Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5824 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-58)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 հուլիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 58 | «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 24 հուլիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Էդվարդ Մովսիսյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 14-ին, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ այն հիմքով, որ այն, ապահովադրի և շահառուի տարբեր անձինք լինելու դեպքում, չի ապահովում ապահովագրական հատուցում պահանջելու իրավունքի սուբյեկտի հստակ և որոշակի սահմանումը, ինչի հետևանքով իրավակիրառ պրակտիկայում կարող է ձևավորվել կամայական մոտեցում, որը հանգեցնում է ապահովագրողի սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակման՝ հակասելով նաև ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/9187/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Խնդիրը այն է, որ վիճարկվող դրույթը չի սահմանում այն իրավական չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլիներ որոշել ապահովադրի և շահառուի միջև ապահովագրական հատուցում պահանջելու իրավունքի պատկանելիությունը: Արդյունքում նույն նորմից հնարավոր է բխեցնել փոխադարձաբար բացառող իրավական հետևություններ»:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 996-րդ հոդվածի 6-րդ մասը չի նախատեսում հատուկ իրավակարգավորում այն դեպքերի համար, երբ գույքի ապահովագրության պայմանագրում ապահովադիրը և շահառուն տարբեր անձինք են, ինչի հետևանքով անորոշ է դառնում, թե նրանցից ով է ապահովագրական հատուցում ստանալու իրավունք ունեցող սուբյեկտը, ուստի՝ ըստ Դիմողի՝ նման անորոշությունը գործնականում հանգեցնում է նույն նորմի տարբեր և հակասական մեկնաբանությունների:

Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող իրավադրույթի ուսումնասիրությունից բխում է, որ օրենսդիրը որպես ապահովագրական հատուցման հնարավոր ստացողներ նշել է երկու տարբեր սուբյեկտների, սակայն նորմը չի սահմանում հստակ չափանիշներ, թե ապահովադրի և շահառուի՝ տարբեր անձինք լինելու դեպքում նրանցից ո՞վ է ապահովագրական հատուցում պահանջելու իրավունքի անմիջական կրողը:

Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթում օգտագործված «կամ» շաղկապը («…մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրավճարի) դիմաց պայմանագրով նախատեսված դեպքը (ապահովագրական պատահարը) տեղի ունենալիս մյուս կողմին (ապահովադրին) կամ այլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը (շահառուին), հատուցել …») ինքնին բառացի մեկնաբանության դեպքում կարող է ընկալվել այնպես, որ ապահովագրական հատուցումը կարող է տրամադրվել ինչպես ապահովադրին, այնպես էլ շահառուին՝ առանց սահմանելու նրանց միջև իրավական առաջնահերթությունը կամ իրավունքի բացառիկ բնույթը, որպիսի մեկնաբանությունը, ըստ Դիմողի, բխում է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն՝ եթե իրավական ակտում նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա բավարար է նշված պայմաններից որևէ մեկի առկայությունը: Հետևաբար՝ վիճարկվող նորմի բառացի մեկնաբանությունից հնարավոր է եզրակացնել, որ ապահովագրական հատուցում պահանջելու համար բավարար է ինչպես ապահովադրի, այնպես էլ շահառուի կողմից պահանջի ներկայացումը:

Դիմողը գտնում է, որ նույն իրավակարգավորման համակարգային մեկնաբանությունը կարող է հանգեցնել հակառակ հետևության և հավելում, որ Օրենսգրքի՝ ապահովագրությանը վերաբերող մի շարք դրույթների համադրությունից առաջանում է այնպիսի մեկնաբանություն, ըստ որի՝ ապահովագրության պայմանագրում շահառուին նշելու դեպքում ապահովագրական հատուցման պահանջի իրավունքը վերապահվում է հենց շահառուին:

Դիմողի համոզմամբ՝ միևնույն իրավակարգավորման մասով հնարավոր են առնվազն երկու տարբեր մոտեցումներ՝ մի կողմից ապահովագրական հատուցում ստանալու իրավունք ունի ապահովադիրը՝ որպես ապահովագրության պայմանագրի կողմ, մյուս կողմից՝ շահառուն՝ որպես անձ, որի օգտին կնքվել է պայմանագիրը:

Ըստ Դիմողի՝ նման հակադրությունը վկայում է, որ վիճարկվող նորմը չունի որոշակիության բավարար հատկանիշներ՝ որոշելու ապահովագրական հատուցում ստանալու իրավունք ունեցող հստակ սուբյեկտին:

Դիմողը, անդրադառնալով Օրենսգրքի 1012-րդ հոդվածի 1-ին մասին, նշում է, որ ապահովադիրը, անկախ պայմանագրում շահառուի նշված լինելու հանգամանքից, ցանկացած դեպքում կկարողանա անձամբ պահանջել ապահովագրական հատուցում՝ առանց շահառուի իրավական կարգավիճակի կամ նրան փոխարինելու ընթացակարգի որևէ նշանակության, և կտնօրինի այդ գումարը իր ցանկությամբ, և այդ դեպքում շահառուի փոխարինման արգելքը չի ապահովի այն իրավական արդյունքը, որի համար այն սահմանվել է, քանի որ ապահովադիրը կկարողանա փաստացի շրջանցել այդ սահմանափակումը և ստանալ հատուցում:

Դիմողի պնդմամբ՝ Օրենսգրքի 1012-րդ հոդվածի իրավակարգավորումը հիմք է տալիս եզրահանգելու, որ օրենսդիրը շահառուին նշելուն վերագրել է ինքնուրույն իրավական նշանակություն:

Դիմողը, անդրադառնալով ապահովագրական շահի տեսությանը, նշում է, որ ապահովագրության առարկան ոչ թե ինքնին գույքն է, այլ այդ գույքի նկատմամբ անձի ունեցած գույքային շահը, և ավելացնում, որ այս մոտեցման շրջանակում ապահովագրական հատուցում ստանալու իրավունքը վերապահվում է այն անձին, որի շահը հանդիսացել է ապահովագրության առարկա:

Դիմողը գտնում է, որ սեփականության իրավունքի սահմանափակումը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, երբ այն ուղղված է իրավաչափ նպատակին, սակայն տվյալ դեպքում ապահովադրին հատուցում տրամադրելը չի ծառայել շահառուի իրավունքի պաշտպանությանը, այլ հակառակը՝ հանգեցրել է այնպիսի իրավիճակի, երբ իրական իրավատերը զրկվել է իր իրավունքից, իսկ ապահովագրողը կրել է լրացուցիչ գույքային բեռ:

Ամփոփելով վերոգրյալը՝ Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմի առնչությամբ խնդիրը դրսևորվում է ոչ միայն իրավական որոշակիության խախտմամբ, այլ նաև այն հանգամանքով, որ դրա անորոշությունը ստեղծել է սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման հնարավորություն:

3. Ելնելով դիմումի և թիվ ԵԴ2/9187/02/24 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը բարձրացրել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 996-րդ հոդվածի 6-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 60 և 79-րդ հոդվածներին, ըստ էության, բարձրացնում է նշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/9187/02/24 քաղաքացիական գործով դատարանների կողմից ոչ իր օգտին կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ՝ չներկայացնելով վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (կայացված դատական ակտերի) իրավաչափությանը:

Սույն գործի նյութերից բխում է, որ դատարանները, ըստ էության, գտել են, որ ապահովագրական դեպքի (հրդեհի) առաջացման իրական պատճառների պարզումը եղել է անհնարին, հետևաբար՝ ապահովադրի ներկայացրած հայցը մերժելու հիմքեր չկային։ Միաժամանակ Դիմողը բարձրացրել է կիրառելի օրենքի հետ կապված անորոշության խնդիր՝ նշելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում «կամ» շաղկապի անհրաժեշտ մեկնաբանման և Օրենսգրքի 996-րդ հոդվածի 6-րդ մասի, այն է՝ դիմումով վիճարկվող նորմի միջև առկա է ենթադրյալ կոլիզիա, որը չնայած նրան, որ դատարանների կողմից լուծվել է համապատասխան մեկնաբանման միջոցով, շարունակում է պարունակել սահմանադրական վերահսկողության առարկայի մակարդակի հասնող անորոշություն, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը վիճարկում է ոչ թե նորմի որոշակիությունը, այլ դրա ենթադրյալ անորոշությունը հաղթահարած դատական մեկնաբանման իրավաչափությունը։

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ2/9187/02/24 քաղաքացիական գործով դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

24 հուլիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-58

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-58
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել