Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՀԿ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՀԿ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-21726 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-217)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 217 | ««ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՀԿ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՀԿ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՀԿ-ի դիմումի հիման վրա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՀԿ-ի (այսուհետ նաև Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի սեպտեմբերի 22-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է որոշել.

ա) «(…) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 28-րդ հոդվածի 1 մասի և 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 42-րդ, 61, 63, 75, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին այնքանով որքանով դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության կիրառելի են նաև այն օրենքների նկատմամբ որոնցով չի նախատեսվում անձի իրավական վիճակը բարելավող կամ վատթարացնող կարգավորում»,

բ) «(…) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 28-րդ հոդվածի 1 մասի և 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 42-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը այնքանով որքանով դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության համաձայն անձի իրավական վիճակը բարելավող օրենքները որոնցով վերացվում է նախկինում սահմանված սահմանափակումը, խնդրո առարկա հարցի նկատմամբ կիրառելի է միայն հետադարձ ուժի ամրագրման պարագայում»:

2. Դիմողը, շարադրելով թիվ ՎԴ/14345/05/17 վարչական գործի դատավարական նախապատմությունը, ներկայացնելով դատարանների կողմից հիշատակված վարչական գործի շրջանակներում տրված իրավական դիրքորոշումները, վկայակոչելով Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերի վերաբերելի դրույթները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները նշում է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այուհետ` նաև Օրենք) 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունների կիրառման հետևանքով «(…) խախտվում է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված սկզբունքները և 42-րդ հոդվածով սահմանված իրավունքները»: Դիմողի պնդմամբ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների մատչելիության սահմանափակումը, հակասելով Սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին, խախտում է նաև համապատասխան նորմերով նախատեսված անձանց իրավունքների խախտումների դեմ արդյունավետ պաշտպանության միջոցների իրավունքը: Ըստ Դիմողի 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածով ընտրողների ստորագրած ցուցակների հասանելիության նկատմամբ սահմանվում է ըստ էության բացարձակ արգելք, որի կիրառության ողջ ընթացքում ընտրություններին մասնակցած և ընտրությունները դիտարկած որևէ սուբյեկտի երբևէ գործնական հնարավորություն չի ընձեռնվում ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալու և դրանց ճշտությունն ստուգման ենթարկելու, չնայած բոլոր ընտրությունների ընթացքում տարբեր սուբյեկտների կողմից բարձրացվում էին այդ ցուցակների ուռճացման և Հայաստանի Հանրապետությունից բացակայող, ինչպես նաև այլ անձանց փոխարեն քվեարկությունների միջոցով ընտրակեղծիքների մասին: Դիմողի համոզմամբ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների մատչելիության սահմանափակումը չի հետապնդել Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով նախատեսված իրավունքների սահմանափակման համար նախատեսված որևէ իրավաչափ նպատակ: Դիմողը պնդում է նաև, որ նման սահմանափակումն անհնարին է դարձրել ընտրողների իրական թվի պարզումը և Հայաստանի Հանրապետությունից բացակայող և ընտրությանը չմասնակցած ընտրողների փոխարեն քվեարկության նկատմամբ վերահսկողությունը: Ընտրական վեճերից և ոչ մեկով այս հարցերի վերաբերյալ ներկայացված փաստերն ու փաստարկները երբևէ չեն ստուգվել դատարանների կողմից: Ըստ Դիմողի Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքները և իրավունքների նկատմամբ ոտնձգություններն անվերահսկելի են եղել և հանգեցրել են ընտրությունների թափանցիկության սկզբունքի խախտման, քանի որ և΄ ընտրողներից, և΄ ընտրություններին մասնակցած անձանցից և կազմակերպություններից, և΄ դիտորդական առաքելություններից գաղտնի են պահվել ընտրություններին մասնակցած անձանց իրական մասնակցության մասին տեղեկությունները: Հաշվի առնելով Սահմանադրության 2-րդ հոդվածի ուժով իշխանությունը ժողովրդին պատկանելու բացարձակ, իմպերատիվ և անփոփոխելի սահմանադրական իրողությունը Դիմողը նշում է, որ ընտրությունները կոչված են ապահովելու ժողովրդի իշխանության իրականացման սահմանադրական և արդյունավետ եղանակը, մինչդեռ ընտրությունների միջոցով իշխանությունը ժողովրդի կողմից իրականացման միակ և եզակի առաջնային ապացույցն ընտրողների կողմից ստորագրված ցուցակներն են: Դիմողի դիտարկմամբ միայն այս առաջնային ապացույցն է հավաստում, որ ընտրություններին մասնակցել են կոնկրետ քաղաքացիներ, որոնց հավաքական ամբողջությունը կարող է սահմանադրաիրավական եզրի տեսանկյունից դիտվել որպես «ժողովուրդ»: Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա օրինադրույթները կիրառվել են, ըստ էության, այնպիսի մեկնաբանությամբ, որի համաձայն ցանկացած օրենսդրական փոփոխություն, որը կատարվում է օրենսդրի կողմից, պետք է պարունակի դրա հետադարձ կիրառության վերաբերյալ կարգավորումներ, հակառակ պարագայում օրենքը չի կարող գործել նախորդ ժամանակաշրջանում դրա կարգավորման առարկայի շրջանակում գտնվող հարաբերությունների նկատմամբ անկախ այն բանից, թե մարդու իրավական դրության վատթարացում նախատեսում են, թե ոչ: Դիմողի գնահատմամբ խնդրո առարկա իրավադրույթները չեն վերաբերում անձի իրավական վիճակին և չեն առաջացնում ո′չ դրա բարելավում, ո′չ վատթարացում, հետևաբար դրանց տրված լայն մեկնաբանությունը, համաձայն որի անձի իրավական վիճակը բարելավող օրենքները կիրառելի են միայն հետադարձ ուժի ամրագրման պարագայում, հակասում է Սահմանադրությանը, քանի որ կոնկրետ դեպքում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում, քվեարկողների կողմից ստորագրված ցուցակներին ծանոթանալու, լուսանկարահանելու և/կամ պատճենահանելու հնարավորություն չընձեռելն ուղղակիորեն սահմանափակում է Դիմողի կողմից հանրային հսկիչ գործառույթի իրականացումը։

3. Ազգային ժողովը (այսուհետ նաև Պատասխանող) նշում է, որ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող հարաբերությունները կարգավորող սահմանադրական նորմերը և դրանցում ամրագրված մոտեցումները համահունչ են միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված դրույթներին: Ըստ Պատասխանողի «(…) Սահմանադրության 73-րդ հոդվածում ամրագրված նորմը սահմանադրական մակարդակով կարգավորում է ինչպես անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող օրենքների, այնպես էլ այլ իրավական ակտերի ժամանակի մեջ գործողությունը: Այդ նորմի իրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այն իրավական ակտն ընդունող մարմնի հայեցողությանն է թողնում անձի իրավական վիճակը բարելավող կամ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելը: Միաժամանակ, այդ նորմը սահմանում է այդ հայեցողությունն իրացնելու ընթացակարգը, այն է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ակտն ընդունող մարմինը, իրացնելով իրեն Սահմանադրությամբ տրված հայեցողական լիազորությունը, տվյալ իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու նպատակահարմարության դեպքում տվյալ ակտում ամրագրում է այդ ակտին հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթ: Նշված հայեցողությունն իրացնելու այս ընթացակարգն ինքնանպատակ չէ և տրամաբանորեն բխում է Սահմանադրությամբ իրավական ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնակարգման ընդհանուր տրամաբանությունից»: Պատասխանողը միաժամանակ նշում է, որ անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերի ժամանակի մեջ գործողությունը կանոնակարգող Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթն ունի անմիջական գործողություն և, ըստ այդմ, եթե ճյուղային օրենսդրությունը չի նախատեսում համապատասխան նորմ, որը կսահմաներ տվյալ օրենսդրության ժամանակի մեջ գործողության կանոնները կամ բովանդակում է նշված սահմանադրական նորմին հակասող նորմեր, ապա կիրառվում է նշված սահմանադրական նորմը իր անմիջական գործողության ուժով համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի: Հղում կատարելով համաչափության և իրավական որոշակիության սկզբունքներին վերաբերող Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթները բավարար չափով որոշակի են, իսկ օրենսդիրը հետապնդել է Սահմանադրությամբ սահմանված իրավաչափ նպատակ:

4. Ուսումնասիրելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև սույն գործում առկա մյուս փաստաթղթերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. 4.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրաիրավական վերոնշյալ դրույթի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները, այն է

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը «(…) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Հարկ է ընդգծել, որ այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ Քննարկվող համատեքստում հարկ է վկայակոչել նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումն առ այն, որ «(…) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումների իրավաբանորեն հիմնավորված լինելու կարևորությունը, ի թիվս այլնի, այն է, որ Սահմանադրական դատարանը, առաջնորդվելով սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր բացառիկ լիազորությամբ, իրավասու է քննության առարկա դարձնել բացառապես սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունեցող հարցերը, որպիսի պայմաններում դիմումով բարձրացվող հարցադրումները պետք է լինեն առնվազն այնչափ հստակ և հիմնավորված, որ Սահմանադրական դատարանի համար դիմումի ընդունելիության, ապա նաև գործի քննության փուլում պարզորոշ լինեն ինչպես սահմանադրաիրավական վեճի առարկայի շրջանակները, այնպես էլ դիմողի կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով սահմանադրական արդարադատություն հայցելու վերաբերյալ սպասելիքներն ու ակնկալիքները: Այսպես ուսումնասիրելով Դիմողի կողմից վիճարկվող Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ամրագրված կարգավորումները Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը բարձրացնում է հարցադրումն առ այն, որ քննարկվող իրավանորմերը չեն վերաբերում անձի իրավական վիճակին և չեն առաջացնում ո′չ դրա բարելավում, ո′չ վատթարացում, հետևաբար դրանց տրված լայն մեկնաբանությունն առ այն, որ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները կիրառելի են միայն հետադարձ ուժի ամրագրման պարագայում, հակասում է Սահմանադրությանը: Դատարանների կողմից տրված նման մեկնաբանության պայմաններում, ըստ Դիմողի, սահմանափակվում է վերջինիս կողմից հանրային հսկիչ գործառույթի իրականացումը։ Այս առնչությամբ կարևոր է ընդգծել, որ Դիմողն այդ կապակցությամբ պարզապես արձանագրել է, որ «Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների մատչելիության սահմանափակումը հանգեցրել է այդ տեղեկատվության նկատմամբ շահագրգիռ անձանց իրավունքների խախտման և Սահմանադրության 2-րդ և 7-րդ հոդվածների իրագործման նկատմամբ որևէ վերահսկողության անհնարինության և խախտումների»։ Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը դիմումում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել (դիմողի դիրքորոշումների համապարփակ վերլուծությունից հնարավոր է անուղղակիորեն եզրակացնել, որ սահմանափակվել է Դիմողի Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը), ինչպես նաև ո՞րն է անմիջական պատճառահետևանքային կապը Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և Սահմանադրության 42, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված իր սահմանադրական իրավունքների խախտման փաստի միջև: Դիմողի դիրքորոշումն առ այն, որ օրենքները պետք է ունենան հետադարձ ուժ նաև այն պայմաններում, երբ դրանցում բացակայում են հետադարձ ուժ ունենալու մասին կարգավորումներ, եթե, իհարկե, դրանք որևէ կերպ չեն վատթարացնում անձանց իրավական կարգավիճակը, անհիմն է: Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն սահմանում է, որ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Ընդ որում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի վերը հիշատակված դիրքորոշումը որևէ կերպ փաստարկված և հիմնավորված չէ, չի բխում Սահմանադրության 73-րդ հոդվածի տրամաբանությունից: Անդրադառնալով Դիմողի դիրքորոշմանն առ այն, որ միջազգային իրավական ակտերը սահմանում են տեղեկատվություն ստանալու ազատություն, ուստի Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասին, 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին տրված դատական մեկնաբանություններով նախատեսված «սահմանափակումները» չեն բխում միջազգային իրավական ակտերի տրամաբանությունից Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 42-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը կարող է սահմանափակվել պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակներով: Նման սահմանադրաիրավական կարգավորումների պայմաններում Դիմողի կողմից վկայակոչած փաստարկներն առարկայազուրկ են: Ավելին, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Դիմողն իր դիրքորոշումը փորձել է հիմնավորել նաև հղում կատարելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որտեղ ևս ուղղակիորեն ամրագրված են տեղեկություններ և գաղափարներ փնտրելու և տարածելու ազատության սահմանափակման իրավաչափ նպատակները: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից բերված հիմնավորումները փաստարկված չեն, չեն բխում Սահմանադրության և միջազգային իրավական ակտերի տրամաբանությունից: Ավելին, Դիմողի կողմից ներկայացված պնդումներն առավելապես վերաբերելի են 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի (ուժը կորցրել է 01.06.2016 թ.) «Ընտրողների ցուցակների մատչելիությունը» վերտառությամբ 11-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմանը, ինչպես նաև տեղեկատվական ոլորտի օրենսդրական իրավակարգավորումներին, սակայն դրանց սահմանադրականությունը սույն դիմումի շրջանակներում չի վիճարկվում: Ամփոփելով վերոշարադրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման դիմումն ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ: 4.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012 թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014 թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015 թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016 թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016 թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Քննարկվող համատեքստում ուսումնասիրելով թիվ ՎԴ/14345/05/17 վարչական գործով կայացված դատական ակտերը և Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ Դիմողի ներկայացրած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն բարձրացնելով Օրենքի համապատասխան դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց, որպիսին չի կարող Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ: Դիմողի կողմից բարձրացված հարցերը բացառապես իրավանորմերի կիրառման իրավաչափության լույսի ներքո դիտարկելու անհրաժեշտության մասին է վկայում այն հանգամանքը, որ Դիմողն առհասարակ չի անդրադարձել դատարանների կողմից կիրառված նորմերին տրված մեկնաբանությունների ենթադրյալ հակասահմանադրականությանը, չի վկայակոչել դրանք վիճարկող որևէ ակնհայտ և/կամ առարկայական հիմնավորում (դիմողը սահմանափակվել է միայն իր կողմից ներկայացված հայցի քննության արդյունքում կայացված դատական ակտերի բովանդակության վկայակոչմամբ), իսկ ընդհանրական և վերացական ձևակերպումները չեն կարող դիտվել որպես այդպիսին: Նման գործելաոճը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենքի համապատասխան դրույթների սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության խնդիր: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ««ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՀԿ-ի դիմումի հիման վրա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-217

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-217
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել