որոնց ընթացքում նշված սուբյեկտները կարող են դիմել ՀՀ վարչական դատարան։ Տվյալ դեպքում դիմողը գտնում է, որ օրենսդրության մեջ առկա չեն Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից ՀՀ վարչական դատարան դիմելու իարվունքի իրացման ժամկետային սահմանափակում և այդ բացը լրացնելու իրավական երաշխիքներ։ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներով ամրագրված սկզբունքները համընդհանուր և հիմնարար սկզբունքներ են, որոնց ուժով, ի թիվս այլնի, պետք է ապահովվեն նաև հավասար պայմաններ դատարան դիմող յուրաքանչյուր սուբյեկտի համար։ Մասնավորապես դատարան դիմելու համար օրենսդրական կարգավորումները, այդ թվում նաև ժամկետային սահմանափակումները պետք է հավասարապես կիրառելի լինեն յուրաքանչյուրի նկատմամբ անկախ նրանց կարգավիճակից։ Մինչդեռ ըստ դիմողի Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ Օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված չլինելու հետևանքով վերջիններս ձեռք են բերում դատարան դիմելու առավել բարենպաստ պայմաններ, քան ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, և հնարավորություն են ստանում վիճարկման հայցը դատարան ներկայացնել առանց ժամկետային սահմանափակման։ Դիմողի մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած Օրենսգրքի 72-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ այնքանով, որքանով նշված իրավանորմը չի նախատեսում նույն Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու դատավարական որևէ ժամկետ, որպիսի պարագայում վերջիններիս ընձեռվում է անսահմանափակ ժամկետներում վիճարկման հայց ներկայացնելու հնարավորություն, ինչը չի կարող համատեղելի լինել իրավական պետության, իրավական որոշակիության, սեփականության բոլոր ձևերի ճանաչման և հավասարապես պաշտպանության սահմանադրական հիմնարար սկզբունքների հետ և խաթարում է իրավական անվտանգությունը, քանի որ նշված սուբյեկտների կողմից կարող են վիճարկման առարկա դառնալ այնպիսի վաղեմության վարչական ակտեր, որոնց ոչ միայն վստահելու իրավունք են ունեցել այդ ակտի հասցեատերերը, այլ նաև դրանցով տրամադրված իրավունքները վաղուց իրացվել են դառնալով քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ։
3. Ելնելով դիմումի ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը, ուստի նշված գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Ինչպես ուղղակիորեն բխում է Սահմանադրության մեջբերված դրույթի բովանդակությունից, դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները
1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և
2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, ինչպես նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
4. Տվյալ դեպքում վճռաբեկ բողոք բերած անձը ՀՀ վարչական դատարանի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշման բողոքարկման արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կայացրած վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու հիմքում դրել է այն փաստարկը, որ հայցվորը վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց է թողել ոչ հարգելի պատճառներով, քանի որ հայցվորը վիճարկվող ակտերի մասին իմացել է կամ առավելագույնը կարող էր իմանալ դեռևս 29.05.2008 թվականից, երբ վիճարկվող որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության և երրորդ անձի միջև կնքվել է պայմանագիր։ Միաժամանակ նշել է, որ հայցվորն առնչվել է սույն գործով վիճարկվող որոշումներին թիվ 62232418 քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, որպիսի գործառույթի իրականացման ընթացքում (քրեական վարույթի հարուցման պահից մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու պահը) պետք է ծանոթ լիներ վիճարկվող ակտերի բովանդակությանը։ Ավելին ըստ վճռաբեկ բողոք բերած անձի, եթե անգամ եզրակացվի, որ ավելի քան 12 տարի Հայաստանի Հանրապետությունը չի իմացել իր կողմից կայացված որոշումների մասին և տեղեկացել է միայն «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումից, ապա այն կայացվել է 23.01.2020 թվականին։ Այսինքն վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետն այդ դեպքում լրանում է 24.03.2020 թվականին, մինչդեռ հայցադիմումը ներկայացվել է 25.03.2020 թվականին, և հայցվորի կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել հայցադիմումը մեկ օր ուշ ներկայացնելու վերաբերյալ։ Դիմողի կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացվում է Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարց Սահմանադրության 1-ին հոդվածի (Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է) և 28-րդ (Բոլորը հավասար են օրենքի առջև) հոդվածի համատեքստում։ Մասնավորապես դիմողի դիրքորոշումը հանգում է նրան, որ վիճարկվող դրույթում առկա է օրենսդրական բաց, իսկ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու իրավական երաշխիքներ։ Իր բազմաթիվ որոշումներում Սահմանադրական դատարանն անդրադարձել է օրենսդրական բացի հիմնահարցերին (մասնավորապես ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143): Վերահաստատելով և զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը 04.09.2019թ. ՍԴՈ-1476 որոշմամբ գտել է. «1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.
2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.
3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.
4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.
5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է….»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնելու հնարավորության հարցն առաջանում է այն դեպքում, երբ արձանագրվում է օրենսդրական բացի առկայությունը։ Մինչդեռ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը վիճարկման հայց ներկայացնելու ժամկետ է սահմանում ոչ միայն վարչական վարույթի մասնակիցների, այլև դրա մասնակից չհանդիսացած անձանց, այդ թվում Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների համար։ Վերոնշյալից հետևում է, որ տվյալ դեպքում առկա է վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի վերաբերյալ օրենսդրական կարգավորում, որի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հնարավորություն ունի գնահատելու կոնկրետ դեպքում նշված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությունը, որպիսի լիազորությունների իրականացումն էլ բացառապես Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելության իրացման տիրույթում է։ Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը չի կարող համարվել բաց պարունակող դրույթ, որպիսի պայմաններում դիմումը չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության պայմանը և նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի դիրքորոշումը հիմնավորելու պահանջը։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության առանձնահատկությունն այն է, որ որևէ կոնկրետ գործով դիմում ներկայացնելիս դատարանները պետք է հիմնավորեն, որ նշված բացասական հետևանքները ոչ թե կարող են վրա հասնել, այլ կոնկրետ գործի շրջանակներում անխուսափելիորեն վրա են հասնելու (14.04.2020թ. ՍԴԱՈ-83): Տվյալ դեպքում դիմողը վիճարկվող դրույթի Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են վիճարկման առարկա դառնալ այնպիսի վաղեմության վարչական ակտեր, որոնց ոչ միայն վստահելու իրավունք են ունեցել այդ ակտի հասցեատերերը, այլ նաև դրանցով տրամադրված իրավունքները վաղուց իրացվել են դառնալով քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ։ Բացի դրանից, ըստ դիմողի Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ Օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված չլինելու հետևանքով վերջիններս ձեռք են բերում դատարան դիմելու առավել բարենպաստ պայմաններ, քան ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, և հնարավորություն են ստանում վիճարկման հայցը դատարան ներկայացնել առանց ժամկետային սահմանափակման։ Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի դատողությունները կրում են բացառապես վերացական բնույթ, մասնավորապես դիմումում հիմնավորված չէ նշված դատողությունների առնչությունը դիմողի վարույթում գտնվող կոնկրետ գործի փաստական հանգամանքներին, առավել ևս վճռաբեկ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակին։ Ավելին, ինչ վերաբերում է Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված օրենքի առջև ընդհանուր հավասարության սկզբունքի ենթադրյալ խախտմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի հիմնավորումները վերաբերում են անորոշ շրջանակի այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքի ենթադրյալ խախտմանը, որոնք իրենց իրավունքներին միջամտող վարչական ակտերի վիճարկման պահանջով դիմում են կամ կարող են դիմել դատարան։ Այլ կերպ նշված հիմնավորումը, վերաբերելով դիմողի վարույթում գտնվող գործին առնչություն չունեցող, անորոշ թվով անձանց իրավունքների ենթադրյալ խախտմանը, չի կարող համահունչ լինել կոնկրետ սահմանադրական վերահսկողության էությանը։ Ամփոփելով վերոգրյալը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումներով իրավասու չէ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականության գնահատման հարցով դիմել Սահմանադրական դատարան, որպիսի պայմաններում էլ գործի քննությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ենթակա է մերժման։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
5 օգոստոսի 2021 թվականի
ՍԴԱՈ-175
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 օգոստոսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-175
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
