ԱՆԱՀԻՏ ՉՈՐԲԱՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հուլիսի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 18 | ԱՆԱՀԻՏ ՉՈՐԲԱՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 21 հուլիսի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ` Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով Անահիտ Չորբաջյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Անահիտ Չորբաջյանը 03.07.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածի 1-ին կետին հակասող ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածը և վերջինումս կատարել ուղղում հետևյալ կերպ «Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված քաղաքացու, կամ նրա ժառանգի ներկայանալու դեպքում դատարանը նրա դիմումի հիման վրա վճիռ է կայացնում նախկինում կայացրած իր վճիռը վերացնելու մասին: Այդ վճռի հիման վրա վերացվում է գույքի նկատմամբ խնամակալությունը, և չեղյալ է համարվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում նրա մահվան վերաբերյալ գրառումը»:
2. Գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի` 1999 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 2-1572 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով Շուշիկ Հովհաննեսի Հարությունյանը /սույն գործով դիմողի մայրը/ ճանաչվել է անհայտ բացակայող: Արաբկիր համայնքի որդեգրման, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2000 թվականի հուլիսի 21-ի թիվ 45 որոշմամբ անհայտ բացակայող ճանաչված Շուշիկ Հարությունյանի գույքի նկատմամբ խնամակալ է նշանակվել հանձնաժողովի նախագահի տեղակալ Լև Մարությանը: «Կոմիտաս Ինք» մահվան բյուրոյի կողմից տրված` մահվան հաստատման` ֆրանսերենից թարգմանության քաղվածքի համաձայն` Շուշիկ Հարությունյանը մահացել է 2003 թվականի հունիսի 15-ին: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2016 թվականի հուլիսի 21-ի վճռով Ա. Չորբաջյանի դիմումը` իր մորը` Շուշիկ Հարությունյանին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ վճիռը վերացնելու պահանջի մասին, մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2016 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի հուլիսի 21-ի թիվ ԵԱՔԴ/4467/02/15 վճիռը թողել է օրինական ուժի մեջ` պատճառաբանելով, որ «... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն` անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված քաղաքացու ներկայանալու դեպքում դատարանը նրա դիմումի հիման վրա վճիռ է կայացնում նախկինում կայացրած իր վճիռը վերացնելու մասին: Այդ վճռի հիման վրա վերացվում է գույքի նկատմամբ խնամակալությունը, և չեղյալ է համարվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում նրա մահվան վերաբերյալ գրառումը: Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը կարող է վերացնել միայն անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու հայտնվելու և նրա կողմից ներկայացված դիմումի հիման վրա: Սույն պարագայում, անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը վերացնելու մասին դիմում ներկայացրել է անհայտ բացակայող ճանաչված Շուշիկ Հարությունյանի դստեր Անահիտ Չորբաջյանի ներկայացուցիչը, ով վերը նշված օրենսդրական նորմերի հիման վրա նման իրավասությամբ օժտված չէ...»: ՀՀ վճռաբեկ դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ մերժել է Ա. Չորբաջյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ դիմումը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ: Ինչպես դիմողը նշում է իր դիմումում. «Վիճարկվող նորմը հակասահմանադրական ճանաչվելու և համապատասխան ուղղում կատարվելու դեպքում Դիմողի դեմ կայացրած դատական ակտերը վերանայելու (գործը նորոգելու) հնարավորություն կստեղծվի, ինչն` իր հերթին, Դիմողի իրավունքների պաշտպանության և վերականգնման հավանականություն կստեղծի նրանց, նախ վճռաբեկ, ապա` վերաքննիչ բողոքների սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննության առարկա դարձնելու համար»: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի գործով կայացված դատական ակտը վերանայելու նպատակն ինքնին չի կարող սահմանադրական վեճի առաջացման հիմք հանդիսանալ: Դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն ներկայացնել որպես խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկում: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով...: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է նաև, որ դիմումն ակնհայտ անհիմն է: Այսպես, դիմողը չի ներկայացրել որևէ իրավական հիմնավորում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: Դիմողն իր դիմումի «Դիմողի իրավական դիրքորոշումը հիմքերն ու փաստարկները» մասում պարզապես վկայակոչում է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 5-րդ հոդվածները, ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման է հանդիսանում դիմումի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումների առկայությունը: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված` խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում: Մինչդեռ դիմողը պնդում է, որ. «Եթե օրենսդիրն` ի ապահովումն ՀՀ Սահմանադրության 5-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածների սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթը շարադրած լիներ բավարար հստակությամբ, կամ դրանցում նախատեսված լիներ այնպիսի հստակեցում, ինչպիսին է ժառանգը, ապա Դիմողի սահմանադրական իրավունքները խախտված չէին լինի»: Հետևաբար, դիմողը հիմնավոր և պատշաճ ձևով չի հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել, և չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Անահիտ Չորբաջյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
21 հուլիսի 2017 թվական
ՍԴԴԿՈ/2-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հուլիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
