Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-448 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-44)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 սեպտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 44 | ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 8 սեպտեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Ալեքսանդր Սահակյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ալեքսանդր Սահակյանը (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի օգոստոսի 25-ին), խնդրել է հետևյալը.

«1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասը, 203-րդ հոդվածը, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով, 36-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով, 86-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված երաշխիքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով, որ ի հակադրումն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի և դրա մեկնաբանությունների, Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի և Երեխայի իրավունքների՝ Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի դիրքորոշումների, դատարաններն անհամաչափորեն սահմանափակել են Ալեքսանդր Սահակյանի՝ դատարանի մատչելիության, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները՝ զրկելով Ալեքսանդր Սահակյանին իր երեխայի հետ կապ պահպանելու որևէ այլընտրանքային իրական հնարավորությունից, այդպիսով օրեցօր նպաստելով ծնողական օտարացմանը, երեխայի հետ հարաբերություններ պահպանելու հնարավորության աստիճանական նվազմանը և դրանց վերջնական խաթարմանը՝ իրավիճակը դարձնելով անդառնալի։

2. Նկատի ունենալով, որ սույն գործի փաստական հանգամանքներն առնչվում են մի կողմից՝ միջազգային մակարդակով բարձր ակադեմիական հեղինակություն ունեցող անձի, մյուս կողմից՝ մինչև տասը տարեկան երեխային առնչվող հանգամանքների, mutatis mutandis «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ, (...) սույն գործի քննության հրապարակայնությունը սահմանափակել՝ դիմումատուի մասնավոր կյանքի, ինչպես նաև անչափահասի շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով։ Հաշվի առնելով, որ դատական ակտի հրապարակումը ևս կազմում է գործի քննության հրապարակայնության բաղկացուցիչ մասը, (...) սույն դիմումի հիման վրա և դրա շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կայացվող ցանկացած որոշում չհրապարակել ՀՀ Սահմանադրական դատարանի կայքէջում՝ հանրայնացնելով անձանց անհատականությունը և գործի փաստական հանգամանքները։ Այլ կերպ, (...) սույն գործով կայացվող որոշումներում որդեգրել անոնիմության քաղաքականություն, ինչը կիրառվում և կիրառվել է նաև սույն դիմումում վկայակոչված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Միավորված ազգերի կազմակերպության՝ Երեխայի իրավունքների հանձնաժողովի գործերով։

3. Խնդրում եմ սույն դիմումի քննությունն իրականացնել առաջնահերթության և հրատապության կարգով՝ նկատի ունենալով, որ դիմումի շրջանակներում առկա է տասը տարեկան երեխայի և նրա հոր միջև հարաբերությունները վերջնականապես վտանգելու լուրջ և շարունակական սպառնալիք, ինչպես նաև ծնող-երեխա կապի անդառնալի վնասման և երեխային երկարատև հոգեբանական վնաս հասցնելու ամենօրյա աճող ռիսկի կանխման նպատակ, երեխայի լավագույն շահերի պաշտպանության ապահովման հրատապ անհրաժեշտություն, այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պոզիտիվ պարտականություններ՝ նախատեսված ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/13854/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 133-րդ հոդվածի 1-ին մասը, 203-րդ հոդվածը, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը համապատասխանում են Սահմանադրության 31-րդ հոդվածով, 36-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածով, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներով, 86-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված երաշխիքներին՝ այնքանով, որքանով, ի հակադրումն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի և դրա մեկնաբանությունների, Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի և Երեխայի իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի դիրքորոշումների, Հայաստանի Հանրապետության դատարաններն անհամաչափորեն սահմանափակել են իր՝ դատարանի մատչելիության, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները՝ զրկելով վերջինիս իր երեխայի հետ կապ պահպանելու որևէ այլընտրանքային իրական հնարավորությունից, այդպիսով օրեցօր նպաստելով ծնողական օտարացմանը, երեխայի հետ հարաբերություններ պահպանելու հնարավորության աստիճանական նվազմանը և դրանց վերջնական խաթարմանը՝ իրավիճակը դարձնելով անդառնալի։

Դիմողը նշում է, որ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանության արդյունքում ինքը փաստացի զրկվել է իր երեխայի տեսակցության ապահովման հետ կապված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը բողոքարկելու հնարավորությունից, որով մերժվել էր հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին միջնորդությունը։ Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ նշվածը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ իր ծնողական իրավունքները՝ Սահմանադրության 36-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշմամբ չեն սահմանափակվել։

Դիմողը գտնում է, որ նկատի ունենալով, որ օրենսդիրն Օրենսգրքի 133-րդ հոդվածում նախատեսել է հայցի ապահովման մեկ միջոցը մյուսով փոխարինելու, հայցի ապահովման միջոցը ձևափոխելու հնարավորություն, ապա նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի կարող այն աստիճանի չափազանցված ձևական (excessive formalism) մեկնաբանության ենթարկվել, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը կամ վերացումը լինի վերաքննիչ բողոքարկման ենթակա, իսկ փոփոխությունը՝ ոչ։

Ըստ Դիմողի՝ խնդրո առարկա քաղաքացիական գործի անհիմն ձգձգումների, չպատճառաբանված, Սահմանադրությանը և միջազգային փաստաթղթերին հակասող դատական մեկնաբանությունների պատճառով ավելի քան երկու տարի ինքը զրկված է իր որդու հետ որևէ կերպ տեսակցելու իրավունքի իրացման հնարավորությունից։ Հավելելով՝ Դիմողը նշում է, որ նշված հարցի իրավաչափությունը վերաքննության և վճռաբեկության կարգով քննության առնելու հնարավորություն չընձեռելը հանգեցնում է իր՝ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված՝ դատարանի մատչելիության, արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության, արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի և անձեռնմխելիության, ծնողի և երեխայի իրավունքների պաշտպանության, հիմնական իրավունքների իրականացման կազմակերպական կառուցակարգեր նախատեսելու, համաչափության, որոշակիության, հիմնական իրավունքների էության անխախտելիության, միջազգային իրավական պրակտիկան հաշվի առնելու, երեխաների համար բարենպաստ պայմանների ստեղծման պետական քաղաքականության ապահովման խախտմանը։

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ Օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասը, 203-րդ հոդվածը, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 31-րդ հոդվածով, 36-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածով, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներով, 86-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված երաշխիքներին՝ այնքանով, որքանով, ի հակադրումն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի և դրա մեկնաբանությունների, Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի և Երեխայի իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի դիրքորոշումների, Հայաստանի Հանրապետության դատարաններն անհամաչափորեն սահմանափակել են իր՝ դատարանի մատչելիության, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները՝ զրկելով վերջինիս իր երեխայի հետ կապ պահպանելու որևէ այլընտրանքային իրական հնարավորությունից` այդպիսով օրեցօր նպաստելով ծնողական օտարացմանը, երեխայի հետ հարաբերություններ պահպանելու հնարավորության աստիճանական նվազմանը և դրանց վերջնական խաթարմանը՝ իրավիճակը դարձնելով անդառնալի։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,

բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել են վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի դրույթները,

գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի դրույթները (բարձրացված հարցերի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Ալեքսանդր Սահակյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին։

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

8 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-44

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-44
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել