Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԻՆԵ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԻՆԵ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-922 հունվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 հունվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 9 | ԱՐՄԻՆԵ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

Վ. Գրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 22 հունվարի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Արմինե Տեր-Ավետիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմինե Տեր-Ավետիսյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Ռոբերտ Առաքելյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 25-ին (դիմումն ուղարկվել է համապատասխանեցման և վերստին ներկայացվել է 2026 թվականի հունվարի 13-ին), որով Դիմողը խնդրել է.

«ճանաչել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ, 22-րդ հոդվածները, ինչպես նաև ընդհանրապես 3-րդ գլուխը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, որ.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Երեխայի շահերին վերաբերող գործերով հայցադիմումը ներկայացվում է երեխայի փաստացի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան, կամ

2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն իրավասու են քննել այնպիսի ընտանեկան վեճեր, որտեղ (I) դատարանները որոշում են ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները, (II) ծնողներն ու զավակները համատեղ բնակության վայր չունեն, նույնիսկ այն դեպքում, եթե պատասխանողի դատավարական կարգավիճակ ունեցող ծնողը Հայաստանի Հանրապետությունում հաշվառման կամ բնակության վայր չունի, և (III) երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»:

Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը, Սահմանադրական դատարանի աշխատակարգի 29-րդ կետի պահանջներին համապատասխան, երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 25-ը:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/10619/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը, մասնավորապես, նշում է, որ նշված քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2025 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ կիրառված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 և 22-րդ հոդվածներով, ինչպես նաև նույն օրենսգրքի 3-րդ գլխով սահմանված նորմերով խախտվել են իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները:

Դիմողը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասը, 22-րդ հոդվածի 4 և 7-րդ մասերը, նշում է, որ հիշյալ իրավադրույթներից բխում է, որ, որպես ընդհանուր կանոն, հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Դիմողը նաև նշում է՝ որպես ընդհանուր կանոնից բացառություններ՝ ընտանեկան իրավահարաբերությունների կարգավորման հետ կապված վեճերով սահմանված են այնպիսի բացառություններ, որոնք կապված են ալիմենտ բռնագանձելու, հայրությունը որոշելու և ամուսնալուծության հետ, մասնավորապես՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան, երբ երեխան գտնվում է հայցվորի մոտ:

Ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ գլխով ամրագրված իրավանորմերի և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 8-րդ մասի, 2 և 146-րդ հոդվածների, ինչպես նաև 148-րդ հոդվածի 1-ին մասի միջև առկա են հակասություններ, որոնք արտահայտվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ գլխում առկա իրավունքի բացով, հատկապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածում, ինչպես նաև 22-րդ հոդվածի 4-րդ կամ 7-րդ մասում առկա իրավունքի բացով, քանի որ, մի դեպքում, ՀՀ ընտանեկան օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ծնողների և զավակների համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացին է երեխան, այդ թվում՝ այն վեճերը, որոնք կապված են երեխայի բնակության վայրի սահմանման հետ, իսկ, մյուս դեպքում, հակառակ վերոգրյալի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ գլխում «առկա չէ հատուկ կարգավորում, որը թույլ կտա դատարաններին չխախտել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը /օրինականության սկզբունքը/, ՔԴՕ 1-ին հոդվածի 1-ին և 3-րդ հոդվածները, այլ կերպ ասած՝ դատարանները չունեն համապատասխան իրավասություններ կենսագործելու ՀՀ ընտանեկան օրենսգրքի 146-րդ, 148-րդ հոդվածներով սահմանված իրավանորմերը՝ դարձնելով դրանք իմաստազուրկ, առարկայազուրկ:

Առնվազն տրամաբանական չէ, որ Օրենսդիրը կկարևորեր ալիմենտ բռնագանձելու, հայրությունը որոշելու, ամուսնալուծության հետ կապված ընտանեկան վեճերով գործերը, սահմանելով դրանց համար հատուկ ընդդատության կանոններ՝ թողնելով այն հարաբերականորեն հայցվորի ընտրությանը, իսկ մյուս դեպքում գիտակցված կհրաժարվեր կարգավորել այնպիսի կարևորագույն հարց, ինչպիսին է երեխայի բնակության վայրի որոշումը»: Դիմողի պնդմամբ՝ նշված հարցի կապակցությամբ առկա է իրավունքի մասնակի բաց՝ նկատի ունենալով, որ առկա են ալիմենտ բռնագանձելու, հայրությունը որոշելու և ամուսնալուծության հետ կապված ընտանեկան վեճերով ընդդատության հատուկ կանոններ, իսկ երեխայի բնակության վայրի որոշման հետ կապված գործերով նման կանոն առկա չէ:

Դիմողը նաև նշում է. «Սույն գործով ընդդատության կանոնները (...) պետք է ավելի լայն և ճկուն մեկնաբանվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին մասի 8-րդ, 2-րդ, 146-րդ և 148-րդ հոդվածների համատեքստում, այլ կերպ ասած՝ հաշվի առնելով, որ գործը երեխայի բնակության վայրը սահմանելուն է վերաբերում, ինչն ուղղակիորեն բխում է երեխայի լավագույն շահերից, դատարանները ընդդատության կանոնները կիրառելիս պետք է առաջնահերթ հաշվի առնեն Երեխայի լավագույն շահերը, և միևնույն ժամանակ (...) Բարձր Դատարանի կողմից պետք է ճանաչվի, որ ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշելիս Դատարանները քննության ընթացքում ընդդատության կանոնները կիրառելիս պետք է հաշվի առնեն, որ գործը ենթակա է ՀՀ դատարանների կողմից քննության, եթե՝ (I) ծնողներն ու զավակները համատեղ բնակության վայր չունեն, (II) երեխան, ով բովանդակային առումով ծնողների միջև ծագած վեճի օբյեկտն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»: Դիմողը գտնում է, որ նշվածի կիրառմամբ համանման քաղաքացիական գործերով ընդդատության հատուկ կանոնների բացը կհաղթահարվի, և ոչ իրավաչափորեն չեն սահմանափակվի դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:

Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, չեն համապատասխանում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 8-րդ մասի, 2, 146 և 148-րդ հոդվածների համատեքստում:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է նշված հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,

բ) համապատասխան օրինադրույթները Դիմողի նկատմամբ կիրառվել են դատարանի կողմից,

գ) համապատասխան օրինադրույթները Դիմողի նկատմամբ կիրառվել են դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Արմինե Տեր-Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 և 22-րդ հոդվածների, ինչպես նաև 3-րդ գլխի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Հ. Հովակիմյան

22 հունվարի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-9

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հունվարի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-9
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել