ԱՂԱՍԻ ՆԻԿՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ (ՄԻՆՉԵՎ 01.07.2021Թ. ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ «Ժ» ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-97)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 հունիսի 2022թ. ՍԴԱՈ - 97 | ԱՂԱՍԻ ՆԻԿՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ (ՄԻՆՉԵՎ 01.07.2021Թ. ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ «Ժ» ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ԱՂԱՍԻ ՆԻԿՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ (ՄԻՆՉԵՎ 01.07.2021Թ. ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ «Ժ» ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Աղասի Նիկոյանի դիմումի հիման վրա «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի (մինչև 01.07.2021թ. գործող խմբագրությամբ) 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժ» կետի և նույն հոդվածի 9-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի մարտի 9-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Աղասի Նիկոյանի (այսուհետ` նաև Դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի (մինչև 01.07.2021 թվականը գործող խմբագրությամբ) 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժ» կետը, 11-րդ հոդվածի 9-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերին, ՀՀ Սահմանադրության 79-րդ, 81-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»:
2. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքը (այսուհետ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի մայիսի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2002 թվականի հունիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2002 թվականի հունիսի 20-ին։ Մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գործող խմբագրությամբ Օրենքի «Ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը» վերտառությամբ 11-րդ հոդվածի 7-րդ մասի ժ» կետով, նույն հոդվածի 9-րդ մասով սահմանված էր. «7. Ժողովի լիազորություններն են
…
ժ) ընդհանուր բաժնային սեփականության կամ դրա մի մասի կառուցապատման կամ փոփոխման մասին որոշման ընդունումը. (...):
9. Սույն հոդվածի 7-րդ կետի «ժ» և «ի» ենթակետերում նշված հարցերով որոշումներն ընդունվում են շինության սեփականատերերի ձայների առնվազն երկու երրորդով: (...)»:
Օրենքի 11-րդ հոդվածի վիճարկվող 7-րդ մասի ժ» կետը, 9-րդ մասը 2021 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-297-Ն օրենքով շարադրվել են նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ. «7. Ժողովի լիազորություններն են
…
ժ) բազմաբնակարան շենքի արդիականացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների և միջոցառումների իրականացման մասին որոշումների ընդունումը. (...):
9. Սույն հոդվածի 7-րդ մասով նշված հարցերով որոշումները կարող են ընդունվել գումարման կամ հարցման միջոցով, իսկ «զ», «է», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե» և «ժզ» ենթակետերով նշվածները` նաև իրազեկման միջոցով: (...)»:
3. Սույն գործով դատավարական նախապատմությունը.
Դիմողի և այլոց ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Մերի Պողոսյան և Սենիկ Ջուլհակյան 2016 թվականի հուլիսի 15-ին տրված թիվ 01/18-Ջ-164-657 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցով թիվ ՎԴ/0189/05/19 վարչական գործով 2020 թվականի հուլիսի 17-ին կայացված վճռով հայցը մերժվել է։ Վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի 2021 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ մերժվել է, իսկ վճիռը թողնվել անփոփոխ։ Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի 2021 թվականի ապրիլի 30-ի որոշումը բողոքարկվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան, որը 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։
4. Դիմողը նշել է, որ ինքը Երևան քաղաքի Տերյան 8 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի սեփականատերն է։ Նույն շենքում անշարժ գույքի սեփականատերեր հանդիսացող երկու անձի 2016 թվականի հուլիսի 15-ին տրամադրվել է մանսարդային հարկի շինարարության իրականացման, հասարակական տարածքը բնակելիի վերակառուցման թիվ 01/18-Ջ-164-657 շինարարության թույլտվությունը տասնչորս ամիս ժամկետով, ինչից հետո հիշյալ թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգվել է 2018 թվականի մայիսի 25-ի թիվ 01/18-Ջ-99-553 շինարարության թույլտվությամբ, իսկ վերջինիս ժամկետը երկարաձգվել է 2019 թվականի հունվարի 16-ի թիվ 01/18-Ջ-372-3 շինարարության թույլտվությամբ։ Դիմողը գտնում է, որ 2016 թվականի հուլիսի 15-ի շինարարության թույլտվության տրամադրմամբ ինքը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ շենքի բնակելի մակերեսների մեծացմամբ և դրանց նկատմամբ այլ անձանց սեփականության իրավունքի գրանցմամբ կամ սեփականատերերի ավելացմամբ (նոր սեփականատերերի ներգրավմամբ) անխուսափելիորեն նվազում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում իր բաժնի չափը, և որ վիճարկվող նորմի կիրառման պայմաններում ինքը հարկադիր կարգով զրկվում է իր սեփականության իրավունքից իր կամահայտնության բացակայության պայմաններում, առանց որևէ հատուցման։ Դիմողի պնդմամբ` Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժ» կետի, նույն հոդվածի 9-րդ մասի (վեճի պահին գործող խմբագրությամբ) կիրառման պայմաններում ինքը զրկվել է իր սեփականությունից, քանի որ շինարարության թույլտվությունը տրվել է շենքի սեփականատերերի ձայների երկու երրորդի առկայության և իր կամաարտահայտության բացակայության (Դիմողը հայտնել է նաև, որ իր իրավանախորդը նույնպես իր համաձայնությունը կառուցապատմանը չի տվել) պայմաններում, առանց որևէ հատուցման։ Դիմողը նշել է նաև, որ շենքի զբաղեցրած հողամասի նկատմամբ բաժնային սեփականություն ունեցող անձը մյուս սեփականատերերին հավասար իրավունք ունի մասնակցելու կառուցապատմանը և նոր ստեղծվող անշարժ գույքի նկատմամբ իր բաժնային սեփականությանը համամասնորեն սեփականության իրավունք ձեռք բերելու, և այդ իրավունքը սեփականության իրավունքի ինքնուրույն օբյեկտ է, որից փաստացի վիճարկվող իրավանորմերի կիրառմամբ ինքն արդեն իսկ զրկվել է: Ամփոփելով իր դիրքորոշումները Դիմողը եզրահանգել է, որ Օրենքի (մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գործող խմբագրությամբ) 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժ» կետը, 11-րդ հոդվածի 9-րդ մասը հակասում են Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերին, 79-րդ և 81-րդ հոդվածներին։
5. Ազգային ժողովը (այսուհետ նաև Պատասխանող) նշել է, որ բազմաբնակարան շենքի շինության սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը։ Այսինքն շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում շինությունների սեփականատերերի անունից որոշումներ ընդունում է սեփականատերերի ընդհանուր ժողովը, որն արտահայտում է սեփականատերերի մեծամասնության կամքը։ Բազմաբնակարան շենքի շինության սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության Օրենքով նախատեսված օգտագործման և տնօրինման առանձնահատկությունները հաշվի առնելով օրենսդիրը դրա կառավարման բնագավառում որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտել է շինությունների սեփականատերերի ընդհանուր ժողովին։ Պատասխանողը նշել է նաև, որ իրավական որոշակիության տեսանկյունից վիճարկվող դրույթները սահմանադրականության խնդիր չեն առաջացնում, քանի որ դրանցով սպառիչ կերպով սահմանվում են բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման կարգը, բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության բարձրագույնի մարմնի, այն է բազմաբնակարան շենքի սեփականատերերի ժողովի լիազորությունները, վերջինիս կողմից որոշումների ընդունման կարգը։
6. Ուսումնասիրելով դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի բացատրությունը, հետազոտելով Դիմողի վերաբերյալ գործով կայացված դատական ակտերը, դրանց հիմքում դրված դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի` Սահմանադրությանը հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պետք է հարգեն սեփականության իրավունքը և զերծ նման այդ իրավունքին ոչ իրավաչափ միջամտությունից։
7. Կիրառելով վերը նշված իրավական կարգավորումները սույն դիմումով վկայակոչված հանգամանքների նկատմամբ` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/0189/05/19 վարչական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Դիմողի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Տերյան փողոցի 8-րդ շենքի բնակարանի և նույն շենքի ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ ծագել է 2017 թվականի հուլիսի 7-ին դրա պետական գրանցմամբ։ Մինչդեռ Դիմողը դատական կարգով վիճարկել է 2016 թվականի հուլիսի 15-ին կայացված շինարարության թույլտվության վերաբերյալ վարչական ակտի իրավաչափությունը։ Այսինքն` Դիմողի կողմից իր բնակարանի և Երևան քաղաքի Տերյան փողոցի 8-րդ շենքի ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման պահից ի վեր վիճարկվող վարչական ակտի միջոցով դրանց նկատմամբ որևէ դիմողի սեփականության իրավունքին միջամտություն տեղ չի գտել: Նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքներին միակ հնարավոր միջամտությունը, որը վարչական դատավարությամբ քննության առարկա է հանդիսացել, եղել է 2016 թվականի հուլիսի 15-ին տրամադրված մանսարդային հարկի շինարարության իրականացման, հասարակական տարածքը բնակելիի վերակառուցման թիվ 01/18-Ջ-164-657 շինարարության թույլտվությամբ (և դրա հետագա երկարաձգումներով) հնարավոր միջամտությունը, որը տեղ էր գտել մինչև Դիմողի կողմից նշված գույքի ձեռքբերումը, հետևաբար` հիշյալ վարչական ակտով հնարավոր միջամտությունը կարող էր տեղի ունենալ միայն գույքի նախորդ` միջամտության պահին գույքի սեփականատիրոջ գույքային իրավունքներին։ Սահմանադրական դատարանն այսպիսով գտնում է, որ սույն գործի շրջանակներում Դիմողի նկատմամբ սույն դիմումով վիճարկվող դրույթների կիրառման և նրա հիմնական իրավունքների հայտարարված խախտման միջև պատճառահետևանքային կապը բացակայում է։
8. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե անձի սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալվում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում։ Նշված որոշման համաձայն «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…): (…)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ (…) դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»։ Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ դիմումում Դիմողի սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ պնդումն ակնհայտ անհիմն է, ուստի սույն գործի վարույթը ենթակա է կարճման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Աղասի Նիկոյանի դիմումի հիման վրա «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի (մինչև 01.07.2021թ. գործող խմբագրությամբ) 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժ» կետի և նույն հոդվածի 9-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
7 հունիսի 2022 թվականի
ՍԴԱՈ-97
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հունիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-97
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
