ԱՐԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-59)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 սեպտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 59 | ԱՐԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 սեպտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Արա Նազարյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Արա Նազարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 25-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետում առկա «Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» նախադասությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով այն դիմումատուին հնարավորություն չի ընձեռում իր իրավունքը ենթադրյալ անձի կողմից խախտված լինելու դեպքում, երբ այդ փաստը կարող է հաստատվել միայն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսել քրեական գործի ավարտից հետո, երբ կպարզվի իր իրավունքը խախտած անձը կամ անձանց շրջանակը»:
2. Ներկայացված դիմումով վիճարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի «Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» կարգավորման սահմանադրականությունը: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապում է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասում կիրառված «պետք է իմացած լիներ», ինչպես նաև «իմացել է» ձևակերպումների պարագայում օրենսդիրը կարևորել է հայցային վաղեմության ընթացքն սկսվելու հարցում հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Դիմողը նշում է, որ տվյալ դեպքում նախքան թիվ ԿԴ1/0007/01/11 քրեական գործով 05.03.2012թ. կայացված և 13.07.2012թ. ուժի մեջ մտած դատավճռով Վահագն Խաչատրյանի կողմից ընկերության ընդհանուր ժողովի կեղծ քաղվածք կազմելու փաստի հաստատումը դիմողի կողմից չէր կարող հայցադիմում ներկայացվել դատարան, քանի որ տվյալ հայցադիմումով, ըստ դիմողի, չէր կարող նշվել հայցի առարկան: Դիմողի գնահատմամբ իր իրավունքի խախտման մասին իմանալուց հետո, այն է 2012 թվականի հուլիսի 13-ից երկու ամիս չանցած 2012 թվականի սեպտեմբերի 7-ին, իր կողմից հայց է ներկայացվել դատարան: Հետևաբար դիմողը կարծում է, որ այս դեպքում որպես հայցային վաղեմության ժամկետի սկիզբ պետք է համարել թիվ ԿԴ1/0007/01/11 քրեական գործով 05.03.2012թ. կայացված դատավճռի օրինական ուժի մեջ մտելու օրը 2012 թվականի հուլիսի 13-ը: Մինչդեռ ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը հնարավորություն չի տալիս նման դեպքերում հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսել քրեական գործի ավարտից հետո: Դիմողի գնահատմամբ վիճարկվող դրույթը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, չի համապատասխանում Սահմանադրության 75-րդ և 79-րդ հոդվածների կարգավորումներին, ինչի արդյունքում խախտվում են դիմողի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, և թույլ է տրվում նորմի տարաբնույթ մեկնաբանության հնարավորություն մեծացնելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հայեցողության շրջանակները:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ներկայացված դիմումով դիմողը պնդում է, որ ինքը որպես «Արսե-Պար» ՍՊԸ-ի մասնակից, գործարքն անվավեր ճանաչելու հիմք ծառայող հանգամանքի թիվ ԵԿԴ/1976/02/12 գործով պատասխանող Վաչագան Խաչատրյանի կողմից «Արսե-Պար» ՍՊԸ-ի մասնակիցների ընդհանուր ժողովի արձանագրությունը կեղծելու մասին իմացել է թիվ ԿԴ1/0007/01/11 քրեական գործով 2012 թվականի մարտի 5-ին կայացված դատավճռով: Հետևաբար ըստ դիմողի այն պարագայում, երբ իր իրավունքի ենթադրյալ խախտման փաստը կարող է հաստատվել միայն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով, ապա որպես հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ պետք է համարել այդ փաստը հաստատող, տվյալ դեպքում վերոնշյալ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը 2012 թվականի հուլիսի 13-ը, ինչը սակայն, ըստ դիմողի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող դրույթը թույլ չի տալիս: Ըստ այդմ դիմողը կարծում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով դիմումատուին հնարավորություն չի ընձեռում իր իրավունքը որևէ անձի կողմից խախտված լինելու դեպքում, երբ այդ փաստը կարող է հաստատվել միայն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսել քրեական գործի ավարտից հետո, հակասում է Սահմանադրության մի շարք դրույթներին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, իսկ նույն օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել (…) այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին: Վերոնշյալ նորմերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին շահագրգիռ անձի կողմից կարող է հայց ներկայացվել դատարան այն օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, երբ այդ անձն իմացել է կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին: Տվյալ դեպքում օրենսդիրը նախատեսել է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ ժամկետ մեկ տարի, իսկ այդ ժամկետը սկսում է հոսել այն պահից, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքի անվավերության հիմքերի առկայության մասին: Սույն գործում առկա դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործարքների անվավերության հիմքերի առկայության մասին դիմողն իմացել է առնվազն 2009 թվականի նոյեմբերի 9-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության ծանուցումից: Դատական ակտերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում նաև, որ դիմողը նույն թվականի դեկտեմբերի 22-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Վաչագան Խաչատրյանի կողմից «Արսե-Պար» ՍՊԸ-ի մասնակիցների ընդհանուր ժողովի արձանագրությունը կեղծելու մասին, որպիսի հանգամանքը ևս հաստատում է այն փաստը, որ դիմողն առնվազն այդ պահին իմացել է արձանագրության առնվազն իր կողմից ստորագրված չլինելու մասին: Ստացվում է, որ 2009 թվականից մինչև հայցի ներկայացման օրը դիմողն ակնհայտորեն իմացել է խախտված իրավունքի առկայության մասին, սակայն չի օգտվել դատական կարգով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից: Վերոգրյալից բխում է, որ դիմողի կողմից ներկայացված այն պնդումը, որ ինքը գործարքների անվավերության հիմքերի մասին իմացել է միայն թիվ ԿԴ1/0007/01/11 քրեական գործով կայացված դատավճռով, չի համապատասխանում իրականությանը, իսկ այն պնդումը, որ նման դեպքերի համար ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս հայցային վաղեմության ժամկետի ընթացքը համարել սկսված այդ պահից, անհիմն է: Բացի դրանից, քրեական գործով դատավարության առկայությունը և կայացվելիք դատավճռով հնարավոր նախադատելի փաստերի հաստատումը որևէ կերպ չեն զրկում անձին միաժամանակ իր իրավունքների պաշտպանության հայցով դատարան դիմելու իրավունքից և հնարավորությունից: Վերոգրյալից բխում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի հակասահմանադրականության վերաբերյալ սույն անհատական դիմումով ներկայացված այն պնդումը, ըստ որի վիճարկվող դրույթը դիմողին հնարավորություն չի ընձեռում այն դեպքում, երբ իր իրավունքը որևէ անձի կողմից խախտված լինելու փաստը կարող է հաստատվել միայն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսել քրեական գործի ավարտից հետո, անհիմն է, իսկ ներկայացված դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արա Նազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Է. Շաթիրյան
Ա. Խաչատրյան
14 սեպտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-59
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 սեպտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-59
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
